Ջումպա Լահիրի | Բրինձ

Ջումպա Լահիրին ճանաչված հնդիկ գրող է, բնակվում է Բրուկլինում (ԱՄՆ): Ջումպա (Նիլանջանա Սուդեշնա) Լահիրին ծնվել է 1967թ. Լոնդոնում, Հնդկաստանից արտագաղթած բենգալացիների ընտանիքում: Ծնողները նրան հաճախ են տարել Կալկաթա, որպեսզի հարազատների շրջապատում յուրացնի ազգային ավանդույթները: Լահիրին ավարտել է Բոստոնի համալսարանի անգլիական, համեմատական գրականության, ստեղծագործական և Վերածննդի ուսումնասիրության բաժինները, ապա դասավանդել է նույն համալսարանում: 2005-ից եղել է ամերիկյան ՊԵՆ կենտրոնի փոխնախագահը, 2010-ի փետրվարից ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային առընթեր Արվեստների և հումանիտար գիտությունների հանձնաժողովի անդամ է: Հեղինակ է մեկ վեպի, որի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, և պատմվածքների երկու ժողովածուների: Նրա ստեղծագործությունները երկար տարիներ մերժվել են խմբագիրների և հրատարակիչների կողմից, սակայն 1999-ին հրատարակված պատմվածքների առաջին իսկ ժողովածուն 2000-ին արժանացել է Պուլիցերի մրցանակին: Այնուհետև նա ստացել է ևս 10 գրական մրցանակներ: Լահիրիի արձակին, որը հիմնականում ինքնակենսագրական է, բնորոշ է պարզ լեզուն, նրա հերոսները հնդիկ ներգաղթողներ են, որ անվերջ դեգերում են երկու՝ ծննդավայրի և բնակավայրի մշակույթների միջև:

Բրինձ

Հայրս, որ յոթանասունութ տարեկան է, շատ կազմակերպված մարդ է: Երեսունինը տարի միևնույն գործն է արել՝ համալսարանի գրադարանում քարտարան է կազմել: Վաղ առավոտյան առաջին բանը, որ նա է անում, երկու բաժակ ջուր խմելն է, և ամեն օր առանց բացառության զբոսնում է մեկ ժամ, քնելուց առաջ էլ նույնքան ժամանակ է տրամադրում ատամները թելով մաքրելուն: Հորս մասին խոսելիս երբեք մտքովս չի անցնի «հանպատրաստից» բառն օգտագործել: Անծանոթ վայրում պատահաբար մոլորվելիս նա իրեն կորցնում և անչափ վրդովվում է:

Խոհանոցում հայրս նույնպես շրջահայաց է, հաշվում է վարսակի շիլայի մեջ լցրած բոլոր չամիչները (ընդամենը՝ տասնհինգ հատ), իսկ երբ թեյի համար ջուր է եռացնում, նույնիսկ մեկ կաթիլ ավելի չի լցնում թեյնիկի մեջ: Միայն հայրս գիտի, թե չորս, քառասուն կամ հարյուր քառասուն մարդ կերակրելու համար քանի բաժակ բրինձ է հարկավոր: Նա անդաջի (բենգալերեն նշանակում է «նախահաշիվ կազմող») համարում ունի, ճշգրիտ հաշվում է չափաբաժինները և հակված է մոլորեցնելու մյուս խոհարարներին: Եթե կուզեք, նա բրնձի մարգարե է:

Սակայն բրնձի մեկ այլ, բոլորովին տարբեր կերակրատեսակ գոյություն ունի, որով հատկապես հայտնի է հայրս: Դրա մեջ սովորական ճերմակ բրինձը չեն օգտագործում, որը մակարոնեղենի նման եփում, ապա շուռ են տալիս քամիչի մեջ, և որը բենգալացիների մեծ մասն ուտում է ճաշին: Այլ բրնձից պատրաստված այս ճաշը կոչվում է փուլաո՝ տապակած, յուղալի, նրբահամ, պարսկական ծագում ունեցող մի ճաշատեսակ, որ մատուցվում է որևէ տոնի առիթով: Բազմիցս հետևել եմ, թե հայրս ինչպես է այն պատրաստում: Փուլաոյի բաղադրամասերն են կարագի մեջ բոված բասմատի տեսակի բրնձի հատիկները, դարչինի ձողիկները, մեխակը, դափնետերևները և հիլի փոճոկները: Նաև՝ կիսած հնդընկույզ և չամիչ (ի տարբերություն վարսակի շիլայի մեջ ավելացվող չամիչի, սա պետք է ոչ թե սև լինի, այլ՝ ոսկեգույն): Բացի այդ, փուլաոյի մեջ օգտագործվում են աղացած կոճապղպեղ, աղ և շաքարավազ, մշկընկույզ և մշկընկույզի չորացրած կեղև, եթե ձեռքի տակ կա՝ նաև զաֆրան, եթե չկա՝ փշրած քրքում: Այս ամենի վրա լցվում է որոշակի քանակությամբ ջուր, ապա բրինձը եփվում է այնքան, մինչև ջուրն ամբողջությամբ գոլորշանա: Եփելուց հետո բրինձը փռում են թավայի մեջ: (Հայրս նախընտրում է ալյումինե հարմարեցված թավան, որ ինքն է վերամշակել նախքան վերամշակման մասին օրենքի ընդունումը): Ապա ձեռքով վրան ջուր է ցողում խորհրդավոր եղանակով, ինչպես կաթոլիկ քահանան է վարվում արարողության ժամանակ: Նախապատրաստական փուլն ավարտելուց հետո թավան ծածկում է փայլաթիթեղով և դնում է ջեռոցի մեջ, բրինձն ամբողջությամբ եփվում է, և հատիկներն իրար չեն կպչում:

Չնայած մակերեսային գիտելիքներ ունեմ փուլաոյի բոլոր բաղադրիչների և դրա պատրաստման տեխնիկայի վերաբերյալ, սակայն չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է հորս սիրած այդ ճաշատեսակը եփել, երբևէ չեմ հանդգնել նույնիսկ փորձ անել և փուլաո պատրաստել: Նրա սեփական բաղադրատոմսն է և երբեք գրի չի առնվել: Այս տարիների ընթացքում որևէ դեպք չեմ հիշում, որ հորս եփած փուլաոն անորակ կամ անհամ լինի, և ամեն անգամ համը զարմանալիորեն տարբեր է: Այս ճաշատեսակը հորս ինքնահաստատման և զարգացման առհավատչյան է դարձել, նա անվերջ կատարելագործում է այն, և դրա հեղինակային իրավունքը միայն նրան է պատկանում: Ճաշատեսակ, որ մահանալու է նրա հետ:

Հայրս առաջին անգամ փուլաո է պատրաստել 1968 թվականին, երբ ես յոթ ամսական էի: Այդ ժամանակ բնակվում էինք Լոնդոնում, Ֆինսբերի զբոսայգու շրջակայքում: Մեր խոհանոցը կտրուկ վեր բարձրացող աստիճանների ամենավերևում էր՝ շենքի ձեղնահարկում, ընդհանուր խոհանոց էր, ծնողներս այն համատեղ էին օգտագործում բենգալացի մեկ այլ զույգի հետ: Փուլաո եփելու առիթն իմ անապրազանն էր՝ անցման շրջանի հերթական արարողությունը, երբ բենգալացի մանուկներին առաջին անգամ պինդ ուտելիք են տալիս: Առօրյա կյանքում այս ծիսակատարությունն անվանում են բհաթ, որ բենգալերեն նշանակում է «եփած բրինձ»: Սալօջախի ընդամենը հիսուն սանտիմետր լայնություն ունեցող ջեռոցում հայրս շուրջ երեսունհինգ մարդու համար փուլաո էր պատրաստել: Այդ օրվանից սկսած՝ նա փուլաո էր եփում իր ընկերների երեխաների անապրազանների և, ընդհանրապես, բոլոր մտերիմների ծննդյան տոնակատարությունների ու հոբելյանների, նշանադրությունների ու նորածիններին տուն բերելու արարողությունների, հարսանիքների առիթով, նաև քրոջս՝ դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ կազմակերպված ընդունելության համար: Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո տասնամյակներ շարունակ նա փուլաոյով է կերակրել Պրաբասի՝ Նյու Ինգլենդի բենգալական մշակութային կենտրոնի միջոցառումների չորս հարյուրից ավելի մասնակիցներին, հայրս իր հաստատուն տեղն ուներ նաև մյուս հաստատություններում՝ դպրոցներում, եկեղեցիներում և համայնքային միավորումներում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ, որոնց ընթացքում օգտագործում էր արտադրական ջեռոցներն ու վառարանները: Եվ այս ամենը բոլորովին չէր վրդովեցնում նրան: Եթե խնդրեին, գուցե նաև տաք նրբերշիկի սայլակի մեջ փուլաո պատրաստելու նոր համակարգ մոգոներ:

Լինում էին դեպքեր, երբ ձեռքի տակ անհրաժեշտ բաղադրիչները չէին լինում և հնդընկույզի փոխարեն նուշ էր օգտագործում, երբեմն էլ ընկերոջ պահարանում եղած չամիչն էր սխալ գույնի: Համենայն դեպս, էշը ցեխից հանում էր, սակայն թեթև ձեռքով՝ հարազատ մնալով չափաբաժինների հարաբերակցությանը:

Երբ որդիս և դուստրս դեռ շատ փոքր էին, և նրանց անապրազաններն էինք նշում, խոհարար էինք վարձել, բայց փուլաոն հայրս պատրաստեց՝ Ռոդ Այլենդի տանը, ապա մեքենայի բեռնախցիկում տեղավորեց և Բրուկլին հասցրեց: Երկու իրադարձություններն էլ տոնում էինք Փարք Սլոուփի Ազգային մշակույթի կենտրոնում: 2002-ին, երբ որդիս առաջին անգամ էր բրինձ համտեսելու, հայրս մեծ թավայով փուլաոն տաքացրեց կենտրոնի կցակառույցի նկուղում տեղադրված հսկայական վառարանի մեջ: Բայց 2005-ին, երբ հերթը հասել էր դստերս, կենտրոնի պատասխանատուն հայրիկին չթույլատրեց նույն վառարանն օգտագործել՝ պատճառաբանելով, թե նա հավատարմագրված խոհարար չէր: Հայրս էլ փուլաոն ալյումինե թավայից դատարկեց ապակյա ջեռոցամանների մեջ և մասմաս տաքացրեց միկրոալիքային վառարանում, և բաժանբաժան արված բրինձը հարյուրից ավելի մարդ կերակրեց: Երբ հորս խնդրեցի պատմել այդ փորձության մասին, նրա դեմքին հուսահատության կամ հուզմունքի արտահայտություն չնկատեցի: «Հոյակապ էր, — ասաց, — շատ մեծ վառարան էր»: /

Թարգմանությունը անգլերենից՝ Արամ Արսենյանի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով