Սվետլանա Բարսենց | (Չ)ոտանավորներ

Ես դադարեցի կարդալ
այն ժամանակ,
երբ գլխի ընկա,
որ ունքերիս տակ
նոր աչքեր չեն
սաղմնավորվում,
ու ընտրեցի
հեշտ ճանապարհը՝
գրելու։

 

***
Ծանոթանանք.
ես Եվան եմ,
ես դեռ ոչ մի անգամ
ինքնասպանության փորձ չեմ կատարել։
Դժվար էլ փորձեմ,
քանի դեռ չեմ գտել ծանրակշիռ պատճառ,
և կամ քանի չունեմ իրավունքը՝
նման ճոխություններ ինձ թույլ տալու…

Երազանքս ոչ Ամերիկան է,
ոչ էլ Մարսը. (գուցե որովհետև դեռ ոչ ոք չի գայթակղել ինձ այնտեղի ծամոններով,
կամ էլ որովհետև ոչ մի տեղում չունեմ բարեկամներ),
ու դեռ ոչ ոք անդավաճան սիրով
չի օղակել մատնեմատս.
Դեռ չեմ դարձել ինչ-որ մեկի տանտիրուհին։

Ես Եվան եմ
ես՝ տիրուհին իմ սենյակի միայն,
ուր համ հրամայողն եմ,
համ էլ՝ կատարողը։
Ինձ հետաքրքրում է աշխարհում ամեն բան,
ու վախեցնում է միայն ՝ «չհասցնելու» միտքը։

Ոչ աթեիստ եմ ես ու ոչ էլ հեթանոս,
հավատում եմ… հենց էնպես…
հավատում եմ ու վերջ։
Առավել ևս, ոչ էլ պատրիոտ եմ.
տեսակիս եմ սիրում ՝ անկախ գույնից։
Էս աշխարհը իմն է,
ես էլ ՝աշխարհինը,
ու փակդուռ սենյակում մտածելը մեղք չէ։
Երդվում եմ նաև, որ հերքում եմ փառքը
Հո՞ չնկատեցիք՝ խաչած մատներով եմ երդվում։

Ես Եվան եմ.
ու կին եմ նաև կենսակերպով.
ես զգայուն եմ՝թե պետք լինի,
ու անխելք եմ՝ ինչքան ուզես։
Ես կարող եմ ժպտալ ՝վիրավորված
և ժպիտով սպանել, քաշվել մի կողմ։

Թե ինձ հարցնեն վերջին ցանկությունս՝ դառը սուրճ կուզեմ, կամ էլ շոկոլադ։
ի՞նչ կա որ,
հո չեմ խնդրելու ինձ անթաղ պահեն։
Սենտիմենտալ չեմ,
(եթե իհարկե կարիքը չկա այդպես խաղալու)։

Ես ազարտ եմ սիրում
ու ազատ եմ սիրում ճախրել։
Ես Եվան եմ.
ու ես ենթակա եմ միայն նախադասության մեջ։

 

***

Նախատեսածիս ուղիղ կեսն ապրել եմ,
50ից հետոն հիշելու համար է…
Ու քանի որ նպատակները
երկարացնում են կյանքը,
ես դրանք տեղավորել եմ
մնացած 25-ի մեջ միայն…

Մի քիչ հղի եմ,
մի քիչ՝ ամուսնացած,
ու սիրտս իրոք խառնում է
տարօրինակ օդից,
անտանելի հոտից.
մեղավորը ես եմ,
որ ոչ թքել-սրբոտել եմ
ոտնատակս,
ոչ էլ թքել հեռացել եմ
մոտիկ ճամփով։
պատից հետո էլի պատ է,
բարձրահարկերն ու
անսերությունը կտրում են թևերը՝ երազանքիս։
Նեղանալու բան էլ չկա.
դեռ չեմ մեռել որ ինձ սիրեք.
շնչողները հեշտ չեն սիրվում։

Ու հիմա, երբ մի քիչ հղի եմ
մի քիչ՝ ամուսնացած,
երբ հիսունի ուղիղ կեսն ապրել եմ,
կամ երբ տարիներն են
ամսեամիս ինձնով ապրել,
իմ երազի թևով՝ առանց թքել կհեռանամ
հեռու Վենեցիայում
կամ Զագրեբում անգլխացավ
մեկնվելու համար։
Որ սիրտս էլ չխառնի
կես հղիությունից,
կամ ներսիս քամիներից ուժեղ։
Որ քեզնից ունենամ ընդամենը
մի ոտանավոր,
որի մազերը ամեն օր կսանրեմ,
կմաքրեմ ճպուռները
մինչև մեծանա։
Ու ինձ չեք ների մենակ դու
ու հայրենիքը,
դու՝
չգրած նամակիս համար վերջին,
որին ծոցագրպանդ ավելի կսպասի,
իսկ հայրենիքը՝
գազի պարտքն
ու վախենալս, որ կմեռնեմ
մինչև հաջորդ ընտրություն։

Նախատեսածիցս 25 է պակաս
ու ճիշտն ասած ժամանակ էլ
չունեմ՝ երկուսիդ հերն անիծելու…

 

***
Ձուկն էլ իր
ճշմարտությունն ունի
խորտակված նավերի մասին.
գուցե այդ ճիշտն է,
որ թանկ է նստել՝
դարձել լռություն…
Ճշմարտություն կա,
որ ծանր է նստում
լռության պես ու չափ,
ու լռություն կա,
որ փարատվում է գուցե ծովերում…

 

***
Այնտեղ ,
ուր սեր չկա,
և ուր մարդկանց ձախ ուսերը
ծնկներին է հասել
սատանայի ճնշումներից,
սս վերադարձա ՝
քեզ հետ բերելու.
քեզ ազատեցի
անսեր ապրելու
հեռանկարից։
Հիմա, երբ դու՝ ինձ ,
ես՝ քեզ
պարտք ենք մնացել
հավասարությամբ
ուղիղ ուսերի,
խոստովանում ես,
որ ծեր գուշակը
ափագծերիդ է նայել
այնքան լրջորեն
ու քեզ համոզել,
թե բախտդ
ես չեմ…

 

***
Վիրավորված եմ՝
անկեղծ ասած,
որ բացակայիս հետ հաշտ ես
ու դեռ ապրում ես…
Կարոտելուց դժվար մեկ էլ չկարոտելն է…
Երկնաբնակները շատ են.
շնչելը դժվարանում է գնալով։
Գիտեմ, թե ինձնից շուտ մեռնես,
խառնվելու ես շնչառությանս
ու կուլ չգնաս։
Հիմա, քանի մամնիդ մեջ ես,
ու մարմինդ՝ հարյուրավոր
կիլոմետրեր հեռու ինձնից,
կարոտներս կտեղավորեմ
կոպերիս տակ՝
որ երազներս հսկեն…

 

***
Սիրելը թուլություն է,
սերը՝ պարտադրանք.
ցրտից ու մենակությունից
պաշտպանող ֆունկցիա,
ու պաշտպանվում ենք,
որովհետև
անուժ ենք ու անկամք։
Երբ ատելու
խիզախություն չունենք,
երբ թափ չունենք ամբողջ կրքով,
մեր սրտի չափ ատելության,
որոշում ենք
ընդամենը… սիրել…
Մնալ իներտ,
մնալ պասիվ,
սիրել այնքան,
մինչև համ մաշկ մաշենք,
համ էլ՝ լեզու…

 

***
Երևանը կին է հաստատ.
այն կանանցից,
ում գիշերներն ավելի
շատ է երգվել,
քան՝ ցերեկները,
և նրանցից,
ովքեր հավասարը չունեն։
Ում սրտին հասնելն անհնար է
հեռուներից եկողներին…
հազար տեսակ արվարձանատեսների
ձեռքերը երկարելուց
Դառնում են մի հերթական արձան…
Երևանը կին է ու սեր
միակ արդարացումն
այսքան գեղեցկության…

 

***
Ամիսները մեղրե
հողի մեջ են ծորում.
քմծիծաղը Աստծո
լցնում է դատարկը,
որ ձգվում է մինչև
որտազարկը վերջին։
Օրերը նամռոտ
խշխշում են գետնի
ու բոբիկ ոտքերի արանքում։
Մենք մինչ երկու ձեռքով
մեր կզակն ենք պահում
ու չթարթվող աչքով
սպասում լույս օրերին,
մեղրե րոպեները
մեր առջևով անցնում՝
ամբարվում են հողում։
Մեզ պես միանում են
հավերժական
շրջպտույտին,
որ կյանքերից մեկում
պատահաբար նրանց ապրենք։

Share Button

1 Կարծիք

  • Կարգին շարք է, տարբերվող ու ասելիքով շնորհավոր:

    Սիրելը թուլություն է,
    սերը՝ պարտադրանք.
    ցրտից ու մենակությունից
    պաշտպանող ֆունկցիա,
    ու պաշտպանվում ենք,
    որովհետև
    անուժ ենք ու անկամք։
    Երբ ատելու
    խիզախություն չունենք,
    երբ թափ չունենք ամբողջ կրքով,
    մեր սրտի չափ ատելության,
    որոշում ենք
    ընդամենը… սիրել…
    Մնալ իներտ,
    մնալ պասիվ,
    սիրել այնքան,
    մինչև համ մաշկ մաշենք,
    համ էլ՝ լեզու…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *