Ասպարեզների, բագինների կողքով,
Կողքով տաճարների ու պանդոկների,
Մերթ շքեղաշուք գերեզմանների,
Եվ մերթ տարածված շուկաների մոտով՝
Անցնելով կողքով աշխարհի ու վշտի,
Նաև Մեքքայի ու Հռոմի մոտով,
Կապտավուն արևի շողերով այրված՝
Ուխտավորները գնում են երկրով։
Կորացած են մեջքները նրանց,
Խեղանդամ են, անօթի են ու մերկ,
Մայրամուտներ են աչքերում լողում,
Իսկ սրտերում՝ բյուր արևագալներ։
Թիկունքում նրանց ստեպներն են երգում,
Եվ առկայծում են փայլակներն անձայն,
Նրանց առջևից աստղերն են այրվում,
Եվ թռչուններն են կանչում խռպաձայն։
Հուշում են՝ աշխարհն այս կմնա նույնն—
Ու այո, այն կմնա այդպես։
Կմնա աշխարհն այս շլացուցիչ ձյունե —
Ու կմնա կասկածելի մեղմ։
Աշխարհն այս ստի մեջ կմնա,
Կմնա աշխարհն այս հավերժ,
Հաղթահարելի գուցե երբեմն,
Բայց, միևնույնն է, կմնա անվերջ։
Արդ ուրեմն իմաստ էլ չկա
Հավատից` քեզնից մինչ Աստված։
Արդ ուրեմն մնում է միայն
Պատրանք ու ճանապարհ չանցած։
Եվ երկրի վրա մայրամուտ թող լինի,
Եվ երկրի վրա թող լինի այգաբաց։
Թող հողը պարարեն զինվորներն —
Իսկ պոետները թող գովերգեն այն։
1958
Թարգմանությունը ռուսերենից՝ Նարեկ Միրզոյանի