Պոեզիա

Այս անցողիկ անձրևի տակ

Աիշա Ռավան (1982 թ., Տիեռա դել Ֆուեգո) ժամանակակից արգենտինացի բանաստեղծ է, իսպաներենի և գրականության ուսուցիչ, յոթ բանաստեղծական ժողովածուների հեղինակ։ Հիմնադիրն է Tanta Ceniza Editora հրատարակչության, որի ուշադրության կենտրոնում է ժամանակակից լատինաամերիկյան, հատկապես կին հեղինակների պոեզիան։ Աիշա Ռավայի ստեղծագործության հիմնական առանցքներն են տարագնացությունը, մարմինը՝ իբրև հիշողություն և աշխարհագրություն, կինը և սեռի փորձառությունը, ինչպես նաև այդ փորձառության տեղադրումը սոցիալական ու քաղաքական համատեքստերում։ Դա անում է զուսպ ու կառուցիկ լեզվով՝ ստեղծելով առօրեականության փոխաբերություն, ո…

Այս անցողիկ անձրևի տակ

ԱՇԱԿԵՐՏԻ ՀՈՒՅՍԸ

Ծովի այս ափից լսում եմ երկրիս լուրերը—
համայնքային խոհանոցներում դեռ ուտելիք են բաժանում
ուսուցիչները, բժիշկներն ու սոց. աշխատողները շարունակում են

իրենց գործը թաղամասերում, որ կառավարության աչքից պլստացել են
մութ գործարքների բեռը մնում է կամավորների ուսերին
Անդյան շրջանում, Կորդոբայի լեռներում, Դելտայի կղզիներում
թոշակառուները ամեն չորեքշաբթի դուրս են գալիս երթի ու տուն դառնում
ամեն հինգշաբթի՝ 1977-ից ի վեր, Մայոյի հրապարակը տատիկներինն է
փողոցում են պաշտպանները գիտության, առողջապահության, կրթության՝
հանրային       աշխարհիկ      անվճար։
Աղետին դեմ-դիմաց
լույս, առատություն, խաղաղություն ու սեր ենք ուզում։
Եվ ձգվում է հույսս տարուց տարի՝ ինպչես կախարդի աշակերտի երգում—
Թող վերջը գա իշխանության
ծաղիկների ու մեռելների։

ՀԱՍՏԱՏ

Աղջիկս, սերն Աստված չունի, տաճար չունի, գահ չունի,
մի թող խաբեն քեզ կրոնական սիրո հրաշքով, աղոթքի

ուլունքաշարով, պենտհաուսի սիրով, փողի սիրով։

Ամեն փայլող բան սեր չէ,
թե կուտակվում է սև ամպի պես՝ սեր չէ,
սեր չէ՝ թե լռեցնում է,
թե սառեցնում է կամ ստիպում փախչել։

Կրակված գնդակների մեջ, աղջիկս, սեր չկա,
խրատական ապտակի մեջ սեր չկա,
առքուվաճառքի պայմանագրերում սեր չկա,
վերարկուներում, կոշիկներում ու ձեռքերում նրանց,
որոնց գլխին շքեղ տանիք կա՝ սեր չկա։

Չխաբվես, աղջիկս, սերը մեղք չի ճանաչում,

չի պատժում, չի համրանում։
Գուցե արցունքներ հոսեն,
շփոթվես, սխալվես, չգտնես ճամփան։

Բայց թե ցավի դեմ մեկը կանգ առնի ու պարզի ձեռքը,
սերը, աղջիկս, այնտեղ է սերը։

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՆ

Անսանձ է ճանապարհը, որ մեզ հետ է տանում դեպի սկիզբը։
Իմը մնաց կղզու այն քաղաքում՝

68-րդ միջօրեականի և 54-րդ զուգահեռականի խաչմերուկում,
Մալվինյան կղզիներից 719 կմ հեռու։

Հետ գցած հայացքը մանրուքներ չի որսում,
ես բացակա եմ այստեղից, այս տան ուրվականն էլ իմը չէ։
Սակայն, որտեղի՞ց արցունքը և մշուշն այս,

որ պղտորում է ափը։
Անապատի բլուրներից ձայնակցում է կիթառը պոետին—
Քանի՜ համբույր է անձրևն ինձ տվել իր թաց երգերով*,
և ամեն անգամ ուրիշ է անձրևը, ուրիշ է համբույրը, ու դեմքն է ուրիշ։

Հետ-հետ քայլերով առաջ է շարժվում իմ հողը՝ տանգոն,

հողը շրջանաձև պարի ու ֆոլկլորի,
քոչվորների անվերջ շարժը, ինձ ծանոթ բնապատկերը

կողմնացույցի նշած կետը, որից այնքա՜ն հեռու եմ այսօր։

*Հատված պատագոնացի երաժիշտ Մարսելո Բարբելի «Regreso al ayer» («Վերադարձ երեկվան») երգից։

ՊՏՈՒՅՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սիրտ իմ, քարը փեշիցդ թափիր
երկրային պատյանը վերջին օրերիդ մի կողմ դիր,
գիտեմ՝ կյանքի ալիքին դեմ-դիմաց

հաստատ կանգնելուց լավ բան չկա
բայց հիմա,
սիրտ իմ, քո վարանող քայլի հետևում
թող քարը
ու շարժվիր անհանգիստ կրակի պես
որ բարձրանում է ու չի փախչում, ինչպես օդը
որ հեռանում է ու վերադառնում։

Սիրտ իմ, գցիր քարը
ու տրվիր մարմնի անկայուն զարկին
որովհետև մեզ մնացել է պարն այս
գլխապտույտ, խելագար
սիրտ իմ,
նետիր քարը
ու թրջվիր այս անցողիկ անձրևի տակ

բոլորս ջուր ենք,

սիրտ իմ,
օդի մեղմ շնչից դողդողացող ջուր։

«Մարմնիս տեղագրությունը», Añosluz, 2019

 

Թարգմանությունը` իսպաներենից և անգլերենից՝ Տաթև Չախեանի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով