Լորետա Մուրադյան | Բոլորը

Բոլորն ուզում են երջանիկ լինել,
Բոլորը դժգոհում են բոլորից,
Բոլորը չեն հանդուրժում,
երբ բոլորից մեկն ուզում է հասնել նրան,
ինչին ձգտում էին,
և/կամ կուզեին հասնել իրենք` բոլորը:
Բարձրագույն իշխանությունը բոլորն են,
Բոլորը միասնական են,
Մեկ բռունցք,
Ուշիմ,
Նրանք բաց չեն թողնում,
Հենց այսպես բռնում ու
տապալում են գետնին հողեղեններին,
Իջեցնում են ներքև,
Պահանջում,
Պահանջում,
Խիստ պահանջում, որ բոլորի նման բոլոր լինես,
Ինչ է, բոլորից լա՞վն ես,
Բոլորից առավե՞լ:

Որովհետև իրենց ևս բոլորն է տապալել ժամանակին։

Բոլորից վեր միայն նախկին բոլորն է ։
Բոլորը դժբախտ են,
Լացում են կեսգիշերին ծխելիս,
Ափսե լվանալիս։
Բոլորը խոցելի են։
Բոլորը տառապում են։
Բոլորը բոլորից վրեժ են լուծում։
Բոլորը բոլորի պես պետք է
Եսազրկվեն
Սերազրկվեն
Խենթազրկվեն
Խինդազրկվեն
Թևազրկվեն
Թիազրկվեն…

Բոլորը պահանջում են
ԿենցԱՂոտվել
Հոգսոտվել
Լրջոտվել
Ուրիշոտվել…

«Բոլորի մասին» օրենՍգիրՔը
Պահանջում է այդպես…

Իշխանությունը պատկանում է բոլորին,
Բոլորոկրատիան թափանցիկություն է սիրում,
Բոլորի մտքի ազԱՏԵԼԻություն…

Բոլորը վերցնում է,
Բոլորը վերցնում է,
Վերցնում,
Որ քեզ կտրի,
տաշի քանդակի պես,
դարձնի կատարյալ բոլոր…
Դու հողեղեն ես,
Դու կատարյալ ես…

Բոլորից էիր ծնվել,
Դու դառնում ես ԲՈԼՈՐ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *