Մարի Մելիքյան | Ու կղզում սենյակներ կային

Մարմինդ ասեղնագործված է մարմնիս
երակներդ՝ շղթայված երակներիս ու երազդ՝ սիրահարված ենթագիտակցությանս:
(շղթաներով ամրացված ենք նույն տարածությանը)
Մատներս փաթաթված մատներիդ ու ձեռքդ՝ ծնկներիս վրա
վախերդ հավաքած պայուսակումս ու կասկածներդ՝ կախ տված պարանիցս։
Մարմինդ արծաթագույն լույսի մեջ ու արցունքներումդ՝ արյանս բաղադրությունը։
Շուրթերիդ գույնը՝ արտացոլված ոտնաթաթերիս ամրացված հայելուն.
Ծովի մեջ՝ մեռած մարդիկ
ու քո մարմինը հասկանում է կղզուս բնակիչների լեզուն
ու նրանց հետ խարույկի մոտ երգեր է հյուսում
ու քո մարմինը սիրում է կղզուս բնակիչներին,
բայց նաև գիտի, որ լքելու ժամանակը գալու է։

Գնացքը սև խոռոչների միջով ընթանում է դեպի քո ծառացած մարմինը
ու քեզ անտեսելով՝ ներսումդ հյուսված նուրբ լարերը հավաքում իր մեջ
ու սարդոստայն հյուսում դրանցով
ու քո սպիերը նոր են
ու թարմության հետքեր են կրում իրենց վրա
Դեղին, կարմիր ու վարդագույն թելերով հյուսված ես ներքին օրգաններիս
ու սնուցումը՝ միայն քեզնով
Մարմինդ ասեղնագորված մարմնիս
ձայնդ՝ հոդերիս ներսում պահված
Ու մեղրի պես քաղցր հայացքդ,
որ ծորալով՝ տհաճություն է պատճառում մեզ:

Պիտի միասին մոլորակների հնարքներին տիրապետեինք
ու մահվան մասին գաղտնիքներ կորզեինք հազվագյուտ
ու ոչնչացման եզրին գտնվող արարածներից:
Հետո պիտի տուն պատրաստեինք նրանց համար
ու պտուղներով կերակրեինք
Ու պտուղները՝ քո այգու ծառերից միայն
այգիդ՝ կզղուս ուղիղ մեջտեղում
Ու շուրջը միայն ծով՝ լցված ուրախությանդ արցունքներով:

Քո երազի մեջ ես ու դու առանձին էինք
ու մեր կապը թռչուններն էին պահպանում.
Ծղրտոցի ձայներ արձակելով
ու հեգնելով մեզ,
Բայց դու ամուր կառչած էիր հողից
Ու կղզումս սենյակներ կային
ամեն մեկում՝ դու էիր ու իմ պատկերացումները քո մասին.
Քո երազում մեր երկուսի համար այնքա՜ն տեղ կար պահված:

Թարթիչներդ՝ այտիս վրա
Աչքերիդ գույնով ներկված ողնաշարս ու քո հոտը՝
պարանոցիս ամենագաղտնի հատվածում
ինչ-որ փոքր սրվակով պահված,
Քո շնչառության հետքերը՝ մանր ու անբիծ
(ու մի պահ քո տեսիլքները ես էլ տեսա),
Ու ոտքերս խաչված ոտքերիդ
Մարմինդ՝ ասեղնագործված մարմնիս
երակներդ՝ շղթայված երակներիս
ու երազդ՝ սիրահարված ենթագիտակցությանս:

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *