Զարուհի Հարությունի | Մի վախեցիր…

Տնամերձ ցորեն`
Շեկ լորեր արտում,
Անձրևներ՝ արծաթ լուսնի ափսեից,
Տա՜ք շագանակներ,
Վառարանում բոց,
Փոխինձ` կնճռոտ ձեռքերում տատիս…

 

Մի վախեցիր…

9-րդ հարկ.
Թռիր ինչքան ուժ ունես,
Փոշմանիր` արդեն 4-րդ հարկում,
Ու փոխիր երկիրդ…
Խանութներով շրջիր՝ հույսը գնելու,
Վաճառելու` կասկածամտությունը,
Ու հաղթության համար.
(Թերության հերն էլ անիծած…)
Դարձիր ձուկ,
Ճայերի համար կերակուր,
Ու կայծակնահար ծառերի գլխին
Խորովվիր մինչև վերջին ոսկորդ…
Գանգեսը առ սրտիդ մեջ,
Ու աղտոտվիր ինչքան ուժ ունես.
(Ախտացավը ազգի մեջ է…)

Սիրտդ լայն պահիր,
Ու ծխիր սիգարները, որոնք
Պահարանիդ երկրորդ դարակում են…

Առաջին հարկում ոտքդ կախ գցիր.
Իրականության համար ամեն ինչ չափից դուրս է.
Չափից մեծ սիրտ,
Չափից շատ հոգի,
Չափից շատ սեր,
Գարուն,
Կանաչ,
Հերքելու արվեստ,
Հերկել հողը,
Հերքել ամենը, ինչ կապված է կավի հետ,
Ինչ կապված է մարդու հետ,
Ու անիծել Ադամի կողն… ու
Ջարդուխուրդ լինել… երևի գետնին,
Կամ գետնի տակ՝
Էն անձայն մետրոյում, որը գոռում է.
«Թռի՛ր, սպասում եմ…»

 

Տատս ասաց` կգաս

Կգամ տատ,
Ու դու էլի կսանրես մազերս,
Մորս մազերը հիշելով՝ կհյուսես,
Ու ես կհյուսեմ հավաքածդ ավելուկները։
Կգամ տատ,
Կգամ, ու կպատմես մորս մասին՝
Մորս մատների ու աչքերի,
(Մորս սրտի մասին կպատմես):
Կգամ, ու աչքերումս մորս պատկերը կլինի,
Ես մորս պատկերը կլինեմ,
Ես մայրս կլինեմ քեզ համար։
Կգամ, ու հեռավորությունը կպարտվի,
Կարոտը իմ, քո, ու մորս հոտը կունենա՝
Դաշտերի հոտը կունենա,
Ցորենի արտերի ու ակացիաների…
Կգամ, ու աշխարհը մերը կլինի,
Ես քո աշխարհին տեր կլինեմ, տատ։

 

***
Խոտքաղ էր,
Ու տատիս հետ գնում էինք գերեզմանոց,
Էդ անտեր մեռելների շիրմաքարերին
Լույս ու ողորմի տվողը տատս էր։
Մեկ-մեկ թվում էր
Քարերն ականջներ էին,
Ու տատս՝ միակ զրուցակիցը։
Կողն ու կուշտը մաքրում ու
Հիշում էինք բոլորի ով լինելը,
(Ես հիշում էի,
որովհետև ամեն տարի
նույն շիրմաքարերին էինք տիրություն անում…)
Լինում էր հիշում էինք նաև
Տատիս հարսանիքը,
Իր վարդագույն զգեստն,
Ու պապիս երանի տվողներին։
Հիշում էինք տատիս՝ երբ երեխով էր
– ղանթարն ուսին։
Մեկ-մեկ ես ավելի լավ էի հիշում,
ու տատս ծիծաղում էր։

Պահի տակ լրջանում, ու թե.
«Փշերին կպնելուց առաջ,
Բռիդ մեջ խաս խոտ պահիր, բալես»:

3.08.2018

 

 

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *