Լիլիթ Բաղդասարյան | Առանձնություն

Լսի՛ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ…
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության»

1

ոչ մենակություն է, ոչ մենություն
առանձնություն է
թափանցիկ պատեր են
լիքն են մատնահետքերով
ճանկռտոցի տեղերով
արնաքամ մտքերով

բաց պատուհաններ չկան

անձրևը ծեծում է ապակիները՝
իր կաթիլներն են փշրվում

գիշերն էլի համատարած է
հաճելի թախծոտ
մտքի խորքերի չափ մութ

 

2

իմ մթության մեջ ինչ-որ բան այնպես չստացվեց

երբ լույսը եկավ մառախուղ էր
մանրացավ օդի հատիկների մեջ
ուղղություն չդարձավ
և ես

երկնեցի, սակայն չծնեցի,
ողբացի՝ չարտասվեցի,
խորհեցի՝ չհառաչեցի,
ամպեցի՝ չանձրևեցի,
գնացի՝ չհասա…*

չգտա սխալը, որից ամեն ինչ սկսվեց
նոր դրախտ չփնտրեցի, որովհետև հին ձևով էի կորցնելու
(գիտելիքս հուշեց, կամքս լռեց)

 

3

բոլորն ամեն ինչի ընդունակ են
բոլորն ամեն ինչի արժանի են

Երկրի վրա մարդկային արդարություն է

Կայենը կանգնած է՝ արյունոտ քարը ձեռքին
դեռ ոչինչ չի հասկանում

ոչ ոք ոչինչ չի հասկանում

4

նորից վերադառնում ենք այնտեղ,
ուր ամեն ինչ սկսվեց
այնտեղ, ուր ամեն ինչ սկսվեց
արդեն չկա ոչինչ

հավերժական ոչինչ,
որում շարժվում է կյանքը

5

կոտրվում են ոսկորներս
վերաձևակերպվում
այլ կառուցվածք տալիս կորություններիս

մաշկս չորանում է շուրթերի բացակայությունից

շնչառությունս խառնվում է սպիտակ աղմուկին՝
ի սեր լռության

ձգտյալ լռությունը բացակայությունն է
բառերի,
որ սխալ են ներկայիս մարդկանց ձայներով

6

ներկայիս մարդիկ
շարունակում են իրար հետ կիսել
նույն տունը
նույն սենյակը
նույն անկողինը
նույն կյանքը
և օտար մնալ իրար

7

մարդիկ
նրանք պիտի լինեն,
որ իրենց շատությունից քանդվեն անդորրիդ պատերը՝
մեկ առ մեկ
քար առ քար

նրանք պիտի լինեն,
որ մենության ձգտես՝
մեկ առ մեկ
հավաքելու բոլոր ծանոթ քարերը
որպեսզի շարես անկատար պատերն
առանձնության

նրանք պիտի լինեն,
որ եղունգներով փորես շարածդ պատերը
գոնե մի ճեղքից ներս սողալու համար

որ մահկանացու կաղապարիդ մեջ
մոռացված անսահմանությունից
ժամանակի ու մոռացության փոշին ներշնչելով
հասնես վերջին՝
համոզվելու համար, որ այն չկա

8

հավերժական ավարտ

հավերժական ավարտի մեջ ենք ապրում

այստեղ է սկսվում և վերջանում ամեն ինչ

հավերժական ոչինչ,
որում շարժվում է կյանքը

9

մի աղջիկ, ով ճանաչել է սերը,
բառեր է գրում տիեզերքի ու հավերժության մասին

մի կին՝ երեխան ձեռքերի մեջ
բառեր է փնտրում տիեզերքի ու հավերժության մասին

սիրուց մի հավատ է պակասել
ժամանակից՝ մի սեր

10

ձեռքերում օրորվում է երեխան
ժպտում արևին

արևը նայում է ծառերի վրա մեռնող ծաղիկներին ու բացվող պտուղներին

քամու քմծիծաղն է անցնում տերևների միջով

11

օվկիանոսից պոկված մի ալիք
թափառում է անապատի մեջ.
ձկներ է փնտրում

12

զգալ քեզ՝ ինչպես ձուկը ջրում
չափից դուրս աղի ջրում

նման պայմաններում մեր նմանները չեն գոյատևում…

13

ժամանակի հետ վիճելն
անապատի քամիների դեմ բաց մարմնով կանգնելու պես մի բան էր.

ճմրթված մաշկ ու գիտակցում, որ
ուշ է, միշտ մի քիչ ուշ է

14

հեռվանում ենք արևից ու երկնքից
հետո՝ ինքներս մեզնից
ապրում, ասես այդպես էլ պիտի լիներ

օտարություն ու մի ոչինչ

դառնում ենք նա, ով կարծել ենք երբեք չենք լինի

15

Նա, ով պիտի լիներ, չկա

այդ բացակայությունն իր մեջ է տեղավորում
մարդկանց, անթափանց պատերը, գիշերները…
մինչև անգամ հավերժական ոչինչը

բայց շարունակում է դատարկ մնալ

16

ինձ հետապնդող այս լռությունն անտանելի է դառնում

շուտով կձուլվեմ սպիտակ աղմուկին,
կդառնամ օտարների շնչառությունը,
կկորցնեմ ստվերս

միակ բանը, որ երբեմն կհուզի միտքս
անձրևի փշրված կաթիլները կլինեն
և
ոսկորներիս ցավը՝
վերադասավորված ի կամոք կյանքի

______

*Թող չպատահի ինձ հանկարծ երկնել, սակայն չծնել, Ողբալ՝ չարտասվել, Խորհել՝չհառաչել, Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել, Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես, Պաղատել, սակայն անտեսված մնալ, Կողկողել,սակայն դու չողորմես, Աղաչել քեզ, բայց չշահել ոչինչ, Զոհեր մատուցել, բայց չճենճերել, Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ: Լսիր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ…

Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության»

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *