Իվան Բունին | Րուսյա


Իրիկվա ժամը տասնմեկին Մոսկվա – Սեվաստոպոլ ճեպընթաց գնացքը կանգ առավ Պոդոլսկ չհասած փոքրիկ կայարանում, որտեղ կանգառ սահմանված չէր, և երկրորդ գծի վրա ինչ-որ բանի էր սպասում։ Գնացքում առաջին կարգի վագոնի իջեցված պատուհանին մոտեցան այր ու կին։ Կարմիր լապտերը ձեռքին պահած, ռելսերը լոք տալով՝ անցնում էր վագոնավարը․ կինը հարցրեց․
– Լսե՛ք։ Ինչո՞ւ ենք կանգնել։
Վագոնավարը պատասխանեց, որ ուշանում է հանդիպակաց ճեպընթացը։
Կայարանում մութ էր ու տխուր։ Վաղուց իջել էր մթնշաղը, բայց արևմուտքում՝ կայարանից դենը՝ սևին տվող անտառուտ դաշտերից այն կողմ, դեռևս մեռելագույն ցոլանում էր մոսկովյան ամառվա տևական վերջալույսը։ Պատուհանից նամ ճահճահոտ էր ներս լցվում։ Լռության մեջ ինչ-որ տեղից լսվում էր ջրհավի համաչափ ու ասես նույնպես խոնավ ճռինչը։
Տղամարդը կռթնեց պատուհանի վրա, կինը՝ նրա ուսին։
– Մի անգամ՝ արձակուրդին, ես ապրել եմ այս կողմերում, – ասաց տղամարդը։ – Դաս եմ տվել մի ամառանոցային դաստակերտում՝ այստեղից մի հինգ վերստի վրա։ Տաղտկալի տեղանք է․ գաճաճ անտառ, կաչաղակներ, մոծակներ ու ճպուռներ։ Տեսարժան՝ ոչ մի բան։ Դաստակերտում հորիզոնով զմայլվել կարելի էր միայն մեզոնինի պատշգամբից։ Տունը, իհարկե, ռուսական ամառանոցի ոճով էր և շատ բարձիթողի (տանտերերը աղքատացած մարդիկ էին), տան հետևում այգու պես մի բան կար, այգուց այն կողմ ոչ այն է լիճ՝ ոչ այն է ճահիճ կար՝ ճլախոտով ու ջրաշուշաններով կալնած, և խրուտ ափի մոտ, ինչպես որ պատշաճ է, մակույկ։
– Եվ, իհարկե, ամառանոցում ձանձրացող օրիորդ, որին դու մակույկով ման էիր տալիս այդ ճահճում։
– Այո՛, ամենը՝ հարկ եղածի պես։ Միայն թե օրիորդն ամենևին էլ ձանձրացող չէր։ Նավակով նրան ման էի տալիս առավելաբար գիշերով, և անգամ պոետիկ էր ստացվում։ Արևմուտքում ամբողջ գիշեր կանաչին տվող երկինքը թափանցիկ էր, և այնտեղ՝ հորիզոնի վրա, ա՛յ, ինչպես որ հիմա է, անվերջ հազիվ նշմարելի լույս էր մարմրում․․․ Եղածը մի թի էր միայն, և դա էլ՝ բահանման, և ես դրանով վայրենու պես թիավարում էի մե՛րթ աջ, մե՛րթ ձախ։ Դիմացի ափը գաճաճ անտառի պատճառով մութ էր, բայց անտառից դենը ամբողջ գիշերը մարմրում էր այդ տարօրինակ թույլ լույսը։ Եվ ամենուր աներևակայելի լռություն էր․ միայն մոծակներն էին նղնղում և ճպուռները՝ թռչում։ Մտքովս երբեք չէր անցել, որ դրանք թռչում են գիշերը․ պարզվեց՝ թռչում են չգիտես ինչու։ Ահավոր էր։
Վերջապես սկսեց աղմկել դիմացից եկող գնացքը․ դղրդյունով ու քամի անելով թռած եկավ՝ մի ոսկյա շերտում միաձուլված պատուհաններով, և սլացքով անցավ։ Վագոնը իսկույն էլ տեղից շարժվեց։ Վագոնավարը մտավ կուպե, լուսավորեց այն և սկսեց պատրաստել անկողինը։
– Դե՞, և ի՞նչ եղավ ձեր ու այդ օրիորդի միջև։ Իսկական սիրավե՞պ։ Դու ինչ-որ երբեք չես պատմել նրա մասին։ Ինչպիսի՞ն էր նա։
– Նիհար էր, բոյով։ Հագնում էր չթե դեղին սարաֆան և բոբիկ ոտքերին՝ բազմագույն բրդից գործած գեղջկական ինչ-որ տրեխներ։
– Ասել կուզի՝ դա էլ ռուսական ոճով։
– Կարծում եմ՝ դա առավելաբար աղքատության ոճ էր։ Հագնելու այլ բան չուներ, դե նա էլ սարաֆան էր հագնում։ Նաև նա նկարչուհի էր, սովորում էր Ստրոգանովի գեղանկարչության ուսումնարանում։ Ասենք՝ ինքն էլ տեղով գեղանկար էր, անգամ սրբապատկեր։ Մեջքին երկար սև ծամ ուներ, դեմքը թուխ էր՝ մանր մուգ խալերով, նեղ ուղիղ քիթ, սև աչքեր, սև հոնքեր․․․ Մազերը չոր էին ու կոշտ, թեթևակի գանգրացող։ Դեղին սարաֆանի և վերնաշապիկի սպիտակ մարմաշե թևքերի առկայությամբ այս ամենը շատ սիրուն աչքի էր ընկնում։ Կոճերն ու տրեխների մեջ նախաթաթերը վտիտ էին՝ նուրբ թուխ մաշկի տակ ցից ոսկերքով։
– Գիտեմ այդ տիպը։ Իմ կուրսում այդպիսի մի ընկերուհի ունեի։ Պիտի որ հիստերիկի մեկը եղած լինի։
– Հնարավոր է։ Մանավանդ որ դեմքով նման էր մորը, իսկ մայրը ծագումով ինչ-որ իշխանուհի էր՝ արևելյան խառնվածքով, տառապում էր սև մելանխոլիայի պես մի բանով։ Սենյակից դուրս էր գալիս միայն ճաշելու։ Դուրս էր գալիս, նստում ու լռում, մերթընդմերթ հազում էր՝ չբարձրացնելով աչքերը, և անընդհատ մե՛կ դանակի, մե՛կ պատառաքաղի տեղերն էր փոխում։ Իսկ թե հանկարծ խոսեր, ապա այնքան անսպասելիորեն ու բարձր, որ մարդ ցնցվում էր։
– Իսկ հա՞յրը։
– Նույնպես լռակյաց էր ու չոր, բարձրահասակ․ պաշտոնաթող զինվորական էր։ Պարզ ու դուրեկան էր միայն նրանց տղան, որին ես դաս էի տալիս։
Վագոնավարը կուպեից դուրս եկավ, ասաց, որ անկողինները պատրաստ են, և բարի գիշեր մաղթեց։
– Իսկ անունն ի՞նչ էր։
– Րուսյա։
– Դա ի՞նչ անուն է։
– Շատ պարզ՝ Մարուսյա։
– Եվ ի՞նչ, դու թունդ սիրահարվա՞ծ էիր նրան։
– Իհա՛րկե, թվում էր, որ թունդ։
– Իսկ նա՞։
Նա մի քիչ լուռ մնաց ու չոր պատասխանեց․
– Հավանաբար նրան էլ էր այդպես թվում։ Բայց գնանք քնելու։ Օրվա ընթացքում ես լավ հոգնել եմ։
– Շատ լավն ես։ Իզուր տեղը հետաքրքրությունս շարժեցիր։ Դե գոնե երկու խոսքով պատմիր, թե ինչով ու ինչպես ավարտվեց ձեր սիրավեպը։
– Ոչ մի բանով։ Մեկնեցի ու դրանով վերջացավ։
– Հապա ինչո՞ւ նրա հետ չամուսնացար։
– Ակնհայտ է՝ կանխազգում էի, որ քեզ պիտի հանդիպեմ։
– Չէ, լուրջ։
– Դե, որովհետև ես ինքնասպան եղա հրազենով, իսկ նա իրեն փողոտեց դաշույնով․․․
Եվ լվացվելով ու ատամները մաքրելով՝ նրանք մեկուսացան կուպեի կարգաբերված նեղվածքում, հանվեցին ու ճամփորդի վայելքով պառկեցին սավանների թարմ ողորկ կտորի տակ և նույնպիսի մի քիչ բարձր գլխատեղից անընդհատ սահող բարձերին։
Մթան միջից լուռ նայում էր դռան վերևի բաց մանուշակագույն դիտանցքը։ Կինը շուտով քուն մտավ, տղամարդը չէր քնել, պառկած ծխում էր ու մտապատկերում էր այն ամառը․․․
Րուսիայի նաև մարմնի վրա շատ մանր խալեր կային մուգ․ այդ առանձնահատկությունը զմայլելի էր։ Որովհետև քայլում էր առանց բարձր կրունկների փափուկ ոտնամաններով՝ նրա ամբողջ մարմինը դեղին սարաֆանի մեջ ծփում էր։ Սարաֆանը լայն էր, թեթև, և դրա մեջ նրա ձիգ աղջկական մարմինն ազատ-անկաշկանդ էր։ Մի օր՝ անձրևին, նա ոտքերը թրջած այգուց ներս վազեց հյուրասենյակ․ ինքը նետվեց նրա ոտնամանները հանելու և համբուրեց նրա թաց նեղ ոտնաթաթերը․ իր ողջ կյանքում նման երջանկություն չէր ապրել։ Պատշգամբի բաց դռներից անդին թարմ, սուր հոտ արձակող անձրևը աղմկում էր հետզհետե ավելի արագ ու ավելի խիտ, մթնած տանը ճաշից հետո բոլորը քնած էին․ իրենց ահավոր վախեցրեց նույնպես այգուց՝ հատակը ճանկերով կտկտացնելով հանկարծակի ներս վազած ինչ-որ աքլոր, որը սև էր՝ մետաղի փայլով, և մեծ հրավառ կատար ուներ, ընդ որում՝ հենց այն թեժ պահին, երբ իրենք մոռացել էին ամենայն զգուշավորություն։ Տեսնելով, թե ինչպես երկուսով բազմոցից ծուլ եղան, աքլորը շտապով ու կռացած, ասես նրբանկատորեն, փայլուն պոչն իջեցրած հետ վազեց անձրևի տակ․․․
Սկզբնական շրջանում Րուսյան անընդհատ իրեն ուշադիր զննում էր․ երբ նրա հետը խոսում էր, նա շառագունում էր ու պատասխանում ծիծաղելի մրթմրթոցով, իսկ սեղանի շուրջը իրեն հաճախակի հրահրում էր ՝ բարձրաձայն դիմելով հորը․
– Մի՛ հյուրասիրեք նրան, հայրի՛կ, իզուր է։ Նա կարկանդակ չի սիրում։ Ասենք՝ նաև մածնաբրդոշ չի սիրում, արիշտա էլ, թթվակաթն արհամարհում է, իսկ կաթնաշոռը՝ ատում։
Առավոտները ինքը զբաղված էր լինում տղայով, իսկ Րուսյան՝ տան գործերով․ ամբողջ տունը նրա վրա էր։ Ճաշում էին ժամը մեկին, և ճաշից հետո նա քաշվում էր մեզանին կամ, եթե անձրև չէր գալիս, այգի, որտեղ կեչու տակ դրված էր նրա նկարակալը, և, մոծակներին քշելով, նկարում էր բնօրինակից, իսկ ինքը նստում էր պատշգամբի եղեգնահյուս բազկաթոռին՝ գիրք կարդալու։ Հետո նա սկսեց դուրս գալ պատշգամբ․ կանգնում էր՝ ձեռքերը թիկունքին դարսած, և անորոշ քմծիծաղով նայում էր իրեն․
– Կարելի՞ է իմանալ, թե ինչ խորիմաստ բաներ եք հաճում ուսումնասիրել։
– Ֆրանսիական հեղափոխության պատմությունը։
– Ա՛հ, աստվա՛ծ իմ, ես չգիտեի էլ, որ մեր տանը հեղափոխական է հայտնվել։
– Իսկ այդ ինչո՞ւ եք ձեր նկարչությունը մի կողմ դրել։
– Ուր որ է՝ ընդմիշտ կթողնեմ։ Համոզվեցի, որ ապաշնորհ եմ։
– Իսկ դուք ձեր նկարածներից մի բա՛ն ցույց տվեք ինձ։
– Կարծում եք՝ գեղանկարչությունից որևէ բան եք հասկանո՞ւմ։
– Դուք ահավոր ինքնասեր եք։
– Այդ մեղքից զուրկ չեմ ․․․
Ի վերջո նա առաջարկեց մի անգամ նավակով զբոսնել լճում, հանկարծ վճռականորեն ասաց․
– Կարծես թե մեր արևադարձային վայրերում անձրևային շրջանն ավարտվեց։ Եկե՛ք զվարճանանք։ Մեր մակույկը, ճիշտ է, բավական փտած է ու հատակն էլ՝ ծակ, բայց ես ու Պետյան բոլոր ծակերը ճլախոտով խցել ենք։
Շոգ օր էր, տոթ էր անում, յուղածաղկի դեղինով նախշված ափամերձ խոտերը հեղձուկ տաքացել էին խոնավ ջերմությամբ, և դրանց վրա անհամար խամուր-կանաչ թիթեռներ ցածր պտույտներ էին անում։
Ինքը յուրացրեց նրա մշտական ծաղրական տոնը և մոտենալով նավակին՝ ասաց․
– Վերջապես բարեհաճ եղաք իմ հանդեպ։
– Վերջապես վճռեցիք ինձ ընդառաջ գալ, – ժիր պատասխանեց նա և ցատկեց նավաքթին՝ վախեցնելով գորտերին, որոնք բոլոր կողմերից չլնփացին ջուրը, բայց հանկարծ նա վայրագ ծկլթաց և փեշը վեր քաշեց մինչև ծնկները՝ դոփելով․
– Լորտո՛ւ, լորտո՛ւ։
Ինքը մի պահ տեսավ նրա մերկ ոտքերի փայլող թխությունը, նավաքթից հափռեց թին, դրանով խփեց մակույկի հատակին գալարվող լորտուին և թին տակը տալով՝ շպրտեց հեռու ջրի մեջ։
Նա սփրթնել էր մի տեսակ հնդիկի գունատությամբ, դեմքին խալերն ավելի մգացան, մազերն ու աչքերը կարծես է՛լ սևացան։ Նա թեթևացած խոր շունչ քաշեց․
– Ահ՛, ինչ նողկալի են։ Մեզ մոտ դրանք ամենուր են՝ և՛ այգում, և՛ տան տակ․․․ Եվ Պետյան, պատկերացրեք, դրանց ձեռքն է առնում։
Առաջին անգամ նա իր հետ խոսեց անբռնազբոս, և առաջին անգամ նայեցին ուղիղ մեկմեկու աչքերի մեջ։
– Բայց կեցցե՛ք դուք։ Ո՛նց դրան ճարպկորեն թրխկացրիք։
Նա լրիվ ուշքի եկավ, ժպտաց և նավաքթից վազելով խել՝ ուրախ նստեց։ Վախեցած էլ նա շշմեցուցիչ գեղեցիկ էր, և ինքը քնքշորեն մտածեց․ այո, նա դեռ բոլորովին աղջնակ է։ Բայց, անտարբեր տեսք ընդունելով, մտախռով լոնք արեց նավակի մեջ և թին ճահճի դոնդողանման հատակն դեմ անելով՝ նավաքիթը դարձրեց առաջ, մակույկը ստորջրյա խոտերի խճճված թավուտի միջով տարավ դեպի ճլախոտի կանաչուտն ու ծաղկած ջրաշուշանները, որոնք հաստ կլոր սաղարթի շերտով ամբողջովին ծածկել էին առջևը, դուրս բերեց լճի վրա և նստեց մեջտեղի նստարանին՝ թիավարելով աջ ու ձախ։
– Լավ է, չէ՞, – գոչեց նա։
– Շատ, – պատասխանեց ինքը՝ կարտուզը հանելով, և շրջվեց դեպի նա․ – Բարի՛ եղեք դրե՛ք ձեր կողքին, թե չէ կգցեմ այս տաշտի մեջ, որը, կներեք, այնուամենայնիվ ջուր է թողնում և լիքն է բլոճներով։
Նա կարտուզը դրեց ծնկներին։
– Հեչ մի՛ անհանգստացեք, գցե՛ք ուր պատահի։
Հետո կարտուզը սեղմեց կրծքին․
– Չէ՛, ես այն կպահպանեմ։
Իր սիրտը նորից քնքշորեն թպրտաց, բայց շրջվեց և սկսեց թին թափով մխրճել ճլախոտերի ու ջրաշուշանների արանքներում փայլկլտող ջուրը։
Մոծակները կպչում էին դեմքին ու ձեռքերին, շուրջբոլորը ամեն ինչ կուրացուցիչ տաք արծաթուն էր՝ գաղջ օդը, արևի ծփուն լույսը, երկնքում և ճլախոտերի ու ջրաշուշանների կղզյակների միջնաջրերում մեղմորեն ցոլացող ամպերի խուճուճ սպիտակությունը․ ամենուր այնքան ծանծաղ էր, որ երևում էր ստորջրյա խոտերով հատակը, բայց դա մի տեսակ չէր խանգարում այն անհատակ խորությանը, ուր ձգվում էր ամպերի ու երկնքի արտացոլանքը։ Հանկարծ Րուսյան նորից ծկլթաց և նավակն ընկավ կողքի․ նավախելից նա ձեռքը մտցրեց ջուրը և բռնելով ջրաշուշանի ցողունը՝ այնպես քաշեց, որ նավակի հետ թեք ընկավ․ ինքը հազիվ հասցրեց ցատկել ու բռնել նրան թևատակերից։ Նա սկսեց քրքջալ և մեջքով ընկնելով խելին՝ թաց ձեռքից ջուրը ցայեց հենց իր աչքերի մեջ։ Այդժամ ինքը նորից բռնեց նրան և չհասկանալով թե ինչ է անում՝ համբուրեց քրքջացող շուրթերը։ Նա արագ գրկեց իր վիզը և անվարժ համբուրեց այտը․․․
Այդ օրվանից իրենք սկսեցին նավել գիշերները։ Հաջորդ օրը նա ճաշից հետո իրեն կանչեց այգի և հարցրեց․
– Սիրո՞ւմ ես ինձ։
Հիշելով նավակում երեկվա համբույրը՝ ինքը ջերմորեն պատասխանեց․
– Մեր հանդիպման հենց առաջին օրվանից։
– Ես էլ, – ասաց նա։ – Չէ՛, սկզբում ատում էի․ ինձ թվում էր, որ ինձ առհասարակ չես նկատում։ Բայց, փառք աստծուն, այդ ամենը արդեն անցյալ է։ Այսօր երեկոյան՝ հենց որ բոլորը պառկեն քնելու, նորից գնա՛ այնտեղ ու սպասի՛ր ինձ։ Միայն թե տնից դուրս կգաս որքան հնարավոր է զգուշորեն․ մայրս ամեն քայլիս հետևում է, խելքից դուրս խանդոտ է։
Գիշերը նա լճափ եկավ շալը ձեռքին։ Ինքը նրան դիմավորեց ուրախությունից շփոթված, միայն հարցրեց․
– Իսկ շալը ինչի՞ համար է։
– Ինչ միամիտ ես, ախր մրսելու ենք։ Դե, շուտ նստի՛ր ու թիավարի՛ր այն ափը․․․
Ամբողջ ճանապարհին լուռ էին։ Երբ մոտեցան անտառուտ ափին, նա ասաց․
– Դե, ահա՛։ Հիմա արի՛ մոտս։ Ո՞ւր է շալը։ Ահ, տակս է։ Ծածկի՛ր ինձ, ես մրսեցի։ Այ այսպես․․․ Չէ, սպասի՛ր, երեկ մենք մի տեսակ անշնորհք համբուրվեցինք, այժմ սկզբում ինքս կհամբուրեմ քեզ՝ մեղմ-մեղմ։ Իսկ դու գրկիր ինձ․․․ ամեն տեղս․․․
Սարաֆանի տակից նա միայն վերնաշապիկ էր հագել։ Քնքշորեն, հազիվ հպվելով՝ նա համբուրում էր իր շրթունքների եզրերը։ Իր ուղեղը մթագնեց, նրան նետեց խելին։ Նա գրգռված գրկեց իրեն․․․
Ուժասպառ մի քիչ փռված մնալով՝ Րուսյան թեթևակի բարձրացավ և երանավետ խոնջանքի ու դեռևս չդադարած ցավի ժպիտի միջից ասաց․
– Հիմա մենք մարդ ու կին ենք։ Մայրիկն ասում է, որ իմ ամուսնությանը չի դիմանա, բայց ես հիմա այդ մասին չեմ ուզում մտածել․․․ Գիտե՞ս, ուզում եմ լողալ, ահավոր սիրում եմ գիշերով․․․
Նա շորը հանեց գլխի վրայով․ երկարուկ մարմինը մթնշաղում սպիտակին տվեց․ սկսեց ծամը փաթաթել գլխին՝ ցուցադրելով վեր պահած ձեռքերի մուգ թևատակերն ու բարձրացած կրծքերը՝ չամաչելով իր մերկությունից ու փորատակի մուգ հրվանդանից։ Փաթաթեց, արագ համբուրեց իրեն, ցատկեց ոտքի, բոյով մեկ չլմփաց ջուրը, գլուխը հետ գցեց և սկսեց ոտքերով աղմկալի չմփչմփացնել։
Հետո ինքը վռազ-վռազ օգնեց նրան հագնվել ու փաթաթվել շալի մեջ։ Ասես հեքիաթում մթնշաղում երևում էին նրա սև աչքերն ու գլխին փաթաթած սև մազերը։ Ինքը այլևս չէր համարձակվում դիպչել նրան, միայն համբուրում էր ձեռքերն ու անդիմադրելի երջանկությունից լուռ մնում։ Անընդհատ թվում էր, թե ափամերձ անտառի մթնում ինչ-որ մեկը կա, կայծոռիկի պես այսուայնտեղ մարմրելով՝ լուռ կանգնել ու ականջ է դնում։ Այնտեղ երբեմն ինչ-որ բան էր զգուշորեն խշխշում։ Նա գլուխը բարձրացնում էր․
– Կա՛ց, դա ի՞նչ էր։
– Մի՛ վախեցիր, հավանաբար, գորտ է ափ սողում։ Կամ էլ անտառում․․․
– Իսկ եթե քարա՞յծ է։
– Ի՞նչ քարայծ։
– Չգիտեմ։ Բայց ապա մի մտածիր․ անտառից դուրս է գալիս մի ինչ-որ քարայծ, կանգնում է ու նայում․․․ Ես ինձ այնքան լավ եմ զգում, ուզում եմ ահավոր հիմարություններ դուրս տալ։
Ինքը նորից էր նրա ձեռքերը սեղմում շրթունքներին, երբեմն էլ, որպես սրբազան մի բան, համբուրում էր պաղ կուրծքը։ Նա իր համար մի տեսակ բոլորովին նոր էակ էր դարձել։ Եվ տարածվել ու չէր հանգչում գաճաճ անտառի սևությունից անդին կանաչավուն աղոտ լույսը, որը թույլ անդրադառնում էր հեռվում ողորկ սպիտակին տվող ջրում, առափնյա ցողոտ բույսերը սուր նեխուրաբույր էին տարածում, խորհրդավոր, խնդրելու պես նղնղում էին անտեսանելի մոծակները, և սարսափելի, անքուն ճպուռները մեղմ շաչյունով թռչում էին, թռչում նավակի վրայով ու շարունակում այդ գիշերասաթ փայլփլող ջրի վրայով։ Եվ անընդհատ ինչ-որ տեղ ինչ-որ բան էր խշխշում, սողում, սողոսկում․․․
Մի շաբաթ անց ինքը տգեղ, խայտառակ կերպով, բոլորովին հանկարծակի բաժանման սոսկումից շշմած՝ վռնդվեց տնից։
Մի անգամ ճաշից հետո իրենք նստել էին հյուրասենյակում և գլուխները իրար հպած՝ նայում էին «Нива»-ի հին համարների նկարները։
– Դու ինձ դեռ սիրո՞ւմ ես, – կամաց հարցրեց ինքը՝ ձևացնելով, որ ուշադիր նայում է։
– Հիմար, ահավոր հիմար ես, – շշնջում էր նա։
Հանկարծ փափուկ վազող ոտնաձայներ լսվեցին, և շեմին կանգնեց սև մետաքսե մաշված խալաթով ու հնամաշ սեկե կոշիկներով նրա խելապակաս մայրը։ Նա ներս վազեց՝ ինչպես կվազեր բեմ, և ճչաց․
– Ես ամեն ինչ հասկացա։ Ես զգում էի, ես հետևում էի։ Սրիկա՛, նա երբեք քոնը չի լինի։
Եվ երկար թևքի մեջ ձեռքը վեր բարձրացնելով՝ խլացուցիչ կրակեց հին ատրճանակից, որով Պետյան վախեցնում էր ճնճղուկներին՝ միայն վառոդ լիցքավորելով։ Ինքը ծխի մեջ նետվեց նրա վրա, հափռեց նրա կառչուն ձեռքը։ Նա դուրս պրծավ, ատրճանակով հարվածեց իր ճակատին՝ արյունելու չափ պատռելով հոնքը, շպրտեց այն իր վրա և, լսելով, որ ճիչի ու կրակոցի ձայնի վրա տնով մեկ վազվզում են, փրփուրը թխակապույտ շրթունքներին՝ սկսեց ճչալ է՛լ ավելի թատերական․
– Նա միայն իմ դիակի վրայով անցնելով քոնը կլինի։ Եթե քեզ հետ փախչի, նույն օրն իսկ կկախվեմ, կնետվեմ կտուրից։ Սրիկա՛, դո՛ւրս իմ տնից։ Մարյա Վիկտորովնա, ընտրեք, մա՞յրդ, թե՞ նա։
Նա շշնջաց․
– Դուք, դուք, մայրի՛կ․․․
Նա ուշքի եկավ, բացեց աչքերը․ սև մթության միջից դարձյալ անհողդողդ, խորհրդավոր, մռայլորեն նրան էր նայում դռան վերևի բաց մանուշակագույն դիտանցքը, և դեռևս նույն անշեղորեն առաջ մղվող արագությամբ, թափ տալով, ճոճվելով, սլանում էր վագոնը։ Այն տխուր կիսակայարանն արդեն մնացել էր հեռու հեռվում։ Եվ արդեն ամբողջ քսան տարի առաջ էր այդ ամենը՝ գաճաճ անտառը, կաչաղակները, ճահիճը, ջրաշուշանները, լորտուները, կռունկները․․․ Հա՛, կռունկներ էլ կային ախր․ ոնց էր մոռացել նրանց մասին։ Ամենը տարօրինակ էր այն շշմելու ամռանը, տարօրինակ էին նաև չգիտես որտեղից ժամանակ առ ժամանակ լճափ եկող զույգ կռունկները, և այն, որ դրանք միմիայն Րուսյաին էին մոտ թողնում իրենց և բարակ, երկար պարանոցները կորացնելով՝ շատ խիստ, բայց բարեհաճ հետաքրքրությամբ վերևից նայում էին նրան, երբ նա, իր բազմագույն տրեխներով փափուկ ու թեթև վազ տալով նրանց մոտ, հանկարծ նրանց առջև պպզում էր՝ դեղին սարաֆանը տարածելով առափի խոնավ ու տաք կանաչի վրա, և մանկական խանդավառությամբ նայում էր նրանց՝ մուգ մոխրագույնով քիպ երիզված սիրուն ու ահեղ սև բիբերին։ Ինքը նրան ու նրանց նայում էր հեռվից՝ հեռադիտակով, և պարզորոշ տեսնում էր նրանց փոքրիկ փայլուն գլուխները, նույնիսկ նրանց ոսկրե ռունգերն ու բացվածքը ամուր, մեծ կտուցների, որոնցով նրանք մի հարվածով սպանում էին լորտուներին։ Նրանց փափկափետուր փնջավոր պոչով կարճլիկ իրանը պնդահյուս ծածկված էր կարծր փետուրներով, ոտքերի թեփուկապատ եղեգնանման սրունքները չափից դուրս երկար էին ու բարակ․ մեկինը բոլորովին սև էին, մյուսինը՝ կանաչավուն։ Երբեմն երկուսն էլ ժամերով կանգնում էին մի ոտքի վրա՝ անհասկանալի անշարժության մեջ, երբեմն էլ մեկեն թռչկոտում էին՝ բացելով հսկայական թևերը, ապա թե ոչ՝ գոռոզ-գոռոզ ման էին գալիս, քայլում էին դանդաղ, համաչափորեն, ոտքերը բարձրացնելիս թաթերի երեք մատները կծկում էին, իսկ ցած դնելիս մատները լայն բացում էին՝ իրարից զատելով, ինչպես գիշատչի մագիլներ, և անընդհատ ճոճում էին փոքրիկ գլխուխները․․․ Թեև երբ Րուսյան վազ էր տալիս նրանց մոտ, ինքն արդեն ոչ մի բանի մասին չէր մտածում և ոչինչ չէր տեսնում․ միայն տեսնում էր նրա արձակ սարաֆանը, և սարաֆանի մեջ նրա թուխ մարմինն ու մարմնի վրա մուգ խալերը մտահայելիս՝ սրսփում էր ու նվաղում։ Իսկ այն օրը, երբ վերջին անգամ հյուրասենյակի բազմոցին կողք կողքի նստած նայում էին հին «Нива»-ն, նա դարձյալ ձեռքին պահել էր կարտուզը, սեղմում էր կրծքին, ինչպես այն օրը՝ նավակում, զվարթ սև-ողորկ աչքերը փայլեցնելով՝ ասում էր ․
– Ես հիմա քեզ այնպես եմ սիրում, որ անգամ կարտուզիդ ներսի ա՛յ այս հոտից, գլխիդ ու գարշելի օդեկոլոնիդ հոտից ավելի լավ բան ինձ համար չկա։
——————-
Կուրսկից անդին՝ վագոն ռեստորանում, երբ նախաճաշից հետո նա կոնյակով սուրճ էր խմում, կինը ասաց․
– Այդ ինչո՞ւ ես այսքան խմում։ Սա արդեն կարծես հինգերորդ ըմպանակն է։ Դեռ տխրո՞ւմ ես՝ հիշելով ոսկրոտ ոտնաթաթերով քո ամառանոցային օրիորդին։
– Տխրում եմ, տխրում, – պատասխանեց նա՝ անդուր քմծիծաղով։ – Ամառանոցային օրիորդ․․․ Amata nobis quantum amabitur nulla*:
– Դա լատիներե՞ն է։ Ի՞նչ է նշանակում։
– Դա քո իմանալու բանը չէ։
– Ի՛նչ բռի ես, – ասաց կինը՝ անփութորեն հոգոց հանելով, և սկսեց արևկող լուսամուտից նայել դուրս։

27, սեպտեմբեր, 1940
* Մեր սերը վայելած կնոջ պես ուրիշ ոչ մի կին էլ չի սիրվի (լատ․).

Թարգմանությունը ռուսերենից՝ Լեռնիկ Դալլաքյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *