Բա´ռ,
Արի բարիշենք,
Մի ծխիր ինձ այնպես,
Ինչպես սիգարետն է ծխել հորս,
Ինչպես պապս է ծխել տատիս ջահելությունը,
Ինչպես էս հայրենիքն են ծխում ամեն օր ԱԺ նիստում,
Ինչպես մեզ ծխում են պաթոսը,
Ֆեյսբուքը,
Բեսթսելերները,
պետական համալսարանները,
Ռուսաստանը…
Մի´ ծխիր ինձ,
Բա´ռ,
Խոստանում եմ,
Որ էլ բերանդ չեմ խցկի ամեն պատահածի թողած բացակայությունը,
Ամեն պատահածի թողած տագնապը,
Ամեն պատահածի թողած սերը
Խոստանում եմ,
Որ քեզ էլ ցավազրկողի տեղ չեմ դնի,
Թունդ ռոմի տեղ չեմ դնի,
Գիշերային ակումբի տեղ չեմ դնի…
Կսիրահարվեմ քեզ,
Ինչպես կինոյի վերջում հայտնված փրկչին,
Ու մի ամբողջ կյանք հետդ մենակ կմնամ…