Ու ղօղանջները անյոյս խաւարում
Մեղմ հեկեկում են գունատ, թախծօրէն,
Մինչ ես ծնկաչոք կեանքիս տաճարում
Դեռ աղօթում եմ նորէն ու նորէն։
Ես աղոթում եմ կեանքիս տաճարում,
Երբ ղողանջները հալւում են կամաց
Հոգեվարքի մեջ մեռնող խաւարում
Դեռ հաւատում եմ, աղօթում անլաց․․․
ԱՇԽԱՐՀՆ ԱՅՍՕՐ․․․
Աշխարհն այսօր խորունկ է ու լայն,
Հրդեհւած եմ ես աւիւնով կեանքի,
«Ողջը հաճոյք է», երգում է մի ձայն,
Փոթորկում հոգիս թափով տենչանքի։
Ուզում եմ կեանքէն մի համբույր քաղել,
Ու տանել նւէր վեհ բարձունքներին,
Ուզում եմ վիշտս առյաւէտ թաղել,
Նմանւել ցայտուն, պայծառ աստղերին։
Որքան սիրուն էք անհունի աչքեր,
Որ թարթում էք լուռ նազանքով անծայր,
Մեր սիրտն էլ ուն երկինք ու աստղեր,
Արդեոք երգո՞ւմ էք դուք էլ մեզ համար։
ԱՇՈՒՆ
Անտառը անյոյս կ՛ուլայ թախծօրէն,
Աշնան դժգունակ տերևների տակ,
Սրտիս պէս անյոյգ կուլան մեղմօրէն,
Մէգ-մշուշի տակ սար, ձոր ու վտակ։
Շղարշն է խաւար գրկել դաշտ ու սար,
Աստղերը անթարթ սառել են անկայծ․
Թուփ, տերև ու ծառ, ծով, եթեր ու քար,
Մերկացած անզարդ մեռնում են կամաց։
Անտառը անյոյս կուլայ թախծօրէն,
Աշնան դժգունակ տերևների տակ․
Սրտիս պէս անյոյզ կուլան մեղմօրէն,
Մէգ-մշուշի տակ սար, ձոր ու վտակ։
ՄԵՆՔ ՂԱՐԻԲ ԱՆՑՈՐԴ․․․
Մենք ղարիբ անցորդ՝ կեանքի ճամբէքով
Բեռնավւոր, յոգնած եկանք, որ «անցնենք»։
Վաղուց մոռացւած հանգստի վայրից
Ընդ միշտ աքսորւած՝ եկանք, որ «անցնենք»։
Ու պիտի քայլենք քանի ճամբորդ ենք,
Ապաստան, կայան չկայ մեզ համար․
Մի օր վաստակած մենք էլ կ՛հասնենք
Տխուր, վշտահար մի օտար աշխարհ․․․
ԵՐԿԻՐՆ Է ՆԻՐՀՈՒՄ․․․
Երկիրն է նիրհում վեհ ու անխռով,
Յաւերժութեան մէջ ծովն է երազում,
Հոգիս արբած է նորից քո բոյրով,
Նորից քո անմահ երգն եմ ես լսում։
Երազող երկրի վեհապանծ գրկում
Յաւերժութիւնն է անվերջ տրոփում,
Իմ կարօտ սրտի խորունկ ծալքերում
Սիրոյ-հըմայքի շուշաններ փթթում։
ԹԱԽԻԾ
Նորից մշուշն է երգում իմ հոգում,
Թափւում մարգարիտ լուռ վհատումի․
Ո՞վ է անընդհատ իմ վիշտը հեգնում,
Ո՞վ է որ տրտունջ-մրմունջներ չ՛ունի։
Լուռ հեռաստանում կրակներն հանգան,
Մութ է և անլոյս հեռաստանն հոգուս․
Անխառն է, անծէր, խոր ու դիւթական
Երգն յաւերժութեան ու երգը հոգուս։
Նորից մշուշն է երգում իմ հոգում,
Թափւում մարգարիտ լուռ վհատումի․
Ո՞վ է անընդհատ իմ վիշտը հեգնում,
Ո՞վ է որ տրտունջ-մրմունջներ չ՛ունի։
ՍԻՐԻՐ ԻՆՁ ԱՆԴԱՐՁ․․․
Սիրի՛ր ինձ անդարձ երազի նման,
Զեփիւռի նման, որ փարէ, կանցնի․
Խուլ հեկեկացող նւագի նման,
Որ մեղմ թախիծով սիրտդ կ՛լցնի։
Չեմ սիրում ես խենթ գգւանք ու համբոյր
Տարփանքի թափը միշտ նիւթին կապւած․
Անզուսպ վայելքից, լուռ, անհրապոյր,
Մեռնում է սէրը դեռ երբեք չապրած։
Երազն է սիրուն, անուրջը անուշ,
Թախիծը սիրոյ, ցաւը տենչանքի,
Անյագ գորովի կարօտը քնքոյշ,
Որ բոյր է տալիս մեր անբոյր կեանքին։
Սիրի՛ր ինձ անդարձ երազի նման
Զեփիւռի նման, որ փարէ, կանցնի,
Խուլ հեկեկացող նվագի նման
Որ մեղմ թածիծով սիրտ կ՛լցնի։
ՏԱՐԷ՛Ք ՀՈՂՄԵՐ
Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր
Ձեր վայրերը անանուն։
Ես էլ կուզեմ համբոյր քաղել
Լերկ ժայռերի լանջերից,
Ես էլ կուզեմ արցունք քամել
Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։
Սարերն ընկնիմ, անտառ ու ձոր,
Երգեր հիւսեմ, երգեմ ու լամ
Դաշտերն ընկնիմ ոլոր-մոլոր
Ծառ ու ծաղիկ փետեմ ու լամ։
Տարէ՛ք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր
Ձեր վայրերը անանուն։
ԻՄ ՍԷՐԸ
Ես էլ, ես էլ ապրեցի, Բայց աղօթքիս վեհ ժամին
Աղօթեցի ջերմագին, Ես յաւերժը գրկեցի,
Ես էլ կեանքը օրհնեցի, Է՜հ, թող տանին, թող տանին
Անիծեցի վշտագին։ Ինչ որ սրտէս նետեցի։
ԵՐԿԻՆՔԸ ՋԻՆՋ․․․
Երկինքը ջինջ, արևը վառ էր այնտեղ․
Կեանքիս շէմքին աշխարհը բաղդ ինձ թւաց,
Ճշմարտութեան երգը հնչեց ամեն տեղ,
Սիրտս դիւթւած մեծ հաճոյքից հեկեկաց։
Արտասւալից ժպիտը ջինջ աչերիս,
Կեանքի առջև աղօթեցի ջերմագին․
Եւ ուխտեցի կեանքի ուղին անցնելիս
Ճշմարտութիւն շնչէ, բուրէ իմ հոգին։
Անցան օրեր, տարիները դժգունակ
Տերևի պէս թառամեցին վայր ընկան,
Աղօթքիս հետ ես մնացի մէն-մենակ,
Ջերմ հաւատիս արցունքները էլ չկան։
Ինչի առջև հոգիս ջահեր էր վառում,
Հիմա չունի ոգևորող ոչ մի կայծ․
Ի՜նչ կուսական և երկնային էր թւում՝
Անգթօրէն անարգւած է ու պղծւած։
Անմեղ, անգին լոյս երազներ անցեալի
Եկէ՛ք նորից լուսավառէք իմ հոգին․
Հիւսէք յոյզեր նւիրական, բաղձալի․․․
Երազողը միշտ կարոտ է երկնքին։
ԷԼ ՄԻ ԱՓՍՈՍԱՅ․․․
Էլ մի ափսոսա․ թո՛ղ որ հանդարտի
Մեռնող կրծքիս տակ ցաւը կարօտի․
Թո՛ղ քեզ ինձ բերող ճամբէքը բոլոր
Տատասկը պատի, թող լինես՝ մոլոր։
Էլ չեմ հաւատում սիրոյ պատրանքին․
Վշտի հովիտ է սէրդ անմեկին․
Իմ սրտում հանգաւ շողը արևի,
Թախծում է հոգիս ծորքում անձաւի։
Գնա՛, թափառի՛ր վայրերում օտար,
Որոնիր նոր բախտ, նոր սէր, նոր աշխարհ․․․
Ու երբ կը լինես հեռու և լքւած,
Թափառումներից յոգնած ու բեկւած։
Գիտեմ պիտ հւսես մի երազ յստակ,
Իմ ցնորք կեանքի յոյսերից խորտակ,
Ու պիտի կանչես և փնտրես տարտամ
Վաղուց մոռացւած ուղիներն իմ տան։
ԻՄ ՄԱՆԿՈՒԹԻՒնԸ
Երանգների մի աշխարհ կար ոսկեվառ,
Այն աշխարհում սիրտս կեանքով տրոփեց,
Այն աշխարհում մէկն ինձ ասավ, «քեզ համար
Հորիզոնը շառագունեց ու վաուեց»։
«Արևի հետ աշխարհ եկար իմ մանկիկ»,
Մայրս անուշ գուրգուրում էր ու երգում,
«Արևի պէս դու կ՛լինես երջանիկ,
Չը նախանձես երանգներին երկնքում»։
Ու ես մանկիկ սիրուն, աշխոյժ, կենսալի,
Թիթեռնիկի նման կեանքը սիրեցի․․․
Կարճատև էր իմ դրախտը անեալի,
Մօրս երգին կարօտեցի ու լացի․․․
Երանգների մի աշխարհ կար ոսկեվառ,
Այն աշխարհում սիրտս կոանքով տրոփվեց,
Այն աշխարհում մէկն ինձ ասաց, «քեզ համար
Հորիզոնը շառագունեց ու վառւեց»։
ՍԻՐՏՍ ԽՈՆԱՐՀ, ՀՈԳԻՍ ԽՌՈՎ․․․
Սիրտս խոնարհ, հոգիս խռով առյաւէտ,
Անցւոր ախպէր, քեզ միշտ օտար կ՛մնամ․
Չ՛կայ հիմա դարձի ոչ մի արահետ,
Էլ մի կանչիր, թո՛ղ չ՛յիշեմ, հեռանամ։
Վերջին աղօթքս մրմնջամ ու անցնեմ,
Ջինջ հեքեաթիս հովիտներով սիրավառ․
Մեղմ աղօթքով սրտիս դատարկը լցնեմ,
Թող բախտը նոր լոյսեր վառէ քեզ համար։
Ինձ մի կանչիր, ես հեռու եմ և օտար,
Հեռու բախտի պատրանքներից երերուն․
Իմ վեհ հոգում տարածւում է նոր աշխարհ,
Հպարտ հոգիս գուրգուրում է նոր գարուն։
—Մենութիւնս գահ եմ արել ինձ համար,
Հոգիս՝ երկինք, սիրտս՝ արև ոսկէհուր․
Բաց սրտումս կեանքն է երգում մշտավառ,
Էլ մի կանչիր, էլ մի փնտրիր ինձ իզուր։
ԽՈՐՏԱԿՒԱԾ ՍԷՐ
Սև ու լայն անդունդի ափերին,
Դէմ-դիմաց մենակեաց ու լռին,
Եւ ծանօթ, և կարօտ ու օտար,
Երկու հեզ ծաղիկներ կային վառ։
Ու զեփիւռը անուշ մեղեդով,
Ափից-ափ երազներ էր հիւսում,
Մեղուները անծէր կարօտով,
Սիրոյ խօսք, սիրոյ երգ փսփսում։
Սև ու լայն անդունդի ափերին
Երկու հեզ ծաղիկներ կային վառ․
Ու հիմա մատնւած հողմերին
Անդունդում լուռ փարւել են իրար։
ՑԱՒԻՑ ԱՆԶՕՐ․․․
Ցաւիվ անզօր, գլուխդ անճար Պատմիր ցաւդ քարին, ջրին,
Մարդի կրծքին մի՛ դիր երբէք․ Մնա՛ մենակ, յամառ ու լուռ,
Եւ մի պարզիր սիրտդ հազար Երգդ հիւսիր խենթ հողմերին,
Խոցերով լի երբէք, երբէք։ Մարդի կրծքին մի լար իզուր։
ՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆ․
Ծաղրի՛ր դու միայն, ծաղրի՛ր թունալից,
Հեգնի՛ր սէր, ժպիտ, իղձ, կարօտ, թախիծ,
Դիւային քրքիջ արձակի՛ր կոպիտ
Խելագարի պէս հռհռա՛ անմիտ։
—Տե՛ս, վարդն ու շուշան երգում են անուշ,
Արևի փայլին ժպտում մեղմօրէն․․․
Իսկ այն սև ամպը․․․ չէ՞ որ վաղ թէ ուշ,
Գոռ փոթորիկ է թափելու վերէն։
ՎԻՐՒՈՐ ԵՂՆԻԿ
Վիրաւր եղնիկ․․․ սարերն է ընկել,
Ցաւիցը մրմուռ վազում է մոլոր,
Չար նետը սրտին մոտիկ է դիպել,
Չօլերն է ընկել, վազում է մոլոր։
Տունը կորցըրած, ցաւի հետ խելառ
Վազում է հեռու՜ ճամբէքով օտար,
Էն օտար ճամբին կընկնի, կ՛մնա՛յ,
Ո՞վ էրւած սրտի ցաւը կիմանայ․․․
Շարքը հրապարակման պատրաստեց՝ Նաիրա Հովհաննիսյանը