Վիտալի Պետրոսյան | Անքնություն

Այս ցուրտ գիշերվա կեսին,
երբ համեմատում եմ ինձ
նախամարդու հետ,
փայտյա վառարանն իմ Աստվածն է:
Քարանձավից սկսած կյանքը
խտացել է կրակի մեջ,
կրակի շուրջ և
դարձել արտացոլանք:
Հիշողություններիս կածանով
հենց հիմա քայլում է իմ բաժին նախամարդը
և քարանձավ է փնտրում:

18.11.2019թ.

 

***
Ուղղակի սովորության համաձայն
աշունը լվացվում է գույներով,
տերևները լցվում են կածանի դեմքին,
և փողոցը լապտերներ է արձանագրում գիշերվա մայթին:
Ուղղակի, սովորության համաձայն,
արթնանում ես աշնան առավոտին,
մրսելով հագնվում ես, խմում բաժին սուրճդ
և սովորության համաձայն խառնվում ճանապարհի դեմքին:
Արձանագրում ես, որ աշունն ուղղակի եղանակ է,
հաշվում ես անձրևի կաթիլները վայրկյանի
ճակատագրի մեջ և պատկերացնում,
որ դեռ ապրում ես:
Ուղղակի ապրում ես սովորության ուժով:

20.11.2019թ.

 

Իմ երկիրը` գերեզմանաթմբից գերեզմանաթումբ փռված

Իմ երկիրը` գերեզմանաթմբից գերեզմանաթումբ փռված,
արյան և աչքերի խառնուրդ է, որ արարել է Աստված,
իմ պետությունը արյան և գրպանի խառնուրդ է,
որ արարել է մարդը:
Իմ երկրում զինվոր է յուրաքանչյուր քաղաքացի,
բայց, չգիտես ինչու, «հերոս» են միայն բազմազավակները,
այնինչ հեռանում են որակյալ քչազավակները
և քաղաքականության հետույքը մնում է բաց:
(Իմ պետությունում ուղեղը չափվում է քաղաքական կաթսայում,
որպես ձեթ կամ որպես կարագ, միշտ կաթսայի տակ):
Իմ երկիրը` կրթություն և գիտություն «զարգացնող»,
չգիտես ինչու հովանավորում է մոլախոտերին,
ովքեր փաթաթվում են քաղաքականության տանձենուն
և որպես քոթոթ մագլցում դեպի ամենահամեղ տանձը:
Իմ երկիրը` լեռներից եկեղեցի ձգված,
և նրա ժողովուրդը` պարզ ու միամիտ մարդիկ,
նույնիսկ սեփական արտադրության քաղաքականության մեջ
խնձորենիներ փնտրող, չգիտեն, որ դուք աճեցնում եք
մեն ու միայն տանձենիներ:
Իմ երկիրը` իմ Հայաստանը (մոտ երկու թե երեք միլիոն հայ),
իմ Արցախը (մոտ հարյուր կամ ինչպես ասում են հարյուր հիսուն հազար հայ),
իմ Արևմտահայաստանը (դժբախտաբար, առանց հայ),
իմ Նախիջևանը, իմ Գանձակը, իմ Ջավախքը, իմ Սփյուռքը
և այս բոլոր մարդկանց ու բոլոր հայերի երևակայությունները
մի՞թե պատկերացնում են այս թշվառ երկու հայրենիքները,
որտեղ հայն ուտում է հային, որպեսզի իրար ուտելու ցավից
չզգանք ազգի տականքի ժանիքների տակ
մեր մնացորդների, մեր մարմնի մասնիկների կափկափյունը
քաղաքական դևի ճաշի սեղանին:
Իմ ներկայիս երկիրը` Հայաստանից Արցախ,
պաշտպանում է իմ միամիտ և խրամատաբնակ ժողովուրդը,
այնինչ դուք մեր երևակայությունների խնձորենու այգում
աճեցնում եք տանձենիներ և վարժեցնում եք
ամենահամեղ տանձին ձգտող քոթոթներ:
Երբ աստվածները մեզ դադարեն խաբելուց,
մեզ խաբելու են քաղաքական տանձենիները
և հին դրախտավայր Հայաստանի փոխարեն լինելու է դժոխք,
և Եվային խնձորներով խաբելու փոխարեն
հենց Աստված մեզ խաբելու է տանձերով:
Իմ թաքուն բոլոր ցանկությունները
երևի մի օր իրականանալու են
մի այլ մոլորակում, կամ դժոխքում:
20.11.2019թ.

 

***
Իմ գրած բոլոր բառերը
տեսնում են իմ հոգին,
հաճախ ես այն չեմ,
ինչ տեսնում եք:
Քայլում եմ, արագությունը
համապատասխանեցնում եմ իմ ընթացքին,
շարժում եմ աշնան մահացած ոտ ու ձեռը,
ձյուն եմ թափ տալիս երկնքից,
տերեւներ եմ ցանում երկնքի տակ
եւ հնարում եմ քամի,
որ ճյուղերի, աշնան եւ ձմռան
աչքերով սայթաքում է մահվան
ճանապարհին եւ դառնում ձմեռ:
Հենց հիմա ես եղանակ եմ,
փչում եմ քամի եւ պարեղանակ,
մարդիկ պարում են,
որ դրսում աշունը դառնա ձմեռ:
Ես թեթեւանում եմ բառից,
այն մաքրագործում եմ իմ մեջ
եւ դարձնում հիշողություն:

23.11.2019թ.

 

***
Երբեմն նախանձում եմ այն մարդկանց,
ովքեր չեն մտածում,
ովքեր չեն կարող,
ովքեր ուղղակի չեն ուզում:
Նախընտրական ելույթներից խաբված
իրականությանս մեջ արդեն ունեմ
նախագահի հինգ թեկնածու,
որոնց մեծամասնությունն արժանի չէ
ոչ միայն այս մարդկանց ձայնին,
այլև նրանց կոխկրտած հողին:
Բացում եմ վարագույրը,
պատուհանից գլորվում են շների հատված գլուխներ,
որոնց պահում էի հիշողությանս պատկերասրահում
ապագա ընտրությունների համար:
Այս բոլոր թեկնածուների շարքում
մի շուն վնգստում է և անընդհատ հիշեցնում,
որ այս երկիրն ամենաշատը ինքն է թալանել:
Հետո շան կլանչոցին խառնվում է
չախկալների ու աղվեսների ոռնոցը,
գայլերի բողոքն առ լուսին,
գծագրվում է մարդկային մի ուրվական,
ով փորձում է կախվել լուսնի մահիկի
աջ ձեռքից:
Մի ամբողջ ժողովուրդ
արդեն երեսունմեկ տարի
խրամատի ցեխում ընտրում է առաջնորդ,
որ գոնե ցեխը մաքրի:
02.12.2019թ.

 

***
Հիմա ես դարձի եմ եկել
և բառեր չեմ շռայլում քո հիշատակի համար,
դու սովորական մի հիշողություն ես, մի սենյակ,
որի վարագույրներն ես բացում ու փակում եմ
ըստ հիշողության:
Հիմա ես քեզ համար ոչինչ չեմ անելու,
ես ուղղակի շարունակելու եմ ինձ,
պառկելու եմ սեփական խնձորենու տակ
և փորձարկելու եմ տերևների ու
քամու յուրահատուկ լեզուն:
Հիմա ես ապրում եմ կածանների վրա,
որի շուրթերից կախվել է մասրենին,
մացառը հիշողության պես բռնում է անցորդի ոտքը,
ձորից սկիզբ առնող աղբյուրը այլևս չի կրում
քո դիմագծերը, թթենու տերևները,
քամու բերանն ընկած,
այս ձմեռվա սկզբին թռչում են ցուրտ մի երկիր,
արագության պես բացվում է ճանապարհի երախը
և կուլ է տալիս հիշողությունը, քամին, տերևը:
Դուռս լուսաբացին բացվում է, վերջալույսին փակվում,
գիշերը դրսում ցուրտ է և ոռնում են շնագայլերը,
շնագայլերի համար նույնպես ցուրտ է,
ես տաքացնում եմ վառարանիս դիմագծերը
շիկացած լռությամբ և բառերի փոխարեն
ասելիքս հաղորդում եմ կրակին:
Դրսում ոռնում է քամին և
ծառերից չորացած տերևներ փախցնում,
ոռնում են շնագայլերը և արթնացնում
քնած հիշողություններիս դերասանին,
քամին փախցնում է վառարանիս ծուխը
և վարակվում հիշողությամբ,
քեզ գտնելու տենդով,
հետո փորձում հետքերդ գտնել թեթև
ձյունածածկի վրա և մահանում
հանդիպակաց ձորում,
որտեղ նա հանդիպում է քո հիշողությանը,
քո երդիկի ծխին և այն լռությանը,
որն այլևս դու չես հիշում:

07.12.2019թ.

 

***

Աստվածային քաղաքականություն
Նա կա … նա ապրում է,
նա քայլում է արցունքե ծովերի վրայով
և չի խորտակվում,
նա քայլում է խրամատից դուրս
և չի գնդակահարվում,
նա տեսնում է արյան և արցունքի
ծովը և չի մահանում,
նրա աչքերի առջև մորթում են
մարդկային երազանքներ, երևակայություններ,
և այդ ամեն ինչով հարստանում են,
հետո ներկայանում որպես սրբեր,
որ փրկեցին ազգը կործանումից,
որ վերակառուցեցին Գորբաչովի ճաղատը
և իրենց հետքը թողեցին այնտեղ,
այդ «սուրբ» գլխի վրա,
հետո մտածեցին հարստանալու
բազմակրոն ձևեր, որ ամենևին էլ
թալան չէ, քանի որ հարստացել են
խելոք թալանելու ձևով,
որովհետև կողմնորոշվում են ճիշտ
ու ժամանակին` քաջարի զինվոր Շվեյկի պես
կամ որպես Դոն-Կիխոտ,
սակայն մի բացառությամբ,
որ ոչ ապուշ, ոչ էլ խելագար են,
ուղղակի ապրում են երկրագնդի վրա,
որտեղ նրանց երկրպագում են խելագարներն
ու ապուշները:
Հետո այդ ցեցը ամեն ինչ
խառնեց իրար,
և երբ իմ երկրում պատերազմ էր,
նա ուտում էր պարարտ ուղեղներ,
սնվում էր թարմ արյամբ
և լափում մարդկային մատղաշ միս:
Ցեցը հետո խելոքացավ,
ձվադրեց նոր ցեցեր,
որ ավելի խելոք էին ու հմուտ
և սկսեցին իրականացնել ինֆլյացիա,
իմ փոքրիկ Արցախի հողն ու ջուրը
դարձնելով հաշվեհամար,
և իմ երկրի մարդկանց թափած արյունը`
գյուղատնտեսական հումուս:
Հետո գերեցին ազատագրված Արաքսը
և հիմնեցին «ջրամբար»,
որ սնվի Արցախի քաղաքական արտը
ազգային ջրով, միայն թե արտերն այդ
այդպես էլ չպատկանեցին շարքային արցախցուն:
Ժամանակակից ցեցերը սնվում են քաղաքականությամբ և արյամբ,
և դրամով` այդ հասույթից ստացված,
և երբ ուտելու բան չկա,
ձգտում են լափելու նոր տիրույթի՝
որպես առնետ լքելով խորտակվող նավը,
տեղավորվում են ապուշների ու խելագարների ուղեղում
և ձգտում նոր առագաստների:
Հենց հիմա խոստումներից ու հիասթափություններից
ռոբոտացած մի ժողովուրդ չգիտի` ինչ անի:
Բայց նա կա,
նա ապրում է տիեզերքի մի բարձրյալ կետում,
որտեղ ինքն իր համար աստված է,
նա Արցախ գալիս է միայն նրա համար,
որ քայլի Արաքսն ի վեր, Արաքսն ի վար,
տնտղի Արաքսի հովտի ցորենի և գարու
հասկերը և նախանձի արցախցուն,
որի տերերը հասել են բերքատվության
աննախադեպ աճի, քանզի Արցախում
զարգացնում են գյուղատնտեսությունը,
բայց չգիտես ինչու, հարստանում են միայն տերերը:
Նա հավատում է ինքն իրեն,
և իրավիճակը շտկելու համար
ուղղակի բարձրանում է երկինք,
այն բարձրյալ կետը, որտեղ իրեն
չի հասնի ինֆլյացիան, փողերի
լվացման համար իրեն չեն կաշառի մատաղացու մսով
և խրամատում թափված թարմ արյամբ,
և հոգիներով, այդքան երիտասարդ և եռանդով լի,
քանզի իրեն նույնպես ցանկանում են գնել
քաղաքական նոր սցենարով և փողի
ցմփոր պարկով:
10.12.2019թ.

 

Անքնություն

Փափուկ մի մենություն սեղմվել է
սենյակի պատերի մեջ,
վառարանի կրակը մերթընդմերթ
կկոցում է աչքերը մթության մեջ`
խախտելով խավարի ու լույսի սահմանները:
Ես արձանագրում եմ վայրկյանների ձայնը,
իմ կյանքից հեռացնելով դրանք,
ապրում եմ կրակի աչքերի կկոցումը
սենյակի լռության դեմքին,
արձանագրում եմ գիշերային փողոցի
լապտերները, ուշացած անցորդներին,
մեքենաների սլացքը և մայթերի
կոխկրտված դեմքը, որտեղ դու թողել ես
քո հետքերը և անցած վայրկյանների պես
հեռացել դեպի մենության քո կանգառը:
Փափուկ խաղալիքի պես
լուսինը կախվել է ծխնելույզի ծխից,
որ մենությունը դառնա բանաստեղծություն:
11.12.2019թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *