Կքայլեմ այնքան երկար, մինչև ասֆալտը վերջանա: Ճանապարհի աջ ու ձախ եզրերին գարուն է: Ես անցնում եմ գարնան միջով ու մտածում. ասֆալտի տակ ծաղիկներ կա՞ն: Ուսապարկս ծանր է: Այն երբեմն ինձ օգնում է, բայց հաճախ է խանգարում. նետում եմ պայուսակս՝ բոլոր արժեքավոր և անարժեք իրերով: Այսպես ես ավելի շուտ կհասնեմ: Ասֆալտը սկսում է մաշվել: Կարծես մոտենում եմ աշխարհի ծայրին: Փորձում եմ ինձ համոզել, որ այլևս նետելու իր չունեմ, իսկ ճամփորդական ցուպս օգնում է ինձ քայլելիս: Բայց ներքուստ գիտեմ, որ այդպես չէ: Խլացնում եմ ներսումս խլրտացող ձայնը և շարունակում ճանապարհը: Ասֆալտը տեղ-տեղ մաշված է, բայց չի վերջանում: Մութն ընկնելուն պես պառկում եմ ճանապարհի մեջտեղում և փորձում քնել, բայց քունս չի տանում: Դուրս եմ գալիս ասֆալտից և ճանապարհի աջ եզրին՝ գարնան մեջ քնում: Երազ եմ տեսնում և երազում հասկանում, որ երազ եմ տեսնում: Եվ քանի որ ամեն ինչ արդեն գիտեմ, երազում ձանձրանում եմ և սպասում արթնանալուն: Արթնանում եմ, անմիջապես նետում ճամփորդական ցուպը, և կորացած ուսերս շտկվում են: Շարունակում եմ ընթացքս. խատուտիկ: Ճանապարհի եզրին շատ խատուտիկներ կային, բայց սա ուրիշ էր, որովհետև ասֆալտն էր ճեղքել: Երկար նայեցի ու հավատացի, որ մոտենում եմ աշխարհի ծայրին: Եվ այդ գիշեր քնեցի խատուտիկի շուրջ կիսաշրջանով բոլորած: Ճանապարհս շարունակելու համար պետք էր հարմարավետ կոշիկներ հագնել: Շատ եմ սիրում բաց վարդագույն կոշիկներս, բայց դրանք անհարմար են, մոխրագույնը սահում է, սև կոշիկի կրունկը շատ բարձր է, կարմիր կոշիկ չունեմ: Եթե նույնիսկ ունենայի, անպայման ոտքս կսեղմեր: Կապույտ կոշիկս պոկված է, դարչնագույնը՝ ցեխոտված: Փորձում եմ գոնե եղածների մեջ ընտրություն անել. կոշիկներս անհետանում են: Հասցնում եմ իմ վարդագույն, բայց անհարմար կոշիկը վերցնել:
Արթնանում եմ, հանում կոշիկներս և նետում: Բոբիկ շարունակում եմ քայլել ասֆալտի վրայով. ոտքերս զգում են ասֆալտի մաշվածությունը և հողի կանչը: Վերջակետելով ասֆալտը՝ սրտի ուրախ և անհանգիստ թրթիռով կանգնում եմ հողի վրա: Չեմ պատմի իմ զգացողության մասին. այն շատ նուրբ է:
Աշխարհի ծայրը սկսվում է լեռան վրայի քարե առյուծով: Նա անշարժ կեցած է իր տեղում և պահպանում է իր տարածքը: Քիչ այն կողմ պառկած է շունը, որը հսկում է գառներին: Մակաղած գառներից մի փոքր հեռու ձին է արածում: Բարձրանում եմ վեր. ճանապարհը վերջանում է. հասնում եմ ցորենի արտերին: Այստեղ երկինքն այնքան ցած է իջել, որ հասկերը հպվում են երկնքին: Ամպերը սահում են մազերիս միջով, իսկ կանաչ հասկերը շոյում են խանդաղատանքից պրկված մատներս: Ոչ ոք ինձ չի ստիպում այստեղից հեռանալ, ես ինձ երբեք այսքան երջանիկ չեմ զգացել: Մի ամբողջ հավիտենություն կարող եմ ապրել այստեղ: Բայց հասկանում եմ, որ սա դեռ վերջը չէ: Գիտեմ՝ որտեղ էլ գնամ, սրանից ավելի լավ չի լինելու: Ցորենի վերջին շարքին եմ մոտենում. հետ նայել չեմ կարող: Մի գիշեր քնում եմ ցորենի արտերում: Ոչ մի երազ էլ չեմ տեսնում: Միայն հասկերի մեղմ օրորն եմ լսում: Առավոտյան արթնանում եմ և հասկանում, որ սա միայն իմ որոշումն է: Առանց հետ նայելու հատում եմ արտերի սահմանը ու բոբիկ ոտքերով սկսում քայլել քարերի ու փշերի միջով: Արյունոտ ոտքերս չեն ցավում, բայց յուրաքանչյուր քայլիս հետ ինչ-որ բան է մեռնում իմ մեջ: Մոտենում եմ աշխարհի եզրին: Մի մանուկ նստել է աշխարհի պռնկին ու ոտքերը կախել անդունդի վրա: Որքան մոտենում եմ, այնքան ավելի հստակ եմ լսում հայհոյանքի խոսքերը: Քայլերս սպառվում են: Նստում եմ գետնին ու հեկեկում: Մանուկը շարունակում է հայհոյել աշխարհին, ինձ, բոլորին…
Թմրությունը հաղթում է մարմնիս: Մանկան պիղծ հայհոյանքները օրորում են իմ մղձավանջները: Կանգած եմ իմ կարդացած գրքերից կազմված գրադարանի առաջ: Սեղմված են գրքերը: Ամեն մեկն իր տեղն ունի, ու տարիներ շարունակ ոչ մի գիրք չի բողոքել իր տեղի համար: Հանկարծ գրքերն սկսում են փքվել: Լայնանում է պահարանն այնքան, որքան կարող է: Գրքերը շարունակում են փքվել: Պահարանը բարկանում է և վերադառնում իր սկզբնական վիճակին: Գրքերը դուրս են թռչում պահարանից և ուժգին հարվածում ինձ: Առաջին անգամ երազում ցավ եմ զգում: Ընկնում եմ հատակին և երկու ձեռքով դեմքս ծածկելով՝ փորձում պաշտպանվել: Երբ դադարում է գրքերի տարափը, բացում եմ վախից կկոցված աչքերս. պահարանը դատարկ է. գրքերը փռված են հատակին: Եվ մի գիրք՝ բացված վիճակով, հրավիրում է կարդալու այն խոսքը, որը ես անգիր գիտեմ. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե դարձի չգաք և փոքրիկ երեխաների պես չլինեք, երբեք չեք մտնի երկնքի թագավորությունը»:
Ամբողջ կյանքում ջանացել եմ մանուկ դառնալ, բայց այսօր չեմ հավատում, որ աշխարհում մանուկներ կան. նրանք նույն մարդիկ են, պարզապես հասակով ավելի փոքր: Եվ իրենց մեջ կրում են չարության և պիղծ ժառանգականության բոլոր սերմերը: Նայում եմ դատարկ պահարանին և ցանկություն չունեմ նոր գրքերով դրանք լցնելու: Իմ երազանքների մանուկը մեռնում է իմ մեջ: Դատարկ պահարան:
Արթնանում եմ մանկան սուր հայհոյանքից:
_ Ես աշխարհում չեղած ամբողջ մաքրությունը դրել էի քո մեջ, բայց դու այդպիսին չես:
_Ի՞նչ, դու ի՞նձ հետ ես խոսում, ….:
_Դու ահավոր երևույթ ես:
_Գիտեմ, դու էլ ես ինձ նման, ուղղակի ավելի կեղծավոր: Եկել ես, որ ինձ հրե՞ս: Դե հրի՛ր, ինչի՞ ես սպասում: Ես գիտեմ, որ դու ինձ չես ընդունում, բայց միշտ ուզում ես, որ քեզ ընդունեն: Մի՛ մոտեցիր, հեռո՛ւ նստիր ինձանից, ես զզվում եմ քո կեղծավոր մաքրությունից, դատա՛րկ պահարան:
Նստում եմ անդունդի եզրին: Ասելու ոչինչ չունեմ: Նկատում եմ, որ մանուկը թաքուն հայացքով նայում է դեմքիս, հետո նայում արյունոտված ոտքերիս: Առանց հասցեատիրոջ՝ վերացական հայհոյում է ու սպասում արձագանքիս: Ոչինչ չեմ ասում. դատարկ պահարան: Մանուկը փորձում է հին ձևով հայհոյել, բայց ինչ-որ բան կեղծ է ստացվում: Գաղտագողի մի փոքր մոտենում է ինձ: Ես զգում եմ, որ դեռ չեմ կարողանում ընդունել նրան: Բայց մանուկն ավելի է մոտենում: Երևի նոր հետաքրքրություն է առաջացել մանկան համար, այդ պատճառով էլ մոռանում է հայհոյել: Այնքան է մոտենում ինձ, որ լսում եմ նրա ընդհատ շնչառությունը: Գլուխը հենում է ուսիս: Արցունքներն ընկնում են մատներիս վրա. չեմ հասկանում, թե ում արցունքներն են՝ ի՞մ, թե՞ նրա:
Միասին սկսում ենք բարձրանալ դեպի ցորենի արտերը: Այստեղ երկինքն այնքան ցած է իջել, որ հասկերը հպվում են երկնքին: Ամպերը սահում են մեր մազերի միջով, իսկ դեղին հասկերը շոյում են մեր մատները: Բարձունքում անշարժ կեցած է քարե առյուծը և պահպանում է իր շուրջբոլորը: