Ելույթ

Հիսունհինգ ռադիոուղերձ՝ ուղղված Գերմանիային

1940 թ. աշնանը Բրիտանական հեռարձակման կորպորացիան (BBC) դիմեց ինձ՝ խնդրելով իրենց ռադիոկայանի միջոցով պարբերաբար կարճ ելույթներ ունենալ հայրենակիցներիս համար։

Թարգմանիչ՝ Թագուհի Հակոբյան

• 4 րոպե

Հիսունհինգ ռադիոուղերձ՝ ուղղված Գերմանիային

«Գերմանացի ունկնդիրներ»
Հիսունհինգ ռադիոուղերձ՝ ուղղված Գերմանիային, 1945

1940 թ. աշնանը Բրիտանական հեռարձակման կորպորացիան (BBC) դիմեց ինձ՝ խնդրելով իրենց ռադիոկայանի միջոցով պարբերաբար կարճ ելույթներ ունենալ հայրենակիցներիս համար։ Այդ ելույթներում ես պետք է մեկնաբանեի պատերազմական իրադարձությունները և փորձեի բազմիցս հնչեցրածս տեսակետներով ներգործել գերմանական հասարակության վրա։ Մտածեցի, որ որքան էլ վտանգավոր լինի, չեմ կարող բաց թողնել գերմանացի ժողովրդի, ինչպես նաև նացիստական ռեժիմի թիկունքում հայտնված նվաճյալ տարածքների բնակիչների հետ կապ հաստատելու հնարավորությունը։ Այդ ռեժիմն իշխանության գալուն պես ինձ զրկել էր Գերմանիայում ցանկացած մտավոր գործունեություն ծավալելու իրավունքից։ Բացի այդ, իմ խոսքը պետք է հեռարձակվեր ոչ թե Ամերիկայից՝ կարճ ալիքներով, այլ Լոնդոնից՝ երկար, ինչի շնորհիվ այն լսելի կլիներ գերմանացի ժողովրդին թույլատրված միակ ռադիոընդունիչով։ Գայթակղիչ էր նաև կրկին գերմաներեն գրելը՝ գիտակցելով, որ խոսքս հնչելու է բնագրով՝ մայրենի լեզվով։ Ես տվեցի իմ համաձայնությունը ամենամսյա հաղորդումների համար և մի քանի փորձից հետո խնդրեցի ելույթիս տևողությունը հինգ րոպեից դարձնել ութ։

Սկզբում տեքստերս հեռագրով ուղարկում էի Լոնդոն, որտեղ BBC-ի գերմանախոս աշխատակիցն այն ընթերցում էր եթերում։ Իմ առաջարկով շուտով անցանք մի նոր՝ ավելի անմիջական, հետևաբար և ավելի տպավորիչ տարբերակի, թեև տեխնիկապես այն կիրառելն ավելի բարդ էր։ Այժմ ես ելույթներս ձայնագրում եմ Լոս Անջելեսի Ազգային բյուրոյի ստուդիայում՝ ձայնապնակի վրա, որն այնուհետև ինքնաթիռով ուղարկվում է Նյու Յորք։ Այնտեղից բովանդակությունը հեռախոսակապով փոխանցվում է Լոնդոն՝ ձայնագրվելով մեկ այլ ձայնապնակի վրա, որն էլ արդեն հեռարձակվում է եթերով։ Այսպիսով, նրանք, ովքեր այնտեղ ինձ լսելու քաջություն ունեն, լսում են ոչ միայն իմ բառերը, այլև բուն ձայնս։

Այժմ ինձ ավելի շատ մարդ է լսում, քան կարելի էր ակնկալել. ոչ միայն Շվեյցարիայում և Շվեդիայում, այլև Հոլանդիայում, Չեխիայի «պրոտեկտորատում» և հենց Գերմանիայում, ինչի մասին վկայում են այդ երկրներից ստացվող ամենաանսովոր գաղտնագրված ուղերձները։ Իրականում դրանք անուղղակի ճանապարհով գալիս են հենց Գերմանիայից։ Պարզվում է՝ այս օկուպացված տարածքում կան ազատ խոսքին այնքան կարոտ մարդիկ, ովքեր անտեսում են «թշնամական» ռադիոկայաններ լսելու վտանգը։ Դրա միաժամանակ ծիծաղելի և զզվելի ապացույցն այն փաստն է, որ Ֆյուրերը Մյունխենի գարեջրատներից մեկում ունեցած իր ելույթում անառարկելի տոնով անդրադարձավ իմ հաղորդումներին՝ ինձ անվանելով այն մարդկանցից մեկը, ովքեր փորձում են գերմանացի ժողովրդին ապստամբության հրահրել իր և իր համակարգի դեմ։ «Բայց այդ մարդիկ,– բղավում էր նա,– խորապես սխալվում են. գերմանացի ժողովուրդն այդպիսին չէ, իսկ նրանք, ովքեր այդպիսին են, փառք Աստծո, ճաղերի հետևում են»։ Այդ բերանից այնքան աղբ է թափվել, որ անվանս հիշատակումն անգամ ինձ մոտ թեթևակի զզվանք է առաջացնում։ Այնուամենայնիվ, ես գնահատում եմ այդ հայտարարությունը, որքան էլ այն բացահայտ անհեթեթ լինի։ Առաջնորդը հաճախ է արտահայտել իր արհամարհանքը գերմանացի ժողովրդի նկատմամբ՝ շեշտելով մարդկային այս տեսակի վախկոտությունը, ստրկամտությունը, հիմարությունն ու խաբվելու անսահման հակվածությունը։ Սակայն միշտ մոռացել է բացատրել, թե ինչպես է դա համատեղվում գերմանացիներին որպես աշխարհակալության կոչված «գերիշխող ռասա» համարելու իր վարկածի հետ։ Ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ, որը հոգեբանորեն ի զորու չէ ընդվզելու, լինել գերիշխող ռասա։ Ես այս պատմական հերոսին խորհուրդ կտայի երկու ծրագրված ճակատամարտերի արանքում տրամաբանական քննության ենթարկել այս հարցը։

Հավանաբար նա սխալվում էր՝ պնդելով, թե գերմանացի ժողովուրդն «այդպիսին չէ». չէ՞ որ նա միշտ ամենից շատ մերժվում էր հենց այն ժամանակ, երբ ճիշտ էր։ Ժողովրդին ապստամբության կոչ անողը պարտադիր չէ, որ հոգու խորքում հավատա նրա ընդվզելու ունակությանը։ Ես խորապես համոզված եմ, որ Հիտլերը չի կարող հաղթել այս պատերազմում. սա ավելի շատ մետաֆիզիկական և բարոյական, քան ռազմական հիմնավորում ունեցող համոզմունք է, ուստի այն ամենը, ինչ կգրեմ ստորև, բացարձակ անկեղծ է։ Բայց ես ուզում եմ հեռու մնալ այն վտանգավոր մտայնությունից, թե Միավորված ազգերի հաղթանակն ինքնին անխուսափելի է, և որ, ելնելով այդ ինքնավստահությունից, կարելի է ոչ միայն ամեն տեսակ սխալներ թույլ տալ, այլև նվաճվելիք խաղաղությանն ընդառաջ՝ թուլացնել կամքը, կիսատ-պռատություն ու վերապահում դրսևորել քաղաքական դաշնակիցների հանդեպ։ Անցյալում գործած այնքան սխալներից հետո այլևս չի կարելի և ոչ մի վրիպում թույլ տալ, անգամ՝ չնչին։ Այս պատերազմը կարելի էր կանխել, իսկ արդարացումը, թե այն անխուսափելի էր, ծանր բարոյական բեռ է մեր ուսերին։ Պատերազմն ունի մութ նախապատմություն, որի որոշիչ շարժառիթները բնավ չեն անհետացել, այլ շարունակում են քողարկված կերպով գործել և հաղթանակին սպառնում են խաղաղությամբ։ Մենք կպարտվենք պատերազմում, եթե այն սխալ մղենք։ Իսկ ճիշտը ժողովուրդների պայքարն է հանուն ազատության։

Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

Թողնել մեկնաբանություն