Մարիս Չակլայս | Ինչպես են քնում երեխաները

Նայիր գիշերը
ահա նայիր գիշերը
երեխաներն այնպես են քնած,
որ նոր, մեծ պատերազմը դառնում է անհնար։

Ձեռքերով ծածկած
իրենց վախկոտ նապաստակներին, քաջ արջուկներին,
կամ գրկած սիրելի
անկյունը բարձի
ոտքերը փռած այս ու այն կողմ

ամենաաներևակայելի դիրքերում քնած են
երեխաները։

Նրանց դեմքերին ժպիտն է
անցած օրվա
թե գալիք ցավը`
ով գիտի

բայց շրթերի անկյուններին
բերել է թռչնիկը
քնքուշ թևերը հանգիստ քնի։
Այնպես վստահ են
քնած երեխաները
որ նոր, մեծ պատերազմը դառնում է անհնար։

Ու ցանկացած պատերազմը։

Եվ դրա համար
ավելի սարսափելի է
դրա հնարավորությունը։
1967 թ․

 

 

հարցուպատասխանի երեկո

– որտե՞ղ ենք մենք հանդիպել,-
նա ինձ մեղմիկ հարցրեց

– դու դա մոռացե՞լ ես
թռչունների մեջ

նախ ագռավների մի երամում
ինչպիսիք կան ամեն անկյունում

– այդ դեպքում ինչու՞ են թևերդ թաց:
– ծովի վրայով մեր թռիչքից

2001 թ․

 

պրեմիերա

աշնանային թարմ լճակի վրա
ոտաբոբիկ պարող դերասանուհի
որ ընդհանրապես չի սառչում
ու լճակն ընդհանրապես չի սառչում

անցողիկը ճախրում է հավերժում
և երկուսն էլ ընդհանրապես չեն սառչում

2000 թ․

Թարգմանությունը լատվիերենից՝ Աշոտ Գրիգորյանի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *