Սիանա Մովսիսյան | Խալագարությունից մեկ պակաս

Հերթական մղջավանջը, հերթական գիշերը։ Մղջավանջներն այնքան շատ են դարձել, որ արթուն ժամանակ էլ են հյուր գալիս։ Դարձել են անկոչ հարևանի պես․ մեկ շաքարավազն է պակասել, մեկ՝ աղը։ Առաջ շաբաթը երկու-երեք անգամ էր հյուր գալիս, հիմա երևի գործերը վատացել են․ամեն օր, օրը երեքից չորս անգամ է գալիս։

—Հա դե լավ, երազ է էլի, ջրին պատմի՝ կանցնի։

—Պատմեցի՝ չանցավ։

—Նորից պատմի․․․

Պատմեմ, ինչ կա որ։

Բայց պատմողին լսող է պետք։ Պարտադիր չէ, որ թարմ ականջ լինի։ Ասեմ ավելին՝ պարտադիր չէ, որ երկու ականջ լինի։ Մեկն էլ է բավական։ Կարևորը՝ թմբկաթաղանթը վնասված չլինի։

Ի՜նչ էլ պահանջներ ունես․․․

Հա՞ չէ, գիտե՛մ, բայց խելագարությունից մեկ է պակաս։

—Յոթին հինգ պակաս հավաքվում ենք, չմոռանա՛ս։

—Չեմ մոռանա․․․

Ծորում են բառերս, ասես կողքից ուրիշ մեկն է պատասխանում։ Իսկ գլխում պտտվում է միտքը՝ ի՞նչ էլ հավես ունեն։

Էլի՞ փնթփնթում ես։ Կգնաս, կցրվես, ու հնարավոր է այս գիշեր առանց վեր թռնելու քնես։

Տրամաբանական է հնչում։

Դե եթե տրամաբանությամբ շարժվենք՝ պետք է օմեգան խմեմ, կանոնավոր քնեմ, սպորտով զբաղվեմ․․․ու կարծես թե վերջ։ Հա, մեկ էլ առավոտվա սուրճը, դա էլ պետք է վերացնել։ Ամեն ինչի մեղավորն այդ սուրճն է։

Բայց արի ու տես, որ տրամաբանությունը պարտվում է, որովհետև ամեն ինչ էլ արել եմ։ Մեդիտացիան էլ վրադիր։

Իսկ սուրճը՞․․․

Չէ, սուրճը սուրբ գործ է։ Սուրճի հետ միշտ կարդում եմ։ Այդ մի հաճույքից չեմ կարող հրաժարվել։ Թող գոնե մի կես կտոր դոֆամին մնա։ Գոնե սուրճ խմելիս նկատում եմ, որ ծառերը ծաղկել են։

—Պետք է դեպի կյանքը շրջվել,- ասում է Հնդկաստանից մի գուրու,-որ կյանքն էլ դեպի քեզ շրջվի։

Պրագմատիկ է հնչում․․․իսկ ո՞նց շրջվեմ կամ շրջեմ, կամ էլ դրժե՞մ։ Չէ բառախաղ չի, ուղղակի իրոք չեմ հասկանում։ Տպավորություն է, որ կյանքն ինք է վաղուց երես շրջել ու չի ցանկանում վրաս հայացք գցել։

—Գլուխդ ամեն հիմար բանով լցնում ես,-ասում է ընկերուհիս։-Քեզ ասեցի՝ լիալուսնից են երազներդ։ Մյուս շաբաթ կանցնի։

Կանցնի․․․ բա չի անցնի։ Նախորդ ամիս էլ էր դա ասում։

Լուսինը, կյանքը, ալֆան ու օմեգան․․․

Չէ, ինչ որ բան ներսում անդառնալիորեն փոխվել է։ Այդ փոփոխության դեմ անզոր են ինչպես ընկերուհուս աստղաբանական գիտելիքները, այնպես էլ Հնդկաստանից ժամանակ գուրուի ճառերը։

Չինական մի ասացված կա։ Կոտրած վազան, եթե կպցնես նույնը չի լինի։ Ես կարծես նման լինեմ այդ կոտրված վազային, որի կպած հատվածների տեղերը սպիների նման աչք են ծակում ու հիշեցնում, թե ինչ տեսք ուներ մինչև փշրվելը։

Սկսեց ցրտել, իսկ հինգ րոպե առաջ այնքան շոգ էր, որ քիչ էր մնում շապիկս էլ հանեի։ Հոմեոստազս լրիվ խախտվել է։

Էլի՞ բողոքում ես։

Հա՛․․․Էլի նույն ճանապարհը, աչքերս ցավում են արդեն։ Գուցե համարձակվեմ ու աջ թեքվեմ, դեպի կյանքը ինչպես գուրուն էր ասում։ Լավ է՝ դեռ հումորի զգացում ունեմ, ուրեմն ամեն չէ, որ կորած է։ Ինչ կա որ, այսօր էլ նոր փողոցով գնամ։ Շրջվում եմ դեպի աջ և ականջիս է հասնում վնգստոցանման մլավոց։

Արդեն ձայնային հալյուցինացիաներ ունեմ փաստորեն։ Չէ վիճակս վատ է։ Որքան շատ եմ խորանում այդ փողոցով, այնքան ավելի ուժեղ է հնչում ձայնն ականջներումս։ Կատու է․․․ թե՞․․․

—Շու՛ն, դու որտեղի՞ց հայտնվեցիր։

Ոչ մի շունչ, տպավորություն է, որ այդ փողոցում միայն մենք ենք։ Լավ, ո՞ւր են մնացածը։ Ո՞վ է թողել այս մեկ ամսականը շանն այստեղ։ Ոչ կերի աման կա, ոչ էլ ջրի։

Սև, խոշոր, բայց վախեցած երկու աչք նայում են ինձ, մտնում են հոգուս մեջ ու շոյում ինձ։ Ժամանակը մի պահ կանգ է առնում։ Կարծես մի ողջ հավերժություն մենք նայում ենք միմյանց։ Այնքան ծանոթ է ամեն բան թվում, այնքան խաղաղ, այնքան բնական։ Ձեռքերով բռնում եմ նրան, բարձրացնում դեմքիս մոտ ու նայում։ Ի՞նչ անեմ ես քո հետ․․․Լպստում է դեպքս, կարծես պատասխանելով հարցիս։ Արցունքներն առանց թույլտրվության սկսում են սահել, իսկ այտերիս մկանները՝ ձգվել։ Շունիկը սկսում է արցունքներս լպստել, իսկ ես ֆիքսում եմ, որ այտերիս մկանները ժպտալուց են ձգվել։

Ի՞նչ անենք։

—Գնանք տուն Սևո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *