Լիանա Խաչատրյան | Պարտիա

-Յա, էս կռիվ ես ուզու՞մ:
Պարոն Հովիկի զինվորը քայլ է անում: Սպառնում է իմ առաջ ընկած ձիուն: Ես գիտեմ, որ իմ գործը միայն ժամանակ ձգելն է: Պարոն Հովիկը միշտ հաղթում է:
Սենյակը, որտեղ նստած ենք, կուշտ-կուշտ լցված է գունավոր մատիտներով, թղթերով, ներկերով, խորհանարդիկներով, թղթախաղերով…օտարին կթվա, թե մանկապարտեզում կամ զարգացման քոլեջի կաբինետում ենք: Բայց այստեղ 65 տարեկանից ցածր մարդիկ շատ չեն հանդիպում: Ես հոգեբան եմ և աշխատում եմ Ալցհեյմերով հիվանդ տարեցների հետ:
-Պարոն Հովիկ, դե ճիշտն ասա՝ ինչո՞ւ ես դու միշտ հաղթում,- ասում եմ ես և տեղավորում փղիս ձիու կողքը: 86 ամյա նիհար տղամարդը, ում աչքերի փայլը հրաժարվում է հանձնվել, ինձ չի նայում: Խաղատախտակի վրա է կենտրոնացած:
-Որովհետև դու միշտ պաշտպանվում ես: Երբեք չես հարձակվում:
Պատասխանը գոհացնող էր: Նա ասաց` «Դու միշտ»: Այսինքն ես կա՛մ գոյություն ունեմ ինչ-որ տեղ և հաճախ, կա՛մ պարբերաբար կամ:
Մոտ հինգ ամիս է՝ շաբաթը հինգ օր, պարոն Հովիկի հետ շախմատ ենք խաղում:
-Հըն, մի պարտիա շախմատ խաղա՞նք,-հաճախ ասում էի ես:
-Խաղանք,- ուրախ պատասխանում էր պարոն Հովիկը:
Հետո որպես կանոն ավելացնում էր:
-Քո հետ կյանքում չեմ խաղացել: Տեսնենք ո՞նց ես խաղում:
Վերջին շրջանում նման բան էլ չի ասում: Պարոն Հովիկը չի հիշում իմ անունը, տարիքը, անգամ դիմագծերիցս հավանաբար ֆիքսում է միայն աչքի ընկնող մասերը, բայց հիշում է, որ ժամանակի և տարածության մեջ ինչ-որ տեղ մենք հաճախ շախմատ ենք խաղում:
-Փոխում եմ,- ասում է պարոն Հովիկը և ձիով ուտում փղիս, որից հետո ես փղով ուտում եմ նրա ձիուն:
Ականջներիս տակ ցածր խշշացող ռադիոն պատմում է ավելի մեծ խաղից: Իսկական զինվորների և նավերի մասնակցությամբ: «Հաղթելու ենք»,- ասում է ռադիոն: Պարոն Հովիկը որսում է բառը, ոգևորված ավելացնում է՝ «Անպայման», և զինվորիկով, որին ես չէի նկատել, ուտում փղիս:
-Դե իհարկե,-հառաչում եմ ես:
-Ուշադիր եղի:
Պարոն Հովիկը չգիտի, որ երկրում պատերազմ է…
Նրա հիվանդութունը դեռ նոր է զարգանում, բայց իրեն արդեն զգացնել է տալիս: Կարճաժամկետ հիշողությունը գրեթե չի աշխատում: Նա ինձ ամեն օր պատմում է իր կյանքի պատմությունը: Ես ամեն օր լսում եմ: Ամեն օր նույն պահերին զարմանում եմ:
Ալցհեյմերի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ խնդիր է: Եթե կարճ ու պատկերավոր փորձենք բնութագրել՝ մի օր ուղեղի բջիջները սկսում են մահանալ, մահանալ, մահանալ…Խմբակային, նպատակասլաց ինքնասպանություն է: Մարդ սկսում է կորցնել մի շարք հմտություններ, որոնցից երևի թե ամենակարևորը հիշելն է: Ես և պարոն Հովիկը հաճախ դոմինոներից փոքրիկ շենք ենք կառուցում, որի միջից հերթով սկսում ենք հանել քարերը: Սկզբում կողքից, այնպիսի քարեր, որոնք հիմքի հետ կապ չունեն: Նախընտրելի է վերևից, վերջից, կամաց-կամաց…Այդպես մինչև չորս կողմից բզկտված շենքից կմնա միայն հիմնասյունը: Վաղ թե ուշ ինչ-որ մեկն այնպիսի քար կհանի, որ ամբողջ շինությունը կտապալվի: Նույնն էլ Ալցհեյմերի հիվանդությունն է անում մարդու հետ՝ զգույշ-զգույշ հանելով հիշողության քարերը:
Ռադիոյից հնչող ձայնն ավելի հստակ է դառնում: Արտահերթ լուրեր են: Ես լարվում եմ: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը, հայտարարեցին հետևյալի մասին…»
Պարոն Հովիկը չգիտի, որ երկրում պատերազմ է: Նա չի հասկանում, թե ինչու եմ այսքան ցրված: Ինչու է հայացքս սահում խաղատախտակի վրայով, իսկ ռադիոն քաշում է ականջիցս: «Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը….»
-Շախ:
Պարոն Հովիկի նավակն ինքնագոհ սպառնում է իմ թագավորին:
-Արդար չի,- սովորականից բարձր տոնով արտաշնչում եմ ես: Չնայած հասկանում եմ, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ ախտորոշման սահմաններում է:
Պարոն Հովիկի նավակները խաղում են թագուհու պես: Սկզբում նա մոռանում էր նավակի անունը «էս ի՞նչ քար ա»,- հետո մոռացավ քայլերը: Ինչ-որ պահից սկսած ես սկսեցի այլևս նկատողություն չանել սխալ քայլի դեպքում: Պարզապես ընդունեցի Ալցհեյմերի հիվանդության առաջարակած խաղի կանոնները: Այսպիսով՝ պարոն Հովիկն ուներ երեք բացարձակ առավելություն:
Առաջին առավելությունը՝ պարոն Հովիկը փորձված շախմատի սիրահար էր և իսկական ստրատեգ:
Երկրորդ: Հաշվի առնելով, թե ինչպես էին խաղում նրա նավակները, պարոն Հովիկը փաստացի ուներ երեք թագուհի:
Նրա երրորդ առավելությունը ես էի: Թույլ խաղացող, որը նաև չէր հանդգնում իր նավակների քայլքը փոխեր, համապատասխանեցներ նոր իրավիճակին, ինչ-որ չափով հավասարեցներ պայմանները: Չնայած հակառակորդի բացարձակ առավելությանը՝ ես չէի կարողանում ինձ ստիպել խախտել իմ իմացած խաղի կանոնները: Ամեն անգամ, երբ ըստ պարոն Հովիկի ես կարող էի նավակովս իր քարերը բարեհաջող ուտել (իրականում չէի կարող) և չէի ուտում, նրա հայացքի միջով սահում էր հիասթափության ստվերը: Կարծում եմ ՝ նա իմ մտավոր կարողությունների մասի բարձր կարծիք չուներ:
«Հակամարտության Կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն»:
Խաղը շարունակվում է: Ես տեսնում եմ՝ ծուղակը մոտենում է: Իմ թագավորը միայն նահանջում է:
-Շախ:
-….
-Շախ
-…
-Շախ
Ես նայում եմ խաղատախտակին: Թագավորս անկյունում է: Ամեն կողմից նրան սպառնում են պարոն Հովիկի երեք «թագուհիները»: Ռադիոն շարունակում է խշշալ:
«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո…»
Լռություն է: Պառկացում եմ թագավորիս: Զգույշ, ասես դին եմ դնում:
«Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում…»
Պարոն Հովիկը նայում է սփրթնած դեմքիս:
-Պարտվեցիր:
-Ըհը…
Դեմքիս լարվում է ժպիտը:
-Դու հա պարտվում ես, որտովհետև միշտ պաշտպանվում ես…
-Ըհը..
Փորձում եմ շնչել:
Պարոն Հովիկն ուրախ է: Նա չի հիշում իմ անունը, տարիքը, մասնագիտությունը: Երբ գնա տուն, նա ինձ չի հիշելու: Հանգստյան օրերին ես կհիշեմ մեր խաղերը, իսկ նա՝ ոչ: Հետաքրքիր բան է ստացվում. Հետագայում Պարոն Հովիկը կմնա իմ անցյալի մեջ, միչդեռ ես տեղավորվում եմ միայն նրա «հենց հիմայում»: Պարոն Հովիկի կյանքի պատմության մեջ ես չկամ, չկա պատերազմը և չկա ոչ մի պարտություն:
-Հըն, մի պարտիա էլ խաղա՞նք:
-Խաղանք…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *