Fetter Spiritini․ Փորձում եմ հասկանալ ոչինչ չասող այս տառերը: Այրում են ուղեղս և չեն լքում Նոյեմբերյան այդ պայծառ առավոտյան:
Բացում եմ պատուհանը. ողջագուրում է սառնաշունչ, կյանքով լի իրականությունը: Ձեռքով եմ անում, ողջունում երթուղային տաքսուն: Այդ ուղեգծի մեքենան նստում են հոգնած տանտիկինները, երեխաների ձեռքը բռնած, դասից նրանց տուն տանող երիտասարդ կանայք: Տարեց ու անհույս հոգնած ծերերը:
Միշտ եմ ձեռքով անում նրանց:
Հոգնած ու անտրամադիր են այդ գծի վարորդները՝ ծխախոտը բերանին, մռայլ ու վհատ: Պարտաճանաչ կանգնում են արգելված տեղերում, հաճո լինում ուղևորներին, ձգում օրվա պլանը: Արագ են վարում մեքենան: Դարուփոսերով՝ կատաղած անցնում: Հայհոյանքներ ստանում: Փոխադարձում: Քնատ ուղևորները վեր են թռչում և ուրախ հռհռում մտքում. շա՜տ զվարճալի է: Ողջունում եմ, ձեռքով անում նրանց. միասին ենք, ուրախ, հռհռացող: Միասին ենք անցնում Fetter Spiritini երկար ու ձիգ բեռնատարի կողքով: Խորհրդավոր, ուրախ, հրաշալի և պայծառ, նոյեմբերյան այս հրաշալի, սառնաշունչ օրը: Ու մինչև վերջ ուղեղումդ մեխվող, գեղեցիկ բառերը՝ Fetter Spiritini…
Կարմիր մազերով աղջիկը
Կարմիր մազերով աղջկան բոլորն էին սիրում: Ամենուր՝ տանը, չինական փոքրիկ ավտոբուսում, կանգառներում, փողոցներում քայլելիս: Զմայլում էր գեղեցիկ ոտքերի սահուն քայլերով, մեղմ հայացքներով ու խոսուն ժպիտով, սիրուց հալվող շրթունքներով: Սիրում էին մեղավոր հայացքներում բռնկվող խենթ խոնարհությունն ու անավարտ, չարտաբերված, խլացված զրույցների մեղկությունը:
Բոլորն էին սիրում կարմիր մազերով աղջկա սիրո մոխրացումն ու անհետացող երազը:
Աշխատանք
Ինքնագոհ, երազկոտ, հազիվհազ քարշ տվեցիր ոտքերդ ու սոսնձով լի դույլը: Մոտեցար, դիրքավորվեցիր սյունի մոտ: Թափով գետնին շպրտեցիր հայտարարությունների կոլոլած կույտը և մեկը սոսնձեցիր սյանը:
Շնչակտուր, ճարպկորեն օգտագործեցիր մի ինքնաշեն հարմարանք՝ թերթն ամուր սեղմելով սյանը: Ափով ավարտեցիր: Կեղտոտ ձեռքդ քսեցիր հագուստներիդ, մաքրեցիր նրանց վրա: Մաշված մարզական կոշիկներով մի կողմ հրեցիր դույլը և արևից կկոցելով աչքերդ՝ հայեցիր աշխատանքիդ պտուղները՝ աշխատանք՝ օրը 2000 դրամով:
Աննկատ ժամանում
Ինձ չհասցրիր ասել, որ մահանում ես: Մահն աննկատ ժամանեց:
Ինձ ասում էիր, որ ոչ մեկը քեզ բանի տեղ չի դնում: Որ կյանքդ իմաստ չունի: Իսկ ամուսինդ էլ շինարարությունում է աշխատում: Շատ կարճ էր քո կյանքի պամությունը: Մենք գիտեինք, որ այնքան աննկատ է գալու քո վախճանը:
Ինձ տեսնելիս գլուխդ չէիր բարձրացնում, որ նայես դեմքիս: Ասում էիր, որ ինքն իրիկունը քնում է մեռելի նման: Ինձ միայն ասացին, որ դու չվախեցար մահից: Մահացար հանդարտ-անտարբեր, ինչպես մահանում են կյանքում սեր չճանաչած կանայք:
Շարունակում էիր ձեռագործ անել. գեղեցիկ թաշկինակներ ու սփռոցներ ասեղնագործել: Ասացին, որ բոլորը քեզ հետ դրեցին, դու էիր այդպես խնդրել:
Քաղցկեղը չէր, որ քեզ հաղթեց: Դու պարտվեցիր քո մահացած երազանքներին:
Շատ վաղ գնացիր: Ինչպես բոլոր՝ կյանքում սեր չվայելած կանայք:
Միայն մեկ թաշկինակ էիր թողել. հիմա դա ինձ մոտ է…
Վարձավճարներ հավաքող կինը
Վարձավճարներ հավաքող կինը անլուրջ եկամուտը դրեց գրպանը:
Դանդաղկոտ քայլեց գրասենյակի մռայլ պատի կողքով: Նեղ մայթից ժպտաց լահմաջուի և գեղեցկության սալոնի նկարներին: Նազանքով վրա բերեց հալված կրծքերը հազիվհազ ծածկող հագուստը:
Ծանոթ վարորդներն անհուն վայելքով ծամում էին լահմաջուն ու խմում զառամյալ կնոջ պատրաստած սուրճը: Ուրախ ցնցում են որովայնները, հռհռում, հետևում անցնող, ծփացող կանանց: Հետո մի պահ անհետանում էին մոտակա թփուտներում, մինչև ավելի ուժգին ձեռքները կվերցնեն գծի մեքենայի ղեկը:
Սպասարկման վարձավճարներ հավաքող կինը մտազբաղ նայեց իր մահացող սեռին, զառամյալ կնոջն ու սալոնի թմբլիկ տիրուհուն:
Նեղվեց բոլորից ու ոչինչ չասելով՝ նորից անաղմուկ սողոսկեց գրասենյակ:
Վերջին դիրքը՝ հաղթանակ
Շախմատի տախտակը՝ իր վերջին դիրքով, զգույշ տեղափոխեցին պատուհանի գոգին: Դեռ երկար նա կմնա այնտեղ, հիշեցնելու քո վերջին հույզերը:
Լացելիս ասում էին, որ չհասցրեցիր հրաժեշտ տալ քո սիրելի մարդկանց: Հեռացար անսպասելի, ինչպես անսպասելի իրավիճակներ էիր ստեղծում խաղային դիրքերում: Հաճույքով էիր պատմում քո շախմատային արկածները, խմում օղին և վայելում հասարակ երշիկով բրդուճը: Քեզ այնքան քիչ բան էր պետք հաղթելու կյանքին:
Մահից մի քանի ամիս առաջ քո վերջին դասընթացների վկայականը՝ շրջանակի մեջ, հիմա էլ զարդարում է պահարանը:
Ուսումնասիրում եմ քո վերջին դիրքը՝ հաղթանակ: Հիշում եմ, ինչ հաճույքով էիր այս ու այն կողմ տեղաշարժում խաղաքարերը: Հորինում քո երազանքների դիրքերը: Զգույշ խառնում եմ վերջին՝ հաղթական դիրքի խաղաքարերը, որովհետև անսովոր է քո լռությունը, մաե՛ստրո:
Քո վերջին դիրքը՝ հաղթանակ:
Ծեծվածը
Կինը նստեց տանը կից բազրիքի աստիճաններին՝ չարտաբերված բղավոցները սրտում: Սիրո փոխարեն՝ ծեծ: Քնքշությանը՝ արհամարհանք: Կանացի մեղկ հրապույրի դեմ՝ օդում մոլեգնող հարված:
Նստեց բազրիքի աստիճաններին, անմիջապես փողոցին ի տես: Վայելեց սառն ու անմիտ հայացքների ջերմությունը, անկենդան ժպիտների եթերային խաբկանքն ու երազանքների պոռթկումը: Զգաց օտար մարմինների հպումը վիրավորված սրտին, անծանոթ գրգանքների պապակը շուրթերին: Բացակա մարմնում ամուր գրկի խենթ երգն ու խոլական պարը հոգում:
Սեռազգայունը
Աղջիկն աննկատ-կտրուկ թեքեց ուղին ու կանգնեց անմիջապես սիրախաղ անող շների դիմաց: Առանց շուրջբոլորը նայելու, հուզված, ուշադիր: Շներն անամոթ էին, չէին քաշվում ոչնչից ու սիրախաղ էին անում հևոցով՝ արբած արևալույսից, շինարարության աղբից, կեղտոտ խոտից ու թափթփված հին իրերից:
Աղջիկն աննկատ, արբունքով լի, ապշած նայեց այդ տեսարանին, վիրավորված, ու սերը սրտում:
Շնչահեղձ մայթ
Մայթը շնչահեղձ է լինում: Փոքրիկ հողակտորը եռում է ռոքի, Աստծո գոյությունն ապացուցող վկաների, սեռի պայթյունների, իտալական պաղպաղակների քաղցրության պաշտամունքից ու գիժ կնոջ հիվանդագին անմարդկային ճիչերից:
Փոքրիկ հողակտորը հալվում է բաց մարմնամասերի սիրո ներկայացումից, ռոքի ուժգին ցնցումներից ու մանկան անմեղ ներկայությունից:
Մայթը ցնցվում է կանացի մեռյալ անելանելիությունից, կարմիր-կանաչ լույսերի անշարժությունից, շոգեհարված ուղեղներից, լացկան բիբերից, ծառերի տակ անհոգ միզող հսկա շներից ու հուսահատության աստիճանի լքված, գերեզմանի վերածված փոքրիկ այգիների դատարկ նստարաններից:
Արևկող անող ծերունին
Վայելի՛ր վերջին աշունը: Հավաքի՛ր մի քանի տերև՝ կարմրած, դեղնավուն, որ դեռ կյանք կա մեջները: Որ դեռ փափուկ են և չեն ջարդվում: Դիր փոքրիկ սեղանիկի վրա, ծաղկամանի կողքին: Ոչինչ, որ ծաղկամանն արդեն փոշոտվել է: Մոռացե՞լ ես, որ արդեն դու ես մաքրում ծաղկամանի փոշին:
Վայելի՛ր վերջին աշնան դեռևս ջերմ արևը: Վերջին մեղկ ջերմությունը: Հայացքով ուղեկցիր զբոսնողներին: Հայացքդ թող անշարժանա անցորդների վրա: Թոռներիդ, որ չունեցար… որ բոլորը քոնն են: Հարազատ: Հայացքդ սևեռի՛ր երիտասարդ տղաներին: Նրանք էլ քոնն են… բոլորը: Նրանք են ամուսնանալու և թոռներ պարգևելու: Քոնն այլևս չի ամուսնանալու: Նրանը մարտի դաշտում էր: Վայելի՛ր ջերմ արևը՝ վերջին աշնան: Թիկնի՛ր տաք նստարանին… վերջին: Թող անցնեն քո առջևով շարք կանգնած բոլոր թոռնիկները, տղաները, կանայք: Ուղեկցի՛ր հայացքով… վերջին անգամ՝ ջերմացած աշնան վերջին մեղկ ջերմությամբ: Մի՛ տխրիր… սպանի՛ր հիշողությունը քո մեջ և լացի՛ր…
Երեխայի լացը
Անվստահ, թոթով քայլլող մանուկի աղեկեզ լացը: Հուզիչ լացում է՝ ձեռքը մոր ձեռքին:
Շոգից լեզուն կախ գցած շները ծամածռվում են: Ուրախ հռհռում են ճամփեզրին ծիրան ու դեղձ վաճառողները: Առևտրական հոգոցներ են հանում, սակարկում տապից անտրամադիր: Փողոցներն անդրդվելի են, անժպիտ հայացքներով: Ժպիտները` ծաղրածուի: Երեխան կատաղությունից ու անզորությունից վրեժխնդրություն է ծրագրում, հասունացնում հոգում:
Մինչև կավարտի լացը:
Նկարի՛ր
Կանգնի՛ր մայթին, անցորդներին ու ամեն ինչին մոտիկ: Մի ձեռքում պահի՛ր ծխախոտը, մյուսում՝ գարեջրի բաժակը: Խմի՛ր մի կում և ծխի՛ր ծխախոտը: Կենտրոնացած նայի՛ր ոտքերիդ առաջ, սակայն՝ շատ հեռու: Այնտեղ, որտեղ հորիզոններն են ձուլվում ամպերին և անհետանում անվերադարձ: Հետո մտորի՛ր այն, ինչ նկարելու ես՝ քեզ: Բոլորի մեջ և բոլորի համար: Մի՛ մոռացիր հուսահատվել և որոնել դատարկությունը՝ նկարելու՝ կյանքի վախճանն ամփոփելու համար:
Մի՛ մոռացիր ըմպել գարեջուրը և զգույշ թափ տալ մոխիրը:
Քեզ համար միայն:
Ծեծվող շունը
Շունը դիմադրում էր և բաց չէր թողնում կեղտոտ ոսկորը: Տերն ապտակում էր: Սկզբում հարվածեց թույլ: Երկրորդ անգամ՝ ավելի ուժեղ: Շունը դիմադրում էր՝ կծկվելով ու թաքցնելով գլուխը: Հետո տեսավ, որ այդպես հնարավոր չէ պաշտպանվել, պառկեց գետնին ու փորձեց գլուխը թաքցնել ոտքերի արանքում:
Տերն արդեն ոտքով էր խփում: Անընդմեջ: Ընդմիջում էր ապտակներով: Շունը ոչ մի ձայն չէր հանում: Հույս ունեի, որ պետք է կաղկանձի, գռմռա, ոռնա կամ լացի: Իսկ նա միայն պահպանում էր ոսկորը:
Դանդաղ հեռացա այդ տեսարանից, վիրավորված կյանքից: Պետք չէ երևակայություն ունենալ՝ հասկանալու մեր տգեղ աշխարհը…
Իրականությունը գերազանցում է այն…
Տղամարդն ու կինը
Նրանց մասին ես կասեմ ամենալավը:
Տղամարդը երբեք չի ծերանում կնոջ մեջ: Կինն էլ չի դադարում կանգնել տղամարդու առջև և կկոցել աչքերը: Նա կորցնում է զգոնությունը և ոչնչացնում այրական երևակայությունը: Նրա ներկայությունը շոյում է տղամարդու հոգին: Կինը չի հոգնում ու չի ծերանում, այլ ծիծաղում է տղամարդու սիրո վրա ու սիրո հետ: Նրան դուր է գալիս ամեն ինչ: Միայն` տղամարդու հետ:
Նրանք միասին են ծնվում ու մահանում՝ տղամարդն ու կինը:
Քո միայնությունը
Ապրի՛ր քո միայնությունը: Այցելի՛ր լճի ափին ապրող հարազատիդ: Բարձր քարի վրա ապրող ծերունուն: Սո՛ւրճ խմիր ընկերոջդ հետ և գլուխդ դիր նրա ուսին:
Լացի՛ր ուզածիդ չափ լեռներին ու վեր՝ աստղերին նայելիս և հոգնած տուն գնա: Քայլի՛ր հազարավորների հետ և հազարավորների պես: Ժպտա, պատասխանի՛ր ժպիտին: Այնպես, ինչպես ընդունված է: Մեղմ, համեստ, ոչ անբարո ու ոչ էլ`լպիրշ:
Բացի՛ր պատուհանները, հանդարտ նայի՛ր դուրս: Ավարտի՛ր ճակատագրի զրույցները՝ քո սիրո անհամաձայնությամբ:
Խենթանու՞մ ես սիրուց, բացի՛ր թևերդ…
Սավառնի՛ր լեռներում և բարձր՝ ամպերում: Փափուկ ու սահուն վայրէջքով: Սահի՛ր, մինչև կցրվեն երազները: Ընդունված չէ երկարացնել զրույցը ճանապարհից առաջ:
Միայնության զրույցը, երբ ավարտում ես քո երթը: