Արսեն Ներսես | 5 €


Ես միանշանակ անհրաժեշտություն եմ և հազվադեպ եմ ուրախություն պատճառում մարդկանց։ Բայց երբեք չեմ մոռանա առաջին պատճառածս ուրախությունը, որ տեսա մի մարդու աչքերում։ Սովորական մի օր էր, ոչ մի բանով աչքի չընկնող։ Ես այդ ժամանակ մի ոչ թանկանոց, սև դրամապանակի մեջ էի։ Թեթև օծանելիքի բույր կար այնտեղ՝ խառնված կաշվի սովորական հոտին։ Դա մի երիտասարդի դրամապանակ էր։ Մի քանի օր էր, ինչ հայտնվել էի այնտեղ։ Հարմար էր, վատ չէր։ Այնտեղ մի փոքրիկ հատված կար, ուր մետաղադրամներն էին։ Կատակում էինք, ուրախ էինք, մեծ թվանշաններ չկային։ Կար մեկ հատ 10, մեկ 20, կարծեմ 50 էլ կար։ Հաշտ էինք։ Ինձ վատ չէին ընդունել։ Ոչ այն էր՝ մտածում էի շուտ ազատվել այնտեղից, ոչ այն էր՝ մնայի։ Որքան հասկացա, գարնանային օր էր։ Դրամապանակը տաբատի հետևի գրպանում էր, զգում էինք՝ վրայից բաճկոն կար։ Շուրջը թարմություն էր, դրանից էինք հասկանում, որ գարուն էր։ Երաժշտության ձայն լսվեց։ Փողոցային երաժշտության ձայն էր։ Ինչ-որ մեղեդի։ Դրամապանակը դուրս բերվեց։ Այնտեղ մի փորձառու հնաբնակ կար, կարծեմ՝ քսանն էր։ Ասաց, որ մետաղադրամների հերթն է հիմա։ Երբեմն անում է երիտասարդը նման բաներ, երաժշտություն սիրում է։ Մետաղադրամները չառարկեցին։ Մենք ինքնագոհ նստած էինք։ Փողոցային երաժշտության համար մեզ չեն անհանգստացնի։ Թղթադրամների մեջ քանի որ կրտսերն եմ, իսկ մետաղադրամների մեջ՝ բոլորից բարձր, գիտեի իմ միջին կարգավիճակն ու հանգիստ պառկած էի ինձ համար։ Եվ, ահա, երկու մատներ ինձ են դուրս քաշում և հանդարտ ոչ այն է՝ դնում, ոչ այն է՝ գցում մայթի վրա, երաժշտի դիմաց ակորդիոնի բաց պատյանի մեջ։ Այն ուրախությունը՝ զսպված, բայց վարակիչ, ներքին այն հրճվանքը, որ ես այլևս սովոր եմ տեսնել մարդկանց մեջ, այն ժամանակ հուզեց ինձ։ Ես զգացական մեկը չեմ, բայց անտարբեր չմնացի։ Ես էլ ուրախացա։
Մենք ամենաշուտը բաժանվեցինք։ Ես և մի քանի մետաղադրամ գնացինք ծխախոտի վրա։ Հետո ինձ իբրև մանրադրամ, ուրիշ մետաղադրամների հետ տվեցին սուրճի դիմաց։ Իմ ծննդյան տարեթիվը 2014-ն է։ Ես չգիտեմ իմ տարիքն ինչի հետ կարելի է համեմատել։ Դրա համար էլ ես սիրում եմ ծեր լինել, լինել երեխա, լինել մեծ հեղինակություն կամ փոքրիկ մի դերակատար։ Մենք զուտ մարդկային գործոն ենք։ Մենք չենք ղեկավարում կամ ղեկավարվում։ Մենք ստեղծված ենք, որպեսզի հեշտացնենք մարդկային բարդությունները և բարդացնենք մարդկային հեշտությունները։ Ես ձեռքից ձեռք եմ նետվում, գրպանից գրպան, ես դժվարանում եմ ասել, որ ընկերներ ունեմ։ Օրինակ՝ 50-ները բավական լավ ընկերություն են անում, արագ իրար հետ գլուխ գլխի են տալիս ու համարժեք դառնում ավելի մեծերին։ 20-ները շատ գործնական են, նրանք գրեթե երբեք չեն կատակում։ Նրանք հարգված են։ 10-երը ճարպիկ են, չնայած դա չի խանգարում, որ բավական լավ ընկերություն անեն քսանների հետ. սիրում եմ նրանց զվարճախոսությունը։ Առհասարակ ոչ մեկը հատուկ չի արհամարհում ինձ, բայց մեծարանք ու բարեկամություն էլ մեծ հաշվով չունեն մեզ հետ։ Չեն թաքցնում՝ պետքական ենք, միայն՝ այդքանը։ Հատուկ դժկամություն ունեն մետաղադրամների հանդեպ։ Ասում են, թե ոտքի տակ են ընկնում, բայց ես համաձայն չեմ, նրանք մեզ շատ են օգնում, պարզապես բոլորից շատ ես եմ հարաբերվում նրանց հետ։ Մի քիչ աղմկոտ են, կամակոր, բայց դե՝ սա են, ինչ անես։ Սղաճ լինի, դառնան ուրվական, ո՞վ է շահելու դրանից։ Մեկ այլ արիստոկրատ են, օ՜, շատ ինտելիգենտ ու ձևապաշտ՝ 100-ները։ Նրանք երբեք խոսքի չեն բռնվում։ Շատ նեղ, գրեթե ծածկաբառային շփումներ ունեն իրար հետ, իսկ եթե մենակ են մնում մեզ հետ, տանջանքով միայն կարող ենք մի բառ կամ տառ լսել նրանցից։ Շատ բարդ արժեք են։ 200-ները նույնպես արիստոկրատներ են։ Նրանք մի տեսակ անցյալով են ապրում, նրանք կան, բայց կարծես արդեն բացակա են։
Ծիծաղելի պատմություն եղավ մի օր 500-ի հետ կապված։ Միջին տարիքի մի անձնավորության դրամապանակի մեջ էինք։ Ես էի, երկու այլ 5-նոց՝ մեկը նոր, լավ պահպանված, մյուսը՝ ինձնից էլ հնամաշ։ Երկու միջին օգտագործվածության 20, չորս հատ 50՝ բավական թարմ (նրանք միշտ էլ լավ տեսք ունեն) և մեկ՝ 500: Մենք զարմացած, ինչ-որ տեղ՝ ակնածանքով, նրան էինք նայում։ Ես առաջին անգամ էի նման բան տեսնում։ Նա մի տեսակ մռայլ էր, ինքնամփոփ, և՛ մի տեսակ մեծամիտ էր, և՛ մի տեսակ միշտ դժգոհ, և միշտ կարծես վախեցած։ Խոսակցության չէր բռնվում, մինչև որ շատ համոզեցինք, և նա սկսեց պատմել իր պատմությունը։ Երևի անհավանական քիչ փորձառությունն էր նրա յուրահատկությունը։ 2003-ին թողարկված դրամ էր։ Բանկից հայտնվել էր մի հարուստ մարդու դրամապանակ՝ անուշաբույր կաշվից՝ մուգ շականակագույն, իր նման տասնյակ 500-ների հետ, 200-ների, ասաց, որ ռուսական 5000-ներ կային։ «5000-նե՞ր»,– լսածիս չհավատացի։ «Լավ դե,– ասաց 10-երից մեկը,– քեզ մի քիչ տեսած պահի»։ «Հա, հասկացանք, եթե չեմ տեսել, ո՞նց պահեմ»։ «Կարո՞ղ ենք լսել պատմությունը»,– միջամտեց 20-ներից մեկը։ Լռեցինք։ Հարուստ մարդու դրամապանակում ամերիկյան դրամներ էլ են եղել։ Մի խոսքով՝ խցկված ապրել են։ Եվ մի օր, լավ տրամադրության մեջ, մեր սիրելի 500-ը դուրս է բերվում դրամապանակից և մեկնվում մի ծեր մատուցողի։ Փորձառու մատուցողը նույն օրը պիտի այլևս անցներ վաղուց վաստակած հանգստի։ Առատաձեռն թեյավճարը սաստիկ հուզում է մարդուն։ Նոր, թարմ, անուշահոտ 500-անոցն իսկապես երջանկացնում է նրան։ Նա տանում և մի հաստ գրքի մեջ պահում է։ «Ես չեմ կարող ասել, որ շատ փորձառու եմ եղել, բայց գիտեի, որ մենք, մեր նմանները չեն մոռացվում կամ աննպատակ լքվում»,– անկեղծացավ մեր սուպեր արիստոկրատը։ Սակայն այդպես էլ եղավ։ Սկզբում ամեն օր մարդը գրքի էջերից հանել, ստուգել ու նորից նույն գրքի էջերում է պահել՝ մի քանի ամիս։ Հետո՝ լռություն, մոռացում։ Պատկերացնո՞ւմ եք՝ մի քանի տարի։ Ապա 500-ը ցնցեց բոլորիս. «Ես անգիր սերտել էի այդ վրաս ծալված երկու էջերը»։ Այո, այո, նա կարդալ էր սովորել։ Թերահավատությամբ մի՛ նայեք փողին։ Մենք շատ ավելի ընդունակ ենք, քան կարելի է ենթադրել։ Տարիներ են անցնում։ Մի օր բացվում է գիրքը։ «Ա՛յ դու ապրես,– լսվում է երիտասարդ մի ձայն,– տերդ մեռել է, դու այստեղ Աստվածաշունչը քաշել վրադ, աղոթո՞ւմ ես։ Արի՛, արի՛ տեսնենք՝ ինչ ենք անում»։ Հիմար տղա, գիտի, թե 500-ն ամեն մեկի խելքի բանն է։ Որտեղ ուզում է մանրել, չեն վերցնում ու չեն վերցնում։ Ի՞նչ է ստացվում. գիտեն՝ լավն է, մեծ է, բայց վախենո՞ւմ են, քաշվո՞ւմ։ Սովոր չե՞ն։ Ա՛յ քեզ բան։ Մինչև որ սկսում է տղան ուշադրություն գրավել։ «Այստե՛ղ արի, այդ ինչ 500 € է»։ Ու գնա՜ց, սկսվեցին մեղադրանքները։ Առաջինը վիրավորական էր հենց 500-ի համար. իբր թե՝ կեղծ է։ «Տո կեղծը ե՞ս եմ, թե՞ դուք, ա՛յ չտեսներ»։ 500-ն առանձնակատուկ լավն էր, երբ իր բարձր գահից իջնում և կիսաժպիտ բարկանում էր։ Հետո՝ գողացել ես։ Հետո՝ վտանգավոր մարդկանց հետ ես կապվել։ Վերջը խոստովանեց՝ մահացած քեռու գրքից է գտել։ Լռեցինք։ Մայրը՝ «տո՛ւր այստեղ»։ Տղան հանձնվեց։ «Ու ես հետո հայտնվեցի ձեզ հետ,– ավարտեց 500-ը,– ինձ այս քանի օրը հավանաբար բանկ կտանեն»։
Նա Աստվածաշունչ կարդացած 500 էր, տարբերվում էր բոլորից։ Մի օր չգիտեինք՝ ծիծաղե՞նք, թե՞ լուրջ ընդունենք, երբ խոսակցություն բացվեց մահվան մասին։ Շատերս էլ մասնակցել էինք հուղարկավորության, լսել մարդկանց հոգու անմահության մասին։ «Փողը հոգի ունի՞»,– հարցրեց մեկը։ «Այո»,– մի տեսակ մռայլ ասաց 500-ը: «Իսկ երբ մեռնենք, դրա՞խտ ենք ընկնելու, թե՞ դժոխք»,– ոչ այն է կատակով, ոչ այն է լուրջ հարցրեց 50-ներից մեկը: Ոչ այն է կատակով, ոչ այն է լուրջ՝ 500-ը գրեթե շշնջաց. «Մեր հոգիները հանգչելու են դրամատան հաշիվներում»…
Մի օր մի երիտասարդի ծոցագրպանում էինք։ Ես էի, մի 100-անոց ու երկու 20: Սովորաբար չի պատախում այնպես, որ դրամը վտանգ զգա։ Մեր զգացած վտանգը առավելագույնս այն է, որ մնանք բանկի խավար պահոցներում կամ արժեզրկվենք։ Այս անգամ տարբեր էր։ Մարդկային վտանգ, մարդկային զգացողություն։ Բարձրաձայնեցի այդ մասին, 20-ներից մեկը շատ առհամարհական վրաս նայեց և ասաց, որ սրանք մարդկային հատկանիշներ են. վերջացրո՛ւ։ 100-ը նույնիսկ չպատասխանեց։ Ծանր, շատ ծանր աղմուկ լսվեց։ Ծոցագրպանում խոնավություն զգացինք։ Զգացինք, որ թաց ենք։ Հետո մեզ այնտեղից հանեցին։ Բոլորս էլ հասկացանք՝ ինչ է կատարվում ու ոչինչ չասացինք։ Վախեցած էինք։ Մեզ տարան։ Մեզ մաքրում էին բամբակով, ջրով։ Մենք արյունոտ ենք։ Սարսռացի։ Սկզբում մեզ թաքցրեցին։ Խոսակցություններ չէին, մտածումներ էին՝ բարձրաձայն։ Վառել, նետել, պատռել ու նորից վառել։ Սակայն մեզ ափսոսաց այդ վառող-նետող-պատռողը։ Չնայած արյունոտ էի, բայց մի տեսակ ուրախ էի, կարծում եմ՝ բախտակիցներս նույնպես, որ մենք չէինք պատճառը այդ արյան: Երբ մենք ենք լինում պատճառը, նման դեպքերում մեզ պահում, փայփայում են աչքի լույսի պես, իսկ հիմա հազիվ փրկվեցինք։ Կարծում եմ՝ այստեղ պիտի խոստովանեմ, որ բախտս բերեց՝ 20-ներն ու 100-ը հետս էին։ Եթե ավելի անկեղծ՝ 20-ների և իմ բախտը բերեց, որ 100-ի հետ էինք։ 100-ը հասկանում էր դա. ընդամենը մի բառ ասաց՝ «այդ մասին չենք խոսում, այդ մասին որևէ մեկին՝ ոչ մի բառ»։ Ես շատ արյունոտ չէի, ամենից արյունոտը 100-ն էր։ Մի անգամ պատահեց, որ մի ուրիշ դրամապանակի մեջ մի 10-անոց պատմեց, որ տեսել է մի արյունոտ 100-ի։ Ես ձայն չհանեցի։ Ապա նայեցին վրաս, տեսան, որ իմ վրա էլ արյան հետք կա։ Սկսեցին ծիծաղել՝ կարող է դո՞ւ էլ ես ճանաչում նրան։ Ես միանգամից ասացի՝ ո՛չ, իհարկե չեմ ճանաչում։ Նրանք սկսեցին կոպիտ կատակներ անել՝ իբր թե կգան, քեզ կառգրավեն, կտանեն՝ իբրև իրեղեն ապացույց։ «Որտե՞ղ ես տեսել արյունոտ 100-անոցը»,– չլսելու տալով՝ հարցրեցի 10-ին։ «Հոգևորականի մոտ, հոգեհանգստից հետո տվեցին»։ Ես լռեցի, սկսեցի ոչինչ չլսել։ Ես եղել եմ այդ հոգեհանգստին։ 20-ների հետ, ծոցագրպանում, սրտի անհանգիստ զարկեր էինք լսում։ Վախեցած զարկեր էին դրանք։ Մեղավոր զարկեր… 100-ը նախապես տաբատի գրպանում էր դրված…
Շատ հաճախ հայտնվել եմ ծխախոտի վաճառակետերում՝ փոքր դրամարկղների մեջ դասավորված։ Մի օր պատահեց այնպես, որ ողջ հասարակությունով ներկա էինք՝ բոլոր մետաղադրամներն ու թղթադրամները։ «Հիմա որ լավ աղմկենք՝ հեղափոխություն էլ կանենք»,– կատակեց 10-երից մեկը։ «Այդպես լինի,– արձագանքեց 20-ների վայրից կիսամաշ մեկը,– բանկերում ամեն օր հեղափոխություն կանեն»։ Ես ձայնից ճանաչեցի։ Ես շատ անգամ եմ եղել եկեղեցիների գանձանակներում։ 20-ի հետ դրանցից մեկում միասին ենք եղել։ 20-ը, որ սովորաբար հակված չէ մտերմության, բավական ջերմ ողջունեց ինձ, կարծես նույնիսկ ուրախացավ և ասաց, որ հաճելի էր այնտեղ։ Լավ եկեղեցի էր, լավ մարդիկ էին գալիս, յուրակատուկ համայնք էր։ Ջերմ հիշողություններ ունենք այնտեղ՝ խունկի հոտով։ Զվարճալի էին մետաղադրամները։ Նրանք տիրապետողն էին գանձանակում։ Թղթադրամներն այնտեղ հարգված էին, բայց ընդունում էին մետաղադրամների գերակայությունը։ Զվարճախոս մետաղադրամների այդ աշխարհում մթնոլորտն ուրախ էր։ Մեր հանդիպումը տեսնելով՝ 50-ներից մեկը ժպտաց և ասաց, որ մի անգամ ինքն էլ է եղել գանձանակում։ Ես զարմացա, որովհետև այնտեղ 50 չէի տեսել։ 100-ները շատ չէին դրամարկղում, իրար մեջ էին խոսում: Ոչինչ չասացին, մենք էլ չհարցրեցինք։ Մեկ հատ 200 կար. մեծահոգի ժպտաց և ասաց, որ ինքը գանձանակում դեռ չի եղել, բայց մի դրամապանակում հանդիպել է այնտեղ եղած 200-ի։ «Հետաքրքիր բան եղավ, մենք մի շքեղ ռեստորանում էինք, թանկ գինու և ծովային թարմ ուտեստների բույրի մեջ հիմնականում 200-ներով, 100-ներով ու 50-ներով էինք: Ինչ մարդկային հաճույք գիտեք ու լսել եք, այդ օրը պատմեցինք իրար: Եվ ահա, մի 200 իբր թե մի անգամ գանձանակ է նետվել մեղքերի թողության համար: Սկսեցինք այս ու այն կողմից համոզել, բայց իսկապես չասաց: Մենք նաև գիտենք գաղտնապահ լինել», – գրավիչ ու շատ համոզիչ և՛ արտիստությամբ, և՛ բնական արժանապատվությամբ ավարտեց 200-ը: Մեր մեջ գտնվող 500-ը, որ 200-ի հետ միասին էր դրված, լուռ լսում էր։ Մենք ևս, հափշտակված 200-ով, անշարժ լսում էինք: Ապա բոլորս նայեցինք նրան 500-ին։ Նա իր մանուշակագույն բարձունքներից միամիտ հայացքով նայեց մեզ և մի քիչ նույնիսկ ամաչելով հարցրեց՝ «Ի՞նչ է գանձանակը»։ Մենք ամենքս ծիծաղեցինք։ Նա ևս ակամա ժպտաց։ 100-ները ևս ժպտում էին, բայց աշխատում էին ցույց չտալ։
Ինձ այդ օրը իբրև մնացորդ՝ մի երիտասարդ կնոջ տվեցին 20-ի դիմաց։ Կանացի պայուսակի մեջ անխնամ ընկած էի, ուր տեսա մի մութ անկյունում, պայուսակի ներքին կարերի մեջ մտած, անկատար 2 սենթանոցի։ «Թաքնվե՞լ ես»,– զարմացած հարցրեցի ես։ Ինչ կա որ, կարող է սա էլ դրամի նոր հատկություն է, որ ես չգիտեի։ «Չէ՛, մոռացվել եմ, ավելի ճիշտ՝ չեմ էլ նկատվել»։ Բայց նեղված չէր։ Այնքան համեստ ու զգացմունքային էր, որ մի պահ մտքիս մեջ ցանկություն առաջացավ՝ երկար մնալու այս պայուսակում և, մոռացած իմ բոլոր առաքելություններն այս կյանքում, ընկերություն անել նրա հետ։ Պայուսակի մեջ դրամապանակ կար։ Ես ուրախացա, որ այնտեղ չէի, այլապես չէի տեսնի այս փոքրիկին։ Նա վաղուց էր անհայտացել պայուսակի խորքերում։ Նա իրեն համարում էր թալիսման։ Տեսել եմ նման բան։ Մի դրամապանակում, խնամքով ծալված 1 դոլար։ Նա էլ էր անընդհատ կրկնում՝ «ես թալիսման եմ, ես թալիսման եմ»։ Մի անգամ էլ մի 10 չդիմացավ ու պատասխանեց. «Եթե դու թալիսման ես, ուրեմն կողքիս 50-ն էլ սեքսի արքան է»։ Այն ժամանակ բոլորը ծիծաղեցին։ Հետո հասկացա, որ 50-ներն ամենից շատն են մասնակցում մարմնական հաճույքի դիմաց վճարման համար։ 50-ը ևս ծիծաղեց ու ասաց. «Այո, բայց առանց այս թալիսմանի՝ մենք կորած ենք»։ Ավելի շատ ծիծաղեցինք։ Թալիսմանը խռովեց ու խոստացավ այնպես անել, որ շուտ վատնվենք ու չքվենք իր տարածքից։ Իմ այս նոր փոքրիկ բարեկամն այդպիսին չէր։ Նա թալիսման էր՝ իր վրա դրա կոչումն առնելով ինքն իր կամքով։ Նա մտահոգ էր երիտասարդ կնոջ համար։ «Մի քիչ թափթփված է, բայց դժբախտ է։ Ամուսնու հետ լեզու չեն գտնում։ Փոքրիկ երեխա ունեն։ Ուզում են բաժանվել»։ Ինձ՝ որպես մանր, վերադարձրեցին այս կնոջը սրճարանում իր փաստաբանուհու հետ հանդիպումից հետո։ Այս փոքրիկ մետաղադրամի անկեղծությունը վարակիչ էր, և մեջս ցանկություն առաջացրեց երեխային տեսնելու։ Որքան էլ որ մենք չենք ընտրում մեր տերերին, այնուհանդերձ երբեմն մենք թողնում ենք մեր անտեսանելի ներկայությունը, որ ձգողական է դառնում մեզ նման ուրիշների համար։ Սովորաբար եթե չեն էլ հարստանում, ապա աղքատ էլ չեն լինում այդ մարդիկ։ Դա մեր զգացական աշխարհն է, այսպես ասած՝ փողի ներաշխարհը։ Այս դեպքում տարբեր էր։ Ես երեխային ուզում էի տեսնել փողին ոչ հատուկ հետաքրքրասիրությամբ։ Երևի արդեն շատ եմ մաշվել։ Ծերության նշաններ են։
Ամուսինները բղավում էին իրար վրա: Հավանաբար ինչ-որ կերպ հերթը հասավ կնոջ պայուսակին: Այն, երբ ընկավ գետնին, բացվեց, և ինչ կար-չկար թափվեց դուրս: Այդ թվում՝ ես և 2 սենթը: Կինը հավաքում էր պայուսակի պարունակությունն ու լաց լինում: Ես բազմոցի տակից հասցրեցի աչքի անցկացնել թափված իրավաբանական փաստաթղթերը: Հետո տեսա երեխայի ոտքեր: Մտածեցի հիմա լաց է լինելու: Նա եկավ, մոտեցավ բազմոցին, որի տակ ընկած էի: Ափսոս չէի տեսնում 2 սենթին: Ուզում էի ավելին իմանալ այս տան մասին: Բայց տեսածիցս էլ հասկանալի էր մի բան, որ նրանք իրար չեն հասկանում: Կինն ասում է բաժանվում եմ, ամուսինն ասում է բաժանվի՛ր, կինը բղավում է, ամուսինը նույնպես: Երեխան: Մայրն ասում է չես տեսնելու, հայրն ասում է բացառված է, կինը բղավում է նա քո որդին է, հայրը բղավում է նա իմ որդին է: Կինը գոռում է դու նրան չես սիրում, հայրը գոռում է` դու նրան չես սիրում: Երեխան լսում է ու չի լալիս: Երեխան լուռ նայում է ու լսում:
Հյուրասենյակը խաղաղվեց: Երեխան նորից մոտեցավ բազմոցին: Տեսա նրա խոնարված, գետնին դիպչող գլուխը` բաց մազերով, բաց շականակագույն աչուկներով: Բաց վարդագույն շուրթերը կարծես ժպտում էին: Ես իմ գոյության ընթացքում առաջին անգամ ցանկություն ունեցա մի քանի զրո ավել լինելու, եթե փոքրիկին որևէ կերպ դա կօգներ:
Երեխան ինձ տարավ և տեղավորեց իր փոքրիկ անկողնու տակ դրված փայտե մի զարդատուփի մեջ: Շատ ուրախացա, երբ այնտեղ տեսա 2 սենթին: Երեքով էինք` ես, 2 սենթը և մի ճռճռացող 10: «Մենք գանձեր ենք, մանկական գանձեր»,– միանգամից սկսեց 10-ը:
Մի քանի օր մենք այնտեղ էինք: Օրը մի քանի անգամ երեխան մեզ այցելում էր: Նայում, ուրախանում և տխրում միաժամանակ: Շատ էինք ընտելացել իրար: 10-ի կատակներն արդեն անհրաժեշտություն էին ինձ համար: 2-ը շատ հուզական էր, լուրջ, աղոթողի հայացքով, բայց դեմ չէր 10-ի կատակներին: Չնեղացավ բնավ, երբ 10-ը նրան առաջին անգամ «ճգնավոր» անվանեց: 10-ը մեր ընտրյալն էր ոչ միայն մեզնից արժեքավոր լինելու համար: Նա վաղուց էր այստեղ: Նա երեխայի հոր գրպանից հայտնվել էր սեղանի վրա, հետո երեխայի թեթև ձեռքով անհայտացել այնտեղից: Շատախոս էր մեր տասը, ես դրան վարժված էի, 2 սենթը, զգում էի, որ լավ ծանոթ չէր թղթադրամներին, բայց փորձում էր ընտելանալ: 10-ը պատմում էր այնպես, կարծես 10 չէր, այլ առնվազն մի զրո ավել: Նույնիսկ ասաց, որ մի օր սեռական հաճույք է արժեցել: «Քեզ 50-ի տեղն ես դրել»,– փորձեցի իր ոճով կատակել: «50-ները կերազեին նման բանի մասին»,– թե ինչու չհասկացանք, բայց իմաստ էլ չկար հասկանալու: Մենք ծիծաղում էինք:
Մեզ բացահայտելու օրը, չեմ կարող ասել, թե ինչու, ես մի տեսակ ծերացա, զգացի, որ հոգնել եմ, թույլ եմ, հանգիստ եմ ուզում:
Մայրը բացեց զարդատուփն ու զարմացած մեզ նայեց: Այդ պահին եկավ հայրը: Ահա 10-ը, որի համար վիճել են նույնիսկ, թե ով է վերցրել սեղանի վրայից: Ահա ես 5-ը, որ կինը չէր հիշում վերցրել էր սրճարանից, թե ոչ: Երեխան կանգնած էր մեղավոր ու գլուխը կախ: Գողացե՞լ ես արդյոք, քո ինչի՞ն է պետք: Դու ես մեղավոր, ոչ, եթե մի մեղավոր կա, ապա` դո՛ւ ես…
Երեխան գլուխը բարձրացրեց, նայեց մորը, ապա` հորը. «Չեմ գողացել, ես հավաքում եմ, որ ձեզ նվեր առնեմ»: Ի՞նչ նվեր, ինչի՞ առթիվ: «Ես հավաքում եմ, որ ձեզ նվեր առնեմ, որ ուրախանաք ու չբաժանվեք»…
Լռություն տիրեց: Լացից առաջ լռություն էր սա, քարանձավային ու գրեթե միստիկական, եթե այդ պահին 10-ը ականջիս չշշնջար. «Բա որ ասում եմ` մանկական գանձեր ենք, չէիր հավատում»:
Ես երկար չեմ մնացել երբեք գրքերի էջերում։ Բայց իմ հին ծանոթ 500-ի օրինակով հասցրեցի կարդալ սովորել։ Կարծում էի՝ ընդունակ են միայն մեծ փողերը։ Սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Մենք առհասարակ նույնն ենք։ Ես շատ եմ տեսել արժեզրկված դրամներ, որ առաջին հայացքից խեղճ էին թվում։ Քանի-քանի օտար 1000-ներ կամ նույնիսկ 10000-ներ եմ հանդիպել՝ Եվրոպայում և Եվրոպայից դուրս։ Նրանք բոլորն էլ իրենց գործը շատ լավ գիտեին։ Նրանք դաժան պատմություններ էին պատմում իրենց տերերի մասին։ Նրանք հաճախ էին եղել բանտերում։ Ես անձամբ չեմ եղել։ Բայց լսել եմ մի քանի անգամ։ Նրանք պատմում են, որ անձամբ տեսել են մեզնից շատ-շատերին՝ պայուսակների մեջ՝ կապոցներով։ Ինչպիսի՜ գործարքներ են արել։ Ես անկախ ինձնից պատկերացրեցի մեր 100-ներին։ Երևի դրա համար են նրանք քչախոս։ Մի կարմրաշականակագույն ռուսական 5000 Շալյապինի ձայնով ծիծաղեց։ Ձեր 100-ները այդքան բան չեն տեսել, որքան ամերիկյան իրենց անվանակիցները։ Ա՛յ նրանք որ պատմեն… Մյուսները քամահրանքով նայեցին օտար 5000-ին, մենք առատորեն տեղավորված էինք տղամարդու մի մեծ դրամապանակի մեջ։ 5000-ը նկատեց դժկամ հայացքները, քմծիծաղ տվեց։ «Մի՛ տրվեք հիմար քաղաքականության, դա մարդկանց հորինած կամայականությունն է։ Մենք բոլորս էլ նույնն ենք»։ Ես համաձայնեցի մտքիս մեջ։ Այդ օրը մտահոգ էի։ Այդ դրամապանակում շատ էինք, տարբեր, բազմալեզու, օտարագիր թվերով նույնիսկ։ Չգիտեի՝ ուր եմ գնալու։
Օդանավակայանում սուրճ ու ջուր արժեցա: Այնտեղ տեսա մի վրդովված 200-ի: Նրան հանձնել էին` խնդրելով մանրել: Գանձապահը բարի էր, մանրել էր: «Ես հուսալի չեմ արտասահմանում, պատկերացնո՞ւմ եք»: «Այո,– ասաց մի 10,– էն գլուխգովան 50-ներն են հուսալի»: 50-ները ևս ժպտացին. առհասարակ 10-երից հազվադեպ էին նեղանում: Ինձ մի ուղևոր հրաժարվեց վերցնել, փոխարենը ուրիշ ինչ-որ բան նախընտրեց: Դրամարկղում նոր կատակներ սկսվեցին, թե բա՝ 200-ի հետ երկվորյակներ ենք ու էլի նման բաներ:
Ես զգացի, որ տխրում եմ, զգացի, որ այլևս չեմ ուզում մնալ այստեղ: Կարծես ինքս ինձ շշնջում էի՝ էլ չեմ ուզում այս գլխապտույտը, ինձ բա՛նկ տարեք, այստեղ ապահով չէ ինձ համար, ինձ բա՛նկ տարեք…
Իմ կյանքը մաշվում է, ես իմ վերջին օրերն եմ ապրում գուցե։ Չգիտեմ՝ երբ վերջնականապես ձեր դրամապանակներից դուրս կգամ, երբ վերջնականապես այլևս ձեր գրպաններում չեմ քարշ գա, բայց միևնույնն է, մենք՝ բոլորս, դառնում ենք աներևույթ՝ սակայն՝ առավել քան իրական։ Մենք ձեր թաքուն, բացահայտ, անձնական, ընտանեկան հաշիվներն ենք՝ ձեր հեռախոսների մեջ, ձեր ամենօրյա մտքերում, մենք ձեր սրտում ենք։ Ես ձեր փոխարեն կզգուշանայի։ Մենք ձեր մասին ամեն ինչ գիտենք…
Հ. Գ. Այս ամենից հետո վստահ եմ՝ առաջանում է գեթ մեկ հարց՝ որտեղի՞ց այս գրությունը, ինչպե՞ս։ Ես ժլատ չեմ, ձեզ մի փոքրիկ գաղտնիք բացեմ. իմ հոգին այլևս հանգչում է բանկային հաշիվներում։ Պարզապես մի տարբերություն կա՝ ես այլևս 5 € չեմ։ Ես բոլոր հնարավոր թվերն եմ։ Թվայնացված աշխարհում իմ հնարավորություններն անհամեմատ մեծ են։

Նշանաբառ՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով