Միլենա Բարսեղյան | Ոտանիկներ

1․
Ճանճերին քեզ մոտ եմ քշում
Որ տզզան ու ջղայնանաս․
Ավտոբուսերը բոլոր կանգառներում կանգնեցնում եմ
Որ ուշ հասնեն քեզ
Ու շոգին երկար սպասես։
Ծաղիկներ ուրիշներից չեմ ընդունում
Որ չօգտագործեմ նվիրածդ ծաղկամանը,
Թեյը դարձրել եմ առօրյա խմելիք
Ամեն մեկի հետ խմում եմ,
Որ վիրավորվես,
Ու քեզ այլևս հատուկ չզգաս։
Գրքերը բարձրաձայն եմ կարդում,
Որովհետև դու սիրում էիր մտքում կարդալը․
Խաղողները խակ-խակ ուտում եմ,
Ամբողջը վերացնում, որ չմնան, չքամվեն,
Որովհետև դու գինի շատ ես սիրում։
Քո ատելի կատուներին
Ուղեկցում եմ քո բակ ու կերակրում,
Որ էլ չհեռանան։
Քանդում եմ քաղաքը,
Որ աշխարհի վրա չլինի
Քեզ հիշեցնող վայր։
Փակում եմ երկինքը կտորով,
Որ լուսնին չնայես ու ձանձրույթից
ճանճեր քշես,
Ու շոգին երկար սպասելով,
Քեզ անպետք ծաղկաման զգաս,
Թեյ սարքող չունենաս ,
Գինի չճարես,
Հետո ձանձրույթից
Կատու կերակրես
Ու նոր քաղաք շինես։
․․․
Քեզ էսքան նեղը գցելուց հետո
Ընդմիջում եմ՝
Քո համար աղոթելով։

 

2․
Մի օր ես կհասկանամ` ինչքան լավն ես դու
ու ինչքան իմը.
կհասկանամ`
ինչքան սիրուն օրեր կունենայինք
ու համով թեյեր կհամտեսեինք
ու կլվանայիք բաժակները ու շրջած կդնեինք, որ քամվեն.
կզգամ`
ինչքան չարժեր մեզ բաժանել.
հետո
գլխի կընկնեմ`
ինչպես արեցի այդ իմ իսկ ձեռքով.
ու կլացեմ
կփոշմանեմ,
որ
ես` մարդ տեղովս, թողեցի
թեյերն առանց համտես
ու բաժակներն անլվա,
չշրջած,
չքամված
․․․
Տերը կողորմյա՞։

 

3.
Սիրուն անցյալի մասին․
Քո ստվերն եմ տեսնում բոլոր բազմակետներում,
դրա համար էլ այդ օրհնված երեք կետերը խորիմաստ են:
Դու օդում կաս.
ահա թե ինչու շնչելն այդքան հեշտ է և կենարար
Դու նոտաներում ես ապրում,
դրա համար էլ մեղեդին հոգու դեղ է.
Ծաղիկների փունջ ես,
դրա համար էլ լավագույն նվերն ես ինձ համար:

Անսիրուն ներկայի մասին.
Քո ստվերն եմ տեսնում բոլոր բազմակետներում,
դրա համար էլ խուսափում եմ դնել անիծյալ կետերը:
դու օդում կաս
դրա համար ես շնչահեղձ եմ լինում:
Դու նոտաներում ես ապրում
Դրա համալ խլացա
Ծաղկեփունջ ես
դրա համար էլ ես մասնատում ու չորացնում եմ գրքի վերջին էջում,
ու էլ չեմ բացելու:

եթե մի օր փակեմ։

 

4․
Երբ գիրք էիր
Քո վերնագիրն ի՞նչ էր
Մոռացել եմ իբր:
Քեզ կարդացի,
Էջանշան դրեցի․
Առաջին գլխում դու ինձ անհայտ էիր:
Էջանիշն իմաստ չունի:

Երբ երգ էիր
Քո վերնագիրն ի՞նչ էր
Քեզ լսել եմ
Ականջներս փակ,
Իզուր է ծառայում քեզ
Դաշնամուրի սպիտակ սեղմակը։
Կրկներգդ իմաստ չունի:

Երբ նկար էիր
Ի՞նչ գույներով էիր
Վրձինը իզուր պարեց քո խաթր,
քեզ համար,
քեզ հետ:
Գլխավերևիս պատը հանգիստ թող,
Կախվելդ իմաստ չունի:

Երբ ֆիլմ էիր,
Ես մոնտաժեցի այնպես,
որ բոլոր կադրերում լինես
Գլխավոր դերասանն էիր
Բայց վերջում՝ լուսագրերի մեջ,
անունդ չգրեցի։
Օսկարդ իմաստ չունի:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *