ես ինքս էլ չգիտեմ թե ինչ եմ ես անում …
***
… մենք իրար էնպես էինք զգում,
կարծես բոլորս
մեծացել էինք նույն որբանոցում:
***
տողեր հեղափոխականներին —
քայլեցի փողոցներով սիրո ու համերաշխության
և կոշիկիս տակից գտա բանաստեղծություն …
սա միաժամանակ տարբեր աշխարհների մասին էր
սա էն տեղն էր ուր ուզում էիր գնալ
բայց չգիտեիր որտեղ է
մարմնիդ բութ ցավն էր
սրտիդ այլանդակ չփակվող ծակն էր
սա գազայի հատվածն ու ղարաբաղն էր
որտեղ ամեն օր մարդ է մեռնում
բայց սա ղարաբաղն էր
որտեղ կապույտ մազերով պլան ծխող աղջկան
նվաստացնում են տարբեր լինելու պատճառով
սա մարոկկոյի կապույտ քաղաքն էր շաուշաուենը
սա թեհրանի ութ հազար տարեկան շուկան էր
կլուբ քսանյոթն էր
ռեփի ու ռոքի մենամարտն էր
սա իմ դերն էր քո կյանքում և հակառակը
քո հանրային մենությունն էր սքողված
սա ցոյն է իր կինոյով ու վոնգ կար վայը
գյումրին էր որտեղից գեյերը լեսբիներն
ու ամուսնալուծված կանայք փախչում են
սա մի տեղ էր որտեղից բոլորը փախչում էին
սա առավոտյան կոման էր
որից ամեն օր
դու դուրս էիր գալիս
սա հերթական մասսայական քամինգ աութն էր
խոպանչիների զավակներն էին
քրդական հարցն էր հայկական հարցն էր
ադրբեջանցի անարխիստ ընկերս էր —
բաներ էին որոնք մենք չենք տեսնում
մեր մեռած հասարակություններում
սա հազար ինը հարյուր վաթսունութ թվականին
մոսկվայի կարմիր հրապարակում հավաքված
յոթհոգանոց լեգենդար դեմոնստրատների խումբն էր
պայքարող սովետի —
չեխոսլովակիա ռազմական ներխուժման դեմ
սա երկու հազար տասնութի ապրիլին
երևանի ֆրանսիայի հրապարակում
ռոդենի արձանի շուրջ
հավաքած պայքարողների խումբն էր —
բաց ձեռքերով
հոգեբանական երկաթյա վարագույրը
մարդկանց ներսի
սա լավ տրամադրությունն
ու էմոցիոնալ անկայունությունն էր
լենինականցի ու կիրովականցի
խելառ մարգինալներն էին
սա հայ աղջիկ էր — տաբուներից պրծած
մեր կյանքն էր պրիզմայի միջից թափանցող
մոլորված ու անիմաստ
սա դրամատուրգիայի քո հարբեցող դասախոսն էր
գլուխը պատեպատ տվող — էդ դու էիր
և միջիդ փոքրիկ դանակը
ճիճվի նման անընդհատ
ամբողջ մարմնովդ սողացող
հոգու քաղցկեղ էր
գանդիի պասիվ դիմադրությունն էր
սա հուսահատության ճիչ էր
մեծ թունավոր սունկ էր —
տարածվող ամբողջ մարմնով
ատոմային ռումբի նման
սա աշխարհի բռնաբարված բռնապետներն էին
ու արևմուտքը հեռվից
սիրիացի որբերն էին
քո ինքնահաղթահարումն էր
սա վերջն էր
մենք վազեցինք փողոցներ խանդավառության մեջ
գիժ թլոշ և անբարբառ մանուկների նման
որպես հուսահատության ակտ
որպես ինքնահրկիզման ռիտուալ ևս մեկ անգամ
չհավատալով որ կհաղթենք
սակայն «բոհեմնոցի» կոմիքսների
աստղ դարձած սերժը
պատվով հրաժարական տվեց
էս հեղափոխության մասին իմացան բոլոր նրանք
ովքեր ուզում էին իմանալ
ամբողջ ճշմարտությունը մեր սերնդի մասին
բոլոր նրանք ովքեր հեռու են բոլոր նրանք
ովքեր մոտ են բայց շարունակում են
ապրել բանտարկության մեջ
բոլոր նրանք ովքեր մեզ հետ էին
հազարավոր կիլոմետրերից
ժամանակի հավերժական հոսքում
ալիքները եկան կպան մեզ մաքրեցին
ու շարունակեցին ընթացքը
հպվենք միաձուլվենք
ինչպես գիշերային խարույկի թրթռացող մոխիրներ —
իրար դիպչող ու անհետացող …
«ամեն ինչ վաղուց ասված է
բայց քանի որ ոչ ոք չի լսում
անընդհատ ստիպված ենք վերադառնալ
և նորից սկսել»։
— անդրե ժիդ
Ընտիր էր։ Յուրաքանչյուր տող կարդալիս վերապրում էիր ամեն մի պահը։ Շնորհակալություն #կայֆոտ նյութի համար♥