ԱՂՈԹՔ
սնամեջ, ինչպես ցածր երգ մեռյալի ականջին
ինչպես գունատ մի կին անփույթ մեկնված հսկա վիրահատարանի սեղանին
գիշերվանից երեկոներից մերկ խոստովանություններից այն կողմ
սա իմ անտառն է՝ իմ չոր գիծը
ոչ ավելին քան սև բիծը հետքը բիբը
իմ լայն զարկերակը
կանաչ հավատքը
սա իմ անտառն է
ես քո
ոսկե ժամացույցների դուստրն եմ
պատռված օրացույցերի
կորած գաղտնագրերի ու հեռագրերի
ձեռքը կրակին մեկնող ու այրվող աղջիկը
սահման անցած սև կատվի պես երբ ողջ տեսանածն ու լսածը
այլևս բավական չէ
ժամանակի վանդակում
ես աղոթք եմ ասում խոտի ստվերին
լողավազանի եզրին տարուբերովող դանդաղ հեղուկին
բոլոր չծնված երեխաներին
ինքս ինձ վարժեցնողին
ինքս ինձ հետ ընտելացնողին
մարգագետիններին աղոթք
և քանզի քոնն է
և քանզի քոնն է կյանքը
քանզի քոնն է ամբողջ կեղծիքը
արքայությունն ու անզգայությունը տերևների
անտառի մերկ միսը ծառերը թռչունները
արգանդը ծիծաղը կրծքերը ճիչը ոսկորները
լեզուն քրտինքը ամբողջ մարսողությունը
սաղմոսներն ու խոստովանությունները լեզվի ծայրին
թույլ տուր մտածել խոտի
մտահոգվել անտառի
մեծ ու առեղվածային սրտի
այս ամբողջ
կանաչի մասին
– սրանում մարմին անցնող սարսուռ կա, – ասում ես դու, սիրելի՛ս,
բայց խոստանալ քեզ ավելին չեմ կարող
որովհետև կյանքն ինձ կապում է
բույսերի հիվանդության
խոտի ներքնակի՝
դրա ֆոսֆորե ստվերի հետ
և քանզի սա էր աչքը
սա էր զգացմունքը
սա էր հմայքը տագնապը որ
ցավ էր թմբկահարում
թույլ տուր աճել ծառերի ու մարդկանց միջև
թույլ տուր աճել մարդկանց ու իրերի միջև
թույլ տուր չքանալ դեմքերի ու վայրերի միջև
մինչև վերջ
ավերվել ավերվել
երբ բոլոր հիվանդությունները գան ու անցնեն
ամբողջ ժանգը
մեծն երաշտը կատվի թաթերով
միլիարդավոր փոքր կմախքների միջից ցուրտը
ամուլ փորձությունները
անծիր չորությունները գան ու անցնեն
այս կարճ նախաճաշն ու հետճաշը այդքան սիրված
ամբողջ տիղմը այս սառը խոսքը
մահվան չոր եղանակը…
ես ճեղքում եմ անտառի սիրտը
որպեսզի այնտեղ ապրեմ
այլ կերպ ՝
աղոթում մի աստծո, որ ծխամորճը ձեռքին
դռնից այն կողմ փակցնում էր իրեն
մենակ թողնել
***
ես` սերմի պարպում,
սնդիկ կամ
պայթուցիկ հեղուկ
դուրս եմ սահում որովայնից
քո մեջ
լսել եմ աճս.
ձգումն ու հավասարակշռումը,
անկումն ու հնազանդումը,
խզումն
ու տեղաշարժը
ճողվածք
ներդաշնակման մեջ
որպես հավերժ նյութ ծոր
չեմ հառնել
ապականության ոսկրերից,
ծխածաղկի մոխրից
կամ որևէ մուգ բանից
ինչպես ասում են
կորզեցիր հոսքի վիճակից
քո մեջ` թեք
անոթ ու երակ
կբարձրանամ,
ջղաձիգ հրճվելով
տարածություն կծակեմ,
սնամեջ կոկորդով
կուտեմ ընդերքդ
ես ինձ այս վիճակի համար էլ
փորձեցի