Արաբական իրականության մեջ գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած առաջին արաբ գրող Նագիբ Մահֆուզը ծնվել է 1911 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Կահիրեում։ Հարկ է առանձնահատուկ ուշադրություն սևեռվել այն ժամանակաշրջանի վրա, որում ընթացել է Նագիբ Մահֆուզ կերպարի ձևավորումը։ Հեղափոխական իրադրությունը, երկրում առկա խժդժությունները, պետական և քաղաքացիական մակարդակի բազմաթիվ խռովությունները և Նագիբ Մահֆուզի հոր մասնակցությունն այդ ամենին, թույլ տվեց ձևավորել վերջինիս քաղաքացիական դիրքորոշումը։ Գրողի հայրը զանգվածային ցույցերի ակտիվ մասնակից էր։ Այդ բոլոր ցույցերն ուղղված էին անգլիական պրոտեկտորատի դեմ։ Լրագրող Շառլոտա Ալ-Շաբրավիին տված հարցազրույցի ժամանակ, Մահֆուզն ընդգծել է, որ իր հայրն այնքան մեծ դերակատարում ուներ այդ շարժման ժամանակ, որ նրանց տանն էին լինում բազմաթիվ քաղաքական գործիչներ, իսկ շարժման ընդիմախոսները Մահֆուզի հորը համարում էին պետության թշնամին։
Գրողն իր լիբերալ հայացքների պատճառով շատ հաճախ կանգնել է փակ դռների առջև և նույնիսկ արժանացել հալածանքների։ Դրանց շարքում է 1994 թվականին գրողի վրա դանակային հարձակումը, որի արդյունքում նա շատ լուրջ վնասվածք է ստացել։ Նագիբ Մահֆուզի արտահայտած մտքերը շատ ժամանակ հակասական էին ընկալվում, այսպես օրինակ նա ազատորեն արտահայտում էր իր կարծիքը կրոնի և աշխարհիկության կապի վերաբերյալ, ասելով, որ ինքը վախենում է կրոնական ֆանատիզմից, որովհետև քաղաքակիրթ աշխարհում այն ավերածությունների պատճառ կարող է դառնալ և դառնում է։ Առհասարակ իր ծագումնաբանության մասին գրողը խոսել է անգամ իր Նոբելյան բանախոսության ժամանակ, ասելով՝ «Ես ոչ թե մեկ, այլ երկու քաղաքակրթությունների ծնունդ եմ, որոնցից առաջինը յոթհազարամյա պատմություն ունեցող փարավոնների դարաշրջանն է, իսկ մյուսը իսլամական քաղաքակրթությունը»։
Նագիբ Մահֆուզի ստեղծագործությունն անցել է մի քանի էտապներով, որոնցից յուրաքանչյուրը գրողը նշանավորել է ժամանակին բնորոշ առանձնահատկություններով։
Վաղ ստեղծագործական շրջանը սկսվում է դեռևս դպրոցական տարիներից, երբ Մահֆուզը թարգմանություններ էր կատարում։ Դրան հաջորդում է ստեղծագործական բուն շրջանը, խոսքը Եգիպտոսին նվիրված պատմավեպերի շարքին է վերաբերում, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում էր հին Եգիպտոսի քաղաքակրթական այս կամ այն իրողությունը։
Շուտով մեկը մյուսի հետևից Մահֆուզը հեղինակում է այնպիսի վեպեր, որոնցից են «Քեոփսի իմաստությունը», «Թեբեի պայքարը» և «Ռադոբիս»-ը։ Ստացվում է՝ առաջին քայլերն անելով Նագիբ Մահֆուզը գրիչն ուղում է պատմավեպին։
20-րդ դարում արաբական իրականության մեջ սկսում են ներթափանցել եվրոպական գրականության տարրեր։ Պատմավեպի ստեղծման ժամանակակից մեթոդները հակադրվում էին արաբական իրականության հիմնական արմատացած դրույթներին և հաջորդաբար էքզիստենցիալիզմի և սյուրեալիզմի ներմուծումն արաբական գրականության մեջ, բողոքի ալիք բարձրացրեց լայն շրջանակներում՝ պահանջելով պահպանել արաբական վեպի ձևը։ Նագիբ Մահֆուզն իր ստեղծագործական առաջին շրջանում հանձն առավ մոտենալ հենց պատմավեպին և կիրառել սեփական նորարարական մոտեցումները, որի արդյունքում եգիպտական պատմավեպը դարձավ առանձին իրողություն և գեղարվեստական ժառանգություն։ Կա մի հասկացություն, որը կոչվում է «պատմական այլընտրանք», այլ կերպ ասած՝ ինչպե՞ս ներկայացնել անցյալը մեր ժամանակներում հարցի պատասխանը գեղարվեստական մտածողության մեջ «այլընտրանքի ներմուծումն» է։ Ինչպես նշում է ռուս փիլիսոփա, մշակութաբան Բախտինը, քրոնոտոպի պահպանման խնդիրը ամենակարևոր գրավականներից մեկն է, որին պետք է ծանոթ լինի վիպագիրը։ Քրոնոտոպը ժամանակի և տարածության փոխկապվածություննէ, որն առկա է տվյալ գեղարվեստական տեքստում, իսկ Մահֆուզն այն գրողն է, որն իր պատմավեպերում ժամանակագրական ճշգրտությանը չէր տալիս առաջնային կարևորություն։ Փարավոններին և հին Եգիպտոսին նվիրված պատմավեպերի շարքում իր յուրակերպությամբ առանձնանում է «Ռադոբիս» պատմավեպը, որի մասին խոսելիս Մահֆուզը նշում է, որ վստահ չէ պատմական դեպքերի ճշգրտության վրա, ավելին, ծանոթանալով որոշակի գրականության նա գիտակցաբար խեղաթյուրել է պատմական այս կամ այն իրադրությունը՝ հարմարացնելով վեպն իր ուզած կաղապարին։ Այսպիսով Մահֆուզը տալիս է վեպին «հակապատմավեպ» որակավորումը։ Այս անվան վերաբերյալ կարելի է բացատրություն ստանալ միայն հասկանալուց հետո, թե ի՞նչ նորարարության է դիմել Մահֆուզը և այստեղ անպայմանորեն պետք է անդրադառնալ վեպի քրոնոտոպին՝ հասկանալու համար, թե որտեղ է հասել Մահֆուզը ՝ դարձնելով վեպը ժանրային առանձնահատկության տեսանկյունից բացառիկ։
Առհասարակ քրոնոտոպ հասկացությունը՝ այսինքն ժամանակի և տարածության համադրման թեորեան, առաջին անգամ հանդիպում է Էյնշտեյնի «Հարաբերականության տեսության» մեջ։ Այն հետագայում տեղափոխվում է գրականություն և դառնում նշանակալի ժանրային արժեք։ Առաջին անգամ ժամանակի և տարածության անհամադրելի իրողություններ ի հայտ են եկել դեռևս անտիկ հունական վեպերում, իսկ հետագայում անտիկ դարաշրջանին վերաբերող ստեղծագործություններում, որտեղ միաժամանակ համադրված են զանազան տարրեր, ընդ որում տարբեր ժանրերից։ Ժամանակի զգացողությունը և առավել ևս ճշգրտությունը բացակայում են, այսինքն չի տրվում հստակ պատկերացում կյանքի ընթացքի, ժամանակային սահմանաչափի և առավել ևս չկան կենսագրական հստակ տվյալներ և սա այն պատճառով, որ դրան չէր տրվում ուղղակի կարևորություն, այսինքն պատմական տեղայնացման մասին խոսք չի գնում։ Այսինքն հունական վեպը չէր տեղավորվում ոչ պատմական, որ կենսագրական, ոչ կենցաղային բնույթ կրող ժամանակագրային ստեղծագործությունների շարքում։ Այսինքն այն անունով շարունակում էր մնալ պատմավեպ, ըստ երևույթին պատմելով անտիկ ժամանակաշրջանի մասին, բայց ձևով և ժանրային առանձնահատկություններով այն հակադարձում էր պատմավեպի կազմության կանոններին՝ վերածվելով հակապատմավեպի։ Նման հակապատմավեպ գրելու փորձ արել է նաև Վոլտերը։
Վերադառնալով Նագիբ Մահֆուզին, նկատենք, որ կիրառվում է վերը նկարագրվածի բոլոր կետերը բացառությամբ մեկի, որն առկա չէ և ավելացվել է վերջինիս կողմից։ Վեպը սկզբից մինչև վերջ փոխաբերական իմաստ ունի և գաղտնագրված է։ Մի պարբերության բացատրությունը հանգիստ կարելի է գտնել մյուսի մեջ ուշադիր կարդալու դեպքում, եթե գրականության մեջ հայտնի հակապատմավեպի դրույթներից մեկը անհասկանալի ընթացքն է և համադրության զգացողության բացակայությունը, ապա Մահֆուզն այդ հարցի լուծումը տվել է։ Բոլոր դեպքերը պատճառաբանված են և ունեն խոր արմատներ, որոնց մասին ոչ անմիջականորեն խոսում է Նագիբ Մահֆուզը։ Այստեղ առկա են կերպարային հետաքրքիր լուծումներ և անվերջ կրկնվող գաղափարի՝ հավերժականության արծարծում։ Մի իրադարձության բացատրությունը կարելի է գտնել մի քանի էջ հետո՝ առանց հստակ կազմության որևէ պարբերությունում, այսինքն հարկավոր է ընդամենը դիտարկել վեպը ոչ թե ըստ կոնկրետ իրադարձությունների, այլ «հավերժականության կոնցեպտի» ներսում։ Այս մեթոդով Նագիբ Մահֆուզը անտիկ շրջանը կապում է մեր օրերի հետ, ցույց տալով, որ գաղափարները, որոնց համար մարդը ապրում և պայքարում է ՝ չեն փոխվել և այժմ էլ շարունակում են մնալ կարևոր։
«Ռադոբիս»-ն այս շարքի վերջին գիրքն է։ Վեպի յուրաձևությունը կայանում է նոր ժամանակների հետ ունեցած սերտի կապի մեջ։ Այսպիսով կարդալով վեպը, տպավորություն է ստեղծվում, որ Նագիբ Մահֆուզը հմտորեն ներկայացնում է 1935-40-ական թվականների իրադարձությունները՝ փարավոնյան դեպքերի համադրատեքստում։ Փարավոնի և ժողովրդի հետ ունեցած հարաբերություններն իրավիճակային զուգադրվում են նոր ժամանակներում վարչապետի և հանրության հարաբերություններին։
Բացի քաղաքական թեմայի արծարծումից, վեպը ռոմանտիզմի և ռոմանտիկական տարրի շլացուցիչ ներկայացում է։ Ի տարբերություն նախորդ պատմավեպերի, Նագիբ Մահֆուզը «Ռադոբիս» պատմավեպն ամբողջացրել է սիրային թեմայի շեշտադրումով, ինչն էլ դարձել է վեպի հիմնական հաջողության գրավականը։ Բացի քաղաքական, հասարակական, վերնախավի և ժողովրդի ունեցած հարաբերությունների, կրոնական առաջնորդախավի և փարավոնների ունեցած հակասությունների նկարագրումներից, վեպի հիմքում ընկած պատմության առանցքը հրաշագեղ սերն է, որը ստիպում է ընթերցողին շատ անգամ անտեսել փոխադրած ենթատեքստը։
Վեպի առանցքային հերոսուհու՝ պարուհի Ռադոբիսի անունն առաջին անգամ հանդիպում ենք հին հունական աղբյուրներում, մասնավորապես Հերոդոտոսի աշխատության մեջ։ Վերջինում նա փոխանցում է, որ Ռադոբիսը ծնունդով Թրակիայից էր և ապրում էր Սամոս կղզում։ Ըստ աղբյուրի, կինը վաճառվել է Եգիպտոսում, որտեղ վարել է թեթևաբարո կյանք։ Ըստ Հերոդոտոսի, կինը ապրելով Եգիպտոսում հարստանում է, նրան մեծամեծները հատկացնում են մի հրաշագեղ պալատ, որտեղ կինը հաճախ հավաքներ և զոհաբերություններ էր իրականացնում։ Այս իրողությունը համապատասխանում է կիսով չափ Նագիբ Մահֆուզի վեպի բովանդկաությանը, որտեղ Ռադոբիսը նույն վարքի տեր կին էր, ուներ սեփական պալատ և ապրում էր կղզում։ Ձեռք բերած հարստության պատկերները փոխարինված են փարավոնի զոհաբերություններով և նվերներով, որոնց մասին կխովի ավելի ուշ։ Ռադոբիսի մասին բազմաթիվ լեգենդեր են հյուսվել ժամանակի ընթացքում։ Հերոդոտոսը խառնել է Ռադոբիսի կերպարը բանաստեղծ Սապփոյի գրվածքներում առկա Դորիխա անվամբ հերոսուհու հետ։ Այստեղից սկսել է պատմական խեղաթյուրումը։ Երկու տարբեր կանանց խառնել են և հետևապես խառնվել է ժամանակաշրջանը և իրողությունները։ Սա հենց այն է, ինչի մասին խոսում էր Մահֆուզը։ Սա հենց այն դիտարկումն էր, որն այնուամենայնիվ չի խանգարել գրողին վեպը կառուցելու և գեղարվեստականությունը ապահովելու մեջ։ 2014 թվականին հայտանբերված անտիկ պապիրուսում առկա էին Սապփոյի տեքստերը, որոնք ուսումնասիրությունների ենթարկելու արդյունքում պարզ է դառնում, որ Հերոդոտոսը սխալմամբ է նույնացրել բանաստեղծի սիրուհուն՝ Դորիխային, Ռադոբիսի հետ։ Վերջինս ապրել է նրանից շատ ավելի ուշ ընկած ժամանակաշրջանում։
Վեպը պատկերում է արխայիկ կոլորիտը և միաժամանակ տիրող ներքաղաքական համակարգի գործընթացը։ Վեպի յուրաձևությունն այն է, որ պատմական իրողությունների արանքում վեր է խոյանում արևելյան չքնաղ մի սիրավեպ, ինչը ստիպում է հեռավոր անցյալն ընկալել որպես հեքիաթային մի ակնթարթ։ Դեկորատիվ պատկերումները և տոնախմբությունների նկարագրումներն ամբողջական են դարձնում վեպը՝ նրան հաղորդելով ազդեցիկ և զգացմունքային գեղարվեստականություն։ Յուրաքանչյուր կերպարի գրողը բացահայտում է խորհրդանշական հանգամանքներում, ինչն առանձնահատուկ ընթացք է հաղորդում վեպին։ Սիրո և վստահության գաղափարն առանցքային նշանակություն ունեն վեպում, ընդ որում ոչ միայն սիրային հարաբերություններում, այլև ժողովրդի և պալատականների, փարավոնի և ժամանակի բարքերի միջև։ Հավերժական սիրո փնտրտուքների մեջ գտնվող վեպի հերոսների ցանկություններն անմիջականորեն կապված են, սակայն չեն գիտակցում դա։ Իդեալին հասնելու ձգտումը հավաքական բնույթ ունի։ Վեպն ուշագրավ է նաև առկա հակասություններով և դրամատիկ նկարագրություններով, որոնք միաժամանակ հերքում և ապացուցում են հավերժական սիրո պատկանելիության գաղափարը։
Ռադոբիսի մասին անթիվ անհամար լեգենդներ են հյուսվել, որոնց բավականին հետաքրքրական կերպով անդրադարձ է կատարել Ստրաբոնն իր աշխատության մեջ։ Ստրաբոնը փոխանցում է, որ Գիզայի երեք բուրգերից մեկը պատկանում էր Ռադոբիսին և սա նրա համար կառուցել էին նրա սիրեկանները։ Բացի այս հանգամանքը, Ստրաբոնը պատմում է Ռադոբիսի թանկարժեք սանդալի պատմությունը, թե ինչպես է արծիվը գողացել այն և գցել թագավորի մոտ։
Վեպի գործողությունները ծավալվում են մայրաքաղաք Աբուում, իրադարձությունները սկսվում են Նեղոսի ամենամյա տոնախմբության նկարագրությամբ եւ ձգվում մինչեւ հաջորդ տարվա նույն տոնակատարության օրերը, այսինքն` ժամանակային առումով ուղիղ մեկ տարի է ընդգրկում վիպական սյուժեն: Սա շատ կարևոր գործոն է վեպի ներքին տրամաբանությունը որսալու առումով. քանի որ ընթացիկ պատմական ժամանակը հեքիաթայնացված է, մեկ տարին մի ամբողջ կյանքի համարժեքն է դառնում, գոնե վեպի երկու գլխավոր կերպարների` փարավոնի եւ Ռադոբիսի համար: Մերենրա 2-րդը նոր է գահ բարձրացել, Ռադոբիսը արդեն մեծ փառքի ու հարստության հասած պարուհի է (կուրտիզանուհի), ում գեղեցկությամբ շլացած են երկրի գրեթե բոլոր բարձրաստիճան այրերը, ովքեր պատրաստ են ամեն ինչ զոհել նրա կողքին գտնվելու համար: Բայց երբ խորհրդանշական հանգամանքներում կայանում է այս երկուսի հանդիպումը, ինչը նշանավորվում է բուռն սիրավեպի ծնունդով, երկուսն էլ ընդունում են, որ իրենց հանդիպումից առաջ նրանց կյանքերը լիարժեք չեն եղել` լեցուն միայն անսեր ճոխություններով ու վայելքներով: Իսկ քանի որ գործ ունենք զուտ սիրային պատումի հետ, ապա հենց սիրավեպի սկիզբն ու հանգուցալուծումն են ձեւակերպում վիպական ժամանակը: Եթե դիտարկենք վեպը Բախտինի նկարագրած քրոնոտոպի տեսակներին բնորոշ առանձնահատկությունների համատեքստում, ապա շատ հետաքրքիր տեքստային բացատրություններ կգտնենք: Նախ վեպի պարզ, հաճախ սենտիմետալ սիրային պատմության գիծը ամբողջովին տեղավորվում է հունական ռոմանսներին բնորոշ օրինաչափությունների մեջ: Վեպի գլխավոր հերոսների հանդիպման հիմքը դառնում է պատահականությունը` չնայած դրան ինչ-որ միֆական բացատրություն է տրվում տեքստում (արծիվը գողանում է ջրում լողացող գեղեցկուհի Ռադոբիսի ոսկե սանդալը եւ նետում այն իր պալատում խորհրդակցություն անցկացնող փարավոնի ձեռքերի մեջ): Սիրային պատմության գլխավոր առանձնահատկությունը զույգի միջեւ ներքին հակասությունների իսպառ բացակայությունն է. փարավոնն ու Ռադոբիսը երբեք չեն կասկածում միմյանց, նրանց առաջին հանդիպումից մինչև վերջինը զգացմունքների որևէ տատանում չի նշմարվում, երկուսն էլ որեւէ զարգացում չեն ապրում որպես սիրահարներ: Սիրային զույգի միակ կոնֆլիկտը իրենց հարաբերություններից դուրս գտնվող արտաքին աշխարհի հետ է: Գործ ունենք սիրային կատարյալ ու անփոփոխ իդիլիայի հետ, երբ ժամանակը որեւէ ազդեցության գործակից չունի այնքան ժամանակ, քանի դեռ սիրային հարաբերությունների ընթացքին է վերաբերում, եւ գործոն է դառնում միայն այն դեպքում, երբ այդ հարաբերությունները բախվում են իրական, այս դեպքում` արտաքին ժամանակի հետ: Նույնքան չեզոք է նաև վիպական հիմնական գործողությունների տարածություն Աբու քաղաքը, այն մեծապես դեկորատիվ է իր բնույթով, ավելի շատ բեմ է հիշեցնում` իր տարբեր տեսարանների համար նախատեսված անկյուններով` արքայական նստավայր, Ռադոբիսի պալատ, հրապարակ եւ այլն: Վեպի սյուժեի վրա ազդեցություն ունեցող գրեթե բոլոր գործողությունները տեղի են ունենում բեմական քաղաքից դուրս (եկեք դրանք կոչենք կուլիսային քաղաքներ), իսկ բուն քաղաքում խաղարկվում է հիմնականում Նեղոսի տոնակատարությունն ու սիրային պատումը: Նոբելյան իր բանախոսության ժամանակ Նագիբ Մահֆուզը խոսում է այն մասին, որ ինքը ծնունդ է մի քաղաքակրթության, որը երկու մեծ շրջափուլ է անցել` փարավոնյան եւ իսլամական: Խոսելով փարավոնների ժամանակի մասին` նա ասում է, որ հավաքվածներից շատերը վստահ գիտեն Ախենաթոնի, Եգիպտական բուրգերի ու Սֆինքսի մասին, բայց իր համար այդ դարաշրջանը նշանավոր է հատկապես այլ ժառանգությամբ, որը տեղ է գտել պապիրուսներից մեկում, այն մասին, թե ինչպես փարավոնը լսելով, որ իր հարեմի որոշ կանայք մեղսակցել են իր պալատի որոշ տղամարդկանց հետ, ոչ թե միանգամից սպանել է տալիս նրանց` իր իրավունքների ու ժամանակի ոգու հանգույն, այլ հրավիրում է իր մարդկանց եւ խնդրում հետաքննել դեպքերն ու զե-կուցել ողջ ճշմարտությունը, որպեսզի կարողանա արդարադատ լինել իր որոշման մեջ:Մեկ այլ` պատմական մեյնսթրիմից դուրս մնացած անհայտ պապիրուս էլ կարծես Նագիբ Մահֆուզի «Ռադոբիս»-ն է, որը թերևս հակապատմավեպ է իր բնույթով, եւ պատճառն այն չէ, որ վեպում բազմաթիվ պատմական անճշգրտություններ կան, այլ հենց հեղինակի ընտրած դիրքավորումը, ով հաստատապես գեղեցիկի որոնող է եւ համոզված է, որ այդ գեղեցիկը չի տրվել ու չի տրվում ճշգրիտ փաստագրմանը փոխառել է Մահֆուզը և ներկայացրել իր պատմավեպում։
Նագիբ Մահֆուզն իր վեպի գլուխները հաճախ վերնագրում է այս կամ այն կերպարի անունով` Տահո (փարավոնին կից արքունի զորքի հրամանատարն է), Բնամոն (Ռադոբիսի պալատի նկարիչ-քանդակագործն է), Խնումհաթեբ (քրմապետն է), Նիթոկրիս (թագուհին է, միեւնույն ժամանակ` փարավոնի քույրն ու կինը): Ուշադիր լինելու դեպքում կնկատենք, որ իրենց խաղացած մանր-մունր դերերի մեջ այս բոլորի գլխավոր կամ, եթե կարելի է այդպես ասել, հավաքական գործառույթը սիրային իդիլիան քանդելն է` չնայած նրանք այդ մասին իրար հետ ոչինչ չեն պայմանավորվում: Տահոն մտերիմն ու հավատարիմ զինակիցն է փարավոնի, բայց միևնույն ժամանակ խենթի պես սիրում է Ռադոբիսին, եւ երբ գալիս է բախտորոշ պահը, մոռանում է հավատարմության մասին եւ հակառակորդ բանակին փոխանցում սիրահարների` իրեն վստահած գաղտնիքը: Բնամոնը սիրահարված է Ռադոբիսին, պատրաստ է կատարել գեղեցկուհու բոլոր քմահաճույքները, բայց սերը կուրացրել է նրան ու երիտասարդ տղան գլխի չի ընկնում, որ տիրուհու հերթական պահանջը կատարելով` վերջինիս ինքնաս-պանությանն է նպաստում: Խնումհաթեբը ամբողջ երկիրն է ոտքի հանում փարավոնի դեմ` իբր նրա կայացրած վճիռը չեղարկելու համար` ըստ որի քրմական դասը պետք է զրկվեր իրեն պատկանող կալվածքներից: Բայց գլխավոր բողոքի ալիքը կառուցվում է միայն այն հանգամանքի վրա, որ փարավոնը կալվածքների ողջ հարստությունը ծախսում է իր սիրելի Ռադոբիսի վրա: Նիթոկրիսն էլ եղբայր-ամուսնուն խանդելով է պայմանավորում իր քայլերի տրամաբանությունը, ով կարծես ունի ողջ ժողովրդի ու պալատականների սերն ու վստահությունը, բայց երկրի թագուհին լինելով՝ կորցրել է փարավոնի սրտի թագուհու տիտղոսը: Ստացվում է, որ վեպի երկու գլխավոր կերպարները սիրային պատումի հերոսներ են, իսկ մնացած բոլորը ժամանակի պատմական-քաղաքական իրողությունների դերակատարները: Վերջիններս, կամա թե ակամա, գործիքներ են, որ պայքարում են պատ-մական ժամանակ ներխուժած սիրային ժամանակի դեմ, որպեսզի վերականգնեն պատմական ժամանակը: Պատահական չէ, որ վեպի դիպաշարի սիրային հանգուցալուծումից հետո նրանցից ոչ մեկի ճակատագրի մասին հեղինակը մեզ՝ ընթերցողներիս, ոչինչ էլ հարկ չի համարում պատմել: Սա նրանց պատմությունը չէ, Նագիբ Մահֆուզը նրանց վկայողը չէ. պատմությունը՝ որպես ժամանակի դեպքերի արձանագրություն, հեղինակին այս վեպում չի էլ հետաքրքրում։
Սակայն կերպարների առանձնահատկությունների շարքում կա հետաքրքիր շեշտադրում։ Պատմավեպի գեղարվեստականության և ակնթարթային ընթացքի առաջնային գրավականը իրադարձությունների և դրանց կարևորության կենտրոնացումն է կանանց կերպարների մեջ։ Սիրային կիզակետում դրվատվում են միաժամանակ երկու կերպարներ․ մի կողմից գեղեցկուհի պարուհի Ռադոբիսն է, ով հասցրել է գերել երկրի բարձրաստիճան այրերին իր չքնաղությամբ և խելքով, իսկ մյուս կողմից վեպում զուգապես որպես փարավոնի կին և քույր ներկայացված Նիթոկրիսն է, ում խոհեմությունը և ազնվազարմ կեցվածքն ակամայից դրվում է հակադրման համատեքստում։ Սիրային կոնֆլիկտը, որ առաջ է քաշվում վեպում, կապված է արտաքին աշխարհի անհամատեղելի էության հետ, որովհետև ըստ երևույթին, եթե միաժամանակ չհարուցվեր փարավոնի և ժողովրդի ընդհարման դիպվածը, հարցադրումը ՝ Նիթոկրիսի և Ռադոբիսի կերպարային հակադրման վերաբերյալ, այդպես էլ չէր ծագի վեպում։ Կերպարների կուլիսային գործողությունները թողնում են մի մեծ բաց՝ մասնավոր ենթադրություններ կատարելու համար։ Նիթոկրիսը երբեք ցույց չի տալիս սեփական դիրքորոշումը փարավոնի և Ռադոբիսի հարաբերությունների վերաբերյալ, այսպիսով հակադրման փակագծերը ողջ ընթացքում մնում են փակ, սակայն անգամ վարքի և շեշտակիորեն սիրային բորբոքի անտեսումը, կամ գոնե թե դրա՝ նկարագրություններից բացակայելու փաստը, չեն խանգարում ընթերցողին տեղ հասցնել կանացի համոզմունքների և զգացողությունների ամբողջությունը։
Վեպում առանձնակի կարևորությամբ շեշտադրվում է անձամբ փարավոնի վերաբերմունքը Նիթոկրիսի նկատմամբ, ինչը լցված է ակնհայտ հարգանքով և վստահությամբ։ Անգամ, միաժամանակ սիրահարված լինելով Ռադոբիսին և գիտակցելով այն փաստը, որ Նիթոկրիսը տեղյակ է այդ մասին, փարավոնն իր բոլոր գործերը, անգամ նրանք, որոնց տապալման պատճառով կանգնած էր ժողովրդի հետ բախման անդունդին, վստահում էր կնոջը։ Իհարկե, ինչպես նշեցի, վեպում փոխառաբար գործածվում են երկու դիմելաձևերն էլ՝ քույր և կին, սակայն ըստ երևույթին, քույր ձևը կիրառվում է որպես փարավոնի անասելի բարեհուսության հավաստիք կնոջ նկատմամբ։ Ինչպես հեղինակն է նշում՝ խորաթափանց մտքի տեր Նիթոկրիսը, վեպում նկարագրվող Նեղոսի տոնից և դրա ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո, փորձում էր ամուսնուն սնուցել այն գաղափարը, որ փարավոնի առաջնային արժանիքը մեղմաբարությունն է, սակայն քրմերի հետ ունեցած անմիջական կոնֆլիկտը որպես այդպիսին լուծում գտավ միայն կերպարային բևեռի հակառակ կողմում, որը տվյալ պարագայում Բեյջա երկիրն էր։ Այստեղ բացի կնոջ դերակատարման նրբանկատության և կարևորության փաստից, հարկավոր է մեկ դիտարկում անել․ խոսքը կոնկրետ քաղաքական և իրավապատմանական իրադրության մասին է, որը ցույց է տալիս ժամանակի առանցքային խնդիրը՝ քրմերի և փարավոնի իրավունքների բաշխման և դրանց կիրառելիության վերաբերյալ։ Նագիբ Մահֆուզը կանացի համոզմունքների և որոշակի դիպվածային դետալների արանքում թաքցնում է այս ենթատեքստը, որն այդպես էլ պատմականորեն չի ստանում վերջաբան և հանգուցալուծումը վեպի կրկին մասնատվում է հուզական դաշտի և կնոջ դերի կարևորության սահմանագծում՝ թողնելով մնացյալ ենթադրությունները ընթերցողին։ Ունիկալ է Բեյջա երկրի ներկայացումը, որպես փարավոնի հավերժական սիրո ապրելավայր, ընդ որում կոնկրետ անձի զգացմունքային էպիկայի դրսևորումը փոխարինված է ֆանտաստիկ ինտելեկտուալ շեշտադրումով։ Իրադարձությունները տանում են դեպի ինտելեկտուալ վեպի։
Իրականում, սա բացառիկ անցում է արաբական գրականության մեջ։ Պատմական իրողությունների ֆոնին դիտարկել գեղարվեստականությունը և կյանքը, վերջինիս դրվագները կիրառելով վեպում որպես առանցքային թեմա։ Որպես ժանր այն գրականության մեջ ձևավորվել է հենց 20-րդ դարի սկզբին։ 20-րդ դարում Նագիբ Մահֆուզն էլ իր գեղարվեստական արձակում ներդրեց ինտելեկտուալ վեպի անցումը, որն ուղեկցվեց սոցիալական վիճակի մասին ընկալումները վեպում ներկայացնելու ընթացակարգով։ Վիպագրի ստեղծագործական երկրորդ շրջանում է առավել ընդգծված սա, սակայն առաջին վեպերը գրելու շրջանում արդեն առկա էր այդ նորարարական գիծը։
Բեյջա պալատը, լի էր արվեստի շնչով։ Այն բոլոր կերպարները, որոնց մասին գրել է Նագիբ Մահֆուզը, որպես այդպիսին կապ չունեն պատմության հետ և նրանց առկայությունը միայն ընդգծում է Բեյջայի և Ռադոբիսի առանձնակի կարևորությունը։ Արաբական իրականության կարևոր դեմքերին Նագիբ Մահֆուզը ներառել է վեպում, որպես ինտելեկտուալ մասնիկ։ Այսպես օրինակ տեքստում կարող ենք հանդիպել միմյանց հետ բանավիճող արվեստագետների, ճարտարապետերի կամ բանաստեղծների, որոնք Ռադոբիսի պալատը ծաղկացնում են և միաժամանակ այն վերածում են ակամայից ինտելեկտուալ զրուցարանի։ Գրողը հմտորեն դիմել է հետևյալ գաղտնիքին․ ոչ անմիջական ձևով այս մարդիկ նպաստում են կանացի դերի կարևորության շեշտմանը, որովհետև պարբերաբար ունենում են խոսակցություններ կնոջ մասին։ Դրանք ընթանում են բավականին տողադարձորեն, իհարկե հասցնելով որոշակի հանգուցալուծման։ Նման հրաշագեղ օրինակ է բանաստեղծ Ռամոնհաթեբի կասիդան, որն ըստ վեպի սկսում է երգել Ռադոբիսը, այս տաղանդավոր արվեստագետների բանավեճերը լսելուց հետո․
Նրանք, ովքեր լսում են իմաստունների քարոզը,
Դարձրե՛ք ականջներն իմ կողմ,
Ես տեսել եմ երկիրն ավարտվելու օրվանից ի վեր ,
Եվ Ձեր նախնիները տեսել են այն՝
Անցնելով երազողի գլխում ապրող մտքերի միջով։
Ծիծաղով էին լցված իրենց տոները և իրենց խոստումները․
Եվ որտե՞ղ է փարավոնը,
Որտե՞ղ են քաղաքական գործիչները,
Որտե՞ղ են զավթիչները,
Եվ իրո՞ք գերեզմանը անմահության շեմն է,
Բայց այնտեղից ուղարկվածներից
Եվ ոչ մեկը չի կարող հանգստացնել մեր սրտերը,
Որովհետև Քեզ չեն կարոտում
Եվ չեն վայելում երջանկությունը,
Եվ Իմաստունի ձայնը հնչել է քարոզի ողջ ճշմարտությամբ։
Երգից հետո գրողը Ռադոբիսի խոսքը շարունակում է համամարդկային մի շարք հարցեր բարձրացնելու նպատակաուղվածությամբ։ Խոսքը Եգիպտոսի տվյալ ժամանակահատվածում ունեցած սոցիալ-քաղաքական խնդիրների, աղքատության, թշվառության մասին է, որի շուրջ Ռադոբիսի արտահայտած հստակ բարիացակամ վերաբերմունքը ցույց է տալիս նրա կարեկցանքը ժողովրդի նկատմամբ, այն պարագայում, երբ նույն թշվառության մեջ էյֆորիկ մեղադրանքներ են հնչում ողջ վեպի ընթացքում հենց Ռադոբիսի հասցեին։ Այսպիսով Նագիբ Մահֆուզը վերաարժևորում է կնոջ կերպարը, որպես անվերջ հավատարմություն տածած համամարդկային բարօրրության հանդեպ։
Նույն կոնտեքստում անժխտելի է Նիթոկրիսի դերը։ Թագավորի ընկալումներում կնոջ հանդեպ հարգանքը փոխակերպվում է Նիթոկրիսի մեջ որպես երկրի պաշտպանի ռահվիրա։ Ողջ պատասխանատվությունը գրողը դնում է կնոջ ուսերին և այս պարագայում պատասխանատվությունը ոչ միայն կոնկրետ Եգիպտոսի ժողովրդին է վերաբերում, այլ հավատին սեփական անձի հանդեպ։ Սա բացառիկ կարևորությամբ ընդգծում է կնոջ դերը վեպում, որովհետև միաժամանակ ներել ամուսնու դավաճանությունը, չընկրկել այնուամենայնիվ փարավոն-թագուհի վեհանձն հարաբերությունների համատեքստում և կրել պատասխանատվություն սոցիալական ընդվզման ապագայի հանդեպ, ընդունենք, որ բացառիկ երևույթ է։ Անգամ այս պարագայում փարավոնի վստահությունը կնոջ առաքինությունների և ուժերի հանդեպ անգնահատելի դեր ունի, որովհետև հստակ տարանջատվում է թագուհու և թագուհու զգեստ հագած կնոջ միջև ընկալողունակությունը։ Նմանատիպ հարցեր բարձրացնելով և բարձր արժեքների վրա շեշտադրումներ անելով, գրողը չի մոռանում կանացի զգացմունքայնության մասին և նվիրում է բացառիկ մի գլուխ, որտեղ նկարագրում է վեպի երկու կարևորագույն հերոսների ՝ Նիթոկրիսի և Ռադոբիսի հանդիպումը։ Հնարավորինս տրամաբանական զգացմունքայնության վրա հենված զրույցն ավարտվում է Նիթոկրիսի կողմից այն պարզ դիտարկումով, թե ինքը վերևում է, իսկ պարուհին ՝ ներքևում, ինչին Ռադոբիսը տալիս է զայրացած պատասխան, թե այցի նպատակը ամուսնու սիրո հետ մեկտեղ իր պալատ եկող ոսկիներն են։ Այստեղ, իհարկե կա ճշմարտություն, սակայն խոսքն սեփական անձի անհանգստության մասին չէր, այլ ոսկիների, որպես երկրի հարստության մասնիկի հեռացում՝ անհայտ ճանապարհով, և ըստ այդմ ժողովրդական ընդվզման դրսևորման ձև։ Կնոջ դերի կարևորումն ավարտվում է ողբերգական դիպվածով։ Խոսքը սիրո կենսաձևի գերագնահատման մասին է, վեպի առանցքային կերպարի անհասանելի սիրո պատճառով կազմվել էին բազմաթիվ սիրային ուղեգծեր, որոնք որևէ արդյունք չունեցան և Ռադոբիսը, որոշեց սեփական մահվան ձևը, այդպիսով ավարտելով պատմությունը սեփական անձի և դերի կրկնակի կարևորմամբ, որպես իրադարձությունների ընթացքի պատճառ և վերջում, որպես նշանավորում անկանխատեսելի հանգուցալուծման։ Կանացի կերպարների վրա շեշտադրում անելով և համեմատականներ անցկացնելով, Մահֆուզը կոնտեքստում չի կորցնում նաև մյուս կերպարներին։ Նրանք բոլորը ժամանակաշրջանի և իրողության կոնտեքստում համադրվում են Ռադոբիսին, որովհետև անմիջական կամ ոչ անմիջական կապի մեջ են այդ կերպարի հետ։ Փարավոնի կերպարն ամբողջական է դառնում, երբ այն դիտարկում են վեպի առանցքային նշանակություն ունեցող գաղափարի՝ «հավերժականության» կոնցեպտի շրջանակներում։ Հավերժականության ներսում են ապրում մարդիկ, ովքեր անվերապահ սիրում են հայրենիքը, ամուսնուն, սիրուհուն և կամ անվերապահորեն չեն շեղվում որոշակի սկզբունքներից։ Այս ամենը թույլ է տալիս հասկանալ, որ Նագիբ Մահֆուզը հավերժականության գաղափարը բացում է «Հավերժական սիրո» կոնցեպտի ներսում, թույլ տալով ընթերցողին ինքնուրույն հասկանալ մնացյալ իրողությունները։
Առանձնակի կարևոր շեշտադրմամբ Նագիբ Մահֆուզը անդրադառնում է Փարավոնի հավերժական սիրո գաղափարին՝ նախապես տալով սքանչելի նկարագրություն փարավոնի սիրո դրսևորման։ Սակայն այստեղ առկա է այն գաղտնատեսքտը, որը հենց վերասահմանում է «Հավերժական սիրո» կոնցեպտը անպայմանորեն փարավոնի անձի հետ կապելու պատճառը։ Մահֆուզն, անժխտելիորեն շատ էր սիրում Եգիպտոսը և այդ է պատճառը, որ մուտք գործելով ստեղծագործական աշխարհ, առաջին անգամ ներկայանում է հենց իր երկրի պատմությանը նվիրված վեպերով։ Եգիպտոսը լի է առեղծվածներով, Նագիբ Մահֆուզը մեր ժամանակներում փորձել է գրել հին Եգիպտոսի իրադրության մասին։
Ինչպես բազմաթիվ գրքերում, այնպես էլ Մահֆուզի «Ռադոբիս» պատմավեպում, նկարագրվում է այս ժամանակահատվածում Նեղոսին տրված սրբագույն կարգավիճակը և հայտնի Նեղոսի տոնը, որտեղ քրմերի և փարավոնի կողմից իրականացված ծիսակատարության ընթացքում փարավոնը արտասանում է հետևյալ աղոթքը․
Ներկա եմ քո գավթում, ով աստվածություն սուրբ,
Հետո պիտի սրբագործեմ ինձ,
Քեզ երկրպագելով զոհ եմ մատուցում,
Պարպիր բարիքով այս չքնաղ հողն ու
Մարդկանց նրա հավատարիմ[1]։
Աղոթքից հետո տեղի ունեցած ծիսական նկարագրությունը, ըստ երևույթին, եզակի է իր տեսակով վեպում, որովհետև դրանից հետո ծագած կոնֆլիկտին այլևս անդրադարձ չի կատարվում և մնացյալը ծավալվում է սիրային դրամայի կոնտեքստում։ Այս հատվածը կարևորվում է իր յուրօրինակությամբ։ Սրան հաջորդում է բուն դիպվածը, որից սկսում են ծավալվել հաջորդող գործողությունները։ «Հավերժականության» կոնցեպտի բացահայտման համար Մահֆուզը կիրառում է մի շարք բանալիներ, գաղտնատեքստեր, որոնք համեմված են արևելյան նկարագրություններով և տեղավորում են իրենց մեջ ըստ երևույթին սիրո գաղափարը։ Հատվածը նկարագրում է արծվի կողմից Ռադոբիսի Սանդալի հափշտակությունը և այն՝ փարավոնի ծնկներին նետելը։ Արևելյան իրականության մեջ ընդունված են այլակերպությունները և տեքստերը՝ այլաբանական մոտեցումներով։ Այս ամենից զերծ չի մնացել Նագիբ Մահֆուզը․
- Իմ այգում չկա նման մի ծառ, որից այսպիսի հրաշագեղ պտուղ ընկնի։
Այստեղից սկսվում է փարավոնի սիրո եզակիության, միակության մարմնավորումը։ Արևելյան ավանդույթը հաստատում է հավերժական սիրո սկզբնավորումը․
- Հավատում են շատերը, տեր իմ, որ արծիվը սիրահարվում է գեղեցկուհուն և առևանգում են նրանց տանելով դեպի բարձունքները լեռների, հավանաբար այդ սանդալը սիրահարված արծվին էլ է երկնքից ընկել, իսկ հետո հաջողությունը լքել է նրան և բարձունքից ինքն էլ բաց է թողել՝ տիրակալի ծնկներին մոտ։
Ինչպես երևում է հետագա նկարագրություններում, այս տեսարանով Նագիբ Մահֆուզը կատարել էր իր հստակ նպատակը․ նկարագրել հավերժական սիրո պատահական ծագումը ի հակադրություն քրմերի և փարավոնի դարավոր կոնֆլիկտի, ինչի լուծումը չգտնելով, իրադարձությունները ակամայից ծավալվում են հավերժական սիրո կոնցեպտի շրջանակներում։
Վեպում փարավոնի հավերժական սիրո առարկան Ռադոբիսն է, կին, ով ըստ երևույթին իր կյանքում ունեցել է բազմապիսի տղամարդկանց և պարուհի է։ Խնդիրը, որ առաջ է քաշում գրողը վեպում, հակադարձությունն է ժամանակներին և բարքերին։ Սակայն այստեղ կա ներկայացման մի բացառիկ ձև, որն էլ շատ գրականագետների կողմից համարվել է քննադատության նախահիմք։ Խոսքը փարավոնի կողմից Ռադոբիսի ընտրության և միաժամանակ դրա վերաբերյալ վեպում բացակայող քննադատական հատվածներին է վերաբերում։ Ռադոբիսն իր պալատ է ընդունում տարբեր տղամարդկանց և ընտրում ամեն օր, թե ու՞մ հետ պետք է անցկացնի գիշերը։ Նրա գեղեցկությանը չեն դիմանում մեծահարուստներ, արվեստագետներ, բազմաթիվ այլ մեծամեծներ։ Եվ այս կոնտեքստում, փարավոնն ընտրություն է կատարում իր դիրքին ոչ համարժեք մեկի հարցում։ Վեպում բազմաթիվ հատվածներում Նագիբ Մահֆուզը ներկայացնում է փարավոնի խոսքը, որոնք ինքնազրույցների տեսքով են։ Կա ընդմանեը մեկ դրվագ, որտեղ փարավոնը բառացիորեն խոստովանում է իր անձնուրաց սերը Ռադոբիսին, խոսելով իր սիրո հավերժականության, կանխազգացումների, անվախության, երազանքների և երջանկության մասին։ Բացակայում են մեղադրանքները, քննադատությունները։ Սրանք նշաններն են հավատարմության և սիրո հավերժականության, ի հակադրություն մեկ այլ հավերժական կոնցեպտի՝ կրոնական իրավունքների հավասարժեք բաշխման։ Քրմերին պատկանող հարստությունները, տաճարի հողերը մեկ օրում սկսեցին պատկանել Բեյջա կղզու գեղեցկուհուն, ինչը բնականաբար արթնացրեց քրմերի զայրույթը և ամեն կերպ դրդեց վրեժխնդրության։ Այս պահից սկսած Նագիբ Մահֆուզը նկարագրում է ժողովրդի շրջանում կասկածանքի ծիլերի առաջացման ընթացքը, որն ըստ երևույթին չի խանգարում փարավոնին իր հետագա քայլերի հաշվարկման կամ կազմակերպման հարցում։ Հավերժական սիրո կոնցեպտն իր մեջ միայն փարավոնի և Ռադոբիսի հարաբերությունները չէ, որ ներառում է։ Այստեղ բացառիկ կերպով տեղ է գտնում Նիթոկրիսի սերը փարավոնի հանդեպ։ Սա նաև արևելյան իրականության բարձրարժեք դրսևորում է, քանի որ թագուհին, ըստ երևույթին, չի խառնում կանացի զգացմունքները առկա հասարակարգային իրադարձություններին և ոչ միայն վերցնում է փարավոնի պարտականություններն իր վրա, այլև չի խոչընդոտում և մեղադրում նրան իր գործած արարքների հարցում՝ բարձր պահելով կառավարչի անունը։ Նագիբ Մահֆուզը շեշտակիորեն ընդգծում է Նիթոկրիսի կերպարը, որպես հնագույն և հզորագույն քաղաքակրթության իրական արժեքների կրողի։ Այս հնարքով նա դիմում է նոր ժամանակների Եգիպտոսի հասարակությանը և կառավարությանը, որովհետև խոսքը հենց նմանատիպ գաղտնատեքստերի մասին է, որոնց անդրադառնում է Նագիբ Մահֆուզը հետագայում իր Նոբելյան բանախոսության մեջ և նշում, որ նման անցյալ ունեցող երկիրը, քաղաքակրթական նման էտապներ հաղթահարած ժողովուրդն այսօր ծնկելու իրավունք չունի։ Հավերժական սիրո կոնտեքստում գաղտնագրված է հավերժական նվիրվածության գաղափարը Եգիպտոսին և անդավաճան սերը։ Ընդ որում այստեղ միաժամանակ համեմատական հարթության վրա են Փարավոնի սերը Եգիպտոսի և Ռադոբիսի նկատմամաբ, որոնց համար գրողը գտնում է հավասար լուծում, տալով միաժամանակ հավասար կարևորություն երկուսին էլ։ Այստեղ գաղափարները ներկայացվում են սիրո կոնտեքստում, սակայն խորքը նայելու դեպքում կարող ենք գտնել այն հիմնական թեմաները, որոնք գրողը արծարծվում է վեպում։ Խոսքը նաև քրմերի ունեցած սկզբունքներին է վերաբերում այս պարագայում, որոնվհետև ըստ երևույթին զիջումներ չանելու և անվերջ պահանջներ ներկայացնելու համար է բորբոքվում կրակը փարավոնի և քրմերի միջև։ Խնդիր կար կարևորության հաստատման, ուժերի հավասարակշռման։ Եկել էր պահ, երբ անվերջ հակամարտության մեջ, ընդ որում սա ևս անմիջականորեն տեղավորվում է հավերժականության կոնցեպտի մեջ, որովհետև պայքարը քրմերի ու փարավոնների միջև շարունակվեց մինչև քաղաքակրթական այդ դարաշրջանի ավարտը, խնդիր էր առաջացել իրավունքների վերաբաշխման, ինչի լուծման մեջ քրմերն անսասան մնացին ՝ նվիրվելով դարերից եկած սկզբունքներին, իսկ փարավոնը ցույց տվեց իր անվերապահ և հավերժական նվիրվածությունը Եգիպտոսի ժողովրդին։ Հավերժականության կոնցեպտը հենց այս գաղտնագիրն է պարունակում իր մեջ, հավերժական հավատարմություն և սեր ՝ սեփական ժողովրդի հանդեպ, սեփական արժեքների հանդեպ։ Սիրային դրաման ընդամենը հնարավորինս ռիթմիկ պատկերումներ և ընթացք հաղորդելու լավագույն լուծումն է վեպի բովանդակային և կառուցվածքային առանձնահատկությունների շարքում։ Այդ գաղափարախոսությունն է պատճառը, որ վեպում դավաճանություն բառը հանդիպում է ընդամենը մեկ անգամ, փարավոնի մահվանից րոպեներ առաջ, երբ վերջինս խոսում էր թագուհու հետ։ Նույնիսկ նման իրավիճակ նկարագրելիս, Նագիբ Մահֆուզը զերծ է մնացել բառը երկրի, հասարակության և երևույթների հետ կապելուց, թեպետև թագուհին սկզբում կարծում է, թե դա մեղադրանք է սեփական անձի նկատմամբ։ Դավաճանի կերպարում հանդես է գալիս Տահոն՝ փարավոնի ամենահավատարիմ զորականներից մեկը, ով ևս սիրահարված էր Ռադոբիսին և հասցրել էր վերջինիս հետ լինել սիրային արկածների մեջ։ Սա Հավերժական սիրո երրորդ կոնցեպտն է վեպում, որը եզակի է իր տեսակով, որովհետև հանդիսացել է ի վերջո դավաճանության մղիչ։ Ինչու՞ է Նագիբ Մահֆուզը հենց նման ընտրություն կատարել։ Կարծում եմ ցույց տալու համար, որ ժողովրդի շահերը փարավոնը պիտի և պարտավոր է վեր դասել ի վերջո ամեն ինչից, որովհետև ինքը փարավոնն է, իսկ դավաճանության մարմնացու Տահոն, իր քայլով դրդեց Ռադոբիսին ինքնասպանության, ինչով Մահֆուզը ցույց է տալիս հավերժականության ակնթարթային եղելությունը, և հակադրում է դրա հրաշալի ներազդեցությունը կործանիչ բնույթի հետ։ Իր Նոբելյան բանախոսությունում ինքը անդրադարձել է Եգիպտոսի անցած առաջին քաղաքակրթության ավերմանը և նոր՝ իսլամական քաղաքակրթության մուտքին։ Պատմավեպը շարքում որպես այդպիսին վերջինն էր և ավարտը, կարծում եմ կրկին գաղտանգրում է հասարակության բնականոն կյանքի շարունակականությունը և փարավոնյան ժամանակաշրջանի տապալումը։ Վեպն ավարտվում է զուգադրելով այդ երկու կոնցեպտները՝ սեր սիրեցյալի և երկրի ու շահերի նկատմամբ։ Փարավոնը, չդիմելով պահակազորի օգնությանը և հավատալով սեփական ժողովրդին դուրս է գալիս պալատից, սակայն դավադիրները, որոնք ուղղորդվել էին քրմերի կողմից, արձակում են նետեր և սպանում փարավոնին։ Նիթոկրիսը վրա է հասնում և փարավոնը ներողություն խնդրելով նրանից, հայտնում է իր վերջին ցանկությունը, այն է մահանալ Բեյջա կղզում՝ Ռադոբիսի կողքին։ Նիթոկրիսը չի առարկում և թույլ է տալիս փարավոնին տեղափոխել Բեյջա։ Հավերժականության և հավատարմության գաղափարը պարփակվում է Ռադոբիսի կատարած վերջին արարքի մեջ, երբ թույնը խմելով նա կնքում է իր մահկանացուն, որպես հավերժական սիրո նշան և հավատարմություն իր սիրեցյալին։ Հավերժական սիրո գաղափարին են անդրադարձել բազմաթիվ գրողներ և համաշխարհային գրականությունը լիքն է նման օրինակներով, սակայն արաբական հասարակության մեջ խոսել ծախու և պարուհի կնոջ կերպարի մասին, այդ դարձնել մաքրության և հավատարմության, գաղափարի և խելքի կրող և այդ ամենը նկարագրել հնարավորինս կենդանի և բարձրաճաշակ գրչով կարողացավ Նագիբ Մահֆուզը։
[1] Բնագրային թարգմանությունները՝ Էլիզա Մխիթարյանի։
