Լու Սյուն | Անցողիկ փոթորիկ

Արևը դանդաղ հավաքում էր իր ոսկե թելերը գետի մոտ սփռված եղեգնուտներից։ Ափին աճող ճարպածառերի  չորացած տերևները ի վերջո շնչում էին, իսկ  ներքևում  բզզալով պար էին բռնում մոծակները։ Գետամերձ տների ծխնելույզներից բարձրացող  ծուխը նոսրանում էր, կանայք և երեխաները ջուր էին ցանում իրենց դռների դիմաց և դուրս բերում փոքր սեղաններն ու աթոռակները: Ընթրիքի ժամն էր։

Ծերունիներն ու մեծահասակ տղամարդիկ, աթոռակների վրա նստած, պարապ զրուցում էին՝ թափահարելով բանանի տերևներից պատրաստած հովհարները, իսկ երեխաները վազվզում էին կամ չոքում ճարպածառերի տակ ու գետաքարերով խաղ անում։ Կանայք էլ տաք-տաք ուտելիքներն էին բերում. շոգեխաշած սև-չոր բանջարեղեններ ու դեղին բրինձ։ Մակույկով անցնող մի խումբ գինովցած արվեստագետներ, տեսնելով այդ տեսարանը, լիրիկական զեղում ունեցան. «Ի՜նչ  խաղաղ գյուղական տեսարան է»։

Սակայն նրանց բացականչությունը լիովին չէր համապատասխանում իրականությանը, որովհետև հենց նույն պահին ծեր Ինը Ծինը, ձեռքի պատռված հովհարը աթոռակի ոտքին հարվածելով, դժգոհում էր.

—  Յոթանասունինը տարի  ապրում եմ  էս աշխարհում, բայց էլ հերիք է։ Ընթրիքից առաջ բոված լոբի են ուտում, ո՞վ է նման բան տեսել․ մեռնեի՝ աչքս չտեսներ։

Նույն պահին  նրա ծոռնուհի Վեց Ծինը[1], ձեռքին մի բուռ լոբի,  վազում էր սեղանի կողմ, բայց լսելով տատի դժգոհությունը՝ ճանապարհը թեքեց ու թաքնվեց գետի ափին գտնվող ճարպածառի հետևում, ապա վերև պարզելով գլխի՝ եռաժանու նմանվող հյուսքերը՝ բղավեց՝ «քավթա՛ռ»։

Ու չնայած, որ իր պատկառելի տարիքում Ինը Ծինը  լավ լսողություն ուներ, բայց երեխայի  բառերը չլսեց, պարզապես մրմնջաց իր հին խոսքը.

— Է՛ս սերունդը սերունդ չի։

Մի փոքրիկ փաստ այս գյուղի յուրահատկությունների մասին. երբ կինն այստեղ երեխա էր ունենում, նրան կշռում էին, և ըստ քաշի երեխային մականուն տալիս։

Իր հիսունամյակը նշելուց հետո Ինը Ծինն աշխարհի հանդեպ գնալով ավելի անբարեհաճ էր դարձել։ Անդադար բողոքում էր, որ իր երիտասարդ տարիներին եղանակն այդքան շոգ չէր, լոբին էլ այդքան պինդ չէր։ Կարճ ասած՝ ժամանակներն այն չէին։ Այլապես Վեց Ծինն ինչո՞ւ պետք է իր մեծ տատիկից երեք ծին թեթև լիներ, իսկ հորից՝ Յոթ Ծինից, մեկ ծին պակաս։ Սրանք իսկապես ժամանակների ու բարքերի անկման անհերքելի ապացույցներ էին։ Ահա հենց այս պատճառով էր նա ամեն օր կրկնում․ «Է՜հ, էս սերունդը սերունդ չի․․․»։

Թոռան հարսը՝ Յոթ Ծինի կինը, բրնձով լի զամբյուղը շրխկացրեց սեղանին ու բորբոքված ասաց.

— Էլի քո՞նն էս կրկնում։ Վեց Ծինը երբ ծնվեց, վեց ու կես ծին[2] չէ՞ր։ Էլ չասեմ, որ ձեր տան կշեռքով տասնութ լյանն[3] է մեկ ծին, եթե ճիշտ կշեռք լիներ, տասնվեց լյանը՝ մեկ ծին, մեր Վեց Ծինը հաստատ յոթ ծինից ավել կլիներ։ Պապիկն ու հայրիկն էլ հաստատ մաքուր ինը կամ ութ ծին չեն եղել, նրանց կշեռքը երևի տասնչորս ծինանոց է եղել…

— Չէ՛, էս սերունդը սերունդ չի․․․

Մինչ տիկին Յոթ Ծինը  կպատասխաներ,  նկատեց, որ ամուսինը նրբանցքից դուրս գալով՝ շարժվում է տան ուղղությամբ, բղավեց.

— Էս ո՞ւր ես կորել, ա՛յ անբան։ Բոլորս քեզ ենք սպասում, որ հացի նստենք։

Յոթ Ծինը թեպետ գյուղում էր ապրում, բայց առաջադեմ մարդ էր։ Իր պապից սկսած՝ արդեն երեք սերունդ իր ընտանիքի ոչ մի տղամարդ ձեռքը բահ չէր վերցրել։ Ինքն էլ նրանց նման մակույկի վրա թիավար էր աշխատում։ Ամեն առավոտ Լուճընից դեպի քաղաք ուղևորներ էր տանում,  իսկ երեկոյան՝ հետ բերում, հետևապես  միշտ տեղյակ էր բոլոր իրադարձություններից․ գիտեր, թե որտեղ է ամպրոպի աստվածը կախարդական հազարոտանուն սպանել, կամ որտեղ է մի կույս չար ոգի ծնել և այսպես շարունակ։

Գյուղում նա ակնառու մարդ էր համարվում, բայց գյուղական ավանդույթները խախտելու իրավունք չուներ, իսկ քանի որ ամռանն ընթրում էին առանց լամպը վառելու, ապա նա լիովին  արժանացել էր կնոջ կշտամբանքին։ Յոթ Ծինը, գլուխը կախ, դանդաղ մոտեցավ ու նստեց աթոռակին՝ ձեռքին պահելով իր մոտ վեց չը[4] երկարությամբ բծավոր բամբուկից ծխամորճը՝ փղոսկրյա բերանով և մելքիորի ծխափողով։ Այդ պահին Վեց Ծինը «պապա» բացականչելով դուրս պրծավ ու նստեց հոր կողքին, բայց Յոթ Ծինը նրան չպատասխանեց։

— Էս սերունդը սերունդ չի,—  փնթփնթաց Ինը Ծինը։

Յոթ Ծինը դանդաղ բարձրացրեց գլուխն ու խորը հոգոց հանեց.

— Կայսրը կրկին գահ է բարձրացել։

Կինը մի պահ սառեց, հետո կարծես լուսավորվելով՝ բացականչեց.

— Շա՛տ լավ է, հիմա  նորից ընդհանուր համաներում կլինի, չէ՞։

— Պոչիկ չունեմ,—  դարձյալ հառաչեց Յոթ Ծինը։

— Կայսրը նորից մազափո՞ւնջ է պարտադրելու։

— Հա՛, անպայման։

— Ի՞նչ գիտես,— անհանգստացած հարցրեց կինը։

— «Սիեն Խըն» պանդոկում բոլորը դրա մասին  էին խոսում։

Այստեղ կինը հասկացավ, որ բանն իսկապես բուրդ է, քանի որ «Սիեն Խըն» պանդոկում հնչած նորությունները սխալ չէին լինում։ Հայացք գցելով ամուսնու սափրած գլխին՝ զայրացավ, վրդովվեց, հուսահատվեց, հետո մի աման բրինձ լցրեց ու աղմուկով դրեց ամուսնու առաջ՝ ասելով.

— Բրինձդ կե՛ր։ Ինչքան էլ դժգոհես, դրանից մազեր չեն աճի։

Արևը հավաքեց իր վերջին ճառագայթները, և ջրից զովություն փչեց։ Ամեն կողմից լսվում էին թասերի զնգոցն ու փայտիկների չխկչխկոցը, իսկ մարդկանց մեջքերից քրտինք էր հոսում։ Ավարտելով բրնձի երրորդ բաժակը՝ Յոթ Ծինի կինը բարձրացրեց գլուխը, և սիրտը հանկարծ սկսեց խփել. ծառերի հետևից երևաց Ճաոյի կարճ ու հաստլիկ կերպարանքը, որը, երկար շափյուղակապույտ զգեստը հագին, անցնում էր մեկ տախտակից կառուցված կամրջով։

Պարոն Ճաոն ոչ միայն հարևան գյուղի «Բարգավաճ» գինետան սեփականատերն էր, այլև  երեսուն լիի շառավղով տարածքում  միակ նշանավոր և գիտուն մարդը։  Խելոք մարդ լինելով հանդերձ՝  նրանից մի տեսակ անցած ժամանակների հոտ էր գալիս։ Այսպես, օրինակ, նրան հաճախ կարելի էր տեսնել Ծին Շընթանի[5] ծանոթագրություններով «Եռաթագավորություն»[6] բազմահատոր վեպը բառ առ բառ ուսումնասիրելիս։ Նա հանգիստ կարող էր թվարկել ոչ միայն «հինգ հրամանատարների»[7] անունները, այլ նաև այդ բոլոր զորավարների մականունները։ Նա գիտեր, օրինակ, որ  Խուան Ճոնին նաև Հանշըն էին անվանում, իսկ Մա Չաոյին՝ Մընցի։ Հեղափոխությունից հետո նա իր երկար մազափունջը օղակաձև ոլորել էր գլխի վրա՝ ճիշտ ինչպես դաոսական վանական, և հաճախ հոգոց հանելով՝ կրկնում էր, որ եթե  Ճաո Ծըլան[8] զորապետը ողջ լիներ, ապա աշխարհն այդ աստիճան խառը չէր լինի։ Սրաչք լինելով՝ տիկին Յոթ Ծինը հեռվից նկատեց, որ Ճաոն այլևս վանականի տեսք չուներ. նրա գլխի առաջամասը մաքուր սափրած էր, իսկ մազափունջը՝ քանդած։ Այժմ նա հստակ համոզվեց, որ կայսրն իսկապես գահ է բարձրացել, ու պոչիկն այսուհետ պարտադիր է լինելու, և որ իր ամուսնուն մահացու վտանգ է սպառնում։ Եվ բացի այդ, պարոն Ճաոն իր բամբակե երկար զգեստն ամեն օր չէր հագնում։ Վերջին երեք տարում նա այդ զգեստով հայտնվել էր ընդամենը երկու անգամ․ երբ հիվանդացել էր իր հակառակորդ չեչոտ Ասընը, մյուսն էլ, երբ ժամանակին իր գինետունը ջարդուխուրդ արած պարոն Լուն էր մահացել։ Այսօր երրորդ անգամն էր, և դա իհարկե, նշանակում էր, որ պարոն Ճաոն ինչ-որ հաղթանակ է տոնում, իսկ նրա թշնամիները կործանված են։

Հիշելով, թե ինչպես էր երկու տարի առաջ իր ամուսինը հարբած վիճակում Ճաոյին «շանորդի» անվանել, կինը միանգամից զգաց մոտեցող սպառնալիքը, և նրա սիրտն ավելի ուժգին սկսեց խփել։

Երբ Ճաոն անցնում էր ընթրողների կողքով, նրանք բոլորը փայտիկները ձեռքներին ոտքի էին կանգնում և մատնացույց անելով բրնձի թասերը՝ հրավիրում էին նստել և իրենց հետ կիսել ուտելիքը:

— Պարո՛ն Ճաո, մեր սեղանի մոտ նստեք։

Բայց նա բոլորին «շարունակե՛ք, շարունակե՛ք» ասելով՝ շարժվեց դեպի Յոթ Ծինի ընտանիքի սեղանը։ Այստեղ նույնպես բոլորը վեր թռան տեղերից՝ նրան հրավիրելով  իրենց հետ ընթրելու։

— Շարունակե՛ք, շարունակե՛ք,— ժպտալով ասաց Ճոն՝ միաժամանակ ուսումնասիրելով սեղանի պարունակությունը։

— Ի՜նչ անուշ հոտ է գալիս։ Լսե՞լ եք վերջին նորությունը։
Ճաոն կանգնած էր Յոթ Ծինի հետևում՝ դեմքով դեպի նրա կինը։

— Կայսրը կրկին գահ է բարձրացել,—  ասաց նա՝ կանգ առնելով Յոթ Ծինի մեջքի հետևում, բայց դիմելով նրա կնոջը։

Տիկին Յոթ Ծինը, իր լավագույն ժպիտով Ճաոյի դեմքին նայելով, հարցրեց․

— Հիմա, երբ կայսրը կրկին գահին է, ե՞րբ  սպասել գթասրտության և ընդհանուր համաներումի։

— Ամեն բան իր ժամանակին, ամեն բան իր ժամանակին,— ասաց Ճաոն, իսկ հետո դեմքի արտահայտությունը  խստացնելով՝ շարունակեց.— Իսկ որտե՞ղ է ձեր ամուսնու մազափունջը։ Սա կատակ բան չէ։ Հիշո՞ւմ եք՝ երկարամազների ժամանակ[9] մի խոսք կար. մազերդ պահիր՝ գլուխդ կորցրու, գլուխդ պահիր՝ մազերդ կորցրու…

Յոթ Ծինն ու իր կինը կարդացած մարդիկ չէին, ուստի պատմական ակնարկը տեղ չհասավ։ Բայց հասկանալով, որ եթե ամենագետ Ճաոն այդպես է ասում, ապա վիճակն իսկապես լուրջ է։ Աղետն անխուսափելի էր․ նրանք լռեցին` իրենց ականջներում զգալով Ճաոյի խոսքերի՝ մահվան զանգի պես հնչող ծանրությունը։

— Էս սերունդը սերունդ չի,— առիթից օգտվելով՝ միջամտեց Ինը Ծինը և դիմեց Ճաոյին,— Էս նոր երկարամազներն  ամեն բան իրար են խառնել․ վերցնում ու բոլորի մազերը կտրում են, տղամարդիկ ոնց որ վանական լինեն, չես հասկանում՝ բուդդայակա՞ն, թե՞ դաոսական։  Յոթանասունինը տարի  ապրում եմ  էս աշխարում,  էլ հերիք է։ Մեր ժամանակ երկարամազներն էդպես չէին․ գլխներին մինչև հատակ հասնող կարմիր մետաքսի կտոր  էին փաթաթում, իշխաններն էլ դեղին մետաքս էին կրում։ Դեղին մետաքս…կարմիր մետաքս…Է՜հ, արդեն յոթանասունինը տարի ապրում եմ էս աշխարհում․․․

— Բա մենք հիմա ի՞նչ ենք անելու,— ոտքի կանգնելով՝ ասաց Յոթ Ծինի կինը․ մեր ամբողջ ընտանիքը՝ ծեր ու մանուկ, բոլորս նրա հույսին ենք։

— Ոչինչ չես կարող անել,— գլուխը տմբտմբացնելով՝ ասաց Ճաոն,— պոչիկ չունենալը հանցանք է, օրենսգրքում սևը սպիտակի վրա կետ առ կետ գրված է, ընտանիքի մեծությունն էստեղ կապ չունի։

Լսելով, որ այդ մասին նույնիսկ գրքերում է գրված, Յոթ Ծինի կինը վերջնականապես հուսահատվեց։ Հուսահատության մեջ նա ամբողջ զայրույթը թափեց ամուսնու վրա և ձեռքի փայտիկները ուղիղ նրա քթին ուղղելով՝ գոռաց.

— Սա՛ ինքն է իր սեփական գերեզմանը փորել։ Դեռ այն ժամանակ, երբ ապստամբությունը սկսվեց, ես նրան ասացի․ «Մի՛ քշիր նավակը, մի՛ գնա քաղաք»։ Բայց, չէ՛, նա մեռներ էլ, պիտի քաղաք գլորվեր։ Գնաց ու ի՞նչ․ քաղաք չմտած՝ բռնեցին ու պոչիկը խուզեցին։ Նախկինում սև, փայլուն պոչիկ ուներ, իսկ հիմա՞, ո՛չ բուդդիստի տեսք ունի, ո՛չ դաոիստի։ Ինքն է իր սեփական գերեզմանը փորել, մեզ էլ հետն է քարշ տալիս։ Կենդանի՛ դիակ։

 Ճաոյի գալուց հետո գյուղացիները արագ արագ-արագ ավարտեցին իրենց ուտելն ու հավաքվեցին Յոթ Ծինի սեղանի շուրջը։ Գիտակցելով, որ ինքը հայտնվել է թատերաբեմի կենտրոնում և գյուղացիների մոտ ինչ-որ կերպ պետք է պահպանի իր հեղինակությունը, որ խաթարվել է  կնոջ ամոթանքների պատճառով, Յոթ Ծինը բարձրացրեց գլուխն և դանդաղ ասաց.

— Է՛հ, դու հիմա ես էսպես խոսում, իսկ է՞ն ժամանակ…

— Կենդանի՛ դիակ։

Ամենից բարեսիրտը Պաիի այրին գտնվեց: Նա կանգնած էր Յոթ Ծինի կնոջ կողքին՝ գրկում պահած մեկ տարեկան երեխային, որը ծնվել էր հոր մահից հետո, և հետևում էր ընդհանուր աշխուժությանը, բայց տեսնելով, որ ամեն բան շատ հեռուն է գնում, փորձեց խաղաղեցնել.

— Էդքան մի՛ լարվիր, քո՛ւյր Յոթ Ծին,  ոչ ոք  էլ չէր կարող կանխատեսել ապագան։ Չէ՞ որ  ժամանակին ինքդ էիր ասում, որ պոչիկ չունենալը խայտառակություն չէ։ Համ էլ նախարարությունից դեռ որևէ ծանուցում չի եղել….

Մինչև վերջ չլսելով Պաիի այրու խոսքերը՝ Յոթ Ծինի՝  վաղուց արդեն մինչև ականջները բորբոքված կինը շրջվեց այրու կողմն ու փայտիկները նրա քթին մոտեցնելով՝ գոռաց.

— Էս ինչե՞ր ես խոսում, տիկի՛ն Պայի, ո՞նց կարող էի ես նման հիմարություն դուրս տալ։ Երբ էդ պատահեց, ես ամբողջ երեք օր լաց եղա, բոլորն են տեսել։ Նույնիսկ էս մի մատ երեխան՝ Վեց Ծինն էր լաց լինում․․․

Վեց Ծինը այդ ընթացքում վերջացրել էր բրինձը և դատարկ ամանը ձեռքին աղաղակում էր։ Մայրը, համբերությունը կորցնելով, փայտիկները խրեց աղջկա հյուսքի մեջ, քաշեց  ու նորից դառնալով տիկին Պային՝  գոռաց.

— Համ էլ ո՞վ քեզ խնդրեց մեջ ընկնել, անառա՛կ այրի։

Չը՛խկ։ Դատարկ ամանն ընկավ Վեց Ծինի ձեռքից ու հարվածելով աղյուսին՝

մի մեծ ճեղք թողեց մետաղի վրա։ Յոթ Ծինը տեղից վեր թռավ, վերցրեց գետնին ընկած ամանն ու սկսեց ուսումնասիրել այն։

—  Քո՛ մերը․․․— հանկարծ բղավեց նա, ու ձեռքի մեկ ապտակով դստերն այնպես ապատկեց, որ նա գետնին ընկավ ու սկսեց լաց լինել այնքան ժամանակ, մինչև որ  Ինը Ծինը նրա ձեռքից քաշելով տարավ՝ քթի տակ մռթմռթալով․

— Էս սերունդը սերունդ չի։

Տիկին Պային էլ բարկացած բացականչեց.

— Տիկի՛ն Ինը Ծին, համա թե լավ երեխա եք ծեծում, հա՜․․․

Մինչ այժմ պարոն Ճաոն ժպիտը դեմքին դիտորդի դերում էր, բայց երբ Պային խոսեց նախարարությունից որևէ ծանուցում չլինելու մասին, սկսեց զայրանալ։ Նա շրջանցեց սեղանն ու ասաց.

— Երեխա ծեծելուց եք խոսում, բայց բանակն ուր որ է տեղ կհասնի։ Հասկացե՛ք, նրանց այս անգամ զորապետ Ճանն[10] է ուղեկցում, նույն ինքը՝ Յեն թագավորության հրամանատար Ճան Ֆեյի ժառանգը։ Նա տասնութ ոտնաչափ երկարությամբ օձի խայթոցի պես սուրսայր նիզակ ունի ու քաջություն, որը բավական է միանգամից տասը հազար զինվոր ոչնչացնելու համար։ Ո՞վ կարող է նրա դեմն առնել,— ասաց նա ու  բռունցքներն օդում թափահարելով՝ կարծես, իրոք, բռնել էր օձի խայթոցի նման սայրով նիզակը, քայլեց դեպի այրի կնոջն կողմն ու գոռաց․— Դու կարո՞ղ ես նրա դեմն առնել։

Այրի կինը, զայրույթից շնչահեղձ լինելով, դողում էր ամբողջ մարմնով, բայց տեսնելով Ճաոյի քրտնած դեմքն ու պլշած աչքերը, որը երևակայական նիզակը ձեռքին դեպի իրեն էր շարժվում, վախից շրջվեց ու առանց խոսքը վերջացնելու՝ հեռացավ։ Ճաոն հետևեց նրան։ Հավաքվածները ճանապարհ բացեցին նրանց համար՝ միաժամանակ մեղադրելով Պային քիթը ուրիշի գործերի մեջ խոթելու համար։ Մի քանի մարդ, որոնք նորից սկսել էին մազափունջ երկարեցնել, պարոն Ճաոյի ահից թաքնվեցին ամբոխի հետևում։ Բայց Ճաոն, առանց մյուսների մազերը զննելու, անցավ ամբոխի միջով ու կտրուկ թեքվելով դեպի ճարպածառերը և «դուք կարո՞ղ եք նրա դեմն առնել» գոռալով՝ անցավ  մեկ գերանից սարքած կամուրջն ու ինքնագոհ հեռացավ։

Գյուղացիները քար կտրած կանգնել էին՝ գիտակցելով, որ իրենցից ոչ ոք չէր կարող կանգնեցնել գեներալ Ճան Ֆեյին, իսկ Յոթ Ծինն առավել ևս։ Ոմանք նույնիսկ չարախնդում էին՝ հիշելով, թե անցած օրերին ինչպես էր Յոթ Ծինը, ինքնահավան կեցվածքով, երկար ծխամորճը բերանին, պատմում քաղաքից եկող նորությունները։ Այդ մարդիկ նույնիսկ հաճույք էին ստանում Յոթ Ծինի անբախտությունից։

Հավաքվելով ծառերի տակ՝ մոծակները ժամանակ առ ժամանակ բարակ բզզոցով հարձակվում էին կիսամերկ մարդկանց վրա։ Աստիճանաբար բոլորը ցրվեցին տներով և փակելով դռները՝ պառկեցին քնելու։  Տիկին Յոթ Ծինն էլ, ինքն իրեն փնթփնթալով, հավաքեց ամանեղենը, տուն տարավ սեղանն ու աթոռակները, փակեց դռները և ինքն էլ գնաց քնելու։

Վերցնելով կոտրված ամանը՝ Յոթ Ծինը գնաց նստեց դռան շեմին՝ ծխելու, մինչև նկատեց, որ վեց չը երկարությամբ ծխամորճի մոխրալույսը (իր փղոսկրե բերանով և անագե ամանով) մարեց ու սևացավ իր ձեռքում՝ առանց գեթ մեկ անգամ իր բերանին մոտենալու։ Նա հասկանում էր, որ իրավիճակը տագնապալից էր, փորձում էր որևէ ելք գտնել, որևէ ծրագիր մշակել, բայց մտքերն այնքան խառն էին, որ չէր կարողանում կենտրոնանալ։ «Պոչիկն ո՞ւր է»… «Օձի խայթոցի պես սուրսայր նիզակ»… «Էս սերունդը սերունդ չի»… «Կայսրը կրկին գահ է  բարձրացել»… «Կոտրված ամանը պետք է քաղաք տանեմ, որ գամեն»։  «Ո՞վ կարող է նրա դեմն առնել»… «Օրենսգրքում պարզ գրված է»… «Ես քո մե՛րը»…

Հաջորդ առավոտ Յոթ Ծինը սովորականի նման Լուճընից թիավարելով մտավ քաղաք, իսկ երեկոյան վերադարձավ Լուճըն՝ իր հետ բերելով վեց չը երկարությամբ բծավոր բամբուկից ծխամորճն ու բրնձի ամանը։ Նա ընթրիքի ժամանակ պատմեց ծեր Ինը Ծինին, որ ամանի ճեղքն այնքան մեծ էր, որ քաղաքում վերանորոգելու համար տասնվեց գամ է անհրաժեշտ եղել՝ յուրաքանչյուրը երեք պղինձ արժողությամբ՝ ընդհանուր  քառասունութ պղնձե դրամի ծախս։

Ինը Ծինը տրտնջալով պատասխանեց.

— Էս սերունդը սերունդ չի։ Գամը երեք պղի՞նձ։ Է՜հ, բա մեր ժամանակ էդպես էր, մեր ժամանակ գամը․․․ Արդեն յոթանասունինը տարի ապրել եմ…է՛լ հերիք է․․․

Ինը Ծինը սովորականի պես ամեն օր քաղաք էր գնում, բայց ընտանիքում նրա գործերն այդքան էլ լավ չէին դասավորվում․ համագյուղացիներն էլ իրենց հերթին էին նրանից խուսափում և այլևս չէին հետաքրքրվում քաղաքի նորություններով։ Կինը մռայլ էր ու հաճախ նրան «դժբախտ» ու «հանցավոր» էր անվանում։

Բայց մոտ տասը օր անց, տուն վերադառնալով, Ինը Ծինը կնոջը գտավ հիանալի տրամադրությամբ։

— Քաղաքից նորություն կա՞,— հարցրեց կինը։

— Առանձնապես՝ չէ։

— Կայսրն արդեն գահ է բարձրացե՞լ։

— Բան չեն ասում։

— «Սիեն Խըն» պանդոկում էլ բան չեն խոսո՞ւմ։

— Չէ՛, ոչ մի բան։

— Ինձ թվում է՝ կայսրը գահ չի բարձրացել։ Էսօր անցնում էի պարոն Ճաոյի խանութի կողքով ու տեսա, որ նա նորից նստած գիրք էր կարդում, պոչիկն էլի օղակաձև ոլորել էր գլխի վրա, երկար զգեստն էլ հագից հանել էր։

— …

— Կարծում ես՝ կայսրն էդպես էլ գահ չի՞ բարձրացել։

— Հը՜մմ, ոնց որ թե՝ չէ։

Եվ այսպես Յոթ Ծինը նորից վայելում էր իր կնոջ և գյուղացիների հարգանքը, իսկ ամռանը նախկինի պես ընթրում  իր տան դարպասների մոտ՝ հարևանների հետ ժպիտներ ու ողջույններ փոխանակելով։ Ծեր Ինը Ծինը վաղուց արդեն նշել էր իր ութսունամյակը․  նախկինի պես առողջ էր ու նախկին պես՝ բողոքական։ Վեց Ծինի զույգ պատառաքաղները հիմա  արդեն մի ամբողջական հյուսք էին դարձել։ Ու չնայած նրա ոտքերը վերջերս կապել[11] էին, բայց նա դեռ կարողանում էր օգնել մորը որոշ տնային գործերում և կաղալով քայլում է բակում՝ պղնձե տասնութ գամերով ամանը ձեռքին։

Հոկտեմբեր, 1920

Թարգմանությունը չինարենից՝ Ռոբերտ Ծատուրյանի

[1] Այդ տարիներին Չիանաստանում ընդունված  է երեխաներին կամ նույն ընտանիքի անդամներին անուններ տալ՝ ցույց տալով  նրանց ծննդյան հերթականությունը՝ առաջին, երկրորդ, երրորդ և այլն:

[2] Ծին՝ զանգվածի չափման միավոր, հավասար է 0.5 կիլոգրամի։

[3] Լյան՝ զանգվածի չափման միավոր, հավասար է մոտ 50 գրամի։

[4] Չը՝ երկարության չափման միավոր, հավասար է 0.333 մետրի։

[5] Ծին Շընթան (1608–1661). խմբագիր և քննադատ, ժամանակի ժողովրդական գրականության ջատագով։

[6] «Եռաթագավորություն». պատմավեպ, Չինաստանի չորս դասական վեպերից մեկն է, որն իր ներկայիս տեսքը ստացել է 14-րդ դարում։

[7] Երեք թագավորությունների ժամանակ՝ Շու (221–253) թագավորությունն ուներ հինգ հայտնի գեներալներ. Գուան Յու, Ճան Ֆեյ, Ճաո Յուն, Մա Չաո և Խուան Ճոն։

[8] Ճաո Յուն գեներալի մեկ այլ անվանում։

[9] Խոսքը «Մազերի պատմությունը» պատմվածքում նկարագրված Թայփինի ապստամբության (1851–1864) ժամանակաշրջանի մասին է։

[10] Խոսքը Ցին դինաստիայի լոյալիստ զորապետ Ճան Սյունի (1854–1923) մասին է, որը 1917 թվականի ամռանն իր կողմնակիցների հետ կարճ ժամանակով գրավեց մայրաքաղաք Պեկինը՝ փորձելով հեղաշրջում իրականացնել և գահին վերադարձնել տապալված կայսր Փույիին։

[11] Չինաստանում կանացի գեղեցկության պարտադիր հատկանիշներից էր համարվում փոքր ոտքերը, ուստի 3-5 տարեկան աղջիկների ոտքերը սկսում էին փաթաթել՝ կտավե վիրակապերով մատները քաշելով դեպի կրունկ և փաթաթված ոտքը խցկելով փոքրիկ կոշիկի մեջ։ Այս սովորույթը ծագել է VIII դարում, երբ մոդայի մեջ մտավ Թայ կայսեր սիրելի հարճերից մեկի մանրիկ ոտքը։ Փաթաթված սմբականման ոտքերով շարժվելը անհարմար էր, ուստի գյուղացիական ընտանիքներում, որտեղ կինը ծանր աշխատանք էր կատարում տանը և դաշտում, ոտքերի փաթաթումը շատ ավելի հազվադեպ էր կիրառվում, քան ապահով ընտանիքներում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *