Կարեն Անտաշյան | Գիրք նվիրելու օրվա պատգամներ

Լուսանկարը՝ Վարդան Դանիելյանի

— Կարդացեք, շատ կարդացեք ընկերներ, գրքերը սովորեցնում են բառեր ու արտահատություններ, որ հետո օգնելու են ձեզ մի ամբողջ կռուտիտների ու արդարացումների համակարգ մտածել՝ չարածի, չապրածի, չեղածի համար, անխուսափելիորեն գալու է այդ օրը։

— Կարդացեք քույրեր և եղբայրներ, կարդացեք, որ սովորեք բոլոր ժամանակների մարդկային տքնած ուղեղների կուտակած գաղափարներն ու աշխարհայացքները, որ հետո կարողանաք էսթետիկ վեհություն հաղորդել դեպրեսիայի անելանելիությանը, որ հեշտորեն ինտելեկտուալ ոլորաններ կառուցեք գոյաբանական դառնության ու տրտմության մեջ, որոնք ճիշտ է, չեն օգնում դուրս գալ էդ քաքից, բայց զատո օգնում են գեղեցիկ խոսել դրանից և գեղեցիկ վարակել դրանով։

— Հարգելի հայրենակիցներ, շատ կարդացեք մեր ազգի մեծերին ու մեր հոգևոր ժառանգության գոհարները, մեկ անգամը քիչ է, նաև հաճախակի վերընթերցեք, որ դպրոցական հանդեսները, բանակայի քեֆերը, եկեղեցական պատգամներն ու նախընտրական քարոզարշավները ազդեցիկ լինեն, որ մշուշոտ հաջողություններով ու կասկածելի իմաստությամբ հայտնի մեր նախնիներին արվող մեր առաջնորդների հղումները լինեն տեղին ու գործուն։ Չէ որ մեր թսիկ, հետամնաց ու անհեռատես նախնիները երազել են մի երկիր, որին մենք պարտավոր ենք համապատասխանել։

— Գրքերը սովորեցնելու են ձեզ փոխաբերությունների հատու ուժն ու զգացողությունների նրբերանգներն արտահայտող ածականներ, որ հետո իրար ոչնչացնելիս, իրար հոշոտելիս, բայց ավելի հաճախ ինքներդ ձեզ իրար վրա ծախելիս դա անեք էպիկական էքսպրեսիայով և պատմական ընդգրկումով։

— Ընթերցեք հարգելի օգտատերեր, ընթերցեք, որ գրահրատարակչական շուկան ծաղկի, որ ծույլերի ու պարապների մի ամբողջ փաղանգ կարողանա տուն պահել ձեր ծախսածով՝ ամիսներով հետույքը աթոռից չկտրելով, իրեն գրող կամ փորձագետ հռչակելով, դա կարող է նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ՝ հաշվեք, թե լրագրողները ինչքան եթերաժամանակ ու քանի մամուլ թուղթ կլցնեն էս էքսպերտներից քաղաքական իրավիճակի մասին մեկնաբանություններ կորզելով։

— Ճիշտ է, գրքերում ճշմարտություններ չեք գտնելու, գտնելու եք միայն հավակնություններ, մեկնաբանություններ, ենթադրություններ, չափազանցություններ, արդարացումներ, խորամանկություններ, բայց միթե մենք ճշմարտությու՞ն ենք փնտրում ազիզներ, միթե մենք չենք փնտրում տեղ՝ սննդային շղթայում, չենք փնտրում մեր երամակի բաշխած լայքն առ մեր խելոքություն, աշխատավարձ, տեղ արևի տակ ու մի քանի քառակուսի մետր բնակմակերես մեր ժողովրդի արդար սրտում։

— Եվ ի վերջո, հարգելի ընթերցասեր քաղաքացիներ, գիրք կարդալու համար մի քանի ժամ անշարժ՝ մեկ դիրքով մնալով դուք զերծ եք մնում անկապ իրեր ու ծառայություններ առնելուց, թթվածնի, էլեկտրաէներգիայի ու ջրի գերածախսից, շատակերությունից և չվերականգնվող ռեսուրսները սպառող մի շարք այլ վատ բաներից, գործնականում, սա մոլորակի փրկությանն ուղղված ջանք է։

— Պաչիկներ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *