I ՃԱԿԱՏ
Նա չհասցրեց․․․
Բոլոր շնորհները ցույց տալ։
Նրա պես շատերը,
Նրանք փրկեցին մեզ ու մեռան։
Ես չեմ կարողանում ցավակցել․․․
Ցավակցել զինվորի մորը։
Բավական էր մահը առաջին մարդու՝
Նախապես բոլոր մահկանացուներին
միմյանց ցավակցելու։
Իմաստուններն ապրում են
հազարամյակներից հետոյի տեսիլներով:
Նրանց երազանքները մահվան սահմանից դուրս են
Ու
նրանք մահվանը չեն ցավակցում՝ հաղթում են:
Ո՞վ կա մեր մեջ իմաստուն․․․
II ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
Պատերազմից դուրս
Մայրաքաղաքի գրախանութներում,
Մեզ ժպտում է մի հաջողակ բիզնեսմեն։
Նա հաջողակ է․
Իր լայն ժպիտով ու
9900 դրամով վաճառում է՝
«Հաջողակության գաղտնիքները»։
Խանութին փակցրած գովազ–պաստառը
Նույնպես փորձում է ժպտալ։
Երբեմնի գայթակղիչ հայացքով մոդելը,
Խոնավությունից ծռմռված դիստրոֆիկ դեմքով,
Խախտվածի հայացքով «գովազդում է»։
Էական չէ՝ ինչ…
Մենք գովազդվում ենք կարճաժամկետ «երազանքներով»։
III ԴԱՐՁ
Ես չեմ կարողանում ցավակցել․․․
Ցավակցել զինվորի մորը։
Բայց կարող եմ զգալ
նրանց խեղդող կարոտը:
Մեզնից շատերը
Կհասցնեն ու չեն հասցնի
Շնորհներ ցույց տալ զինվորների պես։
Զինվորները մեռան,
Մենք էլ մի օր․․․
IV ՍԿԻԶԲ
Բայց մինչ այս ամենը
Նաև այս ամենից հետո
Պիտի ծնվեն նորերը՝
Մահվան հոտից չվախենալով։
Կյանքի բույրը կպատի ամեն ինչ, ու
Կինը նորից կդառնա մայր։
2016
***
Կյանքս հյուսեմ սիրով.
Սերս՝ հա՛մ բիլ , հա՛մ թել…
Նախշեր կապեմ անծիր,
Ցողով պատեմ տիեզերք։
Ես՝ ամրոցում սիրտ,
Դու՝ օդ։
Հատիկներդ իմ մեջ,
Զարկերս քո անծիր հատիկների մեջ։
Ու կտարածվեն մեր աներևույթ զարկերն ամենուր։
2017
***
Սարերում
Ես ինձ վերից եմ տեսնում.
Մեկ միավոր,
Որ երազանքներ ունի
Յոթ սարերի հետևում։
Սարերում ամեն ինչ եմ տեսնում`
Ինձ ու երազանքներս մի ափի մեջ
Ու տեսնում անտեսանելին,
Որ վախերի ձորի մեջ չէր երևում։
…Ու հոտոտում եմ անսահմանը, որ սարերից էլ վեր է։
Իսկ երկնագույն լեռը
Ոսկեփայլ փոշու մեջ
Սավառնում է։
Ես լեռան վրա եմ
Ու տեսնում եմ ինձ՝ լեռան վրա։
Ես տեսնում եմ ինձ`
Լեռանը նայելիս։
Հիշում եմ բոլոր մարդկանց,
Որոնց միջով հոսեցի ու ծնվեցի։
Սպասում նրանց, որ պիտի միջովս անցնեն,
Ու իրենց ժամանակներում ծնվեն։
Մարդիկ հոսում են
Երջանիկ ապագայից
Դեպի կարոտած անցյալ,
Անցնում մեկ օղակի միջով,
Որ կոչվում է ներկա։
2017
***
Անսահման ընդարձակվող տիեզերքում մի գունդ կա։
Գնդի վրա՝ մի իրողություն, որ ճեղքում է նյութական ու ոչ նյութական ցանկացած մթնոլորտ ու անսահման տարածվում անթվելի գալակտիկաներից ու մարդկային պատկերացումից հեռու։
Այս գնդի մի մայրցամաքում՝
Մի երկրի մի քաղաքում՝
Այս քաղաքի մի մեծ պուրակում,
Երեկոյան աստղերի տակ մարդիկ վայելում են ամառը։
Մարգախոտի վրա մարդկանց մի քանի տասնյակ կղզիներ են։
Ծառին հենված մարդիկ,
Զույգեր՝ երեսներն իրար ձուլած,
Ընտանիքներ։
Դրանցից մեկում՝ մի մայր՝ աղջկա հետ աստղերին նայող,
Տան հայրը պառկած՝ հայացքը ամենացույց «տախտակի» մեջ՝ լուրեր է կարդում։ Յոթնամյա որդին, հոր գլուխն առած գիրկը՝ ծնկներին, շոյում է ու ճակատը համբուրում։ Տղան լույս է ճառագում։
Որքա՜ն փոքր է այս երկրագունդը տիեզերքում։
Որքա՜ն ընդարձակ է տիեզերքը տղայի սրտում։
2018
Լեռներից վեր
Հսկաների վերջին սերունդները խոր ժամանակներ առաջ,
Աշխարհի բոլոր չորս անկյուններում լինելուց,
Հազարավոր պատմական անցքեր տեսնելուց հետո
Արևի տակ այլևս չգտնելով նոր իմաստություններ՝
Եկան աշխարհի հնաստեղծ վայրը՝
Հավերժական նինջը առնելու։
Հսկաները կիպ-կիպ պառկեցին երկրագնդի բերանների՝
Հրաբուխների շուրջ ու հանգչեցին։
Դարի հողերը ծածկեցին նրանց՝
Առնելով նրանց գունափոխող երանգները՝
Հիմնականում, կանաչ,
Հետո՝ դեղին,
Կարմիր,
Սպիտակ,
Ու տեղ-տեղ երևացին
Քարե մամռոտ թեփուկները։
Եվ խոր քուն մտած հսկաների միջով սահող ճանապարհները
Անդադար ոլորաններով տանում են վեր…
Բարձրացնում վե՜ր,
Ավելի՜ վեր…
Ու սպասում ես`
Մի ոլորան ևս և
Կհասնես Աստծո դարպասներին։
2017