Ննիմմո Բասսեյը Նիգերիացի բնապահպան ակտիվիստ է, գրող-հրապարակախոս, ճարտարապետ և քահանա: Նա ղեկավարում է «Մայր Երկրի Առողջությունը» էկոլոգիական հետազոտական կազմակերպությունը: Հրատարակել է մի շարք գրքեր. «Մենք կարծում էինք, որ նավթ է, բայց արյուն էր (2002թ.), «Ես չեմ պարի քո ռիթմի տակ(2011թ.), «Եփել Մայրցամաքը. կործանարար արդյունահանումը և կլիմայական ճգնաժամը Աֆրիկայում» ( 2012թ.), «Նավթային քաղաքականություն՝ էկոլոգիական պատերազմի արձագանքները» ( 2016թ.) և «Ես տեսնում եմ անտեսանելին(2023): Նրա ստեղծագործությունները անդրադառնում են նավթարդյունաբերության և արդյունահանության հետևանքով բնության ավերածությանը, տեղացի բնակիչների կյանքի, սոցիալ-տնտեսական, առողջապահական և այլ իրավունքների կոպիտ ոտնահարումներին:
Երբ երկիրն արնահոսում է
Լսել եմ` նավթը շարժման մեջ է դնում ամեն ինչ
Իրականում
Նավթը կանգնեցնում է կյանքը
Որովհետև
Նավթը միայն հոսում է
Երբ երկիրն արնահոսում է
Հազար ճայթյուն երկրի փորում
Արնահոսող սարքեր, պայթող խողովակներ
Այս նավթը հոսում է
Երկրի մահամերձ անկողնուց
Որովհետև
Նավթը միայն հոսում է
Երբ երկիրը արնահոսում է
Նրանք աշխատում են մթի քողի տակ
Արձակենք մեր լույսերը
Մարենք նրանց գազաբոցերը [1]
Երևան հանենք ագահությունը
Որովհետև
Նավթը միայն հոսում է,
Երբ երկիրն արնահոսում է
Կոնֆերանսի սրահներում
Մենք խոսում ենք քարե պարտեզներում
Օվկանիոսն է ողողում մեր աչքերը
Մինչդեռ Օգոնիլենդում շնչել անգամ չենք կարողանում
Որովհետև
Նավթը միայն հոսում է,
Երբ երկիրն արնահոսում է
Ի՞նչ ենք անելու
Ի՞նչ պիտի անենք
Հենց այնպես նստե՞նք
Լացուկո՞ծ կապենք
Վեր կացեք, մարդիկ, վեր կացեք
Եկեք միանանք մեր բռունցքներով
Վիրակապենք երկրագունդը
Որովհետև
Նավթը միայն հոսում է,
Երբ երկիրն արնահոսում է
Նավթը միայն հոսում է
Երբ երկիրն արնահոսում է
[1] Նավթարդյունահանման պրոցեսում առաջացած գազն այրում են` աղտոտելով մթնոլորտը (ծ.թ.):
[2] Շրջան Նիգերիայում, որը մեծապես տուժել է նավթային արդյունաբերության աղտոտումից (ծ.թ.):
Կարծում էինք նավթ է, բայց արյուն էր
Այն օրը
Մենք պարում էինք փողոցներում
Սրտներումս բերկրանք
Կարծում էինք ազատ ենք
Երեք ջահել ընկան մեզանից աջ
Անհամար ավելին մեզանից ձախ
Վեր նայելով`
Ամբոխից հեռու
Տեսանք տաք կարմիր զենքեր
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
Սրտներս բերաններս ելած
Լողալով հույզերի չոր ջրհորներում
Ցատկոտեցինք զայրույթով
Ծիծաղելի չէր, գիտեինք
Հետո մենք տեսանք
Վառ կարմիր ջրափոսեր
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
Արցունք չի հոսում,
Երբ սպիապատ ես
Սկզբում Օգոնիներն էին [1]
Այսօր Իջոները
Վաղն ու՞մ են սպանելու
Տեսնում ենք բաց բերաններ,
Բայց ճիչեր չենք լսում
Մինչև ծնկերնս
Կանգնած ջրափոսում
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
Չորացած արցունքագեղձեր
Աղտոտված աղբյուրներ
Ամեն ինչ իրական է
Երբ հայտնվում է երազներում
Տեսնում ենք նրանց Խեցիները [2]
Ռազմական վահանների տակ
Չար, սարսափելի կառափնարաններ նավթային աշտարակ անունով
Շաղափում են մեր հոգիները
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
Երկինքը բաց է
Գլուխներիս վրա
Բովված երազներ բոցավառ
Ու հարած երկնքում
Միլիոն սև անցքեր
Այրված երկնքում
Նրանց խողովակները պիտի պայթեն
Բայց չեն պայթի մեր երազանքները
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
Սա ենք ասում ձեզ
Կարող է բոլորին սպանեն
Բայց արյունը կխոսի
Կարող է բոլորին շահեն
Բայց հողը ԿԸՄԲՈՍՏԱՆԱ
Կարող է մեռնենք, բայց կենդանի մնանք
Սալաքարին դրված
Սպանված ցերեկով
Մենք ապրում ենք
Վաղուց արդեն զոհաբերված
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
Կարծում էինք նավթ է,
Բայց արյուն էր
[1] Հեղինակը հավանաբար ակնարկում է Նիգերիայի Օգոնի ցեղախմբի 9 բնապահպան ակտիվիստներ մահապատիժը 1995թ. և շուրջ 100 Իջոների կոտորածը Իդո քաղաքում 1999թ.:
[2] Բառախաղ է, նավթարդյունաբերող Shell ընկերության անվանումը բառացիորեն նշանակում է խեցի (ծ.թ.)
Վերադարձ ի գոյություն
Ճակատամարտը մոլեգնում է
Ո՞վ պետք է լափի ածխածնի բյուջեն, [1]
Պատի Մայր Երկիրը անվերջ ծխի քուլաներով
Ու՞մ խնդիրն է կուտակել կլիմայական պարտքը
Իսկ ո՞ւմ բաժինը լինել ածխածնի ստրուկը
Գաղութացնել կենսոլորտը
Բնաջնջել էթնոլորտը
Հույսեր` քարտեզագրված մահվան գաղութային աշխարհագրություններում
Հաճույքի համար սպիացված, ականապատ ու արյան վրա լողացող
Պայթեցրե՜ք թաղման թմբուկները
Ամուր ձգեցե՜ք տուրնիկետները կոշտ գլխարկների մեջ թաքնված կոշտ այդ սրտերին
Դատարկե՜ք խողովակները հիշողությունների չորացած նստվածքից ու իմացե՜ք
Մահացու պատուհասներին սիրուն անուններով կոչելը դրանց երբեք էլ բարյացակամ չեն դարձրել
Ոչ էբոլան: Ոչ էլ նորույթը նոր կորոնավիրուսի
Ի՜նչ երեխաներ եմ ծնել, հառաչում է Մայր Երկիրը
Փշալարված համայնքային տարածքներ նուրբիկ [2] ու արնոտ որսորդների համար, որ առյուծ խփեն
Գազանանոցներով տարված քաղաքակրթված երեխաներ, որ վանդակում են մեր բարեկամներին հանուն վայրի բնության հետ շփման
Բոլորը պատրաստ հաց խլել որբերի զարմացած բերաններից
Հիմա բոլորը դիմակներով, կոստյումներով ու յոթ միլիարդ սրսկում ըննդեմ կենդանածին գրկախառնությունների:
Լսիր ոտնաքայլերը նահանջող շուկայի հրապարակերից
Շա՞տ ես հեռացել, որ լսես
Լսիր աղմուկը դիմադրության մերկ շուկայական ուժերին,
Որ քանդել են բնակավայր ու ապրելատեղ
Հողեր, ծովեր և երկինքներ` խլված, բայց երազանքները չեն կարող սանձվել
Քանզի Հողի դուստրերը միշտ զգոն են, արթուն, ու ամբարձում են երկինքը
Եվ նրա ջրային փոշիները
Գիտելիք` շուկայական բնապահպանության և լկտի արդյունահանության չարքերի ձեռքով չարչրկված
Իսկ որսորդի պայուսակը զանգվածային ոչնչացման զենք
Ուռած գրպաններում եղջույրներ ու փղոսկր, տարբեր ապուշ աֆրոդիզիակներ թույլ ուղեղերի համար
Սողում են Սավաննայով` ոտնակոխ անելով մեր նախնյաց օջախները
Ինչ է, նայե՞նք սոսկ` աքսորված, լուռ, մռայլ, ցած ու բնաջնջված մինչ մեր ծառերը կերպարանափոխվում են ածխածնի կլանիչների
Երազն ավարտված է, աքաղաղը կանչեց
Մատնիչը ճյուղ է որոնում շարժվող ճոճանակ կապկելու համար
Իսկ մեկ-երկուսը արցունք են թափում մամուլի առաջ
Մինչ բազեն ճախրում է փափուկ սգո քամու թևերին որոնելով դժբախտ զոհին
Թաղման թմբուկներն են փայթում` զարկերակելով ցավի երկգլուխ մկաններ
Ֆլեյտաները շշնջում են վաղուց մոռացված մի եղերգություն, որը հառնում է հանկարծ խորքերից ջնջված պատմության
Մինչ հողի դուստրերն ու որդիները հավաքում են սուրբ բլուրների, գետերի, անտառների կտորտանքները
Մայր Երկիրն արթնանում է, գրկում իր տեսանելի և անտեսանելի զավակներին
Եվ մարդիկ վերջապես վերադառնում են ի գոյություն:
[1]Ածխածնի բյուջե՝ մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի առավելագույն թույլատրելի քանակը, որպեսզի գլոբալ տաքացումը չգերազանցի սահմանված շեմը (ծ.թ.)
[2]Խոսքը գնում է ընդհանուր օգտագործման հողատարածությունները վայրի կենդանիների որսորդների համար (trophy hunters) մասնավոր տարածքի վերածելու պրակտիկային(ծ.թ.)
Թարգմանությունը անգլերենից՝ Մերի Պողոսյանի
