Փիլիսոփայություն

Ժիլ Դելյոզը, Լայբնիցը և բարոկկոն

Ինչպե՞ս են հատվում XVII դարի բարոկկոյի դրամատիկ գեղագիտությունը, Լայբնիցի «անպատուհան» մոնադները և Ժիլ Դելյոզի՝ անսահմանության ձգտող ծալքի փիլիսոփայությունը։ Այս հոդվածն անդրադառնում է բարոկկոյին՝ ոչ միայն որպես պատմական ոճի, այլև որպես հավերժական ստեղծագործական ոգու և աշխարհընկալման։ Թեզաուրոյի աստվածային մետաֆորներից մ…

• 6 րոպե

Ժիլ Դելյոզը, Լայբնիցը և բարոկկոն

Շրջանը հնարավոր չէ առավել կլոր դարձնել։ Այսօր և մոտ ապագայում նույնպես բարոկկոյի նկատմամբ մեր հետաքրքրության էությունը հենց սրանով է բացատրվում։ Արվեստում և կյանքում նոր ընկալումը ծարավի է սքանչելի ժեստի, որ շարժում է պատկերում։
— Խոսե Օրտեգա-ի-Գասեթ

XVII դարի ամենազդեցիկ ուղղություններից մեկը բարոկկոն է (իտալերեն՝ barocco), որով բնութագրվում է XVII–XVIII դարերի եվրոպական մշակույթը։ «Բարոկկո» նշանակում է տձև մարգարիտ։ Եզրույթը եվրոպական մշակույթի ամենաբարդ և բազմիմաստ հասկացություններից մեկն է, որով մատնացույց է արվում գեղարվեստական ուղղություն, գեղագիտական-փիլիսոփայական գաղափարների ամբողջություն, որոնք հակադրվում են կլասիցիզմին։

Հատկանշական է, որ այն արդեն նույն դարում ունենում է իր առաջին տեսաբանները։ Էմանուելե Թեզաուրոյի «Արիստոտելի հեռադիտակը» աշխատասիրության նշանակությունը բարոկկոյի տեսության համար նույնն է, ինչ Ն. Բուալոյի «Քերթողական արվեստը»՝ կլասիցիզմի։ Մերժելով արիստոտելյան «Պոետիկայի» գեղագիտական սկզբունքները՝ Թեզաուրոն հենվում է փիլիսոփայի մեկ այլ աշխատության՝ «Ճարտասանության» վրա։ Թեզաուրոյի կարծիքով՝ պոետական ստեղծագործությունների աշխարհն ապրում է իր սեփական օրենքներով, որոնք տարբերվում են բանական մտածողության և տրամաբանության օրենքներից։ Նոր արվեստում կարևորվում է սրամիտ մտահղացումը։ Թեզաուրոյի համակարգում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում մետաֆորին, որը «մայրն է պոեզիայի, սրամտության, մտահղացումների, խորհրդանիշների»։ Թեզաուրոն ձգտում է ստեղծել արվեստի մի տեսություն, որը կհանգի համաշխարհային խորհրդանիշի, աստվածային Մետաֆորի ճանաչմանը՝ բարձրանալով ճանաչողության աստիճաններով՝ տեսանելիից առ զգայականը, զգայականից՝ արտաբերված խոսքը և երաժշտական ֆրազը, արտաքինից՝ ներքինը։ Նոր արվեստի ստեղծագործությունները Թեզաուրոն ընկալում է իբրև բանականության դրսևորում, իսկ «արագ բանականությունը» կամ հանճարը՝ ընդունակություն, որը համադրելի է Աստծու գործունեությանը։ Սրամիտ մտահղացումը (կոնչետտո), ինչպես նաև հանճարեղ («արագ բանականությամբ») արվեստագետներին Թեզաուրոն հռչակում է աստվածային։ «Նրանք ոչնչից ստեղծում են կեցություն, աննյութականից՝ գոյավորը, և ահա առյուծը վերափոխվում է մարդու, արծիվը՝ քաղաքի։ Նրանք միաձուլում են կնոջ և ձկան կերպարանքը և ստեղծում սիրեն՝ քնքշանքի խորհրդանիշը, այծի իրանը միակցում են օձին՝ ստեղծելով քիմեր, որը խելահեղության հիերոգլիֆն է»։ Թեզաուրոյի պատկերացմամբ՝ Աստված հմուտ ճարտասան է, գեղագետ և շարունակ ու անդադար արարում է անթիվ-անսահման գաղափարներ։ Բայց հանճարը բնորոշ չէ միայն Աստծուն, այլև բնությանը և մարդուն, որոնք հավասարեցվում են միմյանց, այսինքն՝ Թեզաուրոն ջնջում է Աստծու, բնության և մարդու միջև առկա սահմանները։

Նշենք, որ մարդկության պատմության մեջ եղել է ոչ թե մեկ, այլ մի քանի «բարոկկո» դարաշրջան։ Օրինակ՝ Հին Հունաստանում Պերիկլեսի «Ոսկե դարին» հաջորդած հելլենիզմի դարաշրջանը որոշ արվեստագետների կողմից անվանվել է «հունական բարոկկո»։ Ըստ Ա. Կարպենտիերի՝ «բարոկկոյի ոգին կարող է հարություն առնել ցանկացած պահի… Քանզի դա ոգի է և ոչ թե ոճ… Դա ինքնօրինակ ստեղծագործական ազդակ է, որը պարբերաբար կրկնվում է արվեստի ողջ պատմության ընթացքում դրա ցանկացած տեսակի մեջ, լինի գրականություն, քանդակագործություն, ճարտարապետություն, թե երաժշտություն։ Բարոկկոյական ոգին, ի դեմս Ալեքսանդր Մակեդոնացու, Կառլոս Մեծի կամ Նապոլեոն Բոնապարտի, ներկայացնում է որոշակի քաղաքակրթության ծաղկման ամենաբարձր կետը»։

Վերածննդի արվեստին գալիս է փոխարինելու ներքին դրամատիզմով հագեցած, փիլիսոփայական ներահայեցողությամբ ու հակասականությամբ բնութագրվող բարոկկոն։ Աստվածների դեմքերը մարդկայնացվեցին, մարդիկ հավասարվեցին աստվածներին։ Քանդակագործության մեջ հայտնվեցին անորոշ, կորաձև և նույնիսկ պարուրաձև գծեր։ Դեմքերն արտահայտեցին տառապանք, դիմագծերը և համաչափությունները աղճատվեցին վախից, ցավից և չարչարանքներից։ Բարոկկո արվեստը կյանքի էությունը բացահայտում է պատահական, փոփոխուն, տարերային ուժերի շարժման և պայքարի մեջ։ Նրան բնորոշ է մոնումենտալությունը, դինամիկան, պաթետիզմը, զգացմունքների լարվածությունը, ազդեցիկությունը, պատրանքի և իրականի ներդաշնակեցումը, լույսի ու ստվերի հակադրությունը։

Ժիլ Դելյոզը «Ծալքը․ Լայբնիցը և բարոկկոն» փիլիսոփայական մենագրությունում քննում է բարոկկոյի գեղարվեստական ոճի և Լայբնիցի փիլիսոփայական հայացքների առնչությունը։ «Pli» բառը թարգմանվում է և՛ որպես ծալք, և՛ որպես կորագիծ (կորվածք)։ Բարոկկոն անընդհատ ծալքեր է գոյացնում։ Այդ հայտնագործությունը նրան չի պատկանում․ գոյություն ունեն Արևելքում սկզբնավորված տարաձև ծալքեր, ինչպես նաև՝ հին հունական, հռոմեական, ռոմանական, գոթական, դասական, սակայն բարոկկոն դրանք բեկում է և կորացնում՝ ձգտելով առ անվերջություն՝ ծալք առ ծալք, համակցելով ծալքերը միմյանց։ Բարոկկոյի հիմնական հատկանիշն անսահմանության ձգտող ծալքն է։

Ծալքերն ամենուր են՝ ժայռում, գետում, ծառում, գլխուղեղում, հոգիներում, պլաստիկ արվեստներում և այլն։ Այնուհանդերձ, ծալքը չի առնչվում ունիվերսալի ոլորտին։ Ծալքերը փոխակերպվում են, և յուրաքանչյուր ծալք տարբեր է մյուսից։ Չկան իրար նման ծալքեր, ինչպես չկան երկու նույնանման ժայռեր, և չկա որևէ ընդհանրական ծալք միևնույն իրի համար։ Այս իմաստով՝ ծալքերն ամենուր են, բայց ծալքն ունիվերսալ չէ։

Լայբնիցի «Մոնադոլոգիա» մետաֆիզիկական երկում կարդում ենք․ «Մոնադներն ամենևին չունեն պատուհաններ, որոնցով ինչ-որ բան կարողանար մտնել կամ դուրս գալ այնտեղից։ Ակցիդենցները չեն կարող առանձնանալ կամ էլ դրվել սուբստանցից դուրս, ինչպես մի ժամանակ սխոլաստներն էին համարում զգայական տեսակների պարագայում։ Այսպիսով, ո՛չ սուբստանցը, ո՛չ էլ ակցիդենցը չեն կարող դրսից թափանցել մոնադի մեջ»։ Ժիլ Դելյոզի համոզմամբ՝ Լայբնիցի այս միտքը պետք է հասկանալ ոչ թե վերացականորեն, այլ հստակ։ Նա առաջարկում է մոնադը (որի հիմքում ընկած է մութ ֆոն) պատկերացնել որպես մի սենյակ կամ բնակարան, որը պատված է փոփոխական կորությամբ գծերով։ Մոնադն ավելի շուտ խորան է, քան ատոմ․ սենյակ է առանց պատուհանների և դռների, որտեղ բոլոր գործողությունները ներքին են։

«Այս մոնադները,- գրում է Լայբնիցը,- բնության իսկական ատոմներ են, մի խոսքով՝ իրերի տարրերը»։

Անհնար է հասկանալ լայբնիցյան միտքը՝ չհարաբերակցելով այն բարոկկոյի ճարտարապետությանը, որի կատարելատիպը սենյակն է՝ սև մարմարից, ուր լույսը թափանցում է միայն ճեղքերից, իսկ լույսի բեկումը թույլ չի տալիս տեսնել այն, ինչ արտաքուստ է՝ լուսավորելով միայն ներքին դեկորը։

Այսպիսով, բարոկկոյի էական հատկանիշը ծալքն է, որը ձգտում է անսահմանություն։ Եվ բարոկկոն դրանք տարբերակում է՝ համապատասխան երկու ուղղությունների, երկու անվերջությունների, կարծես թե անվերջությունն ունի երկու հարկ՝ մատերիայի ծալքերը և հոգու ծալքերը։ Ներքևում մատերիան է, քանի որ նրա մասերը կազմում են «տարբեր կերպ ծալված և շատ թե քիչ ծավալված օրգաններ»։ Վերևում հոգին է, որը փառաբանում է Տիրոջը՝ անցնելով իր իսկ ծալքերով, ընդ որում, նրան չի հաջողվում դրանք լիովին բացել, «քանզի դրանք ձգտում են անսահմանության»։

Ի՞նչ է թաքնված ծալքի ներքո։ Մի նոր ծա՞լք, Աստծու մա՞հը։ Ունիվերսումի գեղեցկությունը կարելի կլիներ ճանաչել յուրաքանչյուր հոգու մեջ, եթե միայն հնարավոր լիներ բացել նրա բոլոր ծալքերը։

Լայբնիցի համաձայն՝ աշխարհը հոսուն ու փոփոխական է․ «Քանզի բոլոր մարմինները գետերի պես հավերժ հոսքի մեջ են, և մասերն էլ շարունակ մտնում են նրանց մեջ ու դուրս գալիս… Ես նաև ընդունված եմ համարում այն, որ ստեղծված ամեն մի էակ ենթակա է փոփոխության, հետևաբար նաև՝ ստեղծված մոնադը, և որ մինչև իսկ այդ փոփոխությունը յուրաքանչյուրի մեջ անընդհատական է»։ Մոնադները կեցության հոգևոր ատոմներ են։ Ամեն մի մոնադ իր տեսանկյունից վերարտադրում է ողջ տիեզերքը․ «մոնադը ունիվերսումի հավերժ կենդանի հայելին է»։ Լայբնիցն այն ընկալում է որպես մի ամբողջություն․ «կատարյալ ներդաշնակություն բնական երկու թագավորությունների միջև, որոնցից մեկը գործուն պատճառների թագավորությունն է, իսկ մյուսը՝ վերջնական պատճառների, այստեղ ևս պետք է նկատենք մեկ ուրիշ ներդաշնակություն բնության ֆիզիկական թագավորության և շնորհի բարոյական թագավորության միջև, այսինքն՝ Աստծու՝ որպես ունիվերսումի մեքենայի ճարտարապետի և Աստծու՝ որպես ոգիների Աստվածային Քաղաքի միապետի միջև»։

Դելյոզի ստուգաբանությամբ՝ «լաբիրինթոս» բառը նշանակում է «բազմաբարդ», քանզի անհատնելի ծալքեր ունի։ «Բազմաբարդը» ոչ միայն բազմամասն է, այլև այն, որ ձևավորվում է բազում միջոցներով։ Լաբիրինթոսը հենց համապատասխանում է յուրաքանչյուր հարկին՝ անընդհատականության լաբիրինթոսը՝ նյութի մեջ և իր մասերում, և ազատության լաբիրինթոսը՝ հոգու մեջ և իր պրեդիկատներում (ստորոգելիներում)։

[1] Իտալացի փիլիսոփա Բենեդետտո Կրոչեի համոզմամբ․ «բարոկկոն – տձևություն է արվեստում և այդ պատճառով էլ ոչ մի կապ չունի արվեստի հետ․ ընդհակառակը, այն լիովին օտար է արվեստին։ Չենթարկվելով գեղարվեստական ամբողջականության օրենքին, հակադրվելով կամ շրջանցելով այն՝ բարոկկոն ակնհայտորեն ենթարկվում է մի այլ օրենքի, ասել է թե՝ վայելքի, հարմարավետության, քմահաճության, այլ կերպ ասած` ուտիլիտարիստական (օգտապաշտական) կամ հեդոնիստական օրենքին»

[2] Թեզաուրոբ գրում է․ «Ինձ ոգեշնչեց և մեծ հույսեր ներշնչեց աստվածային Արիստոտելը` մղելով իմ միտքը այս արվեստի ակունքները ուսումնասիրելու։ Նա ջանադրաբար քննեց հռետորության բոլոր գաղտնիքները… նրա հռետորությունը կարելի է անվանել պարզագույն հեռադիտակ՝ ճարտասանության բոլոր կատարելություններն ու անկատարությունները դիտելու համար»։

[3] Делёз, Жиль «Складка. Лейбниц и барокко»․ М.: издательство «Логос», 1997.

[4] Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնից «Մետաֆիզիկական երկեր», թարգմանիչ՝ Սուսաննա Խաչատրյան։ Սարգիս Խաչենց, 2001։

Թողնել մեկնաբանություն