Հայրը դանդաղ էր շարժվում, փորձում չշփոթել քայլերի հերթականությունը… մեկ, երկու, ու էլի երկու:
Ինքն առաջ չէր ընկնում: Քայլը դնում էր, սպասում հորը, հետո մի կիսատը դնում կրկին:
Մայիսն իրենց թաղում թեղիներից էր սկսվում:
Հացուպանրի ողկույզները բռնում էին ճյուղերն ու սպասում քամուն, որ թաղեին բակերը կանաչի փաթիլներով: Իրենք բարձրանում էին կքված ճյուղերին, բերանները լցնում թևավոր սերմիկներով, ու սկսվում էր մայիսը:
Էրիվանում երեք նորմալ ամիս կար ապրելու համար՝ մայիսը, հունիսն ու սեպտեմբերը… մնացածը կամ շոգ էին, կամ ցուրտ, կամ նոյեմբեր։ Երեքից զորավորը մայիսն էր:
— Զգույշ, պա՛պ… — չէր սիրում հայր, հայրիկ ասելը. պապա, պապ, պա… հայրերը սովորաբար ազգինն են լինում, իրենը չէ… իրենը պապան էր:
Նոր ծլած մայիսը թեղիներից ծորում էր ցած, կլանում անցած տարվանից մնացած նամշած տերևը:
Կոշիկի ծայրով մի կողմ տարավ հոր ոտքի տակ ընկնող աղյուսի կտորը… մինչ մենք երազում էինք, որ մեր հայրերը մեր ընկերները լինեին, նրանք փորձում էին գոնե լավ ծնողներ դառնալ:
— Ցիկլոֆոսֆանը ճարեցի՞ք, չէ՞, — հայրն իր կռիվներով էր:
— Հա, պա՛պ, ճարեցինք, — էլի էր պատասխանել:
— Ռուսակա՞նը, չէ՞…
— Ուկրաինականը մենակ կար…
— Նույն միլիգրա՞մը…
— Հա, հա, մի մտածի…
— Հաստա՞տ եք ճարել…
— Պա՛պ…
Ձայնը երևի մի քիչ բարձր էր, ու հայրը կիտեց ունքերը, թևը քաշեց ետ:
— Պա՜պ, — փափկեց:
Այլևս հայրն էր երեխան, ու ինքը՝ ծնողը: Քայլերն արագացրեց, որ հետ չմնար կամակորից:
Մայթին փռված ծեր շունն ալարեց անգամ տեղից ծուլ գալ, անշարժ պառկել ու սպասում էր, մինչ նոր ծիլ տված մայիսը կուլ կտար և իրեն: Հաշտ էր մայիսի հետ:
Հայրը մի պահ կանգ տվեց ծեր շան մոտ:
— Շուտ սկսվեց մայիսն էս տարի, — մրթմրթաց:
Նայեցին իրար։
— Վարսավիրանոց ենք գնում, չէ՞, — հազարերորդ անգամ հարցրեց: Ծեր շունը բարձրացրեց ծանրացած կոպը:
Թաղի շներն անգամ ճանաչում էին հորը: Հնարավոր չէր չճանաչել: Այն տարիներին բժիշկները թաղի ամենահարգված մարդիկ էին՝ մինչև բիզնեսմենների հայտնվելը: Մարդիկ մեղք չունեին… փող չկար, իսկ հիվանդությունները գրպանին չէին նայում: Ծանոթ բժիշկ ունենալը հացի կտրոնից թանկ էր:
Կոտրված աստիճանասալը վտանգավոր կախվել ու խանգարում էր բակի անցուդարձին: Ինքն էլ բակում վաղուց չէր ապրում: Հայացքը գցեց պանելային բարձրահարկին՝ մեկ, երկու, ու փորձեց հաշվել մինչև ինը: Պանելների ճակատային հատվածը տուֆի կտորտանքով էր զարդարած: Սովետ, սովետ… ուշ սովետ վերջին շնչում, քարով երեսպատելուն արդեն հերթը չէր հասնում, տուֆի կտորները սուզել էին բետոնի մեջ ու թղթե պատերի պես շարել իրար վրա… հիշեց, թե ոնց էր անձրևից հետո տուֆի գույնը փոխվում, ու մռայլ պանելայինները սկսում էին խաղալ կարմիրի երանգներով:
Հայացքով հասավ 7-րդ հարկին:
Էլի մայիս էր, երբ 7-րդ հարկի Անուշավանի փորը ձգվեց, դարձավ թմբուկ, ու հարևանները վազեվազ իջան ցած՝ բժշկին ձայն տալու, թե հասի՛ր, երեխան ձեռքից գնում է: Նոր ինֆարկտ տարած սրտին չնայելով՝ հայրը վազելով բարձրացել էր 5 հարկ… հոսանք չկար, թե վերելակը չէր աշխատում, հիմա էլ չի հիշում: Հետո հայրը մի քանի օր ծանր հևաց ու դեղեր խմեց: Անուշավանը հիմա Ամերիկայում է ապրում, երևի կին, երեխաներ…
2 հարկ վերև՝ 9-ում, Սուրիկ ձյայենց տունն էր: Կռված մարդ էր… բակում հացի փուռ, վարձով ավտոտնակներ ու քաղցկեղ ուներ: Հորը խոստովանել էր, որ ցավերին էլ չի դիմանում ու ուզում է 9-րդ հարկից ցած նետել իրեն… հայրը լսել էր, հանդիմանել, թե՝ դու կգնաս, բայց զավակներդ չեն հաշտվի արածիդ հետ. իմաստություն է պետք, կյանքին ու մահվանը փիլիսոփայորեն վերաբերվել:
Ձյաձ Սուրիկի թաղումը մայիսին էր, ու նույնիսկ երկու ուռածփոր երեսփոխան էին եկել, թաղի երեխեքը հավաքվել՝ զարմանքով նայում էին այդ արտասովոր արարածներին: Հայրը հոգեհացին բաժակ էր բարձրացրել՝ Սուրիկի իմաստության կենացը խմել:
Սուրիկ ձյայի զավակները հաշտ էին մայիսի հետ, ու հաշտ էր ողջ շենքը:
— Վարսավիրանոցն էստե՞ղ չէր, — հոր հայացքը շփոթված էր: Ձեռքը տարավ՝ մազերն ուղղեց: Դիք-դիք կանգնած, ճերմակ ալիքներով: Ֆենում էր ամեն առավոտ:
Հոր մազերը միայն մայրն էր կտրում, համենայն դեպս՝ ինչ ինքը հիշում էր: Պատերազմի տարիներին փող չկար վարսավիրին շռայլելու, հետո էլ դարձավ սովորություն ու գլորվեց մայիսից մայիս:
Տանը մազ կտրելը ծիսակարգ էր ամբողջ: Հայրն ամեն անգամ անհանգստանում էր, որ մայրն ականջը կկտրի, մայրը կատակում էր՝ մկրատը ձեռքին «Հո՛պ» վախեցնելով: Ինքն ու քույրը կչկչում էին:
Տեսնես ինչպե՞ս էին ապրել հայրն ու մայրը, երբ իրենք նայելիս չէին եղել: Ինչ վախեր էին կիսել, սեր արել, վեճեր մարել, իրարից ինչեր թաքցրել, հոգնել, նեղացել ու կրկին դիմացել:
Ի՞նչ մարդիկ են եղել, երբ ծնող չեն եղել:
Ծեր շունն ալարկոտ հորանջեց ու հայացքով ուղեկցեց, մինչ իրենք շենքի անկյունից կթեքվեին դեպի կողքի բակ:
— Հա, ճիշտ ա, ստեղ էր վարսավիրանոցը, — ժպտաց հայրը. մի քիչ էր մոռացել, շրջվեց, նայեց շան կողմն ու թևանցուկ արեց որդուն: Միայնակ շունը հաշտ էր մայիսի հետ, ու ծուլ ընկած կանաչի մեջ՝ թվաց, թե պոչը տարուբերեց:
— Նո պտիչկա տոժե խոչետ ժիծ, — հայրը դեռ շան կողմն էր նայում, — մոռացել եմ, որ երգից էր:
— Ես տենց երգ չգիտեմ, պա՛պ, — վրա բերեց, — կարո՞ղ ա երգից չի…
— Չեմ հիշում… էստե՞ղ չէր վարսավիրանոցը…
Ինքն էլ վաղուց թաղում մազ չէր կտրում, չնայած որ բոլոր տեղերն էլ նույնն էին՝ կողքերը մեկ, վերևը՝ մկրատով:
Դուռը չթակեց, բայց երևի թակելը ճիշտ կլիներ: Վարսավիրը ներսում սուրճ էր եփում:
— Յա, էս ի՞նչ խաբարով, ախպե՛ր, — իրենց շենքից էր: Ճիշտ է, մոտն էլ չէր կտրում, բայց դե հո դրա համար չէր նեղանա:
— Բան չէ, ա՛պ… պապայի մազերը կտրենք, — ձայնն իջեցրեց:
— Աչքիս վրա… ձյաձի մազերը միշտ ակուրատնի կտրած, սանրած, թաղի բձեքը կոնկրետ նախանձում են, ծյոծերն էլ դե… տես ոնց եմ սիրուն կտրում հեսա… բա ինչի՞ շուտ չէիք գալիս: Նստի, նստի, դոկտըր ջա՛ն, ինձ հիշում ես, չէ՞, թունավորվել էի մի անգամ… — շատախոս գյադա էր: Հայրը լուռ էր, ու հայացքը որդու թիկունքից այն կողմ չէր հանում:
— Մաման ա միշտ կտրել, — չթողեց շարունակի:
— Հա… երևի հարմար չի եղել էս անգամ, — վարսավիրը լռողը չէր, ձեռքն առավ մազի մեքենան, — բա ո՞նց կտրենք…
Անկյունում թեյնիկը եռաց ու անջատվեց:
— Քաչալացրու, — իր ձայնն էր, բայց անծանոթ թվաց: Հայրն էլ ավելի մտավ որդու մեջքի հետևը:
Մազ կտրող մեքենան լռեց վարսավիրի ձեռքին:
— Լրի՞վ, — շփոթված նայեց:
— Հա… մեկ է, թափվելու են, — նայեց հորը, ժպտաց:
Փորձեց հիշողության մեջ վերջին անգամ դաջել… ալեհեր մազերը հոր՝ դիք-դիք կանգնած, գեղեցիկ ալիքներով ետ գնացող:
Հայրը ժպտաց՝ միայն որդուն էր նայում:
Հիշեց՝ ինչպես էին մայիսի վերջին՝ դպրոցները փակվելիս, թաղի երեխեքին քաչալացնում ամառվա բերան: Հայրը չէր թողնում՝ իրենց քաչալացնեին, ոչինչ՝ մոր հետ շուտ-շուտ ջուր կտաքացնեին ու երեխեքի գլուխները կլվային, թող մյուսների պես քաչալ չմեծանային…
Դրսում մայիսն էր ճռռում, թաղի ծայրի դպրոցում վերջինզանգյան փորձն էին անում, ու ջահել բաղաձայնը գալիս, խառնվում էր մազ կտրելու մեքենայի ղռռոցին: