Պոեզիա

Կոմիատաս | Ճերմակ հեր, գարուն սեր

Ես ու դու սե՛ր ենք, Մեկ սրտի տե՛ր ենք. Նռան ճյուղերով բոցուն, Սիրո տաղերով արբուն։ Տե՜ս, իմ հեր՝ Ճերմակ սեր, Որ պաղել էր շատ ձմեռ, Սրտիդ բաղում դալարեց։

• 2 րոպե

Կոմիատաս | Ճերմակ հեր, գարուն սեր

Ճերմակ հեր, գարուն սեր

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

Հով ու ծով սեր

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. – Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

Մենավոր

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Քո երազում
Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

Վարդիկս

Խցիկիս մոտ ջուր եմ արել մարգ ու մարգ,
Վարդիկիս հոտ հուր էր դառել բարկ ու բարկ․
Ելա անհոգ սարերի գոգ շրջելու,
Սիրու ամպեր բոլորեցին թրջելու։

Մահիճիս քով հուր եմ վառել դողունի,
Վարդիկիս հով դուռ էր ճարել գողունի․
Լանջես ի վեր սիրո շիթեր շաղելով՝
Երազ-հույսեր նվագեցին խաղալով։

Գիշեր գացավ՝ լուսին-լուսին հուսալի
Նոր օր բացավ՝ արևն լուսալի։

Մենավոր խցիկեն՝
Հուսո սարակ շավիղով
Աշխարհ մտա,
Վարդի բույրի գծիկեն՝
Հովի բարակ տավիղով՝
Քեզի գտա։

Անմար սեր

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Ես սիրեցի անփուշ վարդ․․․
Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն