*
ինչ-որ մեկը ծիծաղում է
միշտ
հիմա ես ապրում եմ
անծանոթին չտրվելու
վերարկուն վրայից գցելու
հին գործերից տպագրությամբ ազատվելու
միևնույն թեթևությամբ
*
կապ չունի ձմեռը
երբ մեկ գիշերվա մասին
կարելի է գրել ավելի երկար,
քան միակ սիրո
*
կապ չունի գիշերը
երբ տասնյակ հարցեր գալիս են
հարյուրավոր պատասխաններով
ու շարունակվում որպես մեկ հարց
*
կապ չունի պատասխանը
ժամանակի տված ճեղքվածքում
չի ստացվի տրվել սեփական արդարացումներին
*
հանգստության մեջ,
որում երկու աչքեր նույնն են պատմում,
սևն արդեն բեկել է ամբողջ լույսը՝
կլանելով միայն մի քանի հատիկ
շատ նման այն փաթիլներին,
որ ձյուն չեն դառնում երկրի վրա՝
կանխազգալով գարնան գոյությունն ու ցեխոտ անցուդարձը փողոցների
*
ինչ-որ մեկը ծիծաղում է
միշտ
սպիտակ պատերի մեջ
հորդորում են իրար
չխոսել բժիշկի հետ,
ով չի հավատում
«…Նապոլեոնը դաշինք է կնքում սատանայի հետ,
իրենք ամեն գիշեր փոխվում են հոգիներով,
կարելի է դառնալ գերմարդ կոկայինը ճիշտ չափաբաժնով օգտագործելով
ճիշտ օրերին…»
*
քրքիջներ սպիտակ խալաթների տակ
ու լրջություն,
որն անհրաժեշտ է հավատալու համար
նրան, ինչ չես տեսնի պատերից դուրս
*
ինչ-որ մեկը ծիծաղում է
միշտ
մարդկանց շուրթերով,
անծանոթ աչքերով,
անառողջ և անիրական
ինչ-որ մեկը
բոլորի մեջ
ծիծաղում է միշտ
________
* Շիզոֆազիա- մտքերի միջև տրամաբանական կապի բացակայություն՝ քերականորեն ճշգրիտ խոսքի պահպանմամբ
Գեղեցիկ տողեր են