Ամառվա գիշերն այնքան լուռ է, այնքան
անկշիռ,
որ լսում ու տեսնում եմ, թե ինչպես է լուսնկան սողոսկում մեր գոմ՝
արծաթե ժապավենի պես փռվելով խոտի դեզերի,
չոր հնդկացորենի հացի ու մատղաշ ավանակի վրա։
Քնկոտ մի իշամեղու շարժվում է արթնանալով։
Կիսաքուն վիճակում նա դանդաղ բացում է թևերը՝ ավելի ու ավելի վեր,
ու ես տեսնում եմ, թե ինչպես է լույսը ծորում նրա փխրուն ցանցի միջով՝
ժանյակի պես տարածվելով նրա գծավոր մեջքին։
Երեկ Նա կարմիր խաչ նկարեց իմ աջ կողին։
Ասում են՝ խաչով նշվածներին ուղարկում են Հյուսիս,
որտեղ մարգագետիններն ավելի փարթամ են, խոտը՝ ավելի կանաչ, իսկ
երեքնուկը՝ ավելի քաղցր։
Դրա համար էլ ես միշտ սպասել եմ այս ամառային գիշերվան։
Հենց երեկ Նա իր ձեռքից փշոտ աղ կերակրեց ինձ.
ծակում էր, բայց ավելի քաղցր էր, քան առվույտը, քան դաշտավլուկը, քան
երեքնուկը,
որովհետև Նրա ձեռքից էր։
Նա շոյեց վիզս ու քորեց ականջիս հետևը,
ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ, երբ ձագ էի՝
փոքրիկ ու վախեցած, մորս կողքից չհեռացող։
Այն ժամանակ խոտն ավելի բարձր էր թվում, իսկ արոտ տանող ճանապարհը՝
ավելի երկար։
Ճանապարհի կեսին ոտքերս ծալվում էին․ ընկնում էի ու բառաչում։
Բայց մայրս հետևից ինձ հրում էր քթով,
և ես վեր էի կենում ու շարունակում քայլել։
Մարգագետնում նա արածում էր, իսկ ես նստում էի նրա յասամանագույն ստվերում՝
դիտելով, թե ինչպես է նրա սպիտակ կուրծքը կաթով ուռչում։
Հետո բերանս սեղմում էի նրա ծանր պտուկին ու խմում՝
տաք կաթը հոսում էր պարանոցիս վրայով, կաթում խոտի մեջ։
Մինչ խմում էի, մայրս քշում էր ճանճերին իմ խոնավ աչքերից
իր պոչով։
Ոտքս թմրել է։ Շրջվում եմ մյուս կողքիս ու լսում, թե ինչպես է տակս մի ճյուղ
ճտտում։
Հուսով եմ՝ էշին չարթնացրի։
Հետո ինձ կտրեցին մորիցս,
Նա պարան կապեց պարանոցիս և ինձ արոտ էր տանում ամեն
օր։
Ես կարոտում էի նրան։
Կարոտը լուսաբացի հետ բարձրանում էր իմ մեջ, իսկ մթնշաղին այն
լցվում էր կրծքիս մեջ —
Ընկնում էի ու լաց լինում կարոտից։
Բայց հետո Նա շոյում էր վիզս, և կամաց-կամաց ես վարժվեցի
Նրա հարթ ձեռքին,
ինչպես մի ժամանակ վարժվել էի մորս կոշտ լեզվին։
Այդ ամառվանից արդեն մի տարի է անցել։
Իմ կովը երևի արդեն ծնել է, և ինչ-որ տեղ հարևան
գյուղում
մեծանում է որդիս՝ նույնքան ավազագույն ու մետաքսանման, որքան իր
մայրը։
Օ՜, ինչքան եմ կարոտել նրան։
Առավոտյան լույսի հետ կարոտը դեռ մեծանում էր իմ մեջ,
սակայն սիրտս նույնպես ընդարձակվել էր:
Այժմ այն կարող էր տանել նույնիսկ ամենածանր վիշտը,
ուստի ես այլևս չէի ընկճվում ու չէի արտասվում:
Գիշերն այնքան խաղաղ է ու պարզ, որ կարող եմ լսել
ավանակի շնչառությունը
և տեսնել՝ ինչպես է նրա ռունգերից ելնող մեղմ գոլորշին տարրալուծվում
կապույտ օդի մեջ։
Շուտով կլինեմ Հյուսիսում, ուր մարգագետիններն ավելի փարթամ են,
խոտը՝ ավելի դալար,
իսկ երեքնուկը՝ ավելի քաղցր։
Չեմ կարողանում քնել:
Սիրտս բաբախում է ավելի տաք, ավելի ուժգին։
Եվ հիմա ես գիտեմ. ամեն ինչ գալիս է ճիշտ ժամանակին։
Ամեն ինչ կատարվում է։
Պարզապես հարկավոր է գիտենալ սպասել։
Արշալույսի հետ օդը սկսում է շիկնել,
և նույնիսկ կրծքիս քաղցր դողի միջով
ես նորից զգում եմ, թե ինչպես է այն բարձրանում՝ Նրա կարոտը։
Այնտեղ՝ Հյուսիսում, որտեղ
մարգագետիններն ավելի փարթամ են,
խոտը՝ ավելի կանաչ, երեքնուկը՝ ավելի քաղցր,
Նա կգա ինձ երազներում։
Աքաղաղը կանչում է:
Բացվում է առավոտը:
Ես լսում եմ Նրա քայլերը,
մետաղի զրնգոցը,
դռան ճռռոցը:
Բարձրացնում եմ գլուխս ու տեսնում՝ ինչպես է Նա ներս մտնում
գոմ:
Կիսախավարում Նրա ստվերը՝ երկար ու սև,
սահում է խոտի դեզերի, խոնարհված եղջյուրների, մեջքերի, պատերի ու ջրատար առվակի վրայով:
Նրա ձեռքերում պարանն է՝ իմ պարանը:
Ուրախությունն ալեկոծվում է իմ մեջ:
Ուզում եմ բառաչել, դոփել սմբակովս,
բայց լուռ եմ մնում,
որովհետև դեռ վախենում եմ արթնացնել ավանակին:
Նա հիմա մոտ է:
Ես Նրան պարզ տեսնում եմ:
Եվ ես վերջապես հասկանում եմ,
որ հրաժեշտներ չկան:
Կա միայն սեր:
Մայիս, 2022 թ.
[1]Մատաղ — հայկական ավանդական բարեգործական
զոհաբերություն:
[2]Սպանդից առաջ
կենդանուն (միշտ արու) կերակրում են օրհնված աղով:
Թարգմանությունըւ անգլերենից՝ Հասմիկ Հակոբյանի