Մհեր Արշակյան | Անձեռագիր տողեր

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Տիկին, բայց ինչպե՜ս է ձեզ սազում իմ մղձավանջը…

* * *
Դեպի ինձ տանող բոլոր ճամփաները խցանված են ուրիշների մտքերով…

* * *
Սիրելիս, ի՜նչ գեղեցիկ հետմահու դեմք ունես…

* * *
Կներեք, ինչու՞ է աղմկում ձեր շրթներկը…

* * *
Նույնիսկ իմ մեռնելն է կյանքի հետ անհամատեղելի…

* * *
Ախ, դուք սիրահարվա՞ծ եք: Այդ դեպքում ես կսպասեմ…

* * *
Կորցրած դրամապանակս փոխանակում եմ մոռացված բարեգործությունների հետ:

* * *
Ծիծաղելի են մարգարեի արցունքները…

* * *
Դու հեռացար, բայց մնաց քո բացակայության ամբոխը…

* * *
Չեղավ, չեղավ, ստիպված եք զրոյից մեռնել…

* * *
Իսկ կար ժամանակ, երբ ինձ մոտ այնքան լավ էին ստացվում վատ բանաստեղծությունները…

* * *
Նրա ձայնի մեջ ասես արկերի բեկորներ մնացած լինեին…

* * *
Նա իմ առաջինն էր… «Մոխրոտիկը» հեքիաթում:

* * *
Ժամկետանց սեր

* * *
Վիրտուոզ գնորդ էր` հարություն առավ մեռելներից…

* * *
Որպես ուրու եկավ ու անցավ կոշիկներին հեծած:

* * *
Օ՜, այդ շուրթերը… Որտե՞ղ եմ դրանք թողել:

* * *
Գրականությունն ընդդեմ սկլերոզի` պատմել այն, ինչ դեռևս տեղի չի ունեցել…

* * *
Լավ օրից չեն սիրում…

* * *
Եվ ի՞նչ կհրամայի ձեր ահարկու լռությունը…

*: * *
Երբեք այդքան անտանելի չես եղել, որքան` միշտ:

* * *
Սիրո մեջ նրան հայտնաբերեցին, ինչպես կոմայի մեջ:

* * *
Իմ ականջները սովոր են միայն լռության մասին բամբասանքին…

* * *
Սերը հասկացանք: Չհասկացանք սեռը…

* * *
Մի մոռացեք, դուք ի պաշտոնե կին եք…

* * *
Ոչինչ չհասկացա… Բայց ի՜նչ էնտուզիազմով:

* * *
Կինը չի կարող լռել առանց բառերի…

* * *
Հաճույքի համար միշտ վճարում են Սիրով…

* * *
Ի՜նչ հաճույք` ընկնող ինքնաթիռում հիշել, որ անունդ Հարություն է:

* * *
Երեկ ես ծանոթացա մի սիրած աղջկա հետ…

* * *
Չծխելու մասին միտքն այդքան սարսափելի չէ, որքան այլևս չծխելու մասին միտքը…

* * *
Քաղքենու համար հանճարը մի հոգի է…

* * *
Ես ձեզ չեմ ասի ճշմարտությունը և միայն ճշմարտությունը, և ոչինչ ճշմարտությունից բացի…

* * *
Ժպիտը նրա դեմքին ծեծել էին…

* * *
Լուռ սերը նարցիսականություն է…

* * *
Ապրեց այնպես, որ հայտնաբերեցին դագաղի մի անկյունում…

* * *
Ինչքան նրա մտքի գանձարանը դատարկվում էր, այնքան հարկերը բարձրանում էին…

* * *
Հարազատներն իրենց հանգուցյալին նույնականացրին ըստ մահախոսականի…

* * *
Երազանքներն օգնում են տեսադաշտից մաքրել այսօրը…

* * *
Այնքան հագեցած էր նրա անգրագիտությունը:

* * *
Սիրտը դղյակ է ուզում: Սկսենք Կաֆկայի «Դղյակից»…

* * *
Նրա փնթիությունը նույնիսկ կեղտին էր ահաբեկում:

* * *
Դեզդեմոնա, երբեմն չէր խանգարի ոչ այն հանճարի կերպարը լինել, չէ՞…

* * *
Ապրելու համար ծնվածին չես ստիպի… սիրել:

* * *
Նա Աստծուն պահածոյացրել էր սև օրվա համար…

* * *
Իր սմբակներից նա ճանաչեց ասպետին…

* * *
Դիահերձումը ցույց տվեց, որ խեղդվել է կոկորդում մնացած ձայնավորներից…

* * *
Քննող հանձնաժողովին նա ներկայացրեց միայն իր սևագիր ժպիտը…

* * *
Նա ինձ առաջարկեց իր այլընտրանքային սիրտը և ձեռքը:

* * *
Ճակատագիրը չի ջղաձգվում…

* * *
Ես վաղուց խորապես չեմ ցավակցում, ես վաղուց ցավակցում եմ մշտապես…

* * *
Չշեղվենք` այնուամենայնիվ, համբույրը մարդակերության մնացուկ է…

* * *
Ինչով էի զբաղված քեզնից հեռու՞: Ես լռություն էի մուրում:

* * *
Աստված գերբնակեցված է անհնարինությամբ…

* * *
Թունելի վերջում ես մի կույս տեսա:

* * *
33 տարեկանում ես Քրիստոսից փոքր էի մնացած տարիներով:

* * *
Երազանքներն ավելի իրականանալի կլինեին, եթե կարողանայինք երազել նաև ուրիշների փոխարեն:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *