Պատմվածք

Շունչ – չարտաշունչ

լսում եմ հարևանուհիս իր երեխային ավելի մեղմ է ծեծում։ Մայր - սրբություն։ Վերջինիս շուրթերից մինչև աղիքներ հերթ կանգնած, թքի հետ դուրս թռչող վիրավորանքներն ու հայհոյանքներն ավելի պարկեշտ են «տավարի ցավ», «հիմար լակոտ» ու «սատկես՝ պրծնեմ»՝ «բոզի թուլայի» ու «անշ…

• 3 րոպե

Շունչ – չարտաշունչ

Կոպերս կիսաբաց են

Անշունչ – արտաշունչ

լսում եմ հարևանուհիս իր երեխային ավելի մեղմ է ծեծում։

Մայր – սրբություն։

Վերջինիս շուրթերից մինչև աղիքներ հերթ կանգնած, թքի հետ դուրս թռչող վիրավորանքներն ու հայհոյանքներն ավելի պարկեշտ են «տավարի ցավ», «հիմար լակոտ» ու «սատկես՝ պրծնեմ»՝ «բոզի թուլայի» ու «անշնորհակալ պոռնիկի» փոխարեն։

Էրեխեն հիվանդ էր ծնվել։ Բայց ախտորոշումը երբեք չէր ծածկում նրա համեստ ու տխուր ժպիտի՝ հազիվ լսվող շշուկը, որ կարծես «բարև Ձեզ» էր՝ ուղղված ինձ։ Ի պատասխան՝ ես միշտ գլուխս թույլ խոնարհում էի։

Անմայր-սրբություն։

Նրա լայն ու ճմռթված հագուստի տակ գեղեցիկ կազմվածք էր՝ թուլացած ու ոսկրացած վերջույթներով։ Դրանցով էլ քարշ էր տալիս ծանր տոպրակները՝ մեջը լցրած իմ ու քո հայացքները, մոր հայհոյանքները, ինչ-որ մեկին ամուր գրկելու ցանկությունն ու տան համար արված առևտուրը։ Այդ բռնության զոհ երեխան-վաղուց չափահաս. բայց շենքի մեծերն իրար մեջ չփչփոցով քննարկելիս ասում են՝ «խեղճ երեխա»։ Հիշում եմ՝ փորձել էր փախչել տանից. գտել էին. ետ բերել։ Գիշերը՝ ես ու «խեղճ երեխան» նոր բան սովորեցինք («տխմար քածը»՝ չհաշված) մեր տներն իրար խաչող ընդհանուր պատի այս ու այն կողմերում այն էր՝ անձայն լաց հետո այլևս չփախավ։

․․․

Բակում երբեմն տեսնում էի մորը։ Տպավորություն էր, թե առավոտյան շաքարավազի փոխարեն ատելություն է լուծել սուրճի մեջ, որ կաթիլ-կաթիլ ծակի երեխային։

Հոգին:

Կտրի պորտալար-սոմատիկ կապը։ Մի օր ինչ-որ ամսագրում կարդացի՝ …եթե սերը չափն անցնում է, վերածվում է բռնության .. նա պաշտում է երեխային։

չիմացությունը պատռում է կոկորդս, անորոշությունը՝ սպանում:

Ժամերը ճեղքում էին օդը: Նրանց պարունակությունն օդում, է՛լ ավելի խտանալով, քչացնում էր թթվածնի քանակությունն ու դժվարացնում լինելիությունս: Եկեղեցում քահանան այդ օրերին բնորոշ աղոթքը չկարդաց: Պարզվեց՝ այնտեղ լինել չէի կարող արգելված էր։ Քար-քար լռությունը չափից դուրս ներդաշնակ էր ու չափից շատ իմը: Առաջին անգամ էի մեռնում: Բակում հավաքվածները «ծխելը վնասակար է առողջությանը» սիգարետի երրորդ տուփն են դատարկում տխրությունից, թե արարողությանը ներսից հետևելու ցանկության բացակայությունից, չեմ կարող ասել։ Անծանոթ կանայք՝ կտորե զարդանախշ թաշկինակներով… ու նրանք արցունքներն են դարս-դարս հավաքում այտերից, թարմացնում շրթներկն ու քննարկում իրար մեջ, թե լավ մարդ էի. իբրև երեկ են հետս խոսել։

պարզապես հետևում եմ թաղմանս

հիմա տանը սուգ է լինելու

երանի տանը սուգ լինի

ուզում եմ՝ սուգ լինի

Մորս հանգստացնող հաբեր են տվել: Երևի դրանից է, որ ինքն էլ ինձ պես անզգայացած է

․․․

երանի անզգայացած լինի

ուզում եմ՝ անզգայացած լինի

Ինձ ու մայրիկին բաժանող մի տարբերություն կա տեսնում ու լսում եմ այն ամենը, ինչ՝ կատարվում է շուրջս, իսկ ինքը… ինքն անշարժացած ձեռքիցս բացի այլևս ոչինչ չի տեսնում․․․

երանի ոչինչ չտեսնի

Իր ճաքճքած, դալկավուն շուրթերը դիպում են անիմաստ ձեռքերիս: Տառապում է մայրիկը

․․․

երանի տառապի

ուզում եմ՝ տառապի

Մնացել եմ ինձ համար գոյություն ունեցող երկու աշխարհների միջև մի կողմում մորս շուրթերն են.

չեն հայհոյում

երանի չհայհոյեն

և մյուսում`անորոշությունը, որ սպանում է, որ …

շունչ-չարտաշունչ

Թողնել մեկնաբանություն