Պատմվածք

«Անմեղ» երեխան

Մի քանի անգամ մտքովս անցավ՝ երեխայի ձեռքը կամ ոտքը գաղտնի կսմթեմ, թեկուզ լացեցնելով արթնացնեմ և ինձ էս փորձանքից ազատեմ, բայց սիրտս չտարավ, խղճացի։ Հիշեցի Բիբիի խոսքերը, որ միշտ ասում էր․ «Օձն անգամ քնած ժամանակ ոչ մեկին չի դիպչում, ուր մնաց թե՝ մարդ արարածը»։ Դե, ես հո օձից վատը չէի՞։ Ատամներս սեղմած՝ դիմանում էի, լուռ տանջվում…

Թարգմանիչ՝ Աստղիկ Գեղամյան

«Անմեղ» երեխան

Նոր էի արթնացել ու լվացվում էի, երբ դուռը թակեցին։ Բիբին[1] ներսից ձայն տվեց․
— Մաջի՛դ, գնա՛ տես՝ ով է։
Թաց ձեռքերով, որոնցից դեռ ջուր էր կաթկթում, վազեցի ու բացեցի դուռը։ Շեմին կանգնած էին Քոքյաբ խանումն ու դուստրը՝ Էֆֆաթը, և մի քանի այլ կանայք՝ բոլորն էլ կազմ ու պատրաստ, զուգված-զարդարված։ Բարևեցի։
— Բիբիիդ ասա՛՝ թող շտապի, — ասաց Քոքյաբ խանումը։
Բիբին, լսելով նրա ձայնը, սենյակից արձագանքեց․
— Եթե Քոքյաբ խանումն է, նե՛րս կանչիր, մինչև ես էլ պատրաստվեմ։
Հասկացա, որ Բիբին նրանց էր սպասում։ Ինչևէ, հյուրերը տուն մտան։ Բայց Բիբին ինչքան էլ փորձեց նրանց սենյակ հրավիրել, չեկան։ Հենց այդպես՝ ոտքի վրա, բակի մեջտեղում կանգնած մնացին ու սկսեցին Բիբիին շտապեցնել.
— Բիբի՛, արագացրո՛ւ, ուշանում ենք։
Բիբին չէր ուզում ինձ իր հետ տանել, ուստի ավելորդ անգամ խնդրելն անօգուտ էր։ Ասում էր․
— Պետք չէ, որ մեզ հետ գաս, ավելի լավ է՝ տանը մնաս։
Բայց երեխան գրկին մի կին մեջ ընկավ, թե՝
— Ի՞նչ կլինի որ, Մաջիդին էլ տանենք․ և՛ կզբոսնի, և՛ մեզ կօգնի։
Բիբին հանկարծ մտքափոխվեց․
— Դե լավ, Մաջի՛դ, արագ հացդ կե՛ր, թեյդ խմի՛ր ու մեզ հետ ճամփա՛ ընկիր։
Հարցիս, թե ուր ենք գնում, Բիբին կարճ պատասխանեց․
— Հետո կասեմ։
Սենյակից Քոքյաբ խանումի համար սեքանջաբին[2] բերելուց հետո սկսեց արագ հագնվել։
Քոքյաբ խանումն ու դուստրը, ինչպես և մյուս կանայք, շատ բարձր տրամադրություն ունեին․ ուրախ ծիծաղում էին, քրքջում ու իրար մեջ փսփսում։ Մտքումս ասացի․ «Տեսնես՝ սրանք ինձ ուր են տանում, որ էսպես կայտառ ու աշխույժ են»։
Մի խոսքով՝ այդպես էլ չնախաճաշած՝ տաբատս արագ հագա տան հագուստի վրայից, և բոլորս միասին տնից դուրս եկանք։

Ճանապարհին նոր միայն գլխի ընկա, թե բանն ինչումն է։ Քոքյաբ խանումի դուստրը՝ Էֆֆաթը, պատրաստվում էր ամուսնանալ, և մենք շուկա էինք գնում՝ նրա օժիտի հագուստը, ոսկեղենն ու թանկարժեք իրերը, հայելին ու մոմակալներն ընտրելու։ Ձեզանից ի՞նչ թաքցնեմ՝ առևտրի, սակարկելու ու ապրանքի գինը գցելու հարցում մեր ամբողջ թաղամասում Բիբիիս (Աստված հոգին լուսավորի) հավասարը չկար։ Նա իսկական հեղինակություն էր՝ իր ճաշակով ու խստապահանջությամբ։ Այդ պատճառով էլ հարսանիքի, օժիտ ընտրելու կամ նման այլ առիթների դեպքում բոլորն առաջինը նրա դուռն էին գալիս։
Ես էլ միշտ ուղեկցում էի Բիբիին։ Փոքր ժամանակ այծի նման թռչկոտելով վազում էի նրա հետևից, իսկ հիմա, երբ արդեն մեծացել եմ, քայլում եմ նրան համընթաց։

Հազիվ էինք մի քանի քայլ հեռացել տնից և թեքվել կողքի փողոցը, երբ երեխան գրկին կինն ասաց․
— Մաջի՛դ ջան, հոգնեցի, եթե քեզ համար նեղություն չի լինի, մի քիչ էլ դու գրկիր երեխային։ Հենց մի փոքր շունչ առնեմ, նորից կվերցնեմ։
Ու առանց երկար-բարակ մտածելու կամ սպասելու՝ տեսնի՝ ինձ համար նեղություն է, թե ոչ, իր ծանր ու ինքնագոհ երեխային արագ հրեց գիրկս և միացավ մյուս կանանց՝ զրուցելու ու բարձրաձայն քրքջալու։
Երեխան հանգիստ երեք-չորս տարեկան կլիներ, բայց ասես աշխարհի չափ գեր էր, ինքնագոհ ու կպչուն։ Այնպես էր փաթաթվել վզիս և ամուր կպել ինձ, որ ոչ մի կերպ չէր լինում պոկել։ Իսկական տիզ։ Կարծես միանգամից հասկացել էր, որ հեծնելու համար հարմար էշ է գտել։

Կանայք ու Բիբին ուրախ-ուրախ, ծիծաղելով ու զրուցելով առաջ էին գնում, իսկ ես, նրանցից յոթ-ութ քայլ հետ ընկած, այդ ծանր բեռի տակ ինձ հազիվ քարշ տալով, քայլում էի հետևներից։ Ընդ որում, այդ հեռավորությունն աստիճանաբար մեծանում էր։ Երեխայի մոր սիրտն էլ, կարծես, լիովին հանգիստ էր։ Երբեմն հետ էր նայում՝ մերթ ինձ, մերթ իր խորամանկ մանկիկին և նրան ծիծաղեցնելու համար գլուխն օրորում, ժպտում էր և, ասես անձայն հրահանգում․ «Ամո՛ւր կպիր վզից, ոտքերով էլ կողե՛րը սեղմիր, էսօր բախտդ կարգին բերել է»։ Երեխան էլ, առանց բառ իսկ արտաբերելու, կարծես պատասխանեց նրան․ «Մամա՛, քո բախտն էլ էսօր կարգի՜ն բերեց»։

Մի խոսքով, այդ ծանրաքաշ ու հարմարավետության սիրահար երեխան երկու ձեռքով այնպես ամուր էր կախվել նիհար վզիցս ու սեղմում կոկորդս, որ քիչ էր մնում շունչս փչեի։ Մեծ դժվարությամբ փորձում էի մի քիչ թուլացնել մատները, որ գոնե մի քիչ օդ շնչեմ։ Քայլելիս ծնկները խփվում էին կողերիս, և սիրտս ցավից մղկտում էր։ Երկար ոտքերը հասնում էին մինչև ծնկներս, իսկ կոշիկների կեղտոտ տակացուները քսվում ու փչացնում էին սիրելի տաբատս։ Ես ամոթից չէի կարողանում բերանս բացել ու մի բան ասել։

Կանայք ու աղջիկները՝ ասել-խոսելով, ծիծաղելով ու անշտապ քայլելով, ճանապարհին մի քանի տան դուռ թակեցին, և ամեն տնից երկու-երեք հոգի նրանց միացավ։ Աստիճանաբար խմբին խառնվեցին նաև մի քանի տղամարդիկ, որոնցից մեկը, դատելով արտաքինից, փեսացուն էր, իսկ մյուսները՝ հավանաբար, նրա ազգականները։ Նրանց հետ էր նաև լայն պիջակով ու համրիչը ձեռքին մի ծերունի, որն, ըստ ամենայնի, փեսայի հայրն էր։

Այդպես, կանանց ու աղջիկների այդ հոծ բազմության հետ՝ մերթ հետ ընկնելով, մերթ առաջ անցնելով, պարտված զորքի նման հասանք շուկա։ Ամառ էր, բայց շուկայում օդը խոնավ էր ու մի տեսակ թանձրացած․ այնպես որ շուկայի զով ծածկի տակ մարդու միայն քունն էր գալիս։

Իսկ երեխան դեռ կախ էր ընկած վզիցս։ Ի դեպ, նա իսկույն օգտվեց շուկայի հաճելի զովությունից և, գլուխը դնելով իմ ոսկրոտ ու թույլ ուսին, ընկղմվեց անուշ ու խորը քնի մեջ։

Մայրը դեռ փողոցում ինձ ասել էր, որ, Աստծո կամոք, շուկա հասնելուն պես երեխային կիջեցնեմ, և նա ինքնուրույն կքայլի, ես էլ մի փոքր շունչ կքաշեմ։ Երեխայից ևս խոստում էր առել, որ շուկա մտնելուն պես կիջնի, ձեռքը կտա իրեն, կքայլի, մաման էլ փոխարենը նրա համար «բահ-բահ»[3] կգնի, բայց երեխան խոստումը չպահեց։ Նա արագ մոռացավ «բահ-բահ»-ի քաղցրությունը և իմ տաք, փափուկ ու, ինչո՞ւ չէ, ձրի ուսին թիկնած նինջը ոչ մի բանի հետ չփոխեց։

Ինչքան էլ քայլերս արագացնում էի, որ հասնեմ Բիբիին ու ասեմ՝ երեխայի ծանրության տակ ճզմվում եմ, մեկ է, չէի հասնում։ Իսկ մորն ուղղակի ասել՝ «երեխայիդ վերցրո՛ւ», լեզուս չէր պտտվում։ Կարծես սովորական շատախոս Մաջիդը չլինեի․ ամոթն ինձ ամբողջովին կաշկանդել էր։

Մոր խիղճն արթնացնելու համար սկսեցի խնդրական հայացքով նրան նայել և միտումնավոր ծանր շնչել, սակայն, ցավոք, նման բաները նրան չէին հուզում։ Ձևացնում էր, թե չի նկատում և կանանց հետ անհոգ խնդմնդում էր։ Իսկ կանայք մի խանութից մյուսն էին գնում, իրար մեջ փսփսում, գները սակարկում և, ոչինչ էլ չգնած, դուրս գալիս։ Հետո նորից մտնում էին մեկ այլ խանութ, ու այդպես շարունակ։ Իսկ ես․․․ երեխան վզիցս կախ, հլու-հնազանդ քարշ էի գալիս նրանց հետևից։

Բարձրյալից միակ խնդրանքս այն էր, որ մոր սրտում խիղճ արթնանա, երեխային վերցնի, և ես մի ակնթարթում կայծակի նման թռչեմ-գնամ տուն։ Ցավոք, դա անիրական երազանք էր։ Կամաց-կամաց սկսեցի ինքս ինձ մխիթարել, սիրտ տալ, թե ուր որ է՝ գնումները կավարտեն, գործը գլուխ կգա, և, վերջապես, տուն կգնանք։ Բայց շուտով պարզ դարձավ, որ իմ այդ հույսն էլ դատարկ ու անիրական էր։

Ամբոխը Բիբիին առաջ գցեց ու շարժվեց դեպի ոսկերչական խանութ։ Ես էլ՝ երեխան վզիցս կախ, հետևեցի նրանց։ Ուզում էի գնալ և անկյունում դրված աթոռներից մեկին նստել՝ թեթև շունչ առնելու, սակայն ինձնից առաջ երկու կին չադրաներն արագ փաթաթեցին իրենց շուրջը և վայրկենապես աթոռներն իրենցով արեցին։

Այդպես, երեխայի ծանրության տակ կքած, մոտ մեկ ժամ մնացի ոտքի վրա։ Ձայն չէի հանում։ Ինձ էլ ոչ ոք բանի տեղ չէր դնում։ Երեխայի մայրն ու Բիբին այնպես էին տարվել ոսկյա զարդեր նայելով ու ընտրելով, որ իսպառ մոռացել էին մեր գոյության մասին։

Վերջապես մի քանի բան գնեցին, և բոլորս խանութից դուրս եկանք։

Երեխայի դեմքն ու բերանը հենց վզիս էին կպած։ Նրա տաք շունչն այնպես էր այրում մաշկս, որ բառերով նկարագրելու չէ։ Այդ վիճակում մի կերպ քայլերս արագացրի, որ հասնեմ Բիբիին և հոգնածությունիցս ու երեխայի մոր անսրտությունից գանգատվեմ, սակայն նորից բախտս չբերեց։ Դեռ բերանս չէի բացել, երբ մեր խմբի աղջիկներից մեկը կտրեց ճանապարհս ու հևասպառ ձայն տվեց․
— Բիբի՛, հարսնացուն խռովել ու լաց է լինում։ Ասում է՝ ինչ որ ընտրել եք, չի ուզում, չի հավանում։

Նայեցի և ինչ տեսնեմ՝ հարսնացուն հեկեկալով փախչում է, իսկ մի քանի կին ու փեսայի հայրը վազում են նրա հետևից։ Քոքյաբ խանումն էլ հուսահատ դառավ Բիբիին, թե․
— Աստծո՛ւ սիրուն, մի բա՛ն ասա, թող հետ դառնա։ Ինձ չի լսում։ Էս ի՜նչ ժամանակներ են, վալլա՛հ։

Բիբին էլ ստիպված ընկավ հարսի հետևից, այն էլ՝ ցավացող ոտքով։ Ճարը կտրած՝ կաղալով հասավ հարսնացուին և սկսեց «ջան-ջան» անելով՝ նրան համոզել, որ համառությունը մի կողմ դնի և այսքան մարդու հույսով-լույսով չթողնի փողոցում։

Ի վերջո, հարսնացուն Բիբիի խաթրը չկոտրեց ու տեղի տվեց։ Բոլորը նորից հավաքվեցին նրա շուրջը, և որոշվեց վերադառնալ խանութ՝ գնված ապրանքները հետ տալու։ Եվ այդ ամբողջ պատմությունը տևեց ևս մի կես ժամ։

Հարսի այս խռովության ու հաշտության խառնաշփոթի մեջ պարզից էլ պարզ էր, որ ոչ մեկի մտքով չէր անցնելու իմ ու երեխայի մասին մտածել․ չէ՞ որ շատ ավելի կարևոր ու հրատապ թեմա էր բացվել։ Այդ ամբողջ ընթացքում երեխայի մայրը միայն մեկ անգամ մոտեցավ ինձ, նայեց որդուն, նրա թուլացած ու ուսիցս վար սահած ձեռքը վերցրեց, «գեղեցիկ» ձևով նորից փաթաթեց վզիս ու գորովանքով ասաց․
— Երեխաս քնեց, անմեղ ձագուկս ահագին հոգնեց։

Այդպես նորից ինձ թողեց նույն վիճակում և գնաց ոսկերչական խանութի ցուցափեղկի հայելու առջև՝ ամուսնական մատանին ու վզնոցը փորձելու։

Այստեղից գնացինք մեկ այլ ոսկերչի մոտ, որտեղ աթոռ ընդհանրապես չկար, որ մարդ գոնե մի պահ նստեր։ «Անմեղ» երեխան դեռ խորը քնած էր, իսկ ես, ուզած-չուզած, արդեն ընտելացել էի նրա ծանրությանը։ Ձեռքերս ու ուսերս ամբողջովին թմրել էին, և ես հլու-հնազանդ համակերպվել էի վիճակիս՝ ընդունելով այն որպես ճակատագիր։

Վերջապես, փա՛ռք Աստծո, հարսնացուն այս ոսկերչի զարդերը հավանեց։ Այդտեղից գնացինք հայելիներ ու մոմակալներ վաճառող խանութ։ Մեկ էլ նորից հարսնացուն հոնքերը կիտեց և դժկամորեն ասաց․
— Աստված վկա, ես այս հայելին ու մոմակալները չեմ ուզում։

Սակայն փեսայի մայրը երկու ոտքը դրեց մեկ կոշիկի մեջ՝ թե միայն ու միայն այս խանութից պիտի գնենք։ Նրա փաստարկն ուժեղ էր․ խանութպանի ապրանքը որակով էր, բացի այդ՝ նրա հետ «բարև-բարլուս» ունեին, ճանաչում էին, ուստի իրենց համար ավելի էժան կհաշվեր։ Էլ ինչո՞ւ գնային անծանոթ տեղ, որտեղ հաստատ կխաբեին։

Հենց այս թեմայի շուրջ հարսի ու փեսայի ընտանիքները նորից իրար անցան։ Հարսնացուն կրկին խռովեց ու սկսեց լացուկոծը։ Նրա մայրը՝ Քոքյաբ խանումը, բարկությունից վատացավ։ Գլուխը պտտվեց ու խանութի անկյունում ծնկները ծալած խաչաձև նստեց։ Կամաց-կամաց թուլանալով՝ փռվեց հատակին։ Հազար ու մի չարչարանքով, շաքարաջրով ու թաց սրբիչներով, մի խոսքով, մեծ դժվարությամբ նրան ուշքի բերեցին։

Հենց աչքերը բացեց, սկսեց կրակ թափել փեսայի մոր գլխին․
— Դուք հենց սկզբից ուզում եք ձեր ժլատությունը ցույց տալ։ Այստեղից արդեն պարզ է՝ մեր ջուրը մեկ առվով չի հոսի։

Հետո նույն այդ թուլացած վիճակով, կիսաուշաթափ, սկսեց հեգնական բանաստեղծություն արտասանել․
— Ոչ մի ջանք չթափեցի, բայց ամեն ինչ գլուխ եկավ․ ո՛չ սակարկեցի, ո՛չ վիճեցի, հարսը հենց այնպես տունս եկավ։

Իսկ փեսայի մայրը չտարավ-չբերեց, նույն պահին նրա պատասխանը տվեց․
— Մի կոպեկ տուր ու մտածիր՝ ամեն ինչ արդեն պատրաստ է։ Էլ ի՞նչ էիք ուզում հարսի համար անեինք։ Աստված վկա, սրանից ավելին այլևս մեր ուժերից վեր է։ Առաջին օրվա կռիվը վերջի կեղծ խաղաղությունից ավելի լավ է։ Դուք՝ ձեր ճանապարհով, մենք՝ մեր։

Իրավիճակը ծայրահեղ սրվեց, լարվեց ու լրջացավ։ Ամեն ինչ կործանման եզրին էր, երբ Բիբին նախաձեռնությունն իր ձեռքն առավ։ Նա սկսեց հաշտարարի դեր տանել և կողմերին մի կերպ հաշտեցրեց։ Քանի որ Բիբին ամբողջ ուժով փորձում էր սիրաշահել սրտնեղածներին և գործը գլուխ բերել, ես, այդպես էլ, նորից չկարողացա մոտենալ նրան։

Երեխան դեռ անուշ քնած էր, իսկ ես՝ արդեն լրիվ ուժասպառ։ Շունչս կտրվում էր, հազիվ էի շնչում։ Մի քանի անգամ մտքովս անցավ՝ երեխայի ձեռքը կամ ոտքը գաղտնի կսմթեմ, թեկուզ լացեցնելով արթնացնեմ և ինձ էս փորձանքից ազատեմ։ Բայց սիրտս չտարավ, խղճացի։ Հիշեցի Բիբիի խոսքերը, որ միշտ ասում էր․ «Օձն անգամ քնած ժամանակ ոչ մեկին չի դիպչում, ուր մնաց թե՝ մարդ արարածը»։ Դե, ես հո օձից վատը չէի՞։ Ատամներս սեղմած՝ դիմանում էի, լուռ տանջվում ու համբերում։

Այդ ընթացքում անցնում էինք հերթական հայելի ու մոմակալ վաճառողի խանութի մոտով, երբ բախտս պատահաբար բերեց։ Կանանցից մեկի չադրայի փեշը դիպավ դրսում դրված մեծ հայելուն, որը վայր ընկավ և զնգոցով փշրվեց։ Այդ ձայնից «անմեղ» երեխան սարսափած վեր թռավ քնից։ Հենց որ աչքերը բացեց, սիրտս այնպես թեթևացավ, ասես Աստված աշխարհն ինձ պարգևած լիներ։

Անուշ քնից նոր արթնացած երեխան սկսեց անդադար լալ։ Ինչ ասես անում էի, մեկ է՝ չէր լռում։ Մայրն էլ գնացել էր՝ կոտրված հայելու հարցը լուծելու։ Մինչ փեսան վճարում էր կոտրված հայելու գումարը, ես Աստծուն աղոթում էի, որ երեխայի մոր աչքն ընկնի ինձ վրա, և ինձ վերջապես ազատի «անմեղ» երեխայի գերությունից։ Ավա՜ղ, նորից սխալվեցի։ Մայրը, տեսնելով, որ երեխան լաց է լինում, մոտեցավ, համբուրեց նրան, հետո ձեռքը տարավ պայուսակը, մի բուռ արևածաղկի սերմ ու պիստակ հանեց, լցրեց ձեռքս ու ասաց․
— Սա միասին կերեք։ Բայց զգո՛ւյշ կլինես, հանկարծ արևածաղիկը կեղևով չտաս նրան․ ստամոքսը կցավի, կհիվանդանա։
— Իսկ երեխայի մտքով չի՞ անցնում մի պահ ներքև իջնի, մի քիչ քայլի։ Ոտքերը կբացվեին, հոգնածությունն էլ կանցներ։

Հենց այս բառերն արտաբերեցի, երեխան ինձ ավելի ամուր փաթաթվեց, ուղղակիորեն կառչեց վզիցս ու սկսեց նվնվալ։

Մայրն էլ թե՝
— Մաջի՛դ ջան, տե՛ս՝ ինչ սիրալիր բալիկ է, քեզ շատ է սիրում։ Մինչև հիմա էսպիսի լավ երեխա տեսե՞լ էիր։
— Չէ՛, չէի տեսել, — ասացի ես ու հենց պատրաստվում էի վրա բերել՝ «բայց էս լավ երեխայի ձեռքից արդեն հոգիս դուրս եկավ», մեկ էլ մայրն անհետացավ, խառնվեց կանանց խմբին և կորավ զրույցների ու ծիծաղի մեջ։

Սկսեցի մեծ դժվարությամբ պիստակ ու արևածաղիկ մաքրել, բայց դեռ կեղևը չհեռացրած՝ «անմեղ» երեխան սագի կտուցի նման բերանն անմիջապես բացում էր ու միանգամից կուլ տալիս։ Անգամ շունչ քաշելու ժամանակ չէր տալիս, ուր մնաց թե կարողանայի գոնե մի հատիկ պիստակ էլ ես գցեի բերանս։

Արևածաղիկն ու պիստակը հաճույքով ծամում ու կուլ էր տալիս։ Աչքերը չորս արած՝ անդադար հետևում էր ձեռքերիս ու բերանիս։ Աչքից ոչ մի շարժում չէր վրիպում, որ հանկարծ իրեն չխաբեմ։ Բայց իմ սիրտն էլ էր ուզում այդ խոշոր ու աղի պիստակներից գոնե մեկն ուտել։ Որոշեցի խորամանկության դիմել. ձեռքով ցույց տվեցի շուկայի կամարաձև առաստաղի անցքը, և հենց նա գլուխը բարձրացրեց, արդեն կեղևազրկած պիստակը գցեցի բերանս։

Սակայն էս սատանան անմիջապես գլխի ընկավ, որ ինչ-որ բան այն չէ։ Թաթիկներով վզիցս կառչեց և այնպիսի՜ մի քրքիջ բարձրացրեց, որ ես էլ նրա ծիծաղից շփոթվեցի։ Ուտելու հաճույքը կորա՜վ։ Բայց արդեն հասկացա, թե այսուհետ ինչպես պետք է գործեմ. սկսեցի մի պիստակը մաքրել ու նրան տալ, իսկ մյուսը գաղտնի սահեցնել գրպանս՝ ինձ համար։

Մի խոսքով, առանց չափազանցության՝ շուկայում չորս-հինգ ժամ անդադար քայլեցինք։ Երեխան իսկական հեծյալ էր դարձել։ Մեկ անուշ քնում էր, մեկ պիստակ ու արևածաղիկ ուտում, կարճ ասած՝ կյանքը վայելում։ Իսկ այդ ընթացքում առևտուր անողները պտտվում էին խանութներով, զրուցում, վիճում, խռովում ու նորից հաշտվում։

Գիտեի, որ Բիբիի վիճակն իմից լավ չէր։ Նա ատում էր վեճերը, իսկ ոտքերը սաստիկ ցավում էին։ Եթե իրեն մնար, ամեն ինչ կթողներ ու տուն կգնար։ Բայց իրավիճակն այնպիսին էր, որ անհնար էր այդ ամենից արագ ազատվել։ Քաղաքավարության երեսից չէր կարողանում ոչ մի խոսք ասել։ Այնպես էին նրան շրջապատել, որ ձեռքս անգամ նրա փեշին չէր հասնում, որ քաշեի, ու փախչեինք։

Ամեն դեպքում, երեխան մինչև պիստակի ու արևածաղկի վերջին հատիկն ուտելը ձայն չհանեց։ Բայց հենց գրպանս դատարկեց, սաստիկ ծարավեց և մի մեծ բաժակ ջուր խմեց։ Մեկ էլ տեսնեմ՝ սկսեց անհանգիստ շարժումներ անել։ Իսկույն հասկացա՝ խնդիրն ինչումն է։ Ուրախացա, մորը ձայն տվեցի, թե՝
— Կարծես թե էս երեխան ուզում է մի տեղ գնալ․ շատ անհանգիստ է։

Մայրը դեմքը խոժոռեց և հանկարծ հարձակվեց երեխայի վրա․
— Դու էլ ժամանա՞կ գտար, հիմա դրա ժամանա՞կն է։ Դե՛, շո՛ւտ, իջի՛ր ներքև։

Բռնելով երեխայի ձեռքը՝ օգնեց, որ ցած իջնի։ Հետո թեթևակի հարվածեց երեխայի ծոծրակին, նրան մի լավ թափ տվեց, արագ քաշեց-տարավ շուկայի կենտրոնական իջևանատան կողմը, ինձ էլ թե․
— Մաջի՛դ ջան, դու էստեղ մնա՛, մենք հիմա կգանք։

Ամբողջ մարմինս՝ ձեռքերս, կողերս, մեջքս, պարանոցս ու ուսերս թմրել և հոգնածությունից այնպես էին մրմռում, որ էլ ասելու չէր։ Ծնկներս ծալվում էին, ուժ չունեի։ Ուզում էի մի կերպ Բիբիին հասնել ու ասել, որ տուն եմ գնում, բայց նրա գլուխը շատ խառն էր. հարսի համար կոշիկ էր ընտրում։

Սպասում էի հարմար պահի, որ շուրջը մարդիկ քչանան։ Հանկարծ հեռվից նկատեցի երեխային ու մորը։ Մեկ վայրկյան անգամ չկորցրի. նետի նման դուրս թռա կոշիկի խանութից և իսկույն անհետացա շուկայի հոծ բազմության մեջ։ Բավականին հեռացել էի, բայց ականջիս դեռ հասնում էր երեխայի մոր ձայնը, որն անդադար կանչում էր․
— Մաջի՛դ ջան, Մաջի՛դ․․․։

Էլ ետ նայել չկար։ Երկու ոտք ունեի, երկուսն էլ փոխ առա ու՝ հա՛յդե, թռա։ Միայն մի խուլ ու հանգիստ փողոցում կանգ առա, գրպանիցս հանեցի պիստակները, որոնք մի կերպ թռցրել էի, սկսեցի անշտապ ուտել և քայլել դեպի տուն։

Թարգմանությունը պարսկերենից՝ Աստղիկ Գեղամյանի

[1] Հուշանգ Մորադի Քերմանիի այս պատմվածաշարում «Բիբին» ոչ միայն տատիկ է, ով խնամում է որբ մնացած Մաջիդին, այլև խորհրդանշում է ավանդական, բարի, մի քիչ միամիտ ու հոգատար իրանցի կնոջ կերպարը։

[2] Սեկանջաբինը (sekanjabin) մեղրից ու քացախից պատրաստված օշարակ է։

[3] «Բահ-բահ»-ը պարսկերեն խոսակցականում երեխաներին խաբելու, գայթակղելու համար օգտագործվող բառ է, որ նշանակում է «համով բան, կոնֆետ, պաղպաղակ»։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով