Էսսե

Ազատությունը և գիտությունը տնտեսության մեջ

Տնտեսության իմացությունը մեզ հուշում է, թե ինչ է տեղի ունենում և ինչու: Իրականում տեղի ունեցող իրադարձությունները նման են ազատության ակտերի:

Թարգմանիչ՝ Թագուհի Հակոբյան

• 5 րոպե

Ազատությունը և գիտությունը տնտեսության մեջ

Գիտություն և ազատություն

Տնտեսության իմացությունը մեզ հուշում է, թե ինչ է տեղի ունենում և ինչու: Իրականում տեղի ունեցող իրադարձությունները նման են ազատության ակտերի: Հետևաբար, տնտեսական գիտելիքները լարվածություն են ստեղծում. պատճառահետևանքային կապերի ցուցադրումը նույնը չէ, ինչ ազատության ընկալումը: Գիտությունը չի ձգտում բարոյականության, քանի որ այն մարդկանց դիտարկում է որպես բնության էակներ, և նրանց ցանկության կամ իմացության բացակայության դեպքում ծագած իրավիճակներն ու ազդեցությունները դիտարկում է որպես բնական երևույթներ: Այնուամենայնիվ, այն անընդհատ անդրադառնում է մարդկանց՝ որպես գործող էակների, որոնք ունեն իրենց սեփական կամքի գիտակցությունը:

Գիտությունը ձգտում է պարզության, բայց նրա տեսությունն անվնաս չէ: Չէ՞ որ այն շուտով ինքնին դառնում է վարքի գործոն և արդարացում:

Տնտեսական էթոսից բխում է մարդկային ազատությունը, այլ ոչ թե բնության օրենքը: Այն էթոսը, որը սկիզբ չի առնում տնտեսությունից, այլ ձևավորում է այն, կարող է խոչընդոտող կամ խթանող ազդեցություն ունենալ արտադրողականության վրա՝ պակասեցնելով կամ ավելացնելով եկամուտները: Ամենահայտնի օրինակը Մաքս Վեբերի ուսումնասիրած կալվինիզմի տնտեսական էթոսն է, որը խթանիչ դեր է խաղացել ժամանակակից կապիտալիզմի սկզբնավորման գործում: Աշխարհիկ ասկետիզմը, այսինքն՝ վաստակած եկամտի վայելքից հրաժարվելը և հոգու հավերժական փրկության համար խիստ կենսակերպի պահանջը թե՛ ձեռնարկատերերին, թե՛ աշխատակիցներին մղեցին մեթոդական, հաշվարկված աշխատանքի, ինչպես նաև մշտական խնայողության, այսինքն՝ ներդրումների: Արդյունաբերական ձեռնարկությունն զգալի աջակցություն ստացավ: Ազնվությունը գրավեց հաճախորդներին: Բարեպաշտ ձեռնարկատերերն ու գործարարները հարստացան առանց նախնական մտադրության:

Տնտեսության բարոյական բնույթը որոշվում է ընդհանուր նպատակներով: Տնտեսությունն ինքնանպատակ չէ: Որո՞նք են այդ նպատակները: Օրինակ՝ մարդիկ ցանկանում են ապրել հնարավորինս բարձր կենսամակարդակով, ձգտում են բազմաթիվ հաճույքների, ուզում են ցուցադրել իրենց, ձեռք բերել հասարակական ճանաչում: Այդ ամենը, սակայն, անիմաստ է թվում, քանի որ չափ չի ճանաչում: Միայն մեկ ուրիշի միջոցով ավելի վեհ բանին նվիրվածությունն է իմաստ հաղորդում: Եթե տնտեսական գործունեության մեջ սեփական օրենքները չեն պահպանվում համապատասխան պայմաններում, ապա այնտեղ կատարվում է նույնն, ինչ մյուս ոլորտներում. օրինակ՝ գիտությունն ինքնանպատակ է՝ «L’art pour l’art», կամ արվեստն արվեստի համար: Սակայն սեփական օրենքներից մեկուսացման պայմաններում, չնայած անհատական մեծ ձեռքբերումներին և գայթակղիչ ազդեցությանը, պոեզիայի, գիտության, նաև տնտեսագիտության իրական իմաստը կորչում է, թերևս, լյուցիֆերյան փայլի մեջ:

Տնտեսության մեջ սեփական օրենքների վրա շեշտադրումը դրսևորվում է «բիզնեսը բիզնես է» և «եթե ես դա չանեմ, կանի ուրիշը» արտահայտություններում: Սակայն տնտեսական գործողությունների ազատությունը բխում է ավելի խորն աղբյուրից: Դա այն է, ինչը կայունություն է ստեղծում տնտեսության մեջ: Այն թույլ չի տալիս մարդկանց արժեզրկման հետ կորչել արտադրության և սպառման ներկա ցիկլում, ամեն ինչ արագ փոխանակելով խլել ունեցվածքը և, ի վերջո, դավաճանության պատճառով հանձնվել բախտի քմահաճույքին:

Միայն պարկեշտությունը բավարար չէ գործերի կառուցողական և պահպանողական ընթացքն երաշխավորելու համար: Այն ռիսկի է դիմում՝ թողնելով, որ ամեն ինչ իր հունով գնա՝ առանց իրեն վնասելու: Կօգնի միայն պատասխանատվության ստանձնումն ու ակտիվ նախաձեռնողականությունը: Այսօրվա հսկա կազմակերպությունում մենք հակված ենք որոշումները փոխանցել ուրիշներին՝ իշխանությանը, վերադասին, կոլեկտիվին, մեծամասնությանը: Մարդիկ նախընտրում են սպասել, մինչև իրավիճակը ստիպի իրենց գործել, քան նախաձեռնել և ազատ գործել այնպես, որ պահանջվի պատասխանատվություն ստանձնելու խիզախություն: Եվ տվյալ իրավիճակում նրանք ասում են՝ «այլ ճանապարհ չկա», այսինքն՝ դիմում են հարկադրանքի, այլ ոչ թե բանականության ազատությանը:

Արժեզրկումը նաև սոցիալական և տնտեսական խնդիրների համար չպայքարելու հետևանք է: Դրանից կարելի է խուսափել՝ ընտրելով նվազագույն դիմադրության ուղին: Մարդիկ նախընտրում են կեղծ փոխզիջումները, որոնք ակնթարթային առավելություններ և խաղաղություն են բերում ներգրավված կողմերին, բայց հանգեցնում են արժեզրկման, որն անմիջապես նկատելի չէ: Ազատությունը ձախողվել է:

Ազատություն՝ նվիրվածության միջոցով

Սա վերաբերում է նաև տնտեսագիտությանը. միայն ազատ աշխարհը կարող է հաստատապես փրկվել: Մարդը ստիպված է ապացուցել, որ ինքը կարող է ազատ լինել: Ազատությանը նվիրվածությունն ինքնաբուխ չի լինում, այն ոչնչացնում է արտաքին ճնշումները:

Եթե մասնավոր շահերը գերազանցում են համընդհանուր բարօրությանը, և եթե շահերի մրցակցությունը խոչընդոտում է կատարողականի մրցակցությանը, ապա ազատ շուկան չի կարող տևական ժամանակ գործել: Այն կարող է դրսևորվել միայն այն դեպքում, եթե մարդիկ սահմանափակեն իրենց ազատությունը: Համայնք ստեղծելու ազատությունը կարող է վերջ տալ արժեզրկմանը: Այդ դեպքում այն կապացուցի, որ ունակ է ավելին անել, քան պարզապես բռնապետական կառավարման հարկադրանքն է: Տնտեսության անկման պատճառը հենց իր մեջ է, երբ այն, առանց վերահսկման, ենթարկվում է սեփական օրենքներին: Եվ քաղաքականությունից է կախված, որ մի օր ձերբազատվի բռնությունից և նրան նոր ամբողջատիրական կերպար հաղորդի:

Մյուս կողմից, տնտեսության ազատությունը համընդհանուր էթոսի միջոցով ինքն իրեն սրբագրելն է: Եվ դա բխում է ազատության համար պայքարում քաղաքականությանն ենթարկվելու պատրաստակամությունից:

Տնտեսության ճակատագիրը, սակայն, կախված է այն ուժից, որը կարող է թույլ տալ ազատությանը ենթարկվել վերահաս աղետին, կամ դա նրան հնարավորություն է տալիս հաղթահարելու այդ ճակատագիրը: Ազատության ձգտումն առաջ է մղվում աշխարհում անօգուտ լինելուն առերեսվելիս: Նա վստահ է, որ ինքը պետք է պայքարի իր համար: Թեև չկա հաջողության երաշխիք, բայց կա անսասան հույս:

Հարց, որը մեզ է ուղղված

Աշխարհում ստեղծված վիճակը հետևյալ հարցն է առաջադրում. արդյո՞ք ազատության էթոսը կթափանցի մեր հոգու մեջ և կմիավորի մեզ: Արդյո՞ք մենք, պարզապես ընդունակություն ունենալու փոխարեն, ձեռք կբերենք այն հզոր բանականությունը, որն օգտագործում է ինտելեկտը, բայց հաղթահարում է այն՝ առանց կորցնելու:

Մեր ներսում գտնվող թշնամին ավելի վատն է, քան դրսում գտնվողը: Եթե մենք հաղթենք մեր ներսում գտնվող թշնամուն, ապա դրսում գտնվողը չի կարող մեզ ճնշել: Մենք կարող ենք հավատալ մեր ինքնահաստատմանը միայն այն դեպքում, երբ իսկապես հասնենք մեր ներքին ազատությանը: Ներքին դարձը, որին բազմիցս դիմում են անհատները, ստեղծում է քաղաքական ազատության գոյաբանական հիմքը: Առանց նրա այն թղթե տուն կլիներ:

Մենք կարող ենք մտածել. արտաքին վտանգը՝ մեր անկման սպառնալիքով, պետք է արթնացնի մեր ազատության զգացումը: Մենք չպետք է ընկղմվենք այն ճահճի մեջ, որն ընդլայնվել է ազատության հետ մեկտեղ՝ դրա չարաշահման պատճառով: Առանց այն գիտակցության, որ ամբողջատիրության հեղեղները հասել են մեր կոկորդին, մենք կարող ենք տրվել սրտի իներցիային, պարզագույն մանրուքներին, կիսատ-պռատությանը, ռոմանտիկ հմայքի ինքնախաբեություններին, անճշտությանը, այսպես կոչված, երջանկությանը: Բայց փիլիսոփան չի կարող մարգարե լինել: Նա պետք է համեստ լինի: Չէ՞ որ միտքը թեթև և արագ է սավառնում, բայց իրականությանն առերեսվելը բարդ է և պահանջում է անսահման համբերություն:

Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

Ծանոթագրություն. Էթոս – հունարեն բառ է, որը նշանակում է բնավորություն, բարք, հոգու պահեստանոց: Անտիկ փիլիսոփայության մեջ այն նշանակում էր սովորություններ, խառնվածք և ավանդության ազդեցությունը մարդու վրա: Անտիկ հռետորությունը կիրառում էր այն և դաստիարակում բարձր բարոյականություն՝ դարձնելով հռետորներին ավելի արժանապատիվ, ազնիվ, արդար և կարգապահ: («Ազատության ռիսկը», փիլիսոփայական ակնարկների ժողովածու)

Թողնել մեկնաբանություն