Ֆրատեն (շանս անունն է) հանկարծ առաջ վազեց ու հիմա դարբնոց տանող ճանապարհին ինձ է սպասում։ Նա արտակարգ խելացի շուն է, իմ վաղեմի ընկերը։ Համոզված եմ՝ նա շատ ավելի խելացի է, քան կինս և, ընդհանրապես, մարդկանց մեծամասնությունը։ Այդ պատճառով, երբ գնում եմ զբոսնելու, Ֆրատեին միշտ հետս եմ վերցնում։ Նա ինձ երբեմն անսպասելի վայրեր է տանում։ Ուստի վերջերս զբոսնելիս ինքս չեմ մտածում, թե ուր գնամ. պարզապես լուռ հետևում եմ շանս։ Դարբնոցի կողքի այդ նեղլիկ փողոցով ես դեռ երբեք չէի քայլել։ Դե ինչ, այսօր կհետևեմ շանս և այդտեղով կքայլեմ։ Ես թեքվում եմ այդ կողմ։ Նեղ արահետը թեթև զառիվեր է, որը տեղ-տեղ գալարվում է։ Ես, առանց շուրջս նայելու կամ ինչ-որ բանի մասին մտածելու, շանս հետևից քայլում եմ այդ ճանապարհով՝ անուրջների մեջ ընկած։ Երբեմն հայացքս բարձրացնում եմ երկնքին ու նայում ամպերին։ Ճամփեզրի խոտերի մեջ հանկարծ ծաղիկներ եմ տեսնում։ Ես դրանցից մեկը պոկում եմ ու քթիս մոտեցնում։ Չգիտեմ՝ ինչ ծաղիկ է, բայց հրաշալի է բուրում։ Այն մատներիս մեջ պտտեցնելով՝ շարունակում եմ քայլել։ Ֆրատեն ինչ-որ պահի նկատում է դա, կանգ է առնում, գլուխը թեքում ու նայում ուղիղ աչքերիս մեջ։ Դեմքի արտահայտությունից երևում է, որ ուզում է այն։ Ես ծաղիկը նետում եմ նրան։ Շունը հոտոտում է գետնին ընկած ծաղիկն ու հայացքով կարծես ասում. «Այս ի՞նչ է, փաստորեն թխվածքաբլի՞թ չէր»։ Հետո նորից առաջ է նետվում։ Այսպես մենք մոտ երկու ժամ քայլում ենք։
Երևում է, քայլելու ընթացքում բավականին վեր էինք բարձրացել։ Այնտեղից մի գեղեցիկ տեսարան էր բացվում. դաշտերի ներքևում, ամպերի ու մշուշի արանքից աղոտ գծագրվում էր մի քաղաք, որի անունը ես չգիտեի։ Մի որոշ ժամանակ դրան եմ նայում. կասկած չկար, որ քաղաք էր։ Տեսնես` ի՞նչ քաղաք է, այդքան շատ տներով։ Այդ տեսարանը մի տեսակ տարօրինակ էր թվում։ Բայց քանի որ այս կողմերի աշխարհագրությանն ամենևին ծանոթ չեմ, զարմանալի ոչինչ չկա, որ անծանոթ քաղաք էի տեսել։ Ինչև։ Ես նայում եմ հետևի կողմը և տեսնում մի մեղմ լանջ, որը որքան հեռանում, այնքան ցածրանում էր։ Այն ամբողջությամբ պատված էր թավուտով։ Թավուտը բավականին խորն էր թվում։ Կեսօրից մի փոքր առաջ էր. գարնանային արևի մեղմ ճառագայթները լուսավորում էին ծառերի բները՝ ծխի կամ բուրմունքի պես հոսելով կաղնիների, հաճարենիների, շագանակենիների ու կեչիների նոր-նոր բացված տերևների արանքից։ Ծառի բների ու գետնի վրա ստվերի ու լույսի այդ խաղն այնպիսի գեղեցկություն էր ստեղծում, որ բառերով դժվար է նկարագրել։ Ինձ մոտ ցանկություն առաջացավ մտնել այդ անտառի խորքը։ Անտառի ներսում խոտհարքն այնքան խիտ չէր, որ չկարողանայի հաղթահարել։
Ընկերս՝ Ֆրատեն, կարծես ինձ հետ համամիտ էր։ Նա ուրախ, վստահ քայլերով մտավ անտառի խորքը, ես էլ հետևեցի նրան։ Երբ անցանք մոտ հարյուր մետր, շունը հանկարծ սկսեց այլ կերպ քայլել։ Դա քիչ առաջվա անհոգ քայլվածքը չէր. նա այնպես էր շարժում թաթերը՝ ասես մաքոքով հյուսեր աներ։ Քիթն առաջ էր պարզել։ Անկասկած ինչ-որ բան էր գտել։ Գուցե նապաստակի հետքե՞ր էին, կամ խոտերի մեջ թաքնված թռչնի բո՞ւյն։ Այս ու այն կողմ վազվզելուց հետո, շունը կարծես գտավ ճիշտ ճանապարհը և ուղիղ առաջ ընթացավ։ Ես, հետաքրքրությամբ լցված, գնացի նրա հետևից։ Մեր ներկայությունը երբեմն վախեցնում էր վայրի թռչուններին, որոնք ծառերի վրա զուգավորվում էին։ Արագ քայլքով մոտ երեսուն րոպե քայլելուց հետո, շունը հանկարծ կանգ առավ։ Այդ պահին ինձ թվաց, թե կարկաչող ջրի ձայն եմ լսում (այս կողմերը աղբյուրներով հարուստ են)։ Շունը նյարդայնացած շարժեց ականջները, մի քանի քայլ հետ գնաց, նորից հոտոտեց գետինը, և այս անգամ թեքվելով դեպի ձախ՝ առաջ քայլեց։ Անտառը շատ ավելի խորն էր, քան կարծում էի։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ այս կողմերում այսքան ընդարձակ անտառ կլինի։ Տեսքից դատելով՝ այն մի քանի հարյուր հեկտար է։ Շանս տարօրինակ վարքագիծն ու անվերջանալի թվացող անտառն ավելի էին բորբոքում հետաքրքրությունս։ Քսան-երեսուն րոպե քայլելուց հետո շունը նորից կանգ առավ։ Երկու անգամ կարճ հաչեց՝ «հա՜ֆ, հա՜ֆ» ։ Միայն այդ պահին նկատեցի, որ ուղիղ աչքերիս առաջ մի տուն կա։ Շատ տարօրինակ էր։ Այսպիսի վայրում ո՞վ պետք է տուն կառուցեր։ Այսպիսի տեղանքում միայն ածխի պահեստ կարելի է տեսնել։
Առաջին հայացքից թվում էր, թե այս տունը պարտեզ չուներ. այն պարզապես «խառնված էր» անտառին։ «Անտառին խառնված» արտահայտությունն այստեղ ամենից դիպուկն է։ Ինչպես քիչ առաջ ասացի, տունը հանկարծ հայտնվեց աչքերից առջև, ուստի ես չէի տեսել, թե ինչպիսին է այն հեռվից։ Դատելով տեղանքից՝ այն դժվար թե հեռվից նկատելի լիներ։ Մոտիկից նայելիս տունն արտասովոր ոչինչ չուներ։ Թեև տանիքը ծղոտից էր, այնուամե, տունը մի փոքր տարբերվում էր սովորական գյուղական տներից։ Պատճառն այն էր, որ տան բոլոր պատուհաններն ապակեպատ էին և պատրաստված էին եվրոպական ոճով։ Քանի որ իմ դիրքից մուտքը չէր երևում, մենք, ըստ երևույթին, կանգնած էինք տան հետնամասում։ Պատերի գրեթե կեսը պատված էին վայրի խաղողի վազերով, որոնք, կարելի է ասել, այս տանը որոշակի հմայք ու հետաքրքրություն հաղորդող միակ զարդարանքն էին։ Մնացած ամեն ինչ առաջին հայացքից չափազանց պարզունակ էր՝ հենց այնպիսին, ինչպիսին կսպասեիր տեսնել անտառի խորքում։ Սկզբում ինձ թվաց, թե այն անտառապահի տնակն է։ Բայց տունը մի քիչ մեծ էր այդ դերի համար։ Նաև այնպիսի անտառ չէր, որի համար արժեր հատուկ տնակ կառուցել ու պահակ կարգել։ Այսպես մտածելով՝ ես հերքեցի իմ իսկ վարկածը։ Ամեն դեպքում, որոշեցի մտնել ներս։ Կասեմ, թե մոլորվել եմ, մի բաժակ թեյ կխնդրեմ ու Ֆրատեի հետ կուտեմ հետս բերած ուտելիքը։ Այսպես մտածելով՝ քայլեցի դեպի տան ճակատային մասը։ Այդ պահին տեսողությունս տեղը զիջեց լսողությանը, և ես հասկացա, որ մոտակայքում գետակ է հոսում։ Այն կարկաչուն ջրի ձայնը, որ քիչ առաջ կարծես լսել էի, հենց այս կողմերից էր գալիս։ Երբ հասա դռան մոտ, տեսա, որ տան ճակատը նույնպես նայում է անտառին։ Սակայն մի տարօրինակություն կար. տան այլ մասերի համեմատ՝ մուտքը չափից դուրս շքեղ էր։ Մի փառահեղ քարե սանդուղք, բաղկացած ուղիղ չորս աստիճանից, տանում էր դեպի դուռը։ Այդ քարերը, չգիտես ինչու, տան մնացած մասերից ավելի հին տեսք ունեին, և դրանց վրա տեղ-տեղ մամուռ էր բուսնել։ Տան ճակատը հարավային մասում էր, և այս կողմի պատուհանների տակ, պատի երկայնքով, փոքրիկ, կարմիր վարդերն էին մեկ շարքով խենթորեն բացվել։ Եվ դա դեռ ամենը չէր։ Վարդերի թփերի տակից ժապավենի պես նեղ ջուր էր դուրս հոսում՝ արևի տակ շողշողալով։ Առաջին հայացքից թվում էր, թե այդ ջուրը բխում էր հենց տան ներսից։ Իմ հավատարիմ ուղեկից Ֆրատեն մեծ ախորժակով խմում էր այդ ջրից։ Կարծես համը դուրը գալիս էր։
Ես կամաց բարձրացա քարե աստիճաններով։ Հստակ լսեցի կոշիկներիս ձայնը, որը սակայն չէր խաթարում շուրջբոլորը պատած խաղաղ լռությունը։ Ինքս ինձ կատակով շշնջացի. «Երևի կա՛մ ճգնավորի տուն եմ եկել, կա՛մ էլ կախարդի»։ Հետո նայեցի շանս. նա ոչ մի արտասովոր վարք չէր ցուցաբերում՝ պարզապես վարդագույն լեզուն դուրս գցած՝ պոչն էր շարժում։
Ես եվրոպական ձևով թակեցի եվրոպական ոճի դուռը։ Ներսից ոչ մի պատասխան չեղավ։ Ստիպված եղա կրկին թակել։ Բայց ներսում դարձյալ լռություն էր։ Այս անգամ արդեն ձայն տվեցի՝ թույլտվություն խնդրելով ներս մտնել։ Էլի ոչ մի արձագանք։ Գուցե տանտերերը բացակայո՞ւմ են, կամ էլ տանն ընդհանրապես ոչ մեկ չի ապրու՞մ։ Ինձ տարօրինակ զգացողություն պատեց։ Ես, չգիտես ինչու ոտքերիս մատների վրա կամացուկ քայլելով, մոտեցա վարդերով պատված պատուհանին, կանգնեցի, ձգվեցի և փորձեցի ներս նայել։
Պատուհանին մի ծանր վարագույր էր կախված, որն իր բարձր որակով ամենևին չէր համապատասխանում տան համեստ տեսքին. այն մուգ բալագույն էր՝ տեղ-տեղ կապույտ գծերով։ Այն կիսով չափ բացված էր, և սենյակի ներսը երևում էր։ Ես զարմանքով տեսա, որ սենյակի հենց մեջտեղում քարից պատրաստված մի մեծ ջրավազան կար։ Բարձրությունը հազիվ թե երկու ոտնաչափ լիներ, բայց դրա ճիշտ կենտրոնից ջուր էր ժայթքում, և ջուրը ավազանի եզրերից անդադար թափվում էր ցած։ Այդ պատճառով ավազանը պատվել էր կապտավուն մամուռով, իսկ հատակը, որը նույնպես քարից էր, խոնավ էր թվում։ Ես ավելի ուշ հասկացա, որ հենց այդ ջուրն է օձի պես գալարվելով ու արևի տակ շողշողալով դուրս գալիս վարդերի միջից։ Ջրավազանն ինձ շատ զարմացրեց։ Թեև արդեն գլխի էի ընկել, որ այս տունը մի փոքր արտասովոր է, բայց նույնիսկ մտքովս չէր կարող անցնել, որ այսպիսի անհասկանալի հարմարանք կունենար։ Ուստի, հետաքրքրությունից դրդված, սկսեցի պատուհանի միջով ավելի ուշադիր զննել տան ներսը։ Հատակը քարից էր. չգիտեմ՝ ինչ քար էր, բայց գունատ կապտավուն էր, իսկ ջրից թրջված մասերը գեղեցիկ կապույտ գույն էին ստացել։ Քարերը չափազանց բնական, անտաշ տեսք ունեին՝ կարծես դրանք անմիջապես հանքից էին բերել։ Մուտքից ամենահեռուն գտնվող պատին քարից պատրաստված բուխարի կար, իսկ դրա աջ կողմում՝ երեքհարկանի գրադարակ, որն իրար վրա դարսված ափսեների էր նման։ Սենյակի մյուս կողմում՝ այն պատուհանի տակ, որի մոտ ես էի կանգնած, կար չմշակված, մաքուր փայտից պատրաստված մի մեծ գրասեղան, որի վրա… Թե ինչ կար դրա վրա, այդպես էլ չկարողացա տեսնել, քանի որ որքան էլ դեմքս կպցնում էի պատուհանին, ապակին թույլ չէր տալիս ներսը հստակ տեսնել։ Սա, անշուշտ, լքված տուն չէր։ Ընդհակառակը, կասկած չկար, որ քիչ առաջ այստեղ մարդ է եղել։ Պատճառն այն էր, որ գրասեղանի մի անկյունում կիսատ թողնված ծխախոտ կար, որից ծխի մի բարակ թել էր հանդարտ բարձրանում վեր, այնտեղ մի պահ երերում, իսկ հետո, ավելի բարձրանալով, տարրալուծվում օդում։
Այն տեսնելով՝ ես հիշեցի, որ այսքան տարօրինակ բաների մեջ մոռացել եմ ծխելու մասին։ Ուստի ես էլ մի ծխախոտ հանեցի ու վառեցի։ Դրանից հետո այս տան ներսը մտնելու իմ հաստատակամ հետաքրքրությունը դարձավ անզսպելի։ Ծանր ու թեթև անելուց հետո՝ ես որոշեցի։ Մտնելո՛ւ եմ այս տուն։ Նույնիսկ եթե տանտերը տեղում չլինի։ Երբ վերադառնա, ես ազնվորեն կբացատրեմ, թե ինչու եմ ներս մտել։ Այսպիսի արտասովոր կյանքով ապրող մարդը հաստատ դեմ չի լինի։ Ո՞վ գիտե, գուցե նույնիսկ սիրով հյուրընկալի։ Այս ներկերի արկղը, որն այսքան ժամանակ հետս քարշ եմ տվել, լավագույնս կվկայի, որ ես գող չեմ։ Վե՛րջ, որոշել եմ։ Ներս եմ մտնում։ Ես նորից բարձրացա մուտքի աստիճաններով, համենայն դեպս մեկ անգամ էլ ձայն տվեցի և կամացուկ բացեցի դուռը։ Այն կողպված չէր։
Ներս մտնելուն պես, իսկույն երկու-երեք քայլ հետ գնացի։ Պատճառն այն էր, որ մուտքին մոտ գտնվող պատուհանի արևկող մասում մի լրիվ սև իսպանական շուն կար։ Ծնոտը հատակին հենած, մարմինը կլորացած ննջող այդ էակը, տեսնելով իմ ներս մտնելը, կամացուկ բացեց աչքերն ու դանդաղկոտ վեր կացավ։
Սա տեսնելով՝ շունս՝ Ֆրատեն, գռմռալով քայլեց նրա կողմը։ Որոշ ժամանակ երկուսն էլ գռմռում էին, բայց իսպանական շունը բարի դուրս եկավ։ Իրար հոտոտելուց հետո հենց ինքն առաջինը պոչը շարժեց։ Դրանից հետո իմ շունն էլ սկսեց պոչը խաղացնել։ Այնուհետև իսպանական շունը դարձյալ պառկեց հատակին՝ իր նախկին տեղում։ Շունս էլ անմիջապես նրա կողքին պառկեց։ Իրար չճանաչող, նույն սեռի երկու շների միջև այսպիսի հաշտությունը հազվադեպ հանդիպող բան է։ Իհարկե, Ֆրատեն շատ ընկերասեր է, բայց այս պարագայում ավելի մեծ դեր խաղաց սև շան մեծահոգությունը։ Ես հանգստացած առաջ անցա։ Իսպանական շունն իր տեսակի համար բավականին խոշորամարմին էր։ Իր ցեղին բնորոշ թավամազ, մեծ պոչը հիրավի փառահեղ էր։ Սակայն, դատելով մորթու փայլից ու դեմքի արտահայտությունից, նա բավականին ծեր էր, ինչը ես՝ շներից քիչ թե շատ հասկացողս, անմիջապես կռահեցի։ Ես մոտեցա նրան, շոյեցի գլուխը, որպեսզի հարգանքներս փոխանցեմ բարեհոգի հյուրընկալիս։ Ես իմ փորձից գիտեմ, որ եթե շունն ամայի վայրում է ապրում (եթե, իհարկե, մարդկանց կողմից տանջված շուն չէ), կարոտում է մարդկային ջերմությունը և երբեք չի վնասի բարի մարդկանց, թեկուզ եթե անծանոթ են։ Բացի այդ, շներն ունեն բնազդային կարողություն տարբերելու շնասեր մարդուն նրանցից, ովքեր նեղացնում են կենդանիներին։ Վարկածս սխալ չէր. իսպանական շունն ուրախությամբ լիզեց ձեռքս։
Բայց ի վերջո ո՞վ էր այս տան իսկական տերը։ Ո՞ւր էր գնացել։ Արդյո՞ք շուտով կվերադառնար։ Ներս մտնելուց հետո սկսեցի ինձ մեղավոր զգալ։ Այդ պատճառով էլ, թեև ներս էի մտել, որոշ ժամանակ պարզապես անշարժ կանգնած մնացի քարե ջրավազանի մոտ։ Ավազանը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին դրսից էր երևում. բարձրությունը հազիվ մինչև ծնկներս էր հասնում։ Եզրի հաստությունը մոտ վեց սանտիմետր էր, և այդ եզրի վրա երեք կողմից նեղ փորվածքներ էին արված։ Ժայթքող ջուրն այդտեղով հոսում էր և ավազանի արտաքին պատերով ցած թափվում։ Եվ իսկապես, այսպիսի անմարդաբնակ տեղանքում այս եղանակով ջուր հայթայթելը տրամաբանական է թվում։ Այս տանը երևի հենց այս ջուրն են ամեն օր խմում։ Կարծես թե սոսկ զարդարանք չէ։
Ըստ ամենայնի՝ տունն ուներ ընդամենը մեկ սենյակ, որը ծառայում էր բոլոր նպատակների համար։ Աթոռներն ընդամենը մեկ… երկու… երեք հատ էին։ Մեկը՝ ջրավազանի մոտ, մեկը՝ բուխարու, և մեկն էլ՝ սեղանի դիմաց։ Բոլորն էլ հասարակ, հարմարավետ աթոռներ են, առանց որևէ զարդարանքի։ Շուրջս նայելով՝ ես հետզհետե ավելի համարձակ դարձա։ Նկատեցի վայրկյաններն ու րոպեները հաշվող ժամացույցի տկտկոցը, որն այս խաղաղ տանը զարկերակի պես էր լսվում։ Որտե՞ղ էր այդ ժամացույցը։ Մուգ կաղնեգույն պատերի վրա այն չկար։ Ա՜հ, այնտեղ է, մեծ գրասեղանի վրայի սեղանի ժամացույցն է։ Ես, մի փոքր ամաչելով տան ներկայիս տիրոջից՝ իսպանական շնից, քայլեցի դեպի սեղանը։
Սեղանի անկյունում, ինչպես պատուհանից էր երևում, դրված էր մի ծխախոտ, որն արդեն այրվել-վերջացել էր՝ թողնելով սպիտակ մոխիր։ Ժամացույցի թվատախտակին մի նկար էր պատկերված, որի խաղալիք հիշեցնող ոճը յուրօրինակ հակադրություն էր ստեղծում այս սենյակի կիսավայրենի մթնոլորտի հետ։ Թվատախտակին պատկերված էին մի ազնվական տիկին, մի ջենթլմեն և ևս մեկ տղամարդ, որը վայրկյանը մեկ անգամ մաքրում էր այդ ջենթլմենի ձախ կոշիկը։ Հիմար նկար էր, բայց զվարճալի։ Ես, իհարկե, օտար երկրների սովորությունների մեծ գիտակ չեմ, բայց թվում էր, թե տիկնոջ՝ բազմաթիվ ծալքերով ու ժանյակներով զարդարված, գետնով մեկ քարշ եկող երկար փեշը և մեծ գլխարկով ջենթլմենի մորուքը առնվազն կես դար առաջվա պատկերներ են։ Իսկ թե որքան խղճուկ էր կոշիկ մաքրողը… նա խաղաղ տան փոքրիկ, առանձին աշխարհում գիշեր ու զոր միայն այդ մի կոշիկն էր մաքրում։ Նայելով այդ միօրինակ, անվերջ շարժմանը՝ զգացի, թե ինչպես են լարվում ուսերս։ Ժամացույցը ցույց էր տալիս մեկն անց տասնհինգը. այն կարծես մի ամբողջ ժամ հետ էր։ Սեղանին հիսուն-վաթսուն փոշոտ գիրք էին դարսված, իսկ չորս-հինգ հատն էլ ցրված էին այս ու այն կողմ։ Բոլորն էլ հաստափոր հատորներ էին՝ ալբոմներ, ճարտարապետական գրքեր կամ գուցե քարտեզներ։ Նայեցի վերնագրերին, բայց դրանք կարծես գերմաներեն էին, և չկարողացա կարդալ։ Պատից կախված էր ծովի պատկերով մի գունավոր նկար. ծանոթ գործ էր թվում, ով գիտե Ուիսթլերի աշխատանքն էր… Ինձ դուր եկավ նկարի առկայությունը։ Եթե մարդ այսպիսի լեռներում է ապրում, առանց նման նկարների գուցե բոլորովին մոռանա, որ աշխարհում ծով էլ գոյություն ունի։
Որոշեցի տուն գնալ՝ մտածելով, որ այս տան տիրոջն անպայման մեկ ուրիշ անգամ կգամ տեսության։ Այդուհանդերձ, ես անհարմար էի զգում, որ մարդու բացակայությամբ տուն եմ ներս մտել ու փորձում եմ աննկատ հեռանալ։ Ուստի մտափոխվեցի և որոշեցի սպասել տանտիրոջ վերադարձին։ Ջրավազանից բխող ջրի խաղին նայելով՝ մի ծխախոտ էլ վառեցի։ Ես որոշ ժամանակ անթարթ հայացքով նայում էի այդ ջրին։ Տարված նայելիս՝ ինձ թվաց, թե հեռվից եկող երաժշտություն եմ լսում։ Հմայլված լսեցի։ Ինչ իմանաս, գուցե անդադար բխող ջրի հատակից իսկապես երաժշտություն էր լսվում։ Այսպիսի խորհրդավոր տանը ամեն ինչ էլ հնարավոր էր։ Ամեն դեպքում, կասկած չկար, որ տան տերը տարօրինակ անձնավորություն է… Մի րոպե՛, իսկ միգուցե ես Ռիպ վան Վինկլն եմ… Երբ տուն դառնամ, տեսնելու եմ, որ կինս պառավել է… Մեկ էլ տեսար, երբ դուրս գամ այս անտառից ու մի գյուղացու հարցնեմ՝ «Որտե՞ղ է Կ. գյուղը», նա կպատասխանի, թե՝ «Այդպիսի գյուղ այս կողմերում չկա»։ Ինձ հանկարծ տարօրինակ վախ համակեց, և ես որոշեցի շուտ տուն գնալ։ Քայլեցի դեպի դուռը և սուլոցով կանչեցի Ֆրատեին։ Իսպանական շունը, որը թվում էր՝ հետևում է իմ ամեն շարժմանը, անշարժ հայացքով ուղեկցեց ինձ։ Ես վախեցա։ Հնարավո՞ր է, որ այս շունը, որը մինչ այժմ բարի էր ձևանում, տեսնելով հեռանալս, հանկարծ թիկունքից հարձակվի ու կծի ինձ։ Աչքս պահելով իսպանական շան վրա՝ սպասեցի, որ Ֆրատեն գա, մեծ շտապողականությամբ փակեցի դուռն ու դուրս եկա։
Հեռանալիս որոշեցի մեկ անգամ էլ նայել տան ներսը. ձգվեցի պատուհանի մոտ և ներս նայեցի։ Լրիվ սև իսպանական շունը ծույլորեն տեղից վեր կացավ և քայլեց դեպի մեծ սեղանը։ Կարծես ընդհանրապես չնկատելով իմ ներկայությունը՝ նա մարդկային ձայնով ասաց՝ «Ա՜խ, այսօր էլ տարօրինակ մարդ եկավ, ինձ վախեցրեց»։
«Այդ ի՞նչ էր»՝ մտածեցի ես։ Նա հորանջեց, այնպես ինչպես սովորաբար շներն են անում, բայց չէի հասցրել աչքս թարթել, երբ նա վերածվեց մոտ հիսուն տարեկան, ակնոցավոր, սև հագուստով մի միջահասակ տղամարդու։ Նա հենվեց մեծ գրասեղանի դիմացի աթոռին, բերանը դրեց դեռ չվառած ծխախոտը, բացեց հաստափոր գրքերից մեկն ու սկսեց թերթել էջերը։
Պայծառ ու տաք գարնանային կեսօր էր։ Լեռնային խաղաղ թավուտում։
Թարգմանությունը ճապոներենից՝ Աստղիկ Հովհաննիսյանի

