Անի-Նո Ավագյան | Տագնապ

Մարմինը դառնում է կորսետ։

Սիրտը սեղմվում է այնպես,
Որ օդը կանգ է առնում կոկորդում։

Ինչ դժվար է խոսելը։

Աչքերը ծանրանում են հանկարծ,
Հայացքը փախչում է մի կետից մյուսը։
Սաստկանում է սրճարանի լույսը։

Ինչ դժվար է ժպտալը։

Ձեռքերն իսկույն սառչում են.
Արյունը ծորում է վերջույթներից
Ուղիղ գլխի մեջ։

Կաթ։
Կաթ։
Կաթ։
Համատարած աղմուկի մեջ
Անտանելի է դառնում անգամ
Գդալից ապուրի մեջ թափվող կաթիլների ձայնը։

Ինչ դժվար է լինելը։

Մարմինը դառնում է կորսետ։

Ինքն իրենից հոգնում է այնքան,
Որ վազում է։
Վազում է հեռու։
Մտածում է՝ մեռնում է։
Մտածում է…

Ինչ դժվար է ապրելը։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *