Մալթայական մի նոր հեքիաթ՝ հաջորդ դարից
Անողոք ամառ
Գալիք ժամանակների այդ ամռանն այլևս ոչ մի աստղ չի շողա, չի նշմարվի անգամ մութ կամ թեթև ամպի մի ծվեն։ Երբեմն երկնքում կուրվագծվի լուսինը՝ օդը դուրս եկած կամ դատարկվող փուչիկի պես։ Արևի կատաղի տապը, որը ժամանակին զարմացնում էր մեզ, արդեն անխնա խանձած կլինի ամեն կանաչ ծիլ ու բուսականություն։ Ճաքճքած, չորացած հողի վրա կմնան միայն դեղնած ու հիվանդ եղեգները և մի քանի անուժ ծառեր, որոնք հնարավոր կլինի հաշվել մի ձեռքի մատների վրա՝ ճիշտ ինչպես հնագույն ժամանակներում։
Չորս եղանակների շրջապտույտն այլևս չի լինի։ Տարվա բոլոր ամիսներին մեզ կսպասի միևնույն տոթ ամառը։ Կլինի միայն ամառ, ամառ, ամառ ու ամառ։ Ամառն իրենից հետո կթողնի ավերված մի տարածք՝ առանց ճանաչելի դիմագծերի։ Դա կլինի կիզիչ ամառների դարաշրջանի սկիզբը, և մեզանից ոմանք դեռ այստեղ կլինեն։
Ձկան կերպարանք
Աշխարհի հենց կենտրոնում բազմած այն կղզին (քույր կղզու հետ միասին), որը շարունակ ձևացնում է, թե իրականից շատ ավելի մեծ ու ընդարձակ մայրցամաք է, էլ չի պահպանի իր ձկնաձև տեսքը։ Այն կտեղաշարժվի դեպի մի նոր կենտրոն, ու նրա ծանոթ ուրվագիծը կանհետանա՝ վերածվելով անորոշ ու անհայտ մի գոյացության։ Պանը կմտաբերի, որ ժամանակին կարդացել էր ձկնակերպ կղզու և հարակից կղզյակների, պառկաթոռներով լեցուն ծովախորշերի և վախվորած, դողդոջուն շարքերով կայանած մեքենաների մասին։ Նա կհիշի այդ կղզու անօթևան մնացած երեխաներին, որոնք փախչում էին մրրկաշունչ ու ապականված օդից՝ բերաններում զգալով մնայուն, թթվաշ համ։ Սակայն անգամ այս կղզիների մասին հուշերն ու պատմությունները կմարեն։ Ամեն ինչ կչքանա ու կվերածվի փոշու։ Կմնան գրելու արվեստին տիրապետող եզակի մարդիկ. միայն նրանք թղթին կհանձնեն իրենց լսածն ու տեսածը՝ հուսալով, որ գալիք սերունդներն էլ կշարունակեն փոխանցել այս պատումները։
Մռայլություն
Նրանք կվերապատմեն միայն այն, ինչ լսել ու տեսել են։ Հենց նրա՛նք են լինելու պատմասացների գալիք սերունդները։ Նրանք այլևս չեն տարբերի պարզապես պատմություն պատմելը, տեքստն ամբողջությամբ վերարտադրելն ու այն անաղարտ փոխանցելը միմյանց։ Մենք մատնված կլինենք նրանց քմահաճույքին՝ լիովին կախված այն բանից, թե ինչ կորոշեն մեզ պատմել։ Լրագրողնե՜ր… Խավարի ժամանակներից առաջ էլ էր այդպես, այդպես էլ շարունակվում է։ Լրագրողնե՜ր։ Կմնան եզակիները, որ ի զորու կլինեն վերծանել ու ընթերցել այդ պատումները։ Լրագրողնե՜ր… Մնացյալներից շատ քչերն ունակ կլինեն ընթերցել կամ գնահատել այս պատումները։ Առավել ևս՝ վավերագրական վկայությունները։ Բայց կմնան այն եզակիները, որոնք ընթերցել իմանալու շնորհիվ երբեմն գրիչ կվերցնեն։ Լրագրողնե՛ր։ Լրագրողնե՛ր… Նրանք կմիավորվեն որպես մեկ ամբողջություն։ Ու կգրեն միասնաբար՝ և՛ միմյանց ընթերցելու համար, և՛ հույսեր արթնացնելով նրանց մեջ, ովքեր չեն գրում, բայց թերևս դեռ ունակ են կարդալու փոքրիկ մի բան։ Նրանք կգրեն, որովհետև հոգին կարոտ է գրելուն. կգրեն՝ վկայելու կատարվածը, որպեսզի այն չմատնվի մոռացության, ու կգրեն նրա համար, որպեսզի մենք հիշենք մեր անցյալը։ Գուցեև նրանք ստեղծագործեն բոլորովին այլ լեզվով, սակայն բուն իմաստն ու պատմելու մեծագույն արվեստը երբեք չեն կորչի։ Կլինեն նրանք, ովքեր կշարունակեն գրել…
/ Սարսափի և կանանց մասին պատմություններ
/ Բարու և չարի պատմություններ
/ Մեր հոգու կղզիների պատմություններ
/ Կորուսյալ սիրո պատմություններ
/ Առօրյայի պատմություններ
Գուցե մեզանից հետո եկողների մեջ գտնվեն այնպիսիք, որոնք կցանկանան կարդալ ու բացահայտել երբեմնի գոյություն ունեցած մի ողջ սերնդի պատմությունը։ Եվ կգտնվեն նրանք, ովքեր կուզենան ընթերցել մի կնոջ պատմություն, որը վառ շողում է մյուս բոլորի մեջ։
Եվ հիմա՝ Կալը
Որովհետև նա կլինի այնտեղ՝ հենց նրանց շարքերում։ Կինը, որ գրում է սովորական, առօրյա պատմություններ ճիչերի ու դավաճանության, հորինված արդարացումների ու բռնության մասին՝ հապճեպ խզբզելով ժամանակի հոսքի և գողացված ռիթմերի մասին։ Ոչ ոք չգիտի՝ արդյոք «Կալ»-ը Կալիպսոյի՞, թե՞ Կալիոպեի կրճատումն է։ Գուցեև Կալն ընդամենը Կալ է և ուրիշ ոչինչ չի նշանակում։ Սակայն հենց նա է առաջնորդելու լրագրողներին, որպեսզի դարեր շարունակ հանկարծ ոչ ոք ոչինչ չմոռանա։ Անգամ եթե մյուսները, նրանց թվում նաև՝ թռչնորսները, փորձեն հողին տալ ամեն ինչ և ողջ մեղքը բարդել այս չորացած լանդշաֆտի վրա։ Սարսափի, չարի ու կորուսյալ սիրո պատմություններն այլևս պետք չեն լինի։ Նա՝ իր փխրուն, զմրուխտե աչքերով ու զմրուխտե թանաքով, կհաղթի և կգրի վառվող մոխրակտորներով։ Երբ անողոք արևն այրի կանաչ, կենդանի երկիրը, նրա աչքերը կմնան։ Մինչ այդ նա արդեն բազմաթիվ պատմություններ գրած կլինի. նա կգրի այն մասին, թե ինչ կարող էր լինել, բայց չեղավ, և այն մասին, ինչ արդեն տեղի ունեցավ, ու հնարավոր չէր ետ շրջել։ Վերջին պատմությունները կսկսվեն այն ժամանակ, երբ մենք կկարծենք, թե ամեն ինչ ավարտվել է։ Կիզիչ ամառների առաջին օրերին…
Կիզիչ ամառների գործերը
Այդ ժամանակ անելու շատ բան չի մնա։ Ոմանք առաջ կնայեն հայացքով և պարզապես կկրկնեն անցյալը։ Կլինեն լրագրողներ, որ կգրեն, և խոհարարներ, որ կփորձեն եփել։ Ավլողները քաջաբար կշարունակեն իրենց գործը, իսկ ուսուցիչները կփորձեն սովորեցնել։ Սակայն կլինեն և այնպիսիները, որոնք ինչ-որ նոր բան կփորձեն հնարել, ինչպես նաև նրանք, ովքեր անընդհատ միայն իրենց մասին կմտածեն։ Նրանց կողքին կլինեն նաև հին բնակիչները՝ այն մարդիկ, որոնց մասին Պանը կհիշի, որ մի տեղ արդեն կարդացել է։ Ձկնորսները հայացքն ուղղած կլինեն հանդարտ ջրերին։ Կլինեն նաև անհատներ, որոնց միակ գործն առանց դադարի քայլելը կլինի։ Իսկ որսորդները կփորձեն որևէ ուտելի բան որսալ։ Նրանց բոլորի մեջ Պանը կլինի լավագույն թռչնորսը. չէ՞ որ նա դեռ վաղուց էր տատրակներ, լորեր և այլ թռչող արարածներ որսացել, և բացի այդ՝ նա շատ էր կարդացել թևավորների մասին:
Եվ հիմա՝ Պանը
Կիզիչ ամառների առաջին իսկ տարիներին սովը կհարվածի թե՛ հողին, թե՛ մարդկանց մտքին։ Հյուծված մարմինները կդեգերեն տեղից տեղ՝ ապարդյուն փորձելով հասկանալ կատարվածը։ Սակայն այդ բոլորի մեջ Պանը կառանձնանա իր վեհաշուք կեցվածքով։ Հակառակ ոսկոր մտնող սովին՝ նա կվերապրի՝ մնալով գեղեցկադեմ, լայնաթիկունք ու բարձրահասակ։ Նրա խորաթափանց հայացքը անմիջապես կդիպչի նայողի հոգուն։ Նա սակավախոս կդառնա, սակայն նրա ամեն մի շարժումը կշիռ կունենա։ Պանը կպահպանի իր առողջությունն ու գայլային զգոնությունը։ Նա անդրդվելի կլինի ու կորսա ցանկացած շնչավոր արարածի. անգամ ամենաթեթև թռչունն ու ամենափոքրիկ որսը չեն խուսափի նրանից, քանզի նա կայծակնային արագությամբ կսլանա դրանց հետևից։ Պանը չի կամենա լսել երկարաշունչ ու ձանձրալի զրույցներ։ Պանը չի ուզի լսել որևէ համավարակի ու հիվանդության մասին։ Պանը պարզապես կշարունակի առաջ ընթանալ։
Առաջին նամակը
Մա՜…
Գրում եմ քեզ չորացած ակացիայի թառամած ճյուղերի միջից։ Մի՛ հարցրու՝ ինչպես ճանաչեցի այդ ծառը։ Երբ շարադրում եմ այս բառերը, անգամ չգիտեմ՝ երբևէ կհասնե՞ն քեզ, թե՞ ոչ։ Բայց որտեղ էլ որ լինես հիմա, Մա՛, դու կզգաս ու կլսես իմ խոսքերը։ Դու կկարդաս հոգով, իսկ դա նշանակում է՝ խոսքերս տեղ կհասնեն։
Ի՞նչն է մեզ հասցրել այս կետին։ Եվ գուցե լավն այն էր, որ դու հասցրիր վաղուց լքել մեզ ու այս ամենը չտեսնել։ Այն օրը, երբ հոգիդ սավառնեց դեպի հեռուներ, ես լալիս էի մեր անցած երանելի օրերի համար, սակայն նաև անսահման երախտապարտ էի այն ամեն մի ժամի համար, երբ կողքիս էիր։ Ես լաց էի լինում՝ հիշելով քո խաղաղ հայացքն ու մշտապես ինչ-որ գործով զբաղված, աշխատավոր ձեռքերը։ Մենք լալիս էինք այնպես՝ ասես վաղվա օրն այլևս երբեք չէր բացվելու։ Եվ երբ այդ «վաղը» եկավ, աշխարհն արդեն լրիվ ուրիշ էր։ Հիմա գիտե՞ս պարզապես ինչ եմ մտածում, Մա՛. որքան ժամանակը հոսում է, այնքան ավելի շատ եմ նմանվում քեզ։ Աչքերս ստացել են քո աչքերի երանգը, ձայնս քոնի պես խռպոտ է դարձել, իսկ եղունգներս կլորավուն են ու կոկիկ՝ ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես ժամանակին դու էիր դրանք խնամում։
Ես անում եմ ճիշտ այն, ինչ անում էիր դու։ Ես խոսում եմ։ Բայց ոչ այն խռպոտ ձայնով, որը հնչում է պղնձե զանգի ղողանջի պես. ես խոսում եմ շատ ավելի նուրբ ու բարդ մի եղանակով։ Եվ շարունակելու եմ փնտրել այն բառերը, որոնք մենք ընդմիշտ կորցրինք անհետացող ամեն ծառի հետ միասին, և շարունակելու եմ որոնել այն հազվագյուտ, զուլալ վանկերը, որոնք հեռացան ու լքեցին մեզ։ Այստեղ խմբվել են մարդիկ, որոնք հաղթանակ են տոնում՝ մութ ուժերին դաշնակցելով, և նրանք մերժում են լույսի որևէ այլ հնարավորություն։ Իսկ ես կշարունակեմ խոսել։ Ինչ վերաբերում է այս վերջին նախադասությանը…
Մա՛, դու պատրա՞ստ ես գրի առնել իմ ասած ամեն մի բառն ու այն ամենը, ինչ ես հանձն կառնեմ բացահայտելու:
Սիրում եմ քեզ,
Կալ
Որսորդը
Այդ որսորդներն անվրեպ նետաձիգներ էին։ Հայտնվելով ասես անէությունից՝ նրանք ակնթարթորեն խոցում էին թիրախը, և օդն ամենուր լցվում էր սավառնող նետերով։ Սակայն Պանի նետն ամենաարագն էր։ Անխոնջ որսորդ լինելով՝ նա իր եռանդի շնորհիվ կերակրում էր մյուսներին։ Բայց իրականում նրա հոգին մի նախաստեղծ արարածի էր փնտրում. մի էակի, որին որսալով՝ հնարավոր կլիներ ընդմիշտ կշտացնել բոլորին։
Ծաղիկների դաշտավայրերը
Եվ այդ արարածը կթափառի՝ այդպես էլ չիմանալով, թե ուր է տանում իր ուղին։ Կթափառի անորսալի։ Կենդանի աշխարհում նա հեռու կմնա բոլորից։ Կիզիչ ամառների դարաշրջանում այլևս ոչ մի սրբություն գոյություն չի ունենա։ Օրենքի ուժը կվերածվի լոկ առաջարկի։ Կանոններ այլևս ոչ մի տեղ չեն գործի. ոչինչ արգելված չի լինի, և ոչ մի արարք՝ ապօրինի
Բացառությամբ․․․
Հողի մի քանի հատվածների, որտեղ ոչ ոքի ոտք դնել չի թույլատրվի։ Այնտեղ խոյանում են սևացած, սրբազան ծառեր, որոնց ստվերում տարածվում է երկու ամիսը մեկ փթթող ծաղիկների արբեցնող բույրը։
Ցնորք 1
Կիզիչ ամառների առաջին օրերին Պանը կվազի։ Նա կվազի այնքան, մինչև շնչակտուր լինի։ Նա կվազի ճիշտ այնպես, ինչպես նախնադարյան արարածն է վազում մի կետից մյուսը՝ հարձակվելու հարմար դարանակալած։ Նրա հզոր մարմինը գիշերվա գույնն ունի։ Նրբին լույսը նույն մուգ երանգն է արձակում՝ ծաղրելով ու գայթակղելով նրան։ Նա տեսնում է նրան։ Նրա ձեռքերն ու ոտքերը երկար են։ Նա մազեր ունի, իսկ աչքերն այն ամենաթանկարժեք գոհարների կանաչ երանգն ունեն, որոնք ժամանակին գնվում ու վաճառվում էին։ Դրանք ամենաարժեքավոր քարերն էին։
Զրպարտություն 1
Եվ երբ օրեր անց նա նկատի, որ ոմանք փորձում են արհեստական խոչընդոտներ ստեղծել իր ճանապարհին, ուղղակի կկատաղի։ Այդժամ նա ինքը կվերածվի նախնադարյան գազանի։ Կգտնի բոլոր նրանց, ովքեր բառերը զենք են դարձնում ու բարդացնում իր գործը։ Նա ոչ ոքի թույլ չի տա միջամտել իր սրտին հարազատ հնագույն գազանի որոնումներին։ Նա կթողնի, որ նրանք խոսեն, իսկ ինքը կշարունակի որսը։ Հարկ եղած դեպքում նոր որսորդների կհավաքագրի, որ իրեն զինակից դառնան այս արշավում։ Դեռ կան անծանոթ վայրեր ու անվերջանալի հողատարածքներ, որ պետք է կտրի-անցնի, մինչև վերջապես կգտնի իր բաղձալի նպատակակետը։ Նույնիսկ եթե ցավոտ է լսել, թե ինչ են մյուսներն ասում ու գրում իր մասին, նա կշարունակի իր գործը, որքան էլ դա իրեն վշտացնի։ Կփորձի նրանց հասկացնել, որ լի է բարի մտադրություններով՝ ի տարբերություն նախորդների։
Լրագրողներն այլ բան են կասկածում, բայց Կալը կմնա այնքան, մինչև գտնի նրան։
Երկրորդ նամակը
Մա՛,
Գրում եմ քեզ, որ պատմեմ, թե ինչ է կատարվում հոգուս մեջ ու ինչպես եմ անցկացնում օրերս։ Գնում եմ մի տեղից մյուսը՝ հույս ունենալով որսալ մթության այն պատառիկը, որը հեռվից չէի նշմարել։ Գրում եմ ամեն փշուրի, ամեն րոպեի ու ակնթարթի մասին։ Պատկերացնում եմ, թե հաջորդ հանդիպմանն ինչպես ես ասելու, որ հպարտ ես ինձնով՝ լուռ չմնալուս համար։ Հատկապես Պանի հարցում։ Դու ճանաչո՞ւմ ես նրան։ Ժամանակին նա ապրում էր մեր մեջ, բայց լուսնի ցոլքերի ներքո կորցրեց ճշմարտության հանդեպ իր կիրքը․ խավարում նա ավելի երջանիկ էր, քան լույսի մեջ։ Երախտապարտ եմ, որ թեկուզ բառի մի փշուր եմ հանձնում թղթին նրանց համար, ովքեր կուզենան լսել ու ի մի բերել այս բեկորները։ Նրանք, ովքեր կգան մեզնից հետո, գուցե գտնեն միայն պատառիկներ և թերևս՝ մի ուղեցույց, թե ինչպես կարել ու միացնել այս մասնիկներն ու փշրանքները։ Արդյոք այս նամակը, այդ որոնվա՞ծ ուղեցույցի պես, լի է գաղտնի ծածկագրերով։
Սիրով՝
Կալ
Ցնորք 2
Պանը կվազի այնքան, մինչև շունչը կտրվի։ Մի պահ կթվա, թե գրեթե բռնել է արարածին. կհաջողվի դիպչել նրա աջ ոտքին, բայց գազանը կփախչի։ Պանը հույս կունենա, որ ստիպված չի լինի ատրճանակը գործի դնել, սակայն, ճիշտ ինչպես կանխատեսել էին լրագրողները, ի վերջո կօգտագործի այն։ Դա որսին տիրանալու միակ միջոցը կլինի։
Ատրճանակ կրելն օրենքի խախտում չէ, բայց այստեղ բոլորը գիտեն՝ ավելի լավ է այն չգործադրել։ Նա գիտի, որ տեսադաշտը փակող ծառեր չկան։ Կքայլի դեպի այդ լուսավոր տարածությունները՝ ընդառաջ սև, սրբազան ծառերին, որոնք տարածում են ամեն երկու ամիսը մեկ ծաղկող, բայց արդեն թառամող ծաղիկների բույրը։
Թեև Պանը լավ գիտի, որ չպետք է մոտենա դրանց, այնուամենայնիվ, ներս կմտնի. դա լավագույն վայրն է՝ արարածի տանջալից գալարումները տեսնելու համար։ Եթե այնտեղ ծառեր լինեին, կկարողանար թաքնվել ու աննկատ մնալ. այդ օրը նա հենց դա կերազեր։ Բայց չի կարողանա զսպել իրեն ու ոտք կդնի այնտեղ։
Նախաստեղծ արարածը կսլանա ճիշտ նրա առջևով՝ գայթակղելով ու իր հետևից տանելով նրան։ Նայելով դեպի մթությունը՝ Պանը կսպասի այն պահին, երբ կկարողանա հարձակվել։
Զրպարտություն 2
Կալիի աչքերը մնում էին զմրուխտե կանաչ՝ ճիշտ այնպես, ինչպես հիշում էին նրա հեռացած ընկերները։ Նրանք նույնպես զոհվել էին մյուս բնակիչների պես՝ մեկը մյուսի հետևից։ Խեղդող տապի ալիքը շարունակում էր բարձրանալ՝ սպանելով իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ։
Բայց հիմա նույնիսկ մնացած բնակիչներն են կարծում, որ այդ արարածի գոյությունն ընդամենը առասպել է։ Պանը ցանկանում է տիրանալ նախաստեղծ արարածին. նրանք չեն հավատում, թե նա ուզում է բռնել նրան՝ բոլորին կերակրելու համար։ Պանը երբեք չի սիրել կիսել իր ունեցածը. բնակիչները կշարունակեն հյուծվել, իսկ Պանը կմնա նույն հաստափորը։ Մարդիկ անընդհատ խոսում են, որ նա ներխուժում է այնտեղ, ուր իրեն չեն սպասում, իսկ այդ անվերջ ոտնձգությունների պատճառով ծաղկաբույր, սև ու սրբազան ծառերն ընդմիշտ անհետացել են։
Շուտով Կալն ու լրագրողները կպարզեն, որ Պանն իսկապես ուզում էր նախաստեղծ արարածին պահել միայն իր համար։ Նա չի կերակրելու ո՛չ լրագրողներին, ո՛չ խոհարարներին, ո՛չ ավլողներին, ո՛չ ուսուցիչներին, ո՛չ բնակիչներին, ո՛չ ձկնորսներին, ո՛չ էլ նրանց, ովքեր դեգերում են առանց կանգ առնելու։ Դրա փոխարեն նրանք կգտնեն միայն իրենց հասցեագրված մի խզբզված երկտող։
Կիմանան, որ նա ատրճանակ է կրում, որի թույլտվությունը չունի, և որը, ինչպես բոլորը գիտեն, իրավունք չուներ կրելու։ Կիմանան, որ նա ապօրինի ներխուժումներ է գործում, և որ նրա պատճառով ծաղկաբույր, սև ու սրբազան ծառերը գուցե այլևս երբեք չծաղկեն։
Եվ հենց Կա՛լն է այդ լուրը տարածելու աշխարհի չորս ծագերով։
Երրորդ նամակը
Մա՛,
Սա, թերևս, վերջին անգամն է, որ գրում եմ քեզ։ Այո՛, գրում եմ, որպեսզի բոլորն իմանան. չեմ ուզում, որ սա մնա սոսկ քեզ ուղղված անձնական նամակ։ Զգում եմ, որ մոտենում եմ ճշմարտությանը։ Դաժան ուժերը ջանում են կոծկել այն, մինչդեռ Պանն ու, գուցե նաև, նրա ընկերներն անում են ճիշտ հակառակը՝ այն, ինչն արգելված է ու դեմ է օրենքին։ Երբեմն շատ եմ վախենում, բայց, ի վերջո, ինչ-որ մեկը պետք է վճռական քայլի դիմի։
Ինչ-որ մեկը պետք է ստիպի նրան կանգ առնել։ Մենք վաղուց գիտենք, որ նա փորձում է նախաստեղծ արարածին բռնել միայն իր համար։ Նա սպանում է վերջին հույսը, թե որևէ ծառ երբևէ նորից կաճի։ Նա ոտնատակ է տալիս սրբազան հողը։
Ես կկիսվեմ քեզ հետ այն ամենով, ինչ վաղուց գիտեմ։ Եվ երբ ժամանակը գա, ես ու լրագրողները կհեռարձակենք մեր ողջ իմացածը, որպեսզի բոլորն իմանան՝ ինչ է կատարվում։ Երբ այդ ժամանակը գա, Մա՛, ես քո մասին եմ մտածելու։ Ես անում եմ այն, ինչ դու էիր միշտ անում։
Հիշո՞ւմ ես, երբ ասացի քեզ այս մասին։ Ասացի, որ կբարձրաձայնեմ։ Ճիշտ է, չկարողացա խոսել քեզ պես՝ քո զրնգուն ու խռպոտ ձայնով, բայց ես խոսեցի։ Ասացի նաև, որ շարունակելու եմ որոնել այն ճշմարտությունը, որ կորցնում էինք ամեն մի անհետացող ծառի հետ, ու բարձրաձայնելու եմ այն ամենի մասին, ինչ վաղուց չքացել է մեր ափերից… Զգում եմ, որ շատ մոտ եմ։
Անչափ սիրով՝
Կալ
Ցնորք 3
Պանն այդ ամենին կհետևի պահպանված սև ծառերի խանձված տերևների միջից։ Այդ ծառերն իրենց սրբությամբ կզիջեն այն ծաղիկներին, որոնց շունչն ավելի շատ դամբարանում նիրհող քրիզանթեմների բուրմունք է արձակում։ Պանը կգուշակի, թե որտեղ է թաքնված նախաստեղծ էակը, և իր խորաթափանց հայացքով կզննի նրան։ Զգալով այդ հայացքն իր վրա՝ արարածը կթեքվի դեպի նա՝ ուղիղ ընդառաջելով որսորդի աչքերին։ Պանը կտեսնի, թե ինչպես է նա սլանում՝ անընդհատ գալարվելով խավարի մեջ ու ամենատարբեր կերպարանքներ ընդունելով։ Ապա կնշմարի նրա կկոցված, զմրուխտե աչքերը, որոնք երկու կաթիլի պես նման են Կալի աչքերին։ Դեմառդեմ կանգնելով՝ Պանը կհասկանա, որ իր առջև բնավ էլ նախաստեղծ արարածը չէ։ Սակայն կհանի ատրճանակն ու կկրակի։ Ու կհեռանա՝ մարմինը թողնելով գետնին փռված։
Բացահայտումը
Ձկնակերպ կղզուց բժիշկները վաղուց հեռացած կլինեն՝ սարսափահար ճչալով այն մասին, որ արևն այրել է համայն արարչագործությունը։ Լրագրողները կժամանեն ավելի շուտ, քան ձկան պոչամասից եկող որոշ բնակիչներ։ Նրանց սրտերը կսգան այնպես, կարծես կորցրել են իրենց ամենասիրելի էակին։ Մաքրողները կհորդեն ձկան երախից ու կսրբեն-կմաքրեն ամեն ինչ։ Եվ ուսուցիչները, ձկնորսներն ու անդադար քայլողները կհետևեն նրանց։ Սակայն ոչ բոլորը կհայտնվեն։ Նրանք նախ կգտնեն Կալին՝ կանաչած դեմքով, ասես նրա աչքերից ծորացած գույնն իջել ու տարածվել էր մաշկի վրա։ Նրա շուրթերից կհնչեն այն բառերը, որոնք նա միշտ ցանկացել է ասել, իսկ նրա ձեռքերը կդառնան վանկերի համրիչ։ Բառերը փրփուրի պես դուրս կժայթքեն նրա բերանից. տաք ու շիկացած մի փրփուր, որն իր ճանապարհին անմնացորդ կխանձի ու մոխրի կվերածի ամեն բան։
Վերջը
Դա կլինի սգո մի օր, որովհետև այդ օրը բառերն իսպառ մեռած կլինեն։
Լրագրողները
Նրա ընկերները կշարունակեն արձանագրել ճշմարտությունը՝ գործի դնելով փրկված, սակավաթիվ բառերը։ Կալին կհիշեն փոշու և ճնշող օդի մեջ նկարված ծաղիկներով։ Նրա անունը կմնա այն լրագրողների շուրթերին, որոնք այդպես էլ երբեք ոչինչ չվտանգեցին: Սակայն նրանից շատ ժամանակ անց լույս աշխարհ կգան մարդիկ, որոնք կսկսեն անընդհատ ավելի ու ավելի շատ բառեր արթնացնել՝ համառորեն պեղելով խավարն ու տիղմը։ Եվ կպեղեն այնքան, մինչև որ իրենց դիմաց ոչ մի կանգուն պատ վեր չխոյանա։
Ներկան
Երբ Պանին հարցաքննեն, նա կպնդի, թե փնտրում էր նախաստեղծ էակին հանուն բոլոր բնակիչների։ Բայց նա երբեք էլ չի խոստովանի, որ իր փնտրած նախաստեղծ արարածն ի սկզբանե հենց Կալն էր։ Նա լռությամբ կշրջանցի միայն այն փաստը, որ իրականում ճանաչել էր նրան, բայցևայնպես նշան էր բռնել ու սեղմել ձգանը. նշան էր բռնել ու կրակել հենց այն պատճառով, որ հաստատ գիտեր՝ դա նա՛ էր։
(Բայց միգուցե նախաստեղծ էակն ի սկզբանե էլ նա՞ էր՝ իր երկար ձեռքերով ու ոտքերով։ Եվ ուներ աչքերի ու մազերի այնպիսի հազվագյուտ կանաչ գույն, որը բնորոշ է միայն թանկարժեք քարերին)։
Պանը կարդալ գիտի, բայց չի ուզենա կարդալ իր մասին։ Իսկ այն, ինչի մասին նա հաստատ չի ցանկանա կարդալ, հատկապես ճշմարտությունը կլինի։ Եվ առավել ևս՝ Պանը երբեք չի խոստովանի, որ Կալն իրավացի էր, ու եթե ինքը չազատվեր նրանից, վերջինս կշարունակեր հեռարձակել սրբազան ծառերի մեջ թաքնված գաղտնիքների մասին ողջ եղելությունը։
Պանն այլևս որսորդ չի լինի։ Նա կդառնա հավերժական ճամփորդ՝ բնակիչներին ուղեկցելով դեպի վերջին օրերը։ Առանց խոսքերի, առանց ողջույնի․․․
Ամենավերջում
Հետոուրիշ ժամանակներ կգան և ուրիշ կիզիչ ամառներ կլինեն։ Մեզանից քչերը կշարունակեն մնալ այստեղ։ Չորացած դաշտերն այլևս անցյալի և ոչ մի բնապատկեր չեն հիշեցնի։ Տապ ու հավերժական ամառները կկլանեն հողի ընդարձակ տարածությունները՝ իսպառ ջնջելով ամեն մի հուշ ու նմանություն։ Կիշխի միայն ամառը՝ ամառ, նորից ամառ ու անվերջ ամառ։ Իսկ գալիքը կվերածվի անծայրածիր մի տապի՝ իրար հաջորդող անվերջանալի շոգերով։ Տարվա չորս եղանակների հերթագայությունն այլևս չի լինի. կմնա միայն հողի չորացած կեղևը, դեղնած եղեգներն ու այն խորհրդավոր, մութ ծառերը։ Անողոք արևը, որը ժամանակին այնքան հիացնում էր մեզ, անխնա կխանձի անգամ հրաշքով պահպանված վերջին դալար կղզյակները։ Երբեմն-երբեմն երկնքում կուրվագծվի ձևախեղված փուչիկի տեսք ընդունած լուսինը, սակայն էլ ոչ մի աստղ կամ ամպ այլևս երբեք մեր աչքին չի երևա։
Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Հակոբյանի