Սուսանա Ղազոյան | Բոլորը գնում են, բայց չեն հեռանում

գնացքները երբեք չեն ուշանում
և կայարանները երբեք չեն անհետանում
ու ճանապարհներն էլ երբեք չեն փլվում
և գարունները ճիշտ ժամանակին են գալիս
իսկ ձմեռները ճիշտ ժամանակին սպանում են գարուններին
ու սերերը ներդաշնակորեն հայտնվում ու հեռանում են
իսկ չսերերը որպես կանոն մնում են
ամեն ոք ու ամեն ինչ միշտ ճիշտ ժամանակին է գալիս
այդ քո քայլերն են հավերժ ուշանում…

 

***
մարդաշատ քաղաքներում մարդիկ չեն լսում
ու չեն փսփսում Միքելանջելոյի մասին
մարդաշատ քաղաքներում դու միշտ կորչում ես
ու ինքդ քեզ չես գտնում
փոխարենը գտնում ես մեքենաների նեոնային լույսերը
արտացոլված թաց ասֆալտի վրա
և մատների արանքում սահող մետրոյի ժետոններ
ու արևամուտի մելանխոլիկ վարդագույն երկինք
սառը լուսամփոփներ, տաք սրճարաններ, դեղին կանգառներ
մարդաշատ քաղաքներում ինքդ քեզ չես գտնում
մարդաշատ քաղաքներում դու չկաս…

 

***
ուսերիցդ թափվող անփույթ վերնաշապիկդ
լուռ կանչեց ինձ իրեն ուղղելու,
բայց փոխարենը ես սկսեցի հիանալ
դրա ծալքերի անբացատրելի ազատությամբ
որոնք ընկնում էին ուսերիդ վրայով ինչպես ջրվեժներ
ու ցնորում իմ միտքը որպես վերերկրային երազներ,
և հենց այս պատճառով, ես վարանեցի, անչափ վարանեցի
ու այդպես էլ չուղղեցի
ուսերիցդ թափվող անփույթ վերնաշապիկդ…

 

***
ես կանգնած եմ քո դիմաց և խոսում եմ
անվերջ պատմում կապույտ աստղերի
ու դեղին երկինքների մասին,
վեց-մղոնանոց օվկիանոսների
և իմ սուզանավերի մասին,
ու սուզումներիս մասին
օվկիանոսի հատակում,
որտեղ չկա ոչ ոք,
ոչ ես, ոչ նա, ոչ նրանք
միայն դու կաս իմ վեց-մղոնանոց օվկիանոսում,
որին ես նայում իմ դեղին սուզանավից,
ու լսում կապույտ երգեր
ես անվերջ պատմում եմ քեզ այս ամենի մասին
ես կանգնած եմ քո դիմաց և խոսում եմ
իսկ դու պարզապես շրջվում ու հեռանում ես
թողնելով որ խեղդվեմ անզգացմունք օվկիանոսի հատակում…

 

***
երբ կկանգնի ժամանակը
և երբ տարածությունը չի լինի զուտ տարածք,
այլ մի անսահման տիեզերք,
երբ կյանքը կգնա դանդաղեցված կադրով ֆիլմի նման,
որտեղ ոչինչ չի սկսում և չի վերջանում,
որտեղ ամեն ինչ քարացած է,
քարացած ժամանակակից մարդու զգացմունքների նման,
որտեղ ես վակուումում եմ և պարզապես գոյություն չունեմ,
ես անկարևոր եմ Մեծ Պայթյունի տեսության,
գիտությունների
էվոլյուցիաների
կրոնների կողքին,
բայց միևնույն է քո այդ անկեղծ և բարի ժպիտի առջև
ես ինձ ամենակարևորն եմ զգում…

 

***
բոլորը սիրահարվում են, բայց չեն սիրում
գալիս են ու չեն ժամանում
այլ մնում են վագոնների արանքում,
որտեղ լույսերն անջատված են հավերժ
և մարդիկ դատապարտված են
անվերջ մնալ այդ մթության մեջ,
որտեղ պարզ երևում են մարդկանց հոգնած աչքերը։
բոլորը գնում են, բայց չեն հեռանում,
այլ մնում են դարակների չսրբած փոշեհատիկների մեջ,
որոնք օրորվում են օդում ու դու շնչում ես նրանց.
դու շնչում ես չհեռացած մարդկանց։
բոլորը սիրահարվում են, բայց այդպես էլ սիրել չեն սովորում

 

***
մնա իմ հետ, ոչ ինձ հետ,
և ես կկարդամ Կաֆկայի սիրային նամակները,
ու կպատրաստեմ քո սիրելի թեյը
քո համար, և ոչ քեզ համար
շաքարի փոխարեն կմիացնեմ քո սիրած երգերը
և կզրուցեմ քո հետ, ոչ քեզ հետ՝
իմ անկարևոր թվացող երեխայական պատմություններից,
որ լցնեմ ժամանակը, որ պահեմ քեզ ինձ մոտ,
որ մնաս իմ հետ ու ես քո սիրած թեյը պատրաստեմ քո համար…

***
ամենադժբախտ մարդիկ
քնածներն են
որովհետև մինչ մոլորակը պտտվում է
իր անիծյալ առանցքի շուրջ
և թռչունները երամներով չվում են երկրներ
որոնցից էլ հետ չեն գալու
մինչ ձմեռը հագնում է գարուն
ու ինչ-որ մի մեկը գրում է տարվա բեսթսելլերը
որը վաղ թե ուշ
մոռացվելու է
մինչ բոլորը սիրահարվում են ու ատում
ու ինչ-որ մի երազող հիմար գրում է այս
բանաստեղծությունը
ամենադժբախտ մարդիկ քնում են
իսկ ամենաերջանիկներն էլ դժբախտ են
անքնությունից…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *