Արսեն Ներսես | Հերովդեական

…нельзя молиться за царя Ирода.
А.С. Пушкин «Борис Годунов»

1
Ձայն բարբառոյ

Խաբված ու ստախոս մի ամբոխ
մեր հոգիները քարշ է տալիս
փողոցից փողոց։

Մայթերին,
սիրո մասին պատմություններով
լեփ լեցուն պուրակներում,
լքված բանաստեղծություններ կան՝
սիրո մասին։

— Օ, ձայն բարբառոյ,
օ, ձայն բարբառոյ
փողոցներում…

Ամենուր
չփրկված բանաստեղծություններ կան.

— էլի էլի լամա սաբաքթանի…

…աղմուկով սողում ենք մենք,
շառաչելով սողսում ենք մենք
նրանց մարած շշուկների միջով.

— Դու պոետ ես,
դու՝ փիլիսոփա,
քո բանաստեղծություններն այս աշխարհից չեն:

 

2
Հացին երգը

Սահմանին խոցված
տների ուրվականները

կուչ են եկել
ճամփաների վրա
և արվարձաններում
անխոցելի ու գիրացող
քաղաքների։

Եվ ցորյանի արտում
պայթող արկը
չարախինդ մի երգ է երգում,

լուսառատ փողոցների
վաճառատներում,

հացի մասին։

3
Ընտրյալները

Դու չկաս,
դու իրական չես մեռնելու համար,
միս ու արյուն չէ քո անվան մեջ,
բարաբբա՛,

քանզի մահը սադրանք է միայն,
որ հնարել են
խաչի վրա ձանձրույթից չարացած
ու մոռացված պոետները։

Եվ երբեք չի լինելու այնպես,
որ մեռած երեխաներ
հառնեն գերեզմանից…[1]

Անքններլի են ընտրյալները,
բարաբբա՛։

 

5
Հայր ներիր նրանց

դու ժամանակն ես
դու տարածությունն ես

բարաբբա

որ ծափերի ներքո է
կառափնարանից իջնում

— և այնտեղ կլինի լացը սգավորների
— և նրանց լացը քեզ փառք է խոստանում

— և այնտեղ կլինի ծիծաղը գոհացած գովյալների
— և նրանց ծիծաղը քեզ գահ է խոստանում

— և այնտեղ կլինի իմաստության խրախճանքը
աշխարհի որդիների
— և նրանց իմաստությունը
քեզ անմահություն է խոստանում

— գուցե աշխարհում
այս ավերակներն են միայն
որ նոր կյանքի ու նոր քաղաքների
անվերջ հույսեր են հորինում
ինչ-որ հետձմեռային ցուրտ գիշերվա մեջ
և առատ սեղանների շուրջ
որևէ անավարտ պատերազմի

— Հայր ներիր նրանց

Հայր ներիր նրանց
աչքերում ապրող ավերակները

 

6
խաղաղության մեջ

խաղաղության մեջ
իրական են միայն կասկածները

հաշտությունն ավելին չէ
քան կուռքերի պես փայլեցված
ապագա շքանշանները հետմահու

միայն թշնամին է
որ մեղմում է գուցե
տիեզերական մենությունը մեր

… և մինչ հապաղում է հաջորդ արհավիրքը
դեռ նախորդն է թափառում փողոցներում
քարշ տալով ստվերը հաջորդի

…և բոլոր մարգարեություններն
ու ժամանակագրությունները սերտած
մարգարեներն ու քահանայապետերը
խաչի դիմաց սպասում են
բանաստեղծության մահվանը

 

7
panem et cicenses

նրանք
որ վախեցան մահից

սիրեցին մահը միայն

ու դարձան
ձանձրույթից մեռնող ամբոխ

որ հարություն է առնում
խելագարության մեջ
ամֆիթատրոնի

— օ կայսր իմ
կայսր իմ

լցրու մեր աչքերը
մահով

 

8
Ռաքելի ողբը

«Մի ձայն լսվեց Ռամայում, ողբ, լաց ու գույժ. Ռաքելը ողբում էր իր իր որդիներին, որդիների համար չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք չկային»։
Երեմիա 31:15

հիշո՞ւմ ես
որքան իրական էին մարդիկ

ու որքան երկար էին
ցավից աղմկում

հիմա փետուրի պես թեթև
ճախրում են նրանք
թարմ գերեզմանների վրայով

սպանված մանկանց

— օ, որքան որքան է
ռաքելն արդեն մխիթարվել
ու երջանիկ է նորից —

…դու տեսե՞լ էիր
որ կյանքն այսքան օրհնված
և ապրելն
այսքան անիծված լիներ
ով հերովդես

 

P.S

…ավերակների վրա
ավերակների վրա
ճախրող հրեշտակի կռինչն է
միակ կենդանությունն ավերակների

— մարդու որդին այստեղ հավատք չգտավ
— մարդու որդին այստեղ հավատք չգտավ

 

[1] «Բորիս Գոդունով» օպերայից

Слыхал ли ты когда-нибудь,
чтоб дети мёртвые
из гроба выходили…
Допрашивать царей… царей… законных,
избранных всенародно…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *