Ման Էլյան | Քո չգալու նախօրեն

***
Այս քաղաքում ամեն օրը
քո չգալու նախօրեն է…

***
Ցերեկը շատ եմ հոգնում քեզ մոռանալ փորձելուց,
այդ պատճառով գիշերը ուժասպառ քեզ եմ հիշում…

***
Երբ ցավում ես մարդու կորստից՝ տանելի է,
անտանելին, երբ մարդն է ցավում քո մեջ ու դա անցողիկ չէ…

***
Երեկ մի բանաստեղծություն էր
ինձ հետապնդում.
սեր իմ, ինչո՞ւ էիր կերպարանափոխվել…

 

***
Եկա, որ իմանամ ինչո՞ւ օրերի հետ ինձ այցի չես գալիս…

 

***
Երբ ինչ-որ տեղից հարկավոր է չուշանալ, բավական է մտածել, որ գալիս եմ քեզ մոտ…

***

Երբ մենք ջուր դարձանք,
ես միշտ ստիպված էի լինում գնալ քամուն հակառակ՝ քո առվով հոսելու համար…

***
Երանի
բոլորին,
որ քո
բացական
չեն զգում։

***
Միշտ, երբ թվում էր,
թե այլևս ոչինչ չունեմ գրելու՝
դու հեռանում էիր…

 

***
Անձրևն ուշաթափվեց Աստծո գրկում,
իսկ ես երազում էի ցրել ուսերիս հոգնությունը…

 

***
—Ինչպե՞ս ես։
—Որքան ժամանակ է զրուցում ենք, նո՞ր ես հարցնում։
—Ես ուզում էի իմանալ որպիսությունդ՝ ինձ հետ խոսելուց հետո…

 

***
Կորցրած կարոտի հորդ անձրև է վազում,
մեզ չարչարող քաղաքների հիշողության մայթին…

***
Ես չգիտեմ դու երբևէ տխրե՞լ ես ինձ հիշելիս,
կամ առհասարակ հիշե՞լ ես ինձ տխրելիս…

 

***
Քեզնից հետո քեզնից բացի չունեմ ոչինչ,
քեզ էլ չունեմ, բայց դու գոնե իմ կորուստն ես…

 

***
…որովհետև սրտի ծակոցից արթնացածին էլ չեն արթնացնում ոտնաձայներով…

 

***
Բանաստեղծություն
վերջերս դու միակ
վայրն ես,
քաղաքը,
փողոցը,
բակը,
այգին,
գնացքը,
մետրոն,
երազը,
ու ամենուրը
ուր կարող եմ նրան տեսնել.
դրա համար ես գրում եմ
անխնա…

***
Ա՜յ թե բանաստեղծություն կդառնայիր
շունչ կտրելու չափ սիրուն,
բայց չես գրվում…

 

***
Գրելն այն է, երբ դու ամեն ինչ կարող ես հորինել, բայց ոչինչ չես կարող… թաքցնել։

 

***
…ես իմ ներսը ճամպրուկ եմ դարձրել, մայրիկ,
և այն չի բացվում
ոչ մի այլ առիթով
քո լացից բացի…

 

***
Մայրիկ, հիմա քեզնից բացի
ոչ ոք չի հիշում ինձ.
տարիներ առաջ
ես փոքրի՜կ տերև էի,
որ քամուց ճոճվում էր,
սկզբում թվում էր
թե ճոճքն այդ մի խաղ է
որ խաղում են մայրերի հետ
քամու նվագի տակ,
մայրս մի զավակ կորցրեց
երբ գիրկդ ընկա
ու քո թեթև ձեռքով
փշրվեցի ոտքիդ տակ
ու չլավացա։
Բայց ես ընդամենը
փոքրի՜կ տերև էի
ու սխալն իմ
փրկության հետ շփոթած քո գիրկն էր…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *