Տաթև Շվաբաուեր | Անվախները

Անվախները

հարաբերություններ են փնտրում ու գտնում
մուտք գործում օտար աշխարհներ
օտար մտքերի արխիվներ
անվախները հարաբերություններ են սկսում
մեկ ուրիշի հետ
անհաջող հարաբերություններն ավարտելուն պես
անվախները մնում են նույն քաղաքում
շարունակում ապրել նույն քաղաքում
կարծես քաղաքը նույնն է մնացել
անվախները չեն վախենում
պատահական հանդիպումներից
նախկին սերերի հետ
քաղաքի կենտրոնում
սրճարանի հարևան սեղանի շուրջ նստած
անվախները ջնջում են
բոլոր անցած-գնացած
խոստումները
քայլելով երբեմնի սիրո գաղտնիքի
մասին լռող արձանների կողքով
անվախները դեն են նետում
սիրո նամակները
չորացած ու դառնացած
ծաղկի թերթերի պես
անվախները դիմավորում են
կեսգիշերին արթնացած
կարոտն ու հույզերը բաց ճակատով
զինված նետ ու աղեղով
անվախները գնում են փաբեր
ու գինու բաժակի մեջ ջնջում
բոլոր հիշողություններն
ու անցած-գնացած խոստումները
նստում նույն սեղանին
խոսում նույն զրույցները
ուրիշ օտար մարդկանց հետ
որոնք կդառնան իրենց հաջորդ սերն ու
կփոխարինվեն ուրիշ սերերով
անվախները չեն վախենում
նորից սխալվելուց
ինչպես մատները չեն վախենում մոմի
լույսից
անվախներն այրվում ու հանգում են
անվախները հաղթել են
կորուստի ցավին
անվախներն անմար են
ինչպես փաբերի
ծխախոտները
ու թրթռացող
շիկացած
լապտերները

 

Օտարը

Դու գնում ես դնթ-թեստ՝
ստուգելու համար ծագումնաբանությունդ
երևի քեզ հերիք չէ
քո մասին ամբողջը ինչ գիտես
(կամ չգիտես)
քեզ ձգում են անորոշությունները
անավարտ գործերը
անկանխատեսելի ելքերը
թերի գիտելիքը քո մասին
փաստերի բացակայությունը
քեզ հերիք չէ քո անունը
քո ծննդավայրը
քո ծնողները
քո ազգությունը
դրանց մասին արդեն գիտես
իսկ ինչը փակ է մնում վարագույրի հետևում
փայլում է իր գրավիչ առեղծվածով
դու էլ
սոված օձի պես ձգվում
սողոսկում ես փակուղիները
որտեղից կգտնես պատասխաններ
որոնց հարցերն անգամ քեզ են անհասկանալի
ի՞նչ կտա քեզ դնթ-ի պատասխանը
իտալացի, հույն, հայ,
ֆրանսացի, շվեդ, լեհ, չեխ
միայն հարցականներ
քեզ տանջող
կխլեն քունդ
ու կընկնես կասկածների
խորն անդունդը
որտեղ կփնտրես քո ինքնության մասին պատասխաններ
«ո՞վ եմ ես»
«ո՞վ եմ ես»
կլսես ականջներումդ այդ
հարցի տանջող արձագանքը
որը չի թողնի լսել ինքդ քեզ
«ոչ ոք»
«ոչ ոք»
կլսես մոռացված ձայները
լքված սառը սուզանավից
բայց դու պատրաստ չես լինի դրան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *