Մաս 2
Պատմեց, որ կինը ծագումով կենտրոնական Ամերիկայից՝ Մինեսոտա նահանգի փոքրիկ քաղաքից էր եկել, որտեղ դպրոցի ուսուցիչները մշտապես կշտամբում էին նրան, քանի որ սովորելու փոխարեն կինոաստղերով փայլփլուն ամսագրեր էր թերթում։
-Այդ տիկնայք չէին հասկանում, որ Լինդին հեռուն գնացող պլաններ ուներ։ Հիմա նայե՛ք նրան։ Հարուստ, գեղեցիկ, շրջագայել է ամբողջ աշխարհով։ Իսկ որտե՞ղ են այժմ նրա ուսուցիչները։ Ի՞նչ կյանքով են ապրում։ Եթե նրանք մի փոքր ավելի հաճախ կինոաստղերով ամսագրեր թերթեին, մի փոքր ավելի շատ երազեին, նրանք նույնպես կարող էին ունենալ այն ամենից, ինչ այժմ ունի Լինդին։
Տասնիննը տարեկանում ավտոստոպով հասել էր Կալիֆորնիա՝ երազելով հայտնվել Հոլիվուդում։ Փոխարենը հայտնվել էր Լոս Անջելեսի արվարձանում, և իբրև մատուցողուհի էր աշխատել ճանապարհամերձ ռեստորանում։
-Զարմանալի է, – ասաց պարոն Գարդները։ – Փոքրիկ ռեստորան էր մայրուղու կողքին, որը լավագույն վայրն էր, որտեղ կարող էր հայտնվել։ Քանի որ առավոտից երեկո այնտեղ էին հավաքվում բոլոր պատվախնդիր աղջիկները։ Սիրում էին այնտեղ հանդիպել, երբեմն յոթ-ութ, երբեմն մեկ դյուժին մարդ էր հավաքվում, հոթ-դոգ և սուրճ էին պատվիրում, ժամերով նստում ու զրուցում էին։
Այդ բոլոր աղջիկները, որոնք մի փոքր մեծ էին Լինդիից, ժամանել էին Ամերիկայի տարբեր անկյուններից և ամենաքիչը երկու-երեք տարի ապրում էին Լոս Անջելեսում և դրա արվարձաններում։ Ռեստորան էին գալիս՝ ասեկոսեներ և տխուր պատմություններ միմյանց պատմելու, մարտավարություններ էին քննարկում, հետաքրքրվում էին, թե ինչպես էին ընթանում միմյանց գործերը։ Բայց ձգողականության հիմնական կենտրոնը Մեգն էր՝ քառասուն անց մի կին՝ մատուցողուհի, որի հետ աշխատում էր Լինդին։
Աղջիկները Մեգին իբրև ավագ քրոջ էին վերաբերվում, իբրև իմաստության աղբյուրի։ Քանի որ ժամանակին նա էլ էր այդ աղջիկների նման եղել։ Պետք է հասկանաք, որ այդ աղջիկները լուրջ, իսկապես պատվախնդիր, վճռականությամբ լի աղջիկներ էին։ Արդյոք զրուցում էին հագուստների, կոշիկների և շպարի մասին, ինչպես մյուս աղջիկները։ Իհա՛րկե, զրուցում էին։ Բայց նրանք զրուցում էին այն մասին, թե ինչ հագուստներ, ինչ կոշիկներ և ինչ շպար նրանց կօգներ աստղի հետ ամուսնանալու։ Զրուցո՞ւմ էին ֆիլմերի մասին։ Զրուցո՞ւմ էին երաժշտության մասին։ Միանշանակ։ Բայց քննարկում էին այն, թե որ դերասանը կամ երգիչն էր ամուսնացած, թե ամուսնացածներից ով էր դժբախտ, և թե ով էր բաժանվում։ Եվ Մեգը, ինչպես արդեն գլխի ընկաք, կարող էր պատմել այդ ամենը և էլի շատ ու շատ բաներ։ Մեգը նրանցից առաջ էր անցել այդ ճանապարհը։ Աստղին իրենով անելու բոլոր կանոններն ու հնարքները գիտեր։ Եվ Լինդին նստում էր նրանց հետ ու սպունգի նման կլանում այդ ամենը։ Այդ հոթ-դոգի ռեստորանը դարձավ և՛ նրա Հարվարդը, և՛ նրա Եյլը։ Տասնիննը տարեկա՞ն, Մինեսոտայի՞ց։ Ուղղակի ցնցվում եմ, երբ մտածում եմ, թե ինչ կարող էր նրա հետ պատահել։ Բայց բախտը բերեց։
-Պարո՛ն Գարդներ, – ասացի ես, – ներողություն, որ ընդհատում եմ։ Բայց եթե Մեգն այդքան իմաստուն էր, ինչո՞ւ ամուսնացած չէր աստղի հետ։ Ինչո՞ւ էր հոթ-դոգեր վաճառում այդ փոքրիկ ռեստորանում։
-Լավ հարց էր, բայց Դուք այնքան էլ լավ չեք պատկերացնում, թե այդ ամենն ինչպես է աշխատում։ Դե՜, այդ տիկնոջ՝ Մեգի մոտ բան դուրս չեկավ։ Սակայն բանն այն է, որ նա հետևում էր նրանց, ում մոտ ստացվել էր։ Հասկանո՞ւմ եք, բարեկա՛մ։ Ժամանակին նա էլ էր այդ աղջիկների նման եղել և տեսել էր, թե ինչպես էին ոմանք հաջողության հասնում, և ինչպես էին ոմանք ձախողվում։ Նա և՛ ծուղակներ էր տեսել, և՛ ոսկե սանդուղքներ։ Կարող էր աղջիկներին այդ բոլոր պատմությունները պատմել, և վերջիններս լսում էին։ Եվ ոմանք սովորեցին։ Օրինակ՝ Լինդին։ Ինչպես արդեն նշեցի, այդ ռեստորանը նրա Հարվարդն էր։ Այն ստեղծել է այժմյան Լինդիին։ Այդ ամենը նրան ուժ տվեց, որի կարիքն ուներ, և Աստվա՜ծ իմ, նա այնքա՜ն ուներ դրա կարիքը։ Վեցը տարի անցավ, մինչև որ առաջին հաջողությունն ունեցավ։ Կարո՞ղ եք երևակայել։ Մանևրման, պլանավորման, ինքդ քեզ ճիշտ մատուցելու վեցը տարի։ Նորից ու նորից դժվարություններ ես ունենում։ Ճիշտ մեր բիզնեսի նման։ Կարելի է մի կողմ քաշվել և հանձնվել առաջին իսկ հարվածներից հետո։ Աղջիկներին, որոնք այդպես են վարվել, կարելի է հանդիպել ցանկացած խուլ վայրում՝ ամուսնացած մի դատարկագլուխի հետ։ Ոմանք դաս են քաղում ցանկացած հարվածից, ավելի ուժեղ են դառնում, ինչպես Լինդին, ավելի տոկուն, ավելի ռազմատենչ ու խելագար։ Կարծում եք Լինդիին չե՞ն նվաստացրել։ Նույնիսկ նրա գեղեցկությա՞մբ և հմայքո՞վ։ Մարդիկ չեն հասկանում, որ գեղեցկությունը դեռ ամեն ինչ չէ։ Սխալ օգտագործելու դեպքում կարող են պոռնիկի տեղ դնել քեզ։ Այնուամենայնիվ՝ վեցը տարի հետո նա հասավ իր ուզածին։
-Դա այն ժամանակ, երբ Ձե՞զ հանդիպեց, պարո՛ն Գարդներ։
-Ի՞նչ։ Ո՛չ, ո՛չ։ Ես շատ ավելի ուշ հայտնվեցի բեմում։ Ամուսնացավ Դինո Հարթմանի հետ։ Երբևէ չե՞ք լսել Դինոյի մասին, – այդ պահին պարոն Գարդները չարախինդ քմծիծաղ տվեց։ – Խե՜ղճ Դինո։ Կարծում եմ, որ Դինոյի սկավառակները չէին հայտնվի կոմունիստական երկրներում։ Բայց այն տարիներին Դինոն բավականին հայտնի էր։ Հաճախ էր երգում Վեգասում, մի քանի ոսկե սկավառակ ուներ։ Ինչպես նշեցի, դա մեծ առաջընթաց էր Լինդիի համար։ Երբ առաջին անգամ հանդիպեցի նրան, նա Դինոյի կինն էր։ Ծեր Մեգը բացատրեց, որ այդպես երբեմն պատահում էր։ Իհա՛րկե, աղջկան բախտը կարող է նաև առաջին անգամ ժպտալ, միանգամից կարող է բարձունքների հասնել, ամուսնանալ Սինատրայի կամ Բրանդոյի հետ։ Բայց սովորաբար այդպես չի լինում։ Աղջիկը պետք է պատրաստ լինի վերելակից երկրորդ հարկում դուրս գալուն, շրջի։ Պետք է վարժվի այդ հարկի օդին։ Միգուցե մի օր երկրորդ հարկում հանդիպի մեկին, որն ինչ-որ գործով մի քանի րոպեով իջել է իր՝ ձեղնահարկի շքեղ բնակարանից։ Եվ այդ տղան կասի նրան․ «Հե՜յ, ի՞նչ կասես ինձ հետ վերևի հարկ բարձրանալու մասին»։ Լինդին գիտեր, որ սովորաբար հենց այդպես էլ պատահում էր։ Չէր թուլացրել իր դիրքերը, երբ ամուսնացել էր Դինոյի հետ, արմատախիլ չէր արել իր պատվախնդրությունը։ Իսկ Դինոն կարգին տղա էր։ Միշտ հավանել եմ նրան։ Այդ պատճառով էլ չնայած որ առաջին հայացքից սիրահարվեցի Լինդիին, ոչ մի քայլ չարեցի։ Իսկական ջենտլմեն էի։ Ավելի ուշ պարզեցի, որ հենց դա էր Լինդիին ավելի վճռորոշ քայլերի դրդել։ Լսե՛ք, անկարելի էր չհիանալ նման աղջկանով։ Պետք է նշեմ, բարեկա՛մս, որ այն ժամանակ ես շատ վառ աստղ էի, շատ։ Կարծում եմ՝ դա հենց այն ժամանակաշրջանում էր, երբ Ձեր մայրիկը լսում էր ինձ։ Սակայն Դինոյի աստղը սկսեց արագ խամրել։ Այն ժամանակ շատերի համար էր ծանր։ Ամեն բան փոխվում էր։ Երեխաները «Բիթլզ» ու «Ռոլինգ Սթոունզ» էին լսում։ Դինոյի ձայնը չափազանց նման էր Բինգ Քրոսբիի ձայնին։ Փորձեց բոսա-նովայի ոճով ալբոմ ձայնագրել, մարդիկ սկսեցին ծիծաղել։ Ճիշտ ժամանակն էր, որ Լինդին հեռանար։ Ոչ ոք չէր կարող մեղադրել նրան տվյալ իրավիճակում։ Ըստ իս՝ իրականում նույնիսկ Դինոն չէր մեղադրում մեզ։ Այնպես որ, ես արեցի իմ քայլը։ Այդպես նա բարձրացավ ձեղնահարկի շքեղ բնակարան։
Ամուսնացանք Վեգասում, հյուրանոցում լոգարանը շամպայնով էին լցրել։ Այս երեկո կկատարենք «I Fall in Love Too Easily» երգը։ Գիտե՞ք, թե ինչու եմ հենց այդ երգն ընտրել։ Կուզե՞ք իմանալ։ Մի անգամ՝ մեր ամուսնությունից շատ չանցած, Լոնդոնում էինք։ Նախաճաշից հետո բարձրացանք մեր համար, իսկ այնտեղ աղախինը մաքրում էր սենյակը։ Բայց ես և Լինդին ճագարների պես գրգռված էինք։ Այսպիսով՝ մտանք և հյուրասենյակից լսեցինք փոշեկուլի ձայնը, աղախինը չէր երևում, պատի մյուս կողմում էր։ Եվ երեխաների նման ոտնաթաթերի վրա ներս սողոսկեցինք։ Մտանք ննջասենյակ և փակեցինք դուռը։ Տեսանք, որ աղախինն արդեն մաքրել էր ննջասենյակը, այնպես որ այնտեղ վերադառնալու կարիք այլևս չկար, բայց վստահ չէինք։ Այնուամենայնիվ՝ թքած ունեինք։ Կատաղի հանեցինք մեր հագուստները, սկսեցինք սիրով զբաղվել անկողնու վրա, և այդ ամբողջ ընթացքում աղախինը շրջում էր մեր համարում՝ գաղափար անգամ չունենալով, որ ներս էինք մտել։ Ասում եմ Ձեզ, որ սաստիկ գրգռված էինք, բայց որոշ ժամանակ հետո այդ ամենն այնքան զվարճալի թվաց մեզ, որ ուղղակի սկսեցինք անդադար ծիծաղել։ Այնուհետև դադարեցինք և ուղղակի պառկած էինք միմյանց գրկում, իսկ աղախինը դեռ ներսում էր, ու գիտե՞ք ինչ, նա սկսեց երգել։ Անջատել էր փոշեկուլը ու սկսել էր բարձր երգել, և Աստվա՜ծ իմ, ի՜նչ անպետք ձայն ուներ։ Մենք շարունակ ծիծաղում էինք ու փորձում չաղմկել։ Հետո պատկերացրե՛ք, դադարեց երգել ու ռադիո միացրեց, հանկարծ լսեցինք Չեթ Բեյքերին։ Երգում էր «I Fall in Love Too Easily»-ին՝ գեղեցիկ, դանդաղ ու քաղցր։ Ես և Լինդին պառկած իրար էինք նայում՝ լսելով Չեթի երգը։ Որոշ ժամանակ անց սկսեցի կամացուկ ձայնակցել ռադիոյից լսվող Չեթ Բեյքերին՝ Լինդիին գրկիս մեջ առած։ Ահա այդպես էր։ Դրա համար էլ այս երեկո կատարելու ենք հենց այդ երգը։ Չգիտեմ արդյոք կհիշի այն։ Ո՞վ գիտի, գրո՛ղը տանի։
Պարոն Գարդները լռեց, և տեսա, թե ինչպես էր մաքրում արցունքները։ Վիտորիոն շրջեց գոնդոլը, և հասկացա, որ երկրորդ անգամ էինք անցնում ռեստորանի կողքով։ Սրահում ավելի մեծ աշխուժություն էր, քան առաջ, իսկ դաշնակահարը, որի անունը, ինչքանով որ տեղյակ եմ, Անդրեա էր, այժմ անկյունում էր նվագում։
Երբ նորից խավարի մեջ ընկղմվեցինք ասացի․
-Պարո՛ն Գարդներ, գիտեմ իմ գործը չէ։ Ինչքանով որ նկատել եմ, վերջերս այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեք տիկին Գարդների հետ։ Ուզում եմ իմանաք, որ հասկանում եմ նման բաները։ Մայրիկս հաճախ էր այդպես տխրում, ճիշտ Ձեզ նման։ Կարծում էր, թե գտել էր մեկին, երջանիկ էր և ասում էր, որ շատ շուտով նոր հայրիկ էի ունենալու։ Առաջին մի քանի անգամները հավատում էի նրան։ Հետո հասկացա, որ ոչ մի բան էլ դուրս չէր գալու։ Բայց մայրիկս միշտ հավատում էր։ Եվ ամեն անգամ, երբ տխրում էր, ինչպես Դուք հիմա, գիտե՞ք, թե ինչ էր անում։ Միացնում էր Ձեր սկավառակներն ու ձայնակցում։ Բոլոր այդ երկար ձմեռներն անցկացնում էր մեր փոքրիկ բնակարանում նստած՝ ոտքերը տակը ծալած, ինչ-որ մի բանով բաժակը ձեռքին և կամացուկ ձայնակցելով։ Երբեմն, հիշում եմ դա, պարո՛ն Գարդներ, վերևի հարևանները թխկացնում էին առաստաղը, հատկապես այն ժամանակ երբ կատարում էինք արագ տեմպով Ձեր այնպիսի բարձր գործեր, ինչպիսիք են «High Hopes»-ը կամ «They All Laughed»-ը։ Շատ հաճախ ուշադիր հետևում էի մայրիկիս, բայց թվում էր, թե նա ոչինչ չէր լսում, Ձե՛զ էր լսում՝ երաժշտությանը համատակտ շարժելով գլուխը, իսկ բառերին համատակտ՝ շրթունքները։ Պարո՛ն Գարդներ, ուզում եմ ասել Ձեզ։ Այն ժամանակ Ձեր երաժշտությունն օգնում էր մայրիկիս և հավանաբար նրա նման շատերին։ Եվ միանգամայն արդար կլինի, եթե այն Ձեզ նույնպես օգնի, – թեթևակի ծիծաղեցի՝ ցանկանալով սիրտ տալ նրան, բայց մի փոքր բարձր ստացվեց։ – Այս երեկո կարող եք Ձեր հույսն ինձ վրա դնել, պարո՛ն Գարդներ։ Ամբողջ եռանդս եմ ներդնելու դրա մեջ։ Նվագախմբի նման լավ կլինի, կտեսնեք։ Եվ տիկին Գարդները կլսի մեզ, և ո՞վ գիտի։ Ձեզ մոտ ամեն բան կրկին լավ կլինի։ Բոլոր զույգերի մոտ էլ դժվար ժամանակներ լինում են։
-Դուք լավ տղա եք, – ժպտաց պարոն Գարդները։ – Գնահատում եմ այն, որ այս գիշեր օգնում եք ինձ։ Բայց զրուցելու ժամանակ այլևս չունենք։ Լինդին այժմ իր սենյակում է։ Տեսնում եմ, որը լույս է վառվում։
ՄՈՏԵՑԱՆՔ ԱՌԱՆՁՆԱՏԱՆԸ, որի կողքով նվազագույնը երկու անգամ արդեն անցել էինք, և այդ պահին գլխի ընկա, թե ինչու էր Վիտորիոն շարունակ պտտում մեզ։ Պարոն Գարդները սպասում էր, որ վառվեր մասնավորապես մի պատուհանի լույսը, և ամեն անգամ տեսնելով, որ դեռ խավար էր՝ ևս մեկ պտույտ էինք անում։ Սակայն այս անգամ երրորդ հարկի պատուհանի լույսը վառ էր, փեղկերը բաց էին, և ներքևից տեսանելի էր առաստաղի մի կտորը՝ մուգ գույնի, փայտե չորսուներով։ Պարոն Գարդները նշան արեց Վիտորիոյին, բայց վերջինս արդեն դադարեցրել էր թիավարությունը, և հոսանքին համընթաց լողացինք, մինչև որ գոնդոլը չհայտնվեց հենց պատուհանի տակ։
Պարոն Գարդները ոտքի կանգնեց, ինչի պատճառով նավակը կրկին տարուբերվեց, և Վիտորիոն ստիպված սկսեց արագ-արագ հավասարակշռությունն ուղղել։ Այնուհետև պարոն Գարդները կամացուկ սկսեց կանչել․ «Լի՜նդի, Լի՜նդի»։ Վերջապես սկսեց շատ ավելի բարձր կանչել «Լի՜նդի»։
Ինչ-որ մեկի ձեռքը ավելի լայն բացեց փեղկերը, և նեղլիկ պատշգամբում ինչ-որ պատկեր երևաց։ Մեզանից ոչ հեռու՝ առանձնատան պատերից մեկին, լապտեր կար, բայց լույսը բավականաչափ չէր, և տիկին Գարդներն ասես ուրվապատկեր լիներ։ Սակայն նկատեցի, որ հրապարակում կայացած հանդիպումից հետո հարդարել էր մազերը, հավանաբար ընթրիքի համար։
-Այդ դո՞ւ ես, թանկագի՛նս, – պատշգամբի ճաղաշարից կախվելով՝ ասաց տիկին Գարդները։ -Կարծեցի, թե առևանգել են քեզ, կամ նման մի բան է պատահել։ Շատ էի անհանգստանում։
-Հիմարություններ մի՛ ասա, սիրելի՛ս։ Ի՞նչ կարող է պատահել նման քաղաքում։ Բացի այդ՝ երկտող եմ թողել քեզ։
-Ոչ մի երկտող էլ չեմ տեսել, թանկագի՛նս։
-Երկտող եմ թողել։ Ուղղակի որպեսզի չանհանգստանայիր։
-Որտե՞ղ։ Ի՞նչ էր այնտեղ ասվում։
-Չեմ հիշում, անո՛ւշս, – այդ պահին պարոն Գարդները նյարդայնացած ձայնով էր խոսում։ – Սովորական երկտող էր։ Դե՜, այնտեղ ասվում էր, որ ծխախոտ գնելու եմ գնացել կամ նման մի բան։
-Հենց հիմա ներքևում դա՞ ես անում։ Ծխախո՞տ ես գնում։
-Ո՛չ, անո՛ւշս։ Բոլորովին այլ բան է։ Պատրաստվում եմ երգել քեզ համար։
-Կատակո՞ւմ ես։
-Ո՛չ, անո՛ւշս, չեմ կատակում։ Սա Վենետիկն է։ Այստեղ մարդիկ նման բաներ են անում, – ժեստով ցույց տվեց ինձ և Վիտորիոյին, ասես մեր ներկայությունը հաստատում էր նրա խոսքերը։
-Այստեղ՝ դրսում, բավականին ցուրտ է, թանկագի՛նս։
Պարոն Գարդները խորը շունչ քաշեց։
-Այդ դեպքում կարող ես սենյակից լսել։ Վերադարձի՛ր սենյակ, անո՛ւշս, հարմա՛ր տեղավորվիր։ Ուղղակի բա՛ց թող պատուհանները և շատ լավ կլսես մեզ։
Մի որոշ ժամանակ շարունակում էին միմյանց նայել, և նրանցից ոչ ոք ոչ մի բառ չէր արտասանում։ Այնուհետև տիկին Գարդները ներս մտավ, իսկ պարոն Գարդներն ասես հիասթափված տեսք ուներ, չնայած հենց ինքն էր առաջարկել նրան անել դա։ Եվս մեկ անգամ խորը շունչ քաշելով՝ կախեց գլուխը, և թվաց՝ տատանվում էր շարունակել, թե ոչ։ Դրա համար ասացի
-Դե՜, պարո՛ն Գարդներ, եկեք անենք դա։ Եկեք կատարենք «By the Time I Get to Phoenix»-ը։
Թեթևակի նվագեցի մուտքի ակորդները՝ առանց մեղեդին սկսելու, մի բան, որը կարող էր վերածվել երգի կամ անէանալ օդում։ Այնպես արեցի, որպեսզի ակորդում հնչեին Ամերիկան, ճանապարհամերձ տխուր բարերը, երկար, լայն մայրուղիները, իսկ ես մտածում էի նաև մայրիկիս մասին, այն մասին, թե ինչպես էի մտնում սենյակ և տեսնում նրան՝ բազմոցին նստած, հայացքը հառած ամերիկյան ճանապարհի նկարով ծրարին կամ գուցե ամերիկյան ավտոմեքենայի մեջ նստած երգչին։ Ուզում եմ ասել՝ փորձում էի նվագել այնպես, որ մայրիկս հասկանար՝ հնչյունները հենց այն երկրից էին, նրա՝ ծրարների մեջ դրված ձայնապնակների աշխարհից։
Այնուհետև մինչև որ գլխի ընկա, մինչև որ կարողացա ինչ-որ կայուն ռիթմ ընտրել, պարոն Գարդները սկսեց երգել։ Անկայուն դիրքով էր կանգնած գոնդոլի մեջ, և ես վախենում էի, որ ամեն պահի կարող էր կորցնել հավասարակշռությունը։ Բայց նրա ձայնը հնչում էր ճիշտ այնպես, ինչպես մտապահել էի․ մեղմ, փոքր-ինչ խռպոտ, բայց հզոր, ասես ինչ-որ անտեսանելի բարձրախոսից էր հնչում։ Եվ ինչպես ամերիկացի բոլոր լավագույն երգիչների մոտ, նրա ձայնի մեջ հոգնածություն կար, նույնիսկ ինչ-որ անվճռականություն, ասես բոլորովին սովոր չէր սիրտը նման կերպ բացելուն։ Այդպես են վարվում բոլոր մեծերը։
Կատարեցինք այդ երգը՝ լի ճանապարհորդություններով ու հրաժեշտներով։ Շարունակում էի մտածել նրա մասին՝ անցնելով քաղաքից քաղաք՝ Ֆինիքս, Ալբուկերկե, Օկլահոմա, քառյակ առ քառյակ՝ այնպես կտրել-անցնելով երկար ճանապարհը, ինչպես մայրիկս երբեք չէր կարողանա։ Եթե միայն կարողանայինք ամեն բան այդպես հետևում թողնել․ կարծում եմ, որ հենց այդպես էլ կմտածեր մայրիկս։ Եթե միայն թախիծն այդպիսին լիներ։
Երբ մոտեցանք ավարտին, պարոն Գարդներն ասաց․
-Գերազանց է, եկեք միանգամից անցնենք մյուսին՝ «I Fall in Love Too Easily»։
Քանի որ առաջին անգամ էի պարոն Գարդների հետ նվագում, ընթացքում էի կողմնորոշվում, բայց ամեն բան լավ էր ստացվում։ Այն ամենից հետո, ինչ պատմել էր, շարունակում էի նայել պատուհանին, բայց տիկին Գարդները չէր երևում այնտեղ, ո՛չ մի շարժում, ո՛չ մի ձայն, ոչինչ։ Այնուհետև ավարտեցինք, և մեզ համակեցին խավարն ու լռությունը։ Լսեցի, որ մոտակայքում հարևաններից մեկը բացեց պատուհանի փեղկերը՝ հավանաբար ավելի լավ լսելու համար։ Բայց տիկին Գարդների պատուհանից ոչինչ չէր լսվում։
Երգեցինք «One for My Baby»-ն՝ շատ դանդաղ, գրեթե առանց ռիթմի, այնուհետև կրկին լռություն տիրեց։ Շարունակում էինք նայել պատուհանին, և վերջապես մի ամբողջ րոպե հետո ինչ-որ բան լսեցինք։ Հազիվ լսելի էր, բայց անհնար էր սխալվել․ տիկին Գարդներն այնտեղ էր՝ վերևում, լալիս էր։
-Մենք արեցինք դա, պարո՜ն Գարդներ, – շշնջացի ես։ – Արեցի՜նք։ Դիպանք նրա սրտին։
Բայց պարոն Գարդները կարծես գոհ չէր։ Հոգնած տարուբերեց գլուխը, նստեց և ձեռքով նշան արեց Վիտորիոյին․
-Մյուս կո՛ղմ տարեք մեզ։ Ներս մտնելու ժամանակն է։
Հենց նորից ճանապարհ ընկանք, ինձ թվաց, թե խուսափում էր ինձ նայելուց, ասես ամաչում էր նրա համար, ինչ հենց նոր արել էինք, և արդեն սկսեցի մտածել, որ այդ ամբողջ պլանն ինչ-որ չար կատակ էր։ Ինչքանով գլխի էի ընկել, բոլոր այդ երգերը սարսափելի նշանքակություն ունեին տիկին Գարդների համար։ Այնպես որ մի կողմ դրեցի կիթառս, նստեցի՝ մի փոքր խոժոռվելով, այդպես էլ շարունակեցինք ճանապարհը։
Հենց որ ավելի լայն ջրանցք դուրս եկանք, մեր կողքով անցան ջրային տաքսիներ, որոնք դեպի մյուս կողմն էին սլանում՝ գոնդոլի տակ ալիքներ բարձրացնելով։ Սակայն մենք արդեն գրեթե մոտեցել էինք պարոն Գարդների առանձնատանը, և երբ Վիտորիոն թույլ տվեց մեզ մոտենալ առափին, ասացի․
-Պարո՛ն Գարդներ, Դուք իմ մանկության կարևոր մասն եք եղել։ Եվ այս երեկոն առանձնահատուկ էր ինձ համար։ Եվ եթե հիմա հրաժեշտ տանք միմյանց և այլևս երբեք չհանդիպենք, գիտեմ, որ ամբողջ կյանքս մի հարց է տանջելու ինձ։ Խնդրում եմ, պարո՛ն Գարդներ, ասե՛ք ինձ։ Տիկին Գարդները լաց էր լինում, որովհետև երջանի՞կ էր, թե՞ որովհետև վշտացած էր։
Մտածում էի, որ չէր պատասխանելու: Մթության մեջ երևում էր նրա՝ նավաքթին կորացած ուրվապատկերը։ Բայց մինչև Վիտորիոն կապում էր պարանը, ասաց․
-Կարծում եմ՝ նրա համար հաճելի էր լսել, թե ինչպես էի երգում։ Անկասկած, նաև վշտացած էր։ Երկուսս էլ վշտացած ենք։ Քսանյոթ տարին երկար ժամանակահատված է, և այս ուղևորությունից հետո բաժանվում ենք։ Մեր վերջին ճամփորդությունն է միասին։
-Իսկապես ցավում եմ, պարո՛ն Գարդներ, – մեղմորեն ասացի ես։ – Կարծում եմ շատ զույգեր կան, որ բաժանվում են քսանյոթ տարվա համատեղ կյանքից հետո։ Համենայն դեպս, դուք կարող եք այս կերպ բաժանվել։ Արձակուրդ Վենետիկում։ Երգեցողություն գոնդոլի միջից։ Շատ քիչ զույգեր են, որ նման քաղաքակիրթ ձևով են բաժանվում։
-Իսկ ինչո՞ւ չպետք է քաղաքակիրթ լիենք։ Դեռևս սիրում ենք միմյանց։ Դրա համար էլ լաց էր լինում։ Քանի որ նա դեռևս նույնքան ուժեղ է սիրում ինձ, որքան ես նրան։
Վիտորիոն դուրս եկավ առափ, սակայն մենք շարունակում էինք նստած մնալ մթության մեջ։ Սպասում էի, որ էլի ինչ-որ բան էր ասելու, և իհարկե, քիչ հետո շարունակեց․
-Ինչպես արդեն նշեցի, առաջին հայացքից եմ սիրահարվել նրան։ Բայց արդյոք նա սիրում էր ինձ այն ժամանակ։ Կասկածում եմ, որ երբևէ ինքն իրեն տվել է այդ հարցը։ Ես աստղ էի, իսկ դա միակ բանն էր, որ նշանակություն ուներ նրա համար։ Ես նա էի, ում մասին երազել էր, նա էի, ում այդ փոքրիկ ռեստորանում պլանավորել էր նվաճել։ Սիրում էր, թե ոչ, նշանակություն չուներ։ Բայց համատեղ անցկացված քսանյոթ տարիներն ունակ են տարօրինակ բաներ անելու։ Շատ զույգեր սկզբում սիրում են իրար, հետո հոգնում են միմյանցից ու վերջիվերջո սկսում ատել իրար։ Բայց երբեմն հակառակն է կատարվում։ Անցավ մի քանի տարի, և Լինդին սկսեց կամաց-կամաց սիրել ինձ։ Սկզբում չէի համարձակվում հավատալ դրան, բայց աստիճանաբար ուրիշ տարբերակ չմնաց։ Թեթևակի հպումները ուսիս, երբ վեր էինք կենում սեղանի մոտից։ Հազիվ նկատելի, ծիծաղելի ժպիտը սենյակի մի ծայրից մյուսը, երբ այնտեղ այլևս ոչ ոք չկար, ուղղակի զվարճանում էր։ Կարծում եմ՝ բոլորի նման ինքն էլ էր զարմացել, որ այդպես էր ստացվել։ Հինգ-վեց տարի հետո հասկացանք, որ հեշտ ենք լեզու գտնում միմյանց հետ։ Որ անհանգտանում ենք իրար համար, հոգ ենք տանում միմյանց մասին։ Ինչպես արդեն նշեցի, սիրում էինք միմյանց։ Եվ մինչև այսօր էլ սիրում ենք։
-Չեմ հասկանում, պարո՛ն Գարդներ։ Ինչո՞ւ եք բաժանվում։
Եվ մեկ անգամ խորը շունչ քաշեց։
-Ինչպե՞ս ասեմ, որ հասկանաք՝ եկած լինելով այն տեղից, որտեղից եկել եք։ Բայց այնքան բարի եք եղել այսօր իմ հանդեպ, որ կփորձեմ բացատրել։ Հիմա այդչափ հայտնի չեմ, ինչ նախկինում, դա փաստ է։ Կարող եք առարկել, որքան կկամենաք, բայց մեզ մոտ ոչ ոքի չեք խաբի։ Հիմա այդքան էլ աղմկահարույց չէ անունս։ Միայն կարող եմ ընդունել դա և աստիճանաբար անհետանալ։ Ապրել անցյալի փառքով։ Կամ կարող եմ ասել․ ո՛չ, դեռ ամեն բան ավարտված չէ։ Այլ կերպ ասած՝ բարեկա՛մս, կարող եմ փորձել վերադառնալ։ Շատերը, ովքեր իմ կամ ավելի վատ կարգավիճակում են եղել, կարողացել են վերադառնալ։ Բայց վերադարձն այնքան էլ հեշտ բան չէ։ Պետք է պատրաստ լինես շատ բաներ փոխելուն, իսկ որոշ փոփոխություններ կարող են բավականին դժվար տրվել։ Փոխել քեզ։ Փոխել այն, ինչ սիրում ես։
-Պարո՛ն Գարդներ, ուզում եք ասել, որ տիկին Գարդները բաժանվում է Ձեզանից, քանի որ վերադառնո՞ւմ եք։
-Նայի՛ր ուրիշներին, նրանց, ովքեր հաջողությամբ վերադարձել են։ Նայի՛ր իմ ժամանակակիցներին, ովքեր դեռ այստեղ են։ Նրանցից յուրաքանչյուրը երկրորդ անգամ է ամուսնացել։ Երկրորդ, ոմանք՝ երրորդ։ Նրանցից յուրաքանչյուրի գրկում երիտասարդ կանայք են։ Ես և Լինդին համընդհանուր ծաղրի առարկայի ենք վերածվում։ Բացի այդ՝ կա մի յուրահատուկ երիտասարդ կին, որի վրա աչք եմ դրել, իսկ վերջինս ինձ վրա է աչք դրել։ Լինդին գիտի ինչն ինչոց է։ Նա հավանաբար ավելի վաղուց գիտեր դրա մասին, քան ես, դեռ այն ժամանակներից, երբ նստում էր ռեստորանում ու լսում Մեգին։ Ամեն բան քննարկել ենք։ Հասկանում է, որր եկել է բաժանվելու ժամանակը։
-Դեռևս չեմ հասկանում, պարո՛ն Գարդներ։ Այն վայրը, որտեղից եկել եք Դուք և տիկին Գարդները, չի կարող այդքան տարբերվել մյուս վայրերից։ Հենց այդ պատճառով, պարո՛ն Գարդներ, հենց այդ պատճառով են երգերը, որոնք այսքան տարի երգում եք, ամենուրեք հոգեհարազատ բոլորի համար։ Նույնիսկ այնտեղ, որտեղ ես եմ ապրել։ Ինչի՞ մասին են բոլոր այդ երգերը։ Տխուր է, երբ երկուսը սիրում են, բայց պետք է բաժանվեն։ Բայց եթե շարունակում են սիրել միմյանց, պետք է ընդմիշտ միասին մնան։ Ահա թե ինչի մասին են այդ երգերը։
-Հասկանում եմ, թե ինչի մասին եք խոսում, բարեկա՛մս։ Գիտեմ, Ձեզ համար դժվար է հասկանալ: Բայց կարգն այդպես է։ Եվ լսե՛ք, դա նաև Լինդիին է վերաբերում։ Լավ կլինի, որ դա հիմա անենք։ Դեռևս այդքան ծեր չէ։ Տեսել եք նրան, դեռ գեղեցիկ կին է։ Պետք է հիմա հեռանա, քանի դեռ ժամանակ ունի։ Նոր սեր գտնելու և նորից ամուսնանալու ժամանակն է։ Պետք է հեռանա, քանի դեռ շատ ուշ չէ։
Չգիտեմ, թե ինչ էի պատասխանելու, բայց այդ պահին հանկարծակիի բերեց ինձ, երբ ասաց․
-Ձեր մայրիկը։ Կարծում եմ՝ նա այդպես էլ դուրս չեկավ այդ ամենից։
Մի փոքր մտորելուց հետո կամացուկ ասացի․
-Ո՛չ, պարո՛ն Գարդներ։ Այդպես էլ դուրս չեկավ։ Այնքան երկար չապրեց, որպեսզի կարողանար տեսնել փոփոխությունները մեր պետության մեջ։
-Շատ ափսոս։ Համոզված եմ, որ հրաշալի կին էր։ Եթե ճիշտն եք պատմել, և իմ երաժշտությունը որոշակի երջանկություն է պատճառել նրան, դա մեծ նշանակություն ունի մեզ համար։ Շատ ափսոս, որ դուրս չեկավ այդ ամենից։ Չեմ ուզում, որ նույնն իմ Լինդիի հետ պատահի։ Ո՛չ, պարո՛ն։ Միայն ոչ Լինդին։ Ես ուզում եմ, որպեսզի Լինդին դուրս գա այդ ամենից։
Գոնդոլը մեղմորեն զարկվում էր նավամատույցին։ Վիտորիոն կամացուկ ձայն տվեց՝ ձեռքը մեկնելով, մի քանի վայրկյան հետո պարոն Գարդները ոտքի կանգնեց և մի կերպ դուրս պրծավ։ Այն ժամանակ, երբ կիթառը ձեռքիս վերև բարձրացա (չէի պատրաստվում խնդրել, որպեսզի Վիտորիոն անվճար տեղ հասցներ ինձ), պարոն Վիտորիոն արդեն հանել էր դրամապանակը։
Վիտորիոն կարծես գոհ էր նրանից, թե որքան էին վճարել նրան, և իր սովորական փայլուն արտահայտություններով ու ժեստերով հետ նստեց գոնդոլը և հեռացավ ջրանցքով։
Հետևում էինք, թե ինչպես էր անհետանում խավարում, իսկ հաջորդ պահին պարոն Գարդները թղթադրամների մի կապոց խցկեց ձեռքիս մեջ։ Ասացի, որ դա արդեն չափազանց էր, և որ ամեն դեպքում մեծ պատիվ էր ինձ համար, բայց նա լսել անգամ չէր ուզում գումարի մի մասը հետ վերցնելու մասին։
-Ո՛չ, ո՛չ, – ասաց նա՝ դեմքի առաջ այնպես թափահարելով ձեռքը, ասես ուզում էր մոռանալ ոչ միայն գումարի մասին, այլև իմ, երեկոյի, և առհասարակ իր կյանքի այս ողջ հատվածի մասին։ Արդեն շարժվեց դեպի իր առանձնատունը, բայց հանկարծ կանգ առավ և շրջվեց դեպի ինձ։
Ամենուրեք՝ և՛ փոքրիկ խաչմերուկում, որտեղ կանգնած էինք, և՛ ջրանցքում, լռություն էր, միայն հեռվից լսվում էր հեռուստացույցի ցածր ձայնը։
-Լավ էիք նվագում այսօր, բարեկա՛մս, – ասաց նա։ – Թեթև ձեռք ունեք։
-Շնորհակալ եմ, պարո՛ն Գարդներ։ Իսկ Դուք հիասքանչ էիք երգում։ Հիասքանչ, ինչպես միշտ։
-Մեկնելուց առաջ գուցե մեկ անգամ էլ գամ հրապարակ՝ լսելու, թե ինչպես եք նվագախմբի հետ նվագում։
-Մեծ հույսեր ունեմ, պարո՛ն Գարդներ։
Այլևս երբեք չտեսա նրան։ Մի քանի ամիս անց՝ աշնանը, իմացա, որ պարոն և տիկին Գարդներները բաժանվել էին, «Ֆլորիանա»-ի մատուցողներից մեկն էր ինչ-որ տեղ կարդացել և պատմել ինձ։ Այդ ժամանակ հիշեցի այն ամենը, ինչ կատարվել էր այն երեկո, և մի փոքր տխրեցի, երբ նորից մտածեցի դրա մասին։ Քանի որ պարոն Գարդները միանգամայն բարեկիրթ տղա էր թվում, և որ տեսանկյունից էլ որ նայես, վերադառնա, թե ոչ, միշտ լինելու է մեծերից մեկը։
Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի