Նրա առաջնեկն էի`
խիզախած ու մի քիչ հանդուգն,
Ծնված հուլիսյան մեղմ ու տապ մի օր։
Նրա հույսն էի, գուցե նաև եմ,
Թարս գնացած կյանքը նորեն սկսելու`
Վճռական կամքին կոկիկ հնազանդվելով,
Պարտավորված տարբերակն էի նրա`
Ամպի չափ վախվորած ու մեծարող հավատով,
Բայց կիսատ մնաց.
Թանաքը վերջացավ,
Գրչակը հորանջեց
Ու թելը կտրվեց…
Երեխա էի`
Կենսասեր սկյուռի պես ծառից ծառ թռչող
Ընկուզահամ կյանքը պսպղուն հեքիաթներով պատկերացնող:
Երեխա էի, մա՜ մա՜,
Ու աչքերիդ ոգևորությունը
Հերիք կլիներ մի ամբողջ դարաշրջան ու էլի ավել ապրելու համար,
Բայց չեմ հիշում,
Աչքերդ չէ, այլ ոգևորությունը,
Այն բացակա էր…
Ինձ պետք էր քո սերը
Ափերիցդ սկսվող,
Սիրտ խուտուտ տվող,
Արցունքներ գլորող։
Այ այդքան մեծ, որ կթվա
Դրա աստվածայնությունից
Սիրտդ ուր որ է կպայթի ու
Կտարրալուծվես բամբակյա աշխարհում։
Ես այդպես եմ սիրում դուստրերիս,
Որովհետև երեխեքը պահանջատեր զգայական են
Ու իրենց սիրո հավաստիացումներ են պետք`
Ոգևորությամբ լցոնված,
Ապահովությամբ զմռսված:
Որտե՞ղ էր ապահովության քո կղզին,
Ուր կվերադառնայինք նավարկությունից`
Արևախանձ կյանքի քաղցրահամը գրկած`
Զովանալու,
Բարիքները կիսելու,
Մառանելու,
Ուժավորվելու ու
Ծուռմռտիկ մեր նոր ոդիսականը գծելու։
Ու՞ր էիր թաքցրել այդ կղզին,
Ժյուլվեռնական մեր արկածներն էդպես էլ անտուն մնացին։
Ես նրա առաջնեկն եմ…
Բայց ծույլ գրչակը չափազանց անփույթ էր
Պատմությունը շարունակելու և
Գանձերի նրա կղզին քարտեզագրելու համար։
Հիմա լապտերը վեր պարզած
Հազար ճանապարհների մեջտեղում մեխված,
Հանդուգն ու մի քիչ խիզախ,
Դատարկ ափիս մեջ
Սորուն հիշողությունների
Կտրտված մասերն եմ հյուսում`
Հոբիթի միամտությամբ ու
Սկյուռի կենսասերությամբ
Եվ հնարամիտ սարդի պես
Ցանկալի հուշերի արանքում պարաններ ձգում,
Որ ապահովության իմ բույնը հյուսեմ ու քարտեզագրեմ.
Դուստրերիս համար, մա՜ մա՜:
Հ.Գ. Երեք դուստր ունեցող խաղահրապարակի զարմանալի կնոջը, որը կորցրել էր հետ նավարկության քարտեզը, բայց ոչ կենսասիրությունը։