Նարեկ Կոսմոս | Ես հաշվում եմ քեզ

ես չեղա քո հանդերձարանը,
դու չփոխվեցիր իմ մեջ․․․
ու բնավորությունս մրսեց
չլինելուցդ,
չերևալուցդ․․․
ու ամեն գիշեր հորինեցի տունս,
հորինեցի քեզ իմ անկողնում,
հորինեցի հորինվելս քո մտքում․․․
բայց իրականությունն
ու բանաստեղծությունը
հակառակ դասարանից են․․․
բանաստեղծությունը ծույլիկ,
իրականությունն էլ
ուսուցչի տղա՝
արտոնյալ ու կիրթ․․․
ու գիտե՞ս,
մի չերևացող
մի հասարակ օր․․
օղին քաշեցի գլուխս,
ու գլուխս քաշ տալով
գտա․․
հա’ գտա տունս․․․
շպարովդ ծածկվեցի
ու քնեցի դեմքիդ վրա․․․
ու
ինձ մի օր քնից հանեցիր,
բազմապատկեցիր
բաժանեցիր․․․
ու խնդրեցիր
գրել քո մասին.․․
ու խնդրեցիր
գնալ գրելուն պես․․
մեծ գործ է համաձայն եմ,
բայց մեր մեջ ասած
դու գրվում ես
առանց դժվարության․․․
հավաքեցի անկողինս,
հավաքեցի համարդ
քեզ զանգեցի ու ասացի,
որ ես համաձայն եմ,
որ ես գնալու տեղ չունեմ,
որ դա քեզ համար մեկ է․․․
որ պահարաններում
սիրեկաններդ սովից
ցեցերն են ուտում,
ու քեզ համար իրոք
ամեն բան մեկ է․․․
որ մի գիշերը հաստատ
բավական է ինձնից հոգնելու համար․․․
հավաքեցի անկողինս,
հավաքեցի համարդ,
բայց ինձ չկարողացա հավաքել․․․
ես կտոր-կտոր եմ եղել
ու փշրվել դիմագծերիդ մեջ․․․
քեզնից հետո
ես դեղերս չէի խմում
գցում աղբանոցը,
հավատա աղբանոցը բուժվում էր
ես չէ․․․
քեզ ասելու էի մի բան
գրողը տանի
չթողեցիր․․
ես ուզում էի
ուղղակի սիրեինք
ես կսովորեի,
դու կկրկնեիր․․․
բայց արի սա
մնա մեր մեջ․․
ու դու էլ
ու դու էլ մնա մեր մեջ․․․

 

***

(…տե’ս ինչքան պարզ է
քեզ ունեցել են
որ ունենամ քեզ…)
ամենավերջին հարկին
հասնելուն պես
ես հոգնեցի
բայց հո գնեցի չէ՞ քեզ..
անվարձ ու անգին բաներ չկան
ամեն մեկը
իր վարձն է վերցնում քեզնից
տան կենցաղի կարոտի…
դեռ էս բանաստեղծության
կեսին չհասած
կուզեմ քեզ ասել, որ
դու ճակատիս կնճիռները
քեզ աստիճան դարձրիր,
ու
մտար գլուխս․․․
գլխիցս դուրս կգաս,
երբ ավարտվի էս համաճարակը․․․
(դու գալու հետ չունես
դու գալու հետք չունես…)
արի’
էս անգամ արի էնպես,
ոնց գալիս են անձրևները
հեռու աշխարհներում
ոնց գրազ են գալիս
ներքևի բակում
համաճարակից չվախեցողները․․
(…ես, որ լուսամուտ չունեմ
նշանակում է,
որ ես քեզ հետ չեմ․․․)
ու չնայած
ու չնայած,
կարոտիս մատյանում,
քո անվան դիմաց
մենակ բացականեր են․․
երևի բացակայությունից ծնված մի բան ես,
ու ոչ էլ հեռու երկրներում կաս,
ինքնաթիռներում էլ չկաս,
ստյուարդեսաների կոկիկ հագնվածքի մեջ չկաս…
(ու չկաս,
հա’ չկաս,
որովհետև կան բոլորը․․․)
երանի աշխարհում
բոլոր տարածությունները օղի դառնային,
ու ես խմելով գայի քեզ մոտ,
որովհետև երբ հարբած չեմ
չգիտեմ ինչ է նշանակում ԴՈՒ,
իսկ երբ հարբում եմ
բառարաններում կորում է
ես-ի բացատրությունը․․․
որովհետև
ես ավարտում եմ
հա’ ավարտում եմ գրելը,
երևի մեկ բանաստեղծությունը
հերիք է բառերին
տանջելու
ու քեզ չհասնելու համար…

 

***
դու մոտավորապես ես,
մոտավորապես իմը,
գիտե՞ս,
ինձնից կտրված անձրևի հոտ է գալիս,
ու թե մարդիկ
փողոցն անցնում են զեբրաներով,
ժամանակն անցնում է գետնացումով,
ահավոր աննկատ․․․
հա՜,
էս տողերով էի ուզում սկսել,
բայց ոչինչ հիմա իմացիր,
դու գետնացումի աստիճաններն ես,
դեռ չեմ որոշել դեպի վեր, թե վար,
ու չեմ որոշել մետրո, թե ինքնաթիռ․․
իրոք չեմ որոշել,
որովհետև էս անտեր տիեզերքը
քառակուսի է,
մոլորակը կլոր,
որովհետև ես աշխարհում ունեմ
ծաղրելու ամենահարմար եղանակը,
-գրել բանաստեղծություններ-
իմ երջանկությունը նման է
գրական հայերենի,
հազարից մեկ է պետք գալիս․․․
ու իմ կարոտը
նման է շպարովդ ծածկված
լացկան երեխայի…
նա չի մրսում,
որովհետև շպարդ տաք
վերմակ է
ցանկացածի համար…
որովհետև նա չի մրսում
ցանկացածի համար…
ու չնայած,
ես քեզ պարել եմ երեկ
(կոտրված անձրևի տակ)
լռել եմ քեզ,
չփոխելով համարյա ոչինչ․․․
ու քեզ լացել եմ,
ու մկրատով
կտրել անձրևը,
անձրևն էդ,
որ քո մասին էր,
որ քո մասին էր…
քեզ տխրել եմ,
քեզ համարյա ամեն առիթիս մեջ
խցկել եմ․․
ու թե մեկն ինձ որոշի խնամել,
հասցԵՍ գիտես,
լռության միջանցքով
մենակություն տանող սենյակում եմ․․․

 

***
ես հաշվում եմ քեզ
ու թվերը պրծնում են…
անվերջության մասին արի չխոսենք
ոչ ես եմ դա տեսել
ոչ դու…
գլխումս բառերի հերթ է
ու ամեն բառ
պատրաստ է չասվել,
ու ամեն բառ
պատրաստ է
չգրվել…
մենակ թե ասա,
որ դու ինձնից
բանաստեղծություն չես ուզում…
բերանս ջուր առած
կկանգնեմ քո դիմաց
ու ջրի մեջ այդ
կլողան չասված նավեր…
կխորտակվեն,
հույսով,
որ մի օր կլողան ականջներումդ…
գրպանիցս
կհանեմ զգացմունքներս
կտամ կխաղաս,
մենակ թե ասա
որ դու ինձնից
բանաստեղծություն չես ուզում…
մենակ թե
լռիր
որքան հնարավոր է բարձր…
ներարկիր ինձ քեզ,
թող թմրեմ
ու
քեզնից կախվածության մեջ
գտնեմ անկախությունս…
քեզ մի բան պատմեմ,
թե ոնց
սենյակումս կորած
աղվեսն ինձ ստիպեց գրել,
սև աչքերով գրել,
գրել դեղին բառեր…
պատմեմ թե ոնց
իմաստը դողաց
մրսելով էս բառերից…
ու ոնց
իմաստը հիվանդացավ,
դարձավ ավելի անտանելի,
քան իր բացակայությունն էր…
էսօր եկել եմ գրեմ
ու գնամ,
գրեմ,թե ոնց
հորինվեց աղվեսն
իմ անփույթ սենյակում…
թե ոնց իրար գրկեցինք,
ու թե սենյակիցս
ինչ անտանելի լռության հոտ էր փչում…
(…վերջում կասեմ,
այն ինչ սկզբում դժվար էր ասել…)
փաստը մնում է վարկած,
որ
հեռախոսալարերին
մեր խոսակցությունները
հմուտ լարախաղացի պես
վազեցին…
ու ոնց անզգուշությամբ
ծնվեց աղվեսն իմ սենյակում…
փաստը մնում է ենթադրություն,
որ
վերջում քեզ ասելու եմ սա,
որ սկզբում
դժվար է ասել…

 

***
ինձ թող թարգմանի Սամվել Մկրտչյանը,
ես փոքրիկ բանաստեղծություն եմ
ուլիսեսից հետո․․․
հա՛ հա՛,
մի ճանճաչափ
զգացմունք եմ,
որ կպել եմ գրականության հոգուն․․․
ու հիմա
էս համաճարակի օրերին,
ես կարդում եմ
կյանքը ժամանակավոր մեկուսարանում․․․
ու հասկանում,
որ իրոք գրելը միակ բանը չէ,
որ կարող եմ․․․
ու էս օրերին,
երբ բոլորը
մրցում են,թե ով է ավելի մենակ,
ես սենյակիս մի պատը փորում
ու անունը լուսամուտ եմ դնում․․․
երբեմն թաղում եմ դուրսն այնտեղ,
մարդկանց,
մեքենաները․․․
ու լռությունը համբուրվում է աղմուկի հետ,
ինձ հիշեցնելով
ջարդվող ափսեները մեր տան․․․
բայց ինչևէ,
արի գանք հետ,
ու ես կրկնեմ
էլի ասեմ,
որ կուզեմ ինձ
Նա թարգմանի,
ու ես դառնամ
մի պստիկ բանաստեղծություն
ժխորից կարված թղթին․․․․
ու ինձ բոլորն
արտագրեն իրենց մենության վրա․․
իսկ դու,
իսկ դու դարձիր գիշեր,
ու արթնությունս
շպրտիր քնի մեջ,
ու կոպերիս նկարիր երազ,
ուր
Էլիոթը, Սարոյանն ու Ջոյսը կհարցնեն
Ե՞րբ ես Սամվելին տեսել
ու ես բիթլզի բզզոցների արանքում
թողած կիթառս կհանեմ
ու կերգեմ
Yesterday…

Հ․Գ
ես գրականության ճանճն եմ,
ու ինձ ծափերը երբեք չեն սպանի․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *