ՀԻՄԱՐ ԲԱՐԴԻՆ
Ձյունում էր: Զբոսայգու ամենաբարձր ծառը՝ բարդին նրանց էր հետեւում: Այդ զույգը դանդաղ քայլում էր ծառուղիներից մեկով, որի թագավորը հենց ինքը՝ բարդին էր:
Բարդին ոչ հետաքրքրվում էր նրանց սանրվածքով, ոչ էլ հագուստով: Ձյան վրա նրանց թողած ոտնահետքերն էին բարդուն հետաքրքրում: Չորս ոտնահետք:
Բարդին մտածեց. նորից միայնակ մարդ: Այո, նա կարծում էր, որ մարդը ունի չորս ոտք եւ նույնքան էլ ոտնահետք է թողնում ձյան վրա: Հիմար բարդի: Նա կարծում էր, որ մարդը ունի երկու գլուխ, որոնք երբեմն միանում են իրար…
Մարդը կիսվեց եւ երկար մազերով կեսը մոտակա ծառին մոտենալով, ողջ ուժով թափահարեց այն: Կարճ մազերով կեսը ամբողջովին ծածկվեց ձյունով: Ապա երկար մազերով կեսը մոտեցավ ձյունով ծածկված կեսին եւ սկսեց այս անգամ թափահարել նրա վերարկուն: Բարդին, տեսնելով այս բոլորը, նույնիսկ ունքերը չբարձրացրեց, որովհետեւ գրեթե բոլոր «մարդիկ», նույնը կրկնում էին: Հետո գլուխները միացան…
Չգիտես ինչու բարդին կկոցում էր իր աչքերը այն պահին, երբ գլուխները միանում էին: Երեւի ուզում էր այդ գլուխների փոխարեն պատկերացնել իր եւ հարեւան բարդու գլուխը:
Բարդին բացեց իր մի աչքը եւ անմիջապես փակեց: Բարդին ամաչել էր…
Նա երկար մնաց այդպես աչքերը փակ: Երբ բարդին բացեց իր աչքերը, տեսավ մի նոր «մարդու» միացած գլուխներ: Կային նաեւ չորս ոտնահետք, որոնք պատկանում էին այս նոր «մարդուն»:
Իսկ հին «մարդը» չկար, չկային նաեւ նրա ոտնահետքերը:
Ձյունում էր:
ԱՐՄԵՆ, ՏԵՐԵՎ, ԱՐՄԵՆ
Երեք տերեւի միջից երեւում է արեւը: Այդ տերեւները արեւը բաժանում են երեք մասի, ապա ամբողջովին ծածկում են այն: Ես ապշած հետեւում եմ այդ տերեւների հզորությանը եւ սկսում եմ մտածել, թե նրանք ամենազոր են: Տերեւները աստվա՜ծ են…
Ակամայից վեր կացա տեղիցս ու ձեռքերս միացրի կրծքիս մոտ: Սկսեցի աղոթել տերեւների համար: Սակայն քանի որ աղոթք երբեք չէի լսել, միայն հաճոյախոսություններ էի շշնջում տերեւների հասցեին.
– Լսեք, տերեւներ, այսօր դուք ավելի կանաչ եք: Գիտե՞ ք, այս եղանակը ձեր դեմքին շատ է սազում…
Հանկարծ նկատեցի, որ փողոցով անցնում է ընկերս Արմենը: Շատ կուզեի զրուցել նրա հետ, սակայն կիսատ թողնել աղոթքը…
Արդեն տասը քայլ էր մնում, որ նա շրջվեր դեպի մյուս փողոցը: Իսկ եթե իմ շշուկը որեւէ մեկը լսեր (դա կարող էին միայն տերեւները), ապա կզգար, որ «Արմեն» եւ «տերեւ» բառերը արդեն հավասար չափով էին հնչում իմ աղոթքում:
-Արմեն, տերեւ, Արմեն: Արմե՜ն…
ԵՐԿՈՒ ՄԵԽԱԿ
Մեկնելու էի մեկ շաբաթով: Ճանապարհին միայն հիշեցի, որ ծաղկամանը ջուր լցնել մոռացել էի:
Ծաղկամանում բնակվող երկու մեխակները նվիրել էր իմ ամենասիրելի մարդկանցից մեկը: Այդ մեխակները ինձ շատ բան էին հիշեցնելու, սակայն…
Այդ նույն ժամանակ մեխակները տանջվում էին եւ պայքարում ապրելու համար:
Այս երկու մեխակներն էլ ծնվել ու մեծացել էին Հայաստանում, բայց նրանցից մեկը սպիտակ գույն ուներ, իսկ մյուսը՝ կարմիր:
Նրանց դիմաց դրված էր իմ նկարը, որտեղից ես ծիծաղում էի անհոգ, վարակիչ ծիծաղով: Մեխակները կարծում էին, թե դա իսկապես ես եմ եւ շարունակ բողոքում էին: Իսկ իմ նկարը այդ բոլորի վրա ծիծաղում էր նորից նույն ծիծաղով:
Վերջապես սպիտակ մեխակը խոսեց. «Հարկավոր է պայքարել: Կդիմանա՞նք արդյոք»:
Կարմիր մեխակը ոչինչ չպատասխանեց եւ սպիտակն էլ լռեց: Սկսվեց պայքար կյանքի համար: Ո՞վ կդիմանա:
Սպիտակը չդիմացավ…
Չնայած ընկերոջ հորդորներին, նա կանգնեց ծաղկամանի եզրին եւ այնտեղից նետեց իրեն ցած: Սպիտակ մեխակը անձնասպան եղավ…
Բայց կարմիր մեխակը պայքարեց եւ չհուսահատվեց: Այդպես մի շաբաթ շարունակ: Հետո եկան վայելքները…
Կարմիր մեխակը միշտ ափսոսանքով էր հիշում իր թուլակամ ընկերոջը, սակայն իր դիմացի ծիծաղողին արդեն տխուր ծիծաղով էր պատասխանում:
Գարուն, 1969, համար 9, էջ 45: