Մաս 1
Էստրադային երգիչը
Այն ԱՌԱՎՈՏ, երբ ՆԿԱՏԵՑԻ Թոնի Գարդներին` զբոսաշրջիկների մեջ նստած, գարունը նոր էր բացվում Վենետիկում։ Առաջին անգամ էր, որ մի ամբողջ շաբաթ նվագել էինք հրապարակում․ և դա, ասեմ ձեզ, այնպիսի թեթևություն էր հեղձուձիչ, երկարաձիգ ժամերից հետո, երբ նվագում էինք սրճարանի հետնամասում՝ հաճախորդների ոտքերի տակ ընկնելով, որոնց ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ էր լինում բարձրանալ սանդուղքով։ Այդ առավոտ բավականին ուժեղ քամի էր, և մեր նոր վրանը ծածանվում էր մեր շուրջ, իսկ մենք մի փոքր ավելի թարմացած ու կայտառ էինք զգում մեզ, ինչը, ըստ իս, արտացոլվում էր նաև մեր երաժշտության մեջ։
Բայց այնպես եմ խոսում, ասես խմբի մշտական անդամ եմ։ Իրականում «գնչուներից» մեկն եմ, ինչպես անվանում են մեզ մյուս երաժիշտները, նրանցից մեկը, ովքեր թրև են գալիս հրապարակում՝ պատրաստ օգնելու երեք սրճարանների նվագախմբերից մեկին, որը կունենա դրա կարիքը։ Սովորաբար «Լավենա» սրճարանում եմ նվագում, բայց դժվար օրերին կարող եմ ծրագիր նվագել նաև «Կվադրիի» տղաների հետ, անցում կատարել «Ֆլորիան», այնուհետև հրապարակով կրկին անցնել «Լավենա»։ Բոլորի հետ հաշտ եմ (մատուցողների հետ նույնպես), և ցանկացած ուրիշ քաղաքում արդեն վաղուց հիմնական աշխատանք կունենայի։ Բայց այստեղ բոլորը տարված են ավանդույթներով և անցյալով, դրա համար էլ նրանց մոտ ամեն բան գլխիվայր շրջված է։ Ցանկացած ուրիշ տեղում կիթառահար լինելն առավելություն է։ Իսկ այստե՞ղ։ Կիթա՜ռ։ Սրճարանների սեփականատերերը սկսում են անհանգստանալ․ «Թո՜ւհ, չափից ավելի ժամանակակից է, զբոսաշրջիկները չեն հավանի»։ Անցյալ աշուն ռեզոնատորի օվալաձև բացվածքով ջազային, վինտաժային մոդել էի ձեռք բերել, նման կիթառով կարող էր նվագել Ջանգո Ռեյնհարդը, դրանով ոչ ոք ռոքնռոլլեր չէր համարի ինձ։ Դա մի փոքր պարզեցրեց իրավիճակը, սակայն սրճարանների տերերը նախկինի նման չէին հավանում։ Ճշմարտությունն այն է, որ եթե դու կիթառահար ես, կարող ես նույնիսկ Ջո Փասը[1] լինել, միևնույնն է, մշտական աշխատանք չես ստանա այս հրապարակում։
Իհարկե, կա ևս մի փոքրիկ հանգամանք, իտալացի չեմ, էլ չեմ խոսում վենետիկցի լինելու մասին։ Նույն իրավիճակը հաղթանդամ, չեխ տղայի մոտ է, որն ալտ սաքսոֆոն է նվագում։ Մեզ սիրում են, մյուս երաժիշտները մեր կարիքն ունեն, բայց մենք չենք համապատասխանում պաշտոնական պահանջներին։ «Ուղղակի նվագե՛ք և լեզուներդ ձե՛զ քաշեք, – ասում են սրճարանների տերերը։ – Այդպես զբոսաշրջիկները գլխի չեն ընկնի, որ իտալացիներ չեք։ Կոստյում, արևային ակնոց, հետ սանրված մազեր, ոչ մեկ չի նկատի տարբերությունը, ուղղակի լռե՛ք»։
Բայց գործերս այնքան էլ վատ չեն: Սրճարանային բոլոր երեք նվագախմբերը, նույնիսկ երբ յուրաքանչյուրը ստիպված է լինում միաժամանակ նվագել իր տաղավարից, կիթառի՝ ինչ-որ մեղմ, հուսալի, բայց ուժեղ բանի կարիք ունեն, որն ակկորդներ է դուրս բերում հետին պլանից։ Հավանաբար մտածում եք, որ հրապարակում միաժամանակ նվագող երեք նվագախմբերն իրական խառնաշփոթ են ստեղծում։ Բայց Սան-Մարկո հրապարակը բավականին մեծ է, որպեսզի կարողանա դիմանալ։ Հրապարակով անցնելիս զբոսաշրջիկը լսում է, թե ինչպես է մարում մի մեղեդին, այնուհետև սկսվում մեկ ուրիշը, ասես ռադիոյի ալիքներ փոխվեն։ Միակ բանը, որի կարիքը զգում են զբոսաշրջիկները, դասական երաժշտությունն է, բոլոր այդ հայտնի արիաների գործիքային տարբերակները։ Այո՛, դա Սան Մարկոն է, նրանց պետք չեն վերջին փոփ հիթերը։ Սակայն ամեն մի քանի րոպեն մեկ ինչ-որ ծանոթ բան են ուզում լսել, օրինակ՝ Ջուլի Էնդրյուսի[2] հին երգը կամ հայտնի ֆիլմից ինչ-որ մեղեդի։ Հիշում եմ, թե ինչպես էինք անցյալ ամառ մի խմբից մյուսն անցնում և օրվա մեջ ինն անգամ նվագում «Կնքահայրը» ֆիլմի մեղեդին։
Համենայն դեպս, այն գարնանային առավոտ նվագում էինք զբոսաշրջիկների հսկայական ամբոխի առաջ, երբ տեսա Թոնի Գարդներին, որը սուրճը ձեռքին միայնակ նստած էր գրեթե մեր դիմաց՝ մեր տաղավարից վեցը մետր այն կողմ։ Մեր հրապարակում մշտապես հայտնի մարդիկ են հավաքվում, բայց մենք չտեսնելու ենք տալիս։ Համարի վերջում խմբի անդամներից մի քանիսը կարող են մի քանի բառ փոխանակել։ Նայի՛ր, Ուորեն Բիթին[3] է։ Տե՛ս, Քիսինջերն[4] է։ Իսկ այս մեկն այն կինն է, որ նկարահանվել է տղամարդկանց մասին մի ֆիլմում, որում նրանք փոխվում են դեմքերով։ Վարժվել ենք նման բաների։ Վերջիվերջո՝ Սան Մարկո հրապարակն է։ Բայց երբ հասկացա, որ այնտեղ Թոնի Գարդներն էր նստած, դա մեկ այլ բան էր։ Հուզված էի։
Թոնի Գարդները մայրիկիս սիրելի երաժիշտն էր։ Կոմունիստական տարիներին տանը շատ դժվար էր նման վինիլային սկավառակներ գտնել, բայց մայրիկս նրա գրեթե ողջ հավաքածուն ուներ։ Մի անգամ, երբ դեռ երեխա էի, թեթևակի քերծել էի այդ թանկարժեք վինիլային սկավառակներից մեկը։ Բնակարանը չափազանց նեղ էր, իսկ իմ տարիքի տղան կարիք ուներ երբեմն տեղաշարժվելու, հատկապես այն ցուրտ ամիսներին, երբ չէր կարելի տանից դուրս գալ։ Այսպիսով՝ խաղ էի խաղում՝ մեր փոքրիկ բազմոցից բազկաթոռին թռչելով, և մի օր սխալ հաշվարկներ անելով՝ դիպա նվագարկչին։ Ասեղը ճռռոցով անցավ վինիլային սկավառակի վրայով (դա CD սկավառակների հայտնվելուց շատ առաջ էր), և մայրիկս եկավ խոհանոցից ու սկսեց բղավել ինձ վրա։ Այնքան վատ էի զգում ինձ ոչ միայն նրա համար, որ բղավում էր վրաս, այլ նաև որ դա Թոնի Գարդների սկավառակներից մեկն էր, և նրա համար, որ ես գիտեի, թե ինչ մեծ նշանակություն ուներ այն մայրիկիս համար։ Եվ գիտեի, որ այդ պահից սկսած լսվելու էր այդ ճռռոցը, երբ նա երգեր իր այդ ամերիկյան երգերը։ Շատ տարիներ անց, երբ աշխատում էի Վարշավայում, իմացա նվագարկիչների սկավառակների սև շուկայի մասին, և մայրիկիս բերեցի Թոնի Գարդների բոլոր ալբոմները մաշված վինիլային սկավառակների փոխարեն՝ ներառյալ այն մեկը, որը քերծել էի։ Երեք տարի պահանջվեց դրա համար, բայց ես շարունակում էի մեկը մյուսի հետևից գնել դրանք, և ամեն անգամ մայրիկի մոտ մեկնելիս նորն էի տանում։
Այսպիսով՝ հասկանում եք, թե ինչու այդպես հուզվեցի, երբ ինձանից վեցը մետր այն կողմ նկատեցի նրան։ Սկզբում չէի կարողանում հավատալ տեսածիս, և հավանաբար ուշացրի ակորդներից մեկի փոփոխությունը։ Թո՜նի Գարդները։ Ի՜նչ կասեր թանկագին մայրիկս, եթե իմանար։ Հանուն մայրիկիս, հանուն նրա հիշատակի պետք է մոտենայի նրան և ինչ-որ բան ասեի՝ անտեսելով այն, թե ինչպես էին մյուս երաժիշտները ծիծաղում և ասում, որ նման էի հանձնակատարի։
Իհարկե, չէի կարող ուղղակի նետվել դեպի նա՝ մի կողմ հրելով աթոռներն ու սեղանները։ Պետք է նվագեի ավարտեի մեր ծրագիրը։ Ասեմ ձեզ, իսկական տանջանք էր ևս երեք, չորս համար նվագելը, և ամեն վայրկյան մտածել, որ նա հենց այդ րոպեին կարող էր վեր կենալ և հեռանալ։ Բայց նա շարունակում էր միայնակ նստած մնալ՝ հայացքը հառած իր սուրճին և ժամանակ առ ժամանակ այնպես խառնելով այն, ասես տարակուսանքի մեջ էր ընկել նրանից, թե ինչ էր բերել մատուցողը։ Նման էր ցանկացած այլ ամերիկացի զբոսաշրջիկի՝ երկնագույն պոլո շապիկ և մոխրագույն լայն տաբատ հագած։ Այն վինիլային սկավառակների վրա նրա մազերը շատ մուգ էին և փայլուն, իսկ այժմ գրեթե ճերմակ էին, սակայն դեռևս շատ էին և հարդարված էին անթերի կերպով, ինչպես նախկինում։ Երբ առաջին անգամ նկատեցի նրան, ձեռքին մուգ ակնոց կար (կասկածում եմ, որ հակառակ դեպքում նկատեի նրան), բայց քանի դեռ մեր ելույթը շարունակվում էր, իսկ ես շարունակում էի հետևել նրան, նա դրեց այն, հետո նորից հանեց, այնուհետև կրկին դրեց։ Մտահոգված տեսք ուներ, և ես հիասթափվեցի՝ հասկանալով, որ նա իրականում չէր լսում մեր երաժշտությունը։
Մեր ծրագիրն ավարտվեց։ Հապճեպ դուրս եկա տաղավարից և առանց որևէ մեկին ինչ-որ բան ասելու քայլեցի դեպի Թոնի Գարդների սեղան և մի պահ խուճապի մատնվեցի՝ չիմանալով ինչպես սկսել զրույցը։ Ես կանգնած էի նրա հետևում, բայց ինչ-որ վեցերորդ զգայարան ստիպեց նրան շրջվել և նայել վրաս (հավանաբար երկար տարիները, երբ երկրպագուները ձգտում էին հանդիպել նրա հետ, անհետք չէին անցել), և այդ պահին արդեն ներկայացա, ասացի, թե որքան էի հիանում նրանով խմբում նվագելուս ընթացքում, որին քիչ առաջ լսում էր, և որ մայրիկս նրա հավատարիմ երկրպագուն էր եղել, և այդ ամենը մի շնչով։ Դեմքի լուրջ արտահայտությամբ լսում էր ինձ՝ ամեն մի քանի վայրկյանը մեկ գլխով անելով, ասես բուժող բժիշկս լիներ։ Ես շարունակում էի խոսել, իսկ նա ժամանակ առ ժամանակ միայն ասում էր․ «Իսկապե՞ս»։ Որոշ ժամանակ հետո որոշեցի հեռանալ, և արդեն շարժվել էի տեղիցս, երբ հանկարծ սկսեց խոսել․
-Ուրեմն՝ Դուք կոմունիստական երկրներից մեկից եք։ Ծանր էր հավանաբար Ձեզ համար։
-Այդ ամենն անցյալում է, – անհոգ կերպով թոթվեցի ուսերս։ – Հիմա ազատ երկիր է։ Դեմոկրատիա։
-Հաճելի է լսել դա։ Եվ Ձեր խումբը հենց նոր նվագում էր մեզ համար։ Նստե՛ք։ Սուրճ կուզե՞ք։
Ասացի, որ չէի ուզում զոռով կպչել նրան, բայց պարոն Գարդների ձայնի հնչերանգն արդեն մեղմ, բայց միևնույն ժամանակ համառ էր հնչում։
-Ո՛չ, ո՛չ, նստե՛ք։ Ասացիք, որ Ձեր մայրիկին դուր էին գալիս իմ սկավառակները։
Այդպիսով նստեցի և էլի մի քանի բան պատմեցի նրան։ Մայրիկիս, մեր բնակարանի և վինիլային սկավառակների սև շուկայի մասին։ Թեև չէի հիշում սկավառակների անվանումները, սկսեցի նկարագրել դրանց ծրարների վրայի պատկերներն այնպես, ինչպես մտապահել էի, և ամեն անգամ մատը բարձրացնում էր և «Օ՜, «Inimitable»»-ի նման մի բան էր ասում։ «The Inimitable Tony Gardner»։ Թվում էր, թե այդ խաղը երկուսիս էլ դուր էր գալիս, բայց հանկարծ զգացի, որ պարոն Գարդների հայացքը դեպի կողք սահեց։ Շրջվեցի և տեսա մի կնոջ, որը մոտենում էր մեր սեղանին։
Վերջինս այն ամերիկացի տիկիններից էր, որոնք խիստ ոճային էին, հիասքանչ սանրվածքով, հագուստով և կազմվածքով, որոնց նայելիս գլխի չես ընկնում, որ այնքան էլ երիտասարդ չեն, մինչև որ ավելի մոտիկից չես տեսնում։ Հեռվից տեսնելով՝ կարող էի կարծել, թե նորաձևության պսպղուն ամսագրերի միջի մոդելներից մեկն էր։ Բայց երբ նստեց պարոն Գարդների կողքին և մուգ ակնոցը բարձրացրեց ճակատին, հասկացա, որ հիսունին մոտ էր, միգուցե ավելի մեծ։ Պարոն Գարդները ներկայացրեց նրան․
-Լինդին է՝ կինս։
Տիկին Գարդները ճիգ ու ջանքով ստացված ժպիտ նվիրեց ինձ, այնուհետև ասաց ամուսնուն․
-Իսկ ո՞վ է նա, հետաքրքիր է։ Ընկե՞ր ես գտել քեզ։
-Իրավացի ես, սիրելի՛ս։ Լավ ժամանակ եմ անցկացնում այստեղ՝ զրուցելով․․․ Ների՛ր, ընկերս։ Անունդ չգիտեմ։
-Յան, – արագ ասացի ես։ – Բայց ընկերներս Յանեք են կոչում ինձ։
Լինդի Գարդներն ասաց․
-Ուզում եք ասել, որ Ձեր մականունն ավելի երկար է, քան անո՞ւնը։ Այդ ինչպե՞ս։
-Մի՛ կոպտիր երիտասարդին, սիրելի՛ս։
-Չեմ կոպտում։
-Մի՛ ծիծաղիր երիտասարդի անվան վրա, սիրելի՛ս։ Չէ՞ որ դու լավ աղջիկ ես։
Լինդի Գարդները շրջվեց դեպի ինձ՝ դեմքի՝ հուսահատ հոգնածության արտահայտությամբ։ – Դուք հասկանո՞ւմ եք, թե նա ինչ է խոսում։ Մի՞թե ես վիրավորեցի Ձեզ։
-Ո՛չ, ո՛չ, – պատասխանեցի ես, – ի՜նչ եք ասում, տիկի՛ն Գարդներ։
-Նա միշտ ասում է, որ ես կոպիտ եմ ժողովրդի հետ։ Բայց ես կոպիտ չեմ։ Մի՞թե ես կոպիտ էի հենց նոր Ձեզ հետ։ – Այնուհետև դիմեց պարոն Գարդներին։ – Ժողովրդի հետ բնական եմ պահում ինձ, քաղցրի՛կս։ Այդպիսինն եմ։ Երբեք կոպիտ չեմ լինում։
-Լա՛վ, սիրելի՛ս, – պատասխանեց պարոն Գարդները, – արի լուն փիղ չսարքենք։ Այնուամենայնիվ՝ այստեղ այս երիտասարդն է, նա ժողովուրդը չէ։
-Իսկապե՞ս։ Իսկ ո՞վ է նա։ Վաղուց կորած զարմի՞կ։
-Ավելի սիրալի՛ր եղիր, սիրելի՛ս։ Նա գործընկերս է։ Երաժիշտ է, պրոֆեսիոնալ։ Հենց նոր ուրախացնում էր բոլորիս, – ցույց տվեց մեր տաղավարը։
-Օ՜, – Լինդի Գարդները նորից շրջվեց դեպի ինձ։ – Հենց նոր նվագո՞ւմ էիք այստեղ։ Դե՜, ընտիր էր։ Ակորդեոն էիք նվագում, չէ՞։ Իսկապես ընտիր էր։
-Շատ շնորհակալ եմ։ Իրականում կիթառահար եմ։
-Կիթառահա՞ր։ Հավանաբար կատակում եք։ Չէ՞ որ մի րոպե առաջ էի նայում Ձեզ վրա։ Ահա այստեղ էիք նստած՝ բասիստի կողքին, և այնպես հիասքանչ էիք նվագում Ձեր ակորդեոնը։
-Ներողությո՛ւն, բայց իրականում ակորդեոն Կարլոն է նվագում։ Բարձրահասակ, ճաղատ․․․
-Հաստա՞տ։ Ձեռք չե՞ք առնում։
-Սիրելի՛ս, չէ՞ որ խնդրեցի չկոպտել մարդուն։
Այնպես չէր, որ բղավում էր, բայց հանկարծ նրա ձայնը դարձավ կտրուկ և բարկացած, հետո տարօրինակ լռություն վրա հասավ։ Այնուհետև պարոն Գարդներն ինքը խախտեց այն՝ քնքշորեն ասելով․
-Ների՛ր, սիրելի՛ս։ Չէի ուզում կշտամբել քեզ, – Գարդները պարզեց ձեռքն ու սեղմեց կնոջ ափը։ Կարծում էի, թե վերջինս մի կողմ կհրեր ամուսնուն, բայց դրա փոխարեն աթոռն այնպես տեղափոխեց, որպեսզի ավելի մոտ լիներ նրան, և մյուս ձեռքը դրեց իրենց միմյանց սեղմված ձեռքերի վրա։ Այդպես նստեցին մի քանի րոպե․ պարոն Գարդները՝ գլուխը կախ, իսկ նրա կինը՝ դատարկ հայացքը ամուսնու մեջքի հետևը հառած՝ դեպի Բազիլիկը, թեև թվում էր, թե աչքերը ոչինչ չէին տեսնում։ Այդ մի քանի րոպեների ընթացքում ինձ թվաց, թե ոչ միայն իմ մասին էին մոռացել, այլ նաև հրապարակում եղած մյուս բոլոր մարդկանց։ Այնուհետև տիկին Գարդները գրեթե շշուկով ասաց․
-Ամեն ինչ կարգին է, թանկագի՛նս։ Ես եմ մեղավոր։ Եկա և բոլորիդ վշտացրի։
Մի փոքր էլ այդպես նստած մնացին՝ ձեռքերը միմյանց սեղմած։ Այնուհետև տիկին Գարդները շունչ քաշեց, բաց թողեց պարոն Գարդների ձեռքը և հայացքը թեքեց դեպի ինձ։ Մինչև այդ էլ էր նայել վրաս, բայց այդ անգամ մի փոքր ուրիշ էր։ Այդ անգամ զգացի նրա հմայքը։ Ասես կարգավորումների լծակ կար նրա մոտ՝ զրոյից մինչև տաս սանդղակով, և այդ պահին որոշեց այն շրջել վեցի կամ յոթի վրա, բայց ես շատ ուժեղ զգացումներ ունեի, և եթե այդ պահին ինչ-որ ծառայություն խնդրեր ինձանից (օրինակ՝ հատել հրապարակն ու ծաղիկներ գնել նրա համար), ուրախությամբ կանեի։
-Յանե՛ք, – ասաց նա։ – Այդպես է անունդ, չէ՞։ Ներողություն եմ խնդրում, Յանե՛ք։ Իրավունք չունեի նման կերպ խոսելու Ձեզ հետ։
-Տիկի՛ն Գարդներ, իսկապես, մի՛ անհանգստացեք․․․
-Եվ խանգարեցի ձեր երկուսի զրույցին։ Գրազ կգամ, որ երկու երաժիշտների զրույց էր։ Գիտե՞ք ինչ։ Պատրաստվում եմ մենակ թողնել երկուսիդ։
-Հեռանալու պատճառ չկա, թանկագի՛նս, – ասաց պարոն Գարդները։
-Օ՜, այո՛, կա, քա՛ղցրս։ Սարսափելի ուզում եմ Պրադայի խանութ մտնել։ Եկա միայն նրա համար, որպեսզի ասեմ, որ պլանավորածիցս ավելի երկար եմ մնալու։
-Լա՛վ, թանկագի՛նս, – Թոնի Գարդներն առաջին անգամ ուղղվեց և շունչ քաշեց։ – Միայն եթե վստահ ես, որ դա սրտովդ է։
-Պատրաստվում եմ հետաքրքիր ժամանակ անցկացնել այդ խանութում։ Այնպես որ, ընկերնե՛ր, հաճելի զրույց եմ ձեզ մաղթում։ – Ոտքի կանգնեց և դիպավ ուսիս։ – Լա՛վ մնացեք, Յանե՛ք։
Հետևում էինք, թե ինչպես էր տիկին Գարդները հեռանում, այնուհետև պարոն Գարդները մի քանի բան հարցրեց այն մասին, թե ինչպես էի երաժիշտ դարձել, և մասնավորապես Քուատրո նվագախմբի մասին, որը հենց այդ պահին սկսեց նվագել։ Թվում էր, թե այնքան էլ ուշադիր չէր պատասխաններիս, և արդեն ուզում էի ներողություն խնդրել ու հեռանալ, երբ հանկարծ ասաց․
-Մի բան եմ ուզում ասել Ձեզ, բարեկա՛մ։ Թո՛ւյլ տվեք պատմել Ձեզ մտքիս եղածը, և եթե ցանկանաք կարող եք գրողի ծոցն ուղարկել ինձ, – առաջ կռացավ և ցածրացրեց ձայնը։ – Կարո՞ղ եմ մի բան ասել Ձեզ։ Ես և Լինդին առաջին անգամ Վենետիկ ենք եկել մեր մեղրամսի ժամանակ։ Քսանյոթ տարի առաջ։ Եվ չնայած մեր՝ այս վայրի հետ կապված բոլոր երջանիկ հիշողությունների՝ երբեք չենք վերադարձել այստեղ, համենայն դեպս, ոչ միասին։ Այդ պատճառով երբ պլանավորում էինք այս ճանապարհորդությունը, այս յուրահատուկ ճանապարհորդությունը, ինքներս մեզ խոստացանք, որ մի քանի օր պետք է Վենետիկում անցկացնենք։
-Այսօր Ձեր ամուսնության տարելի՞ցն է, պարո՛ն Գարդներ։
-Տարելի՞ց, – Թոնի Գարդները զարմացած տեսք ուներ։
-Ներեցե՛ք, -ասացի ես։ – Ուղղակի քանի որ ասացիք, որ յուրահատուկ ճանապարհորդություն է, այդպես կարծեցի։
Որոշ ժամանակ շարունակեց զարմացած տեսք ունենալ, այնուհետև սկսեց բարձր և որոտալից ծիծաղել, և հանկարծ հիշեցի այն երգը, որը մայրիկս մշտապես լսում էր, այն երգը, որի մեջտեղում նա ուղղակի սկսում է խոսել՝ ասելով, թե թքած ուներ այն բանի վրա, որ այդ կինը լքել էր նրան, և հենց այդպես չարախինդ ծիծաղում էր։ Այդ պահին այդ նույն չարախինդ ծիծաղը լսվում էր հրապարակում։ Այնուհետև ասաց․
-Տարելի՞ց։ Ո՛չ, ո՛չ, տարելից չէ։ Բայց այն, ինչ ուզում եմ առաջարկել, մոտ է դրան։ Ուզում եմ բավականին ռոմանտիկ մի բան անել։ Ուզում եմ սերենադ երգել նրա համար։ Իսկական վենետիկյան ոճով։ Ահա այստեղ էլ կունենամ Ձեր կարիքը։ Դուք կիթառ կնվագեք, ես կերգեմ։ Գոնդոլի վրա լողալով՝ կանցնենք պատուհանի տակով, և ես կերգեմ նրա համար։ Այստեղ ոչ հեռու առանձնատուն ենք վարձակալել։ Ննջասենյակի պատուհանները դեպի ջրանցքն են նայում։ Մութը վրա հասնելուց հետո ուղղակի գերազանց կլինի։ Պատերի լապտերները հրաշալի լուսավորություն են ապահովում։ Ես և Դուք գոնդոլի վրա, նա մոտենում է պատուհանին։ Նրա սիրելի բոլոր երգերը։ Երկար չի տևի, երեկոյան դեռևս ցուրտ է լինում։ Կարծում եմ երեք-չորս երգ։ Կարող եք չանհանգստանալ, լավ կվճարեմ Ձեզ։ Ի՞նչ կասեք։
-Մեծ պատիվ է ինձ համար, պարո՛ն Գարդներ։ Ինչպես արդեն նշեցի, Դուք կարևոր մարդ եք ինձ համար։ Ե՞րբ եք պատրաստվում անել դա։
-Եթե այսօր անձրև չլինի, գուցե հենց այսօր երեկոյա՞ն։ Մոտավորապես ութն անց երեսուն։ Շուտ ենք ընթրում, այնպես որ այդ ժամանակ հաստատ վերադարձած կլինենք։ Ինչ-որ պատճառ կհորինեմ, դուրս կգամ տանից և կդիմավորեմ Ձեզ։ Գոնդոլ կնախապատրաստեմ, ջրանցքով կվերադառնանք և կանգ կառնենք պատուհանի տակ։ Գերազանց կլինի։ Ի՞նչ կասեք։
Հավանաբար պատկերացնում եք, չէ՞, թե ինչ երազանքի իրականացում էր։ Բացի այդ՝ այնքան հաճելի գաղափար էր թվում․ այդ զույգը (նա վաթսուն տարեկան էր, կինը՝ հիսունին մոտ) սիրահարված պատանիների պես էր պահում իրեն։ Իրականում դա այնքան հաճելի գաղափար էր, որ ես գրեթե, բայց ոչ լիարժեք, մոռացա քիչ առաջ տեղի ունեցած տեսարանը, որի ականատեսն էի դարձել։ Ուզում եմ ասել, որ նույնիսկ այդ փուլում հոգուս խորքում գիտեի, որ ամեն բան այդքան հեշտ չէր լինելու, որքան նա ներկայացնում էր։
Հաջորդող մի քանի րոպեների ընթացքում նստել էինք պարոն Գարդների հետ և քննարկում էինք մանրամասները․ ինչ երգեր էր ցանկանում, որ ստեղներն էր նախընտրում, և նմանատիպ շատ բաներ։ Այնուհետև պետք է վերադառնայի մեր տաղավար՝ հաջորդ ելույթի համար, դրա համար վեր կացա, սեղմեցի նրա ձեռքը և ասացի, որ այդ երեկո կարող էր լիովին հույսն ինձ վրա դնել։
Այդ երեկո, երբ գնացի պարոն Գարդների հետ հանդիպման, ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՄՈՒԹ ԷՐ, և լռություն էր։ Այդ օրերին ես միշտ կորչում էի, երբ հեռանում էի Սան Մարկո հրապարակի սահմաններից, ու թեև գիտեի փոքրիկ կամուրջը, որտեղ պարոն Գարդներն ասել էր լինել, միևնույնն է, մի քանի րոպե ուշացա։
Անմիջապես լապտերի տակ էր կանգնել, հագին մուգ գույնի ճմրթված կոստյում էր և վերնաշապիկ, որը կոճկված էր մինչև երրորդ կամ չորրորդ կոճակը, այնպես որ երևում էին կրծքավանդակի մազերը։ Երբ ներողություն խնդրեցի ուշանալուս համար, նա ասաց․
-Ի՞նչ բան են մի քանի րոպեները։ Ես և Լինդին քսանյոթ տարի է, ինչ ամուսնացած ենք։ Մի քանի րոպեն ի՞նչ է որ։
Բարկացած չէր, բայց լուրջ և հանդիսավոր տրամադրության մեջ էր, ամենևին էլ ոչ ռոմանտիկ։ Նրա հետևում գոնդոլ կար, որը տարուբերվում էր ջրի վրա, և տեսա, որ գոնդոլավարը Վիտորիոն էր, մի տղա, որին այնքան էլ չէի հավանում։ Ըստ իս՝ Վիտորիոն միշտ ընկերասեր է, բայց գիտեմ (դեռ այն ժամանակ գիտեի), որ տարբեր կեղտոտ բաներ է խոսում այնպիսի մարդկանց մասին, ինչպիսին որ ես եմ, մարդկանց մասին, որոնց կոչում է «օտարերկրացիներ նոր երկներից»։ Ահա թե ինչու, երբ այդ երեկո իբրև բարեկամի ողջունեց ինձ, ուղղակի գլխով արեցի և լուռ սպասեցի, քանի դեռ օգնում էր պարոն Գարդներին բարձրանալ գոնդոլի վրա։ Այնուհետև փոխանցեցի նրան իմ կիթառը (իսպանական կիթառն էի վերցրել, այլ ոչ թե այն, որը ձայնի օվալաձև բացվածքով էր) և ինքս բարձրացա։
Ցռուկին կանգնած Պարոն Գարդներն անընդհատ փոխում էր դիրքը և ինչ-որ պահի այնքան կտրուկ պպզեց, որ քիչ էր մնում մենք շուռ գայինք։ Բայց նա կարծես ոչինչ չէր նկատում, և քանի դեռ հրվելով տեղափոխվում էինք, շարունակում էի նայել ջրին։
Մի քանի րոպե լուռ լողում էինք մուգ շինությունների կողքով և ցածր կամուրջների տակով։ Այնուհետև Թոնի Գարդներն արթնացավ իր խորը մտածմունքներից և ասաց․
-Լսի՛ր, բարեկա՛մ։ Գիտեմ, որ պայմանավորվել ենք այս երեկոյի համար։ Բայց մտածեցի, որ Լինդին «Այն ժամանակ, երբ կմեկնեմ Ֆինիքս» երգն է սիրում։ Շատ վաղուց եմ այն ձայնագրել։
-Իհա՛րկե, պարո՛ն Գարդներ։ Մայրիկս միշտ ասում էր, որ Ձեր տարբերակն ավելի լավն է, քան Սինատրայինը։ Կամ Գլեն Քեմբելլի[5] այդ հայտնի երգը։
Պարոն Գարդները գլխով արեց, որից հետո որոշ ժամանակ չէի կարողանում տեսնել նրա դեմքը։ Վիտորիոն գոնդոլավարներին հատուկ բացականչություն արձակեց, որն արձագանքեց պատերի շուրջ, մինչև որ անկյունից թեքվեցինք։
-Հաճախ էի նրա համար երգում այս երգը, – ասաց պարոն Գարդները։ – Գիտեք կարծում եմ կցանկանար այս գիշեր լսել այդ երգը։ Ձեզ ծանո՞թ է այս մեղեդին։
Այդ ժամանակ արդեն պատյանից հանել էի կիթառս, դրա համար մի քանի նոտա նվագեցի։
-Մի փոքր բա՛րձր, – ուղղեց նա։ – Մի-բեմոլով։ Այդպես եմ ձայնագրել ալբոմի համար։
Սկսեցի այդ տոնայնությամբ նվագել, և մոտավորապես առաջին քառյակից հետո պարոն Գարդները սկսեց երգել՝ կամացուկ, կիսաձայն, ասես հազիվ էր բառերը վերհիշում։ Ջրանցքի լռության մեջ նրա ձայնը հրաշալի ձևով անդրադարձվում էր։ Առհասարակ հիասքանչ էր հնչում։ Մի պահ ինձ թվաց, թե նորից երեխա էի․ վերադարձա մեր բնակարան, պառկած էի գորգի վրա, քանի դեռ մայրիկս նստած էր բազմոցին՝ հոգնած կամ գուցե կոտրված սրտով, իսկ սենյակի անկյունում նվագում էր Թոնի Գարդների ալբոմը։
Հանկարծ պարոն Գարդները կանգ առավ և ասաց․
-Լա՛վ։ Կերգենք «Ֆինիքսը» մի-բեմոլով։ Այնուհետև «I Fall in Love Too Easily»-ն, ինչպես որ պլանավորել էինք։ Եվ կավարտենք «One for My Baby»-ով։ Եվ բավական է։ Ավելին չի լսի։
Այնուհետև կարծես կրկին խորասուզվեց իր մտքերի մեջ, իսկ մենք մթության մեջ սահում էինք Վիտորիոյի թիակի մեղմ ճողփյունի ներքո։
-Պարո՛ն Գարդներ, – ասացի ես վերջապես, հուսամ՝ դեմ չեք լինի, եթե մի բան հարցնեմ։ Իսկ տիկին Գարնդները սպասո՞ւմ է մեր ելույթին։ Թե՞ հաճելի անակնկալ է լինելու նրա համար։
Նա հառաչեց, այնուհետև ասաց․
-Կարծում եմ հաճելի անակնկալների դասին պետք է վերագրենք մեր ելույթը։ – Հետո ավելացրեց, – Միայն Աստված գիտի, թե ինչպես կարձագանքի։ Կարող ենք նույնիսկ չհասնել «One for My Baby»-ին։
Վիտորիոն հերթական անկյունը տարավ մեզ, և հանկարծ լսվեցին բարձր ծիծաղ և երաժշտություն, անցանք մեծ, պայծառ լուսավորված ռեստորանի կողքով։ Թվում էր, թե բոլոր սեղանները զբաղված էին, մատուցողները այստեղ-այնտեղ էին շտապում, այցելուները շատ գոհ տեսք ունեին, թեև ջրանցքի կողքին տարվա այդ եղանակին դժվար թե տաք լիներ։ Լռությունից և մթությունից հետո, որոնց միջով ճանապարհորդում էինք, ռեստորանն այնքան էլ հարմարավետ տեղ չթվաց։
Թվում էր, թե կանգնած էինք նույն տեղում և նավամատույցից հետևում էինք, թե ինչպես էր մեր կողքով անցնում խնջույքների փայլփլուն նավը։ Նկատեցի, որ մի քանի հոգի մեր ուղղությամբ նայեցին, բայց ոչ ոք առանձնահատուկ ուշադրություն չդարձրեց մեզ վրա։ Այնուհետև ռեստորանը հետևում մնաց, և ես հարցրի․
-Զվարճալի է։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեին այդ զբոսաշրջիկները, եթե իմանային, որ հենց նոր նրանց կողքով էր անցել մի նավակ, որի վրա լեգենդար Թոնի Գարդներն է։
Վիտորիոն, որն այնքան էլ լավ չէր հասկանում անգլերեն, որսաց ասվածի միտքն ու կամացուկ ծիծաղեց։ Բայց պարոն Գարդները մի որոշ ժամանակ չէր պատասխանում։ Նորից մթության մեջ էինք, շարժվում էինք նեղ ջրանցքի երկայնքով, թույլ լուսավորված դռների կողքով, երբ նա ասաց․
-Բարեկա՛մս, Դուք կոմունիստական երկրից եք։ Դրա համար չեք հասկանում, թե ինչպես են նման բաներն աշխատում։
-Պարո՛ն Գարդներ, – ասացի ես, – իմ երկիրն այլևս կոմունիստական չէ։ Հիմա մենք ազատ մարդիկ ենք։
-Ներողություն եմ խնդրում։ Ոչ մի վատ բան չէի ուզում ասել Ձեր ժողովրդի մասին։ Խիզախ մարդիկ եք։ Հուսամ՝ կխաղաղվեք և կբարգավաճեք։ Ուղղակի պատրաստվում էի ասել Ձեզ, բարեկա՛մս, որ գալով այնտեղից, որտեղից որ եկել եք՝ միանգամայն բնական է, որ կան որոշ բաներ, որ դեռ չեք հասկանում։ Ճիշտ այնպես, ինչպես ես շատ բան չհասկացա Ձեր երկրում։
-Կարծում եմ՝ հենց այդպես է, որ կա պարո՛ն Գարդներ։
-Այդ մարդիկ, որոնց կողքով հենց նոր անցանք։ Եթե մոտենաք նրանց և հարցնեք «Հե՜յ, ձեզանից ինչ-որ մեկը հիշո՞ւմ է Թոնի Գարդներին», հավանաբար նրանցից ոմանք կասեն «այո՛», ո՞վ գիտի։ Բայց երբ այսպես ուղղակի անցնում ենք, Ձեզ թվում է, թե նրանցից ինչ-որ մեկին դա հուզո՞ւմ է։ Չեմ կարծում։ Ոչ ոք մի կողմ չէր դնի պատառաքաղը, ոչ ոք չէր ընդհատի իր՝ մոմերի ներքո աչք աչքի ընթրիքը։ Ինչի՞ համար։ Անցած-գնացած ժամանակների ինչ-որ էստրադային երգիչ։
-Հավատս չի գալիս, պարո՛ն Գարդներ։ Դուք դասականներից եք։ Դուք Սինատրայի կամ Դին Մարտինի նման եք։ Որոշ բարձրակարգ բաներ կան, որոնք մոդայից դուրս չեն գալիս։ Ոչ թե փոփ աստղերի նման։
-Շատ բարի եք, բարեկա՛մս։ Գիտեմ, որ բարի մտադրություններ ունեք։ Բայց այս երեկո ինձ հետ կատակելու ժամանակը չէ։
Պատրաստվում էի առարկել, բայց նրա պահվածքում ինչ-որ բան հուշեց ինձ հանգիստ թողնել այդ թեման։ Այդպիսով՝ ճանապարհը շարունակեցինք լռության մեջ։ Ճիշտն ասած, արդեն սկսում էի մտորել, թե ինչ պատմության մեջ էի ընկել, և թե ինչի համար էր այդ սերենադը։ Վերջիվերջո՝ ամերիկացիներ էին։ Միգուցե հենց որ պարոն Գարդները սկսեր երգել, տիկին Գարդները հրացանով մոտենար պատուհանին և սկսեր կրակել մեզ վրա։
Հավանաբար Վիտորիոն նույն մտքերն ուներ, քանի որ երբ անցնում էինք պատի վրայի լապտերի տակով, այնպիսի հայացք գցեց վրաս, որը կարծես ասում էր «Տարօրինակ մարդ է, չէ՞, ընկե՛րս»։ Բայց ես ոչինչ չպատասխանեցի։ Չէի պատրաստվում անցնել նման տպի կողմը՝ ընդդեմ պարոն Գարդների։ Վիտորիոյի խոսքերով՝ ինձ նման օտարերկրացիները թալանում են զբոսաշրջիկներին, աղտոտում են ջրանցքները, մի խոսքով՝ ավերում են այդ գրողի տարած քաղաքը։ Երբեմն, երբ վատ տրամադրություն է ունենում, հայտարարում է, որ մենք գողեր ենք կամ նույնիսկ բռնավորներ։ Մի օր նրա դեմքին հարցրի, թե արդյոք ճշմարիտ էր, որ նման բաներ էր ասում, բայց նա երդվեց, որ բացարձակ սուտ էր։ Ինչպե՞ս կարող էր նա ռասիստ լիներ, եթե նրա մորաքույրը հրեուհի էր, որին մոր պես սիրում էր։ Մի անգամ՝ կեսօրին, երբ ժամանակ էի սպանում ելույթներիս արանքում, նայում էի ջրին՝ Դորսոդուրո կամրջից կախված, ներքևում գոնդոլ էր անցնում։ Դրա մեջ նստած էին երեք զբոսաշրջիկներ, նրանց վերևում կանգնած էր Վիտորիոն՝ թիակը ձեռքին, և բարձրաձայն, որպեսզի բոլորը լսեին, նույն հիմարություններն էր դուրս տալիս։ Այնպես որ որքան կցանկանա կարող է աչքերիս մեջ նայել, ես նրան ընկեր չեմ դառնա։
-Թույլ տվեք փոքրիկ գաղտնիք բացել, – հանկարծ ասաց պարոն Գարդները։ – Փոքր գաղտնիք ելույթի մասին։ Ինչպես մի պրոֆեսիոնալը մյուս պրոֆեսիոնալին։ Մի շատ պարզ բան։ Պետք է ինչ-որ բան իմանաք, պետք է ինչ-որ բան պարզեք Ձեր հանդիսատեսի մասին։ Մի բան, որը թույլ կտա տարբերակել այսօրվա հանդիսատեսին երեկվա հանդիսատեսից։ Ենթադրենք Միլուոքիում եք։ Պետք է հարցնեք ինքներդ Ձեզ, ի՞նչ տարբերութուն կա, ի՞նչն է հենց Միլուոքիի հանդիսատեսի առանձնահատկությունը։ Ինչո՞վ է տարբերվում Մեդիսոնի հանդիսատեսից։ Եթե ոչինչ մտքիդ չի գալիս, շարունակում ես մտորել, մինչև որ գլխի ընկնես։ Միլուոքի, Միլուոքի։ Միլուոքիում համեղ ոսկորով սթեյք են պատրաստում։ Դա կաշխատի, պետք է օգտագործես դա բեմ բարձրանալիս։ Նրանց այդ մասին որևէ բան ասելու կարիք չկա, ուղղակի դա պետք է պահես ուղեղումդ, երբ ելույթ ունենաս նրանց համար։ Ձեր առջև նստած են մարդիկ, որոնք ոսկորով համեղ սթեյքեր են ուտում։ Նրանք բացարձակ բարձր արժեքներ ունեն, երբ խոսքը վերաբերում է ոսկորով սթեյքերին։ Հասկանո՞ւմ եք, թե խոսքն ինչի մասին է։ Ինչպես պրոֆեսիոնալը պրոֆեսիոնալին։
-Դե՜, շնորհակալ եմ, պարո՛ն Գարդներ։ Երբեք նման տեսանկյունից չեմ մոտեցել այդ հարցին։ Երբեք չեմ մոռանա Ձեզ նման մարդու խորհուրդը։
-Եվ այսպես՝ այս գիշեր, – շարունակեց նա, – ելույթ ենք ունենալու Լինդիի համար։ Հանդիսատեսը Լինդին է։ Եվ ես պատրաստվում եմ մի բան պատմել Ձեզ Լինդիի մասին։ Կցանկանա՞ք լսել։
-Իհա՛րկե, պարո՛ն Գարդներ, – պատասխանեցի ես։ – Շատ եմ ուզում։
ՀԱՋՈՐԴ ՔՍԱՆ ՐՈՊԵՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՍՏԱԾ ԷԻՆՔ ԳՈՆԴՈԼԻ ՄԵՋ՝ շարունակ շրջելով, քանի դեռ պարոն Գարդները խոսում էր։ Ժամանակ առ ժամանակ նրա ձայնը վերածվում էր շշուկի, ասես ինքն իր հետ էր խոսում։ Հետո երբ լամպերից կամ պատուհաններից, որոնց կողքով անցնում էինք, լույս էր ընկնում վրաս, հիշում էր գոյությանս մասին, բարձրացնում էր ձայնը և ասում «հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին է խոսքը, բարեկա՛մս» կամ նման բան։
[1] Ամերիկյացի ջազ կիթառահար, որը հայտնի է իր անզուգական վիրտուոզությամբ, բարդ ակորդային հաջորդականություններով և մենակատարային ոճով։
[2] Բրիտանացի դերասանուհի։ «Էմմի», «Գրեմմի», «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների մրցանակակիր։
[3] Ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
[4] Ամերիկացի պետական գործիչ, դիվանագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ
[5] Ամերիկացի քանթրի երաժիշտ, երգիչ, կիթառահար և դերասան։
շարունակելի․․․
Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի