Մարդիկ մահից վախենում են այնպես, ինչպես մանուկները մթությունից. և ինչպես մանկանց այդ բնական վախն է սաստկանում հեքիաթներով ու պատմություններով, նույնպես և մահվան պարագայում է։ Անշուշտ, մահվան շուրջ խորհրդածելը՝ որպես մեղքի վարձատրության, և անցումը դեպի մեկ այլ աշխարհ, սուրբ և բարեպաշտ է. բայց վախը դրանից՝ որպես բնությանն անխուսափելիորեն վճարվելիք տուրք, տկարություն է։ Սակայն կրոնական խորհրդածություններում երբեմն խառնվում են նաև սնապարծությունն ու սնահավատությունը։ Վանականներից ոմանց ինքնակեղեքման մասին գրքերում կարդում ենք, որ մարդը պետք է մտածի, թե ինչ ցավ է զգում, երբ սոսկ մատնածայրն է ճմլվում կամ խոշտանգվում, և դրանով պատկերացնի, թե ինչպիսինն են մահվան ցավերը, երբ եղծվում և քայքայվում է համակ մարմինը։ Մինչդեռ շատ անգամ մահն անցնում է պակաս ցավերով, քան մի վերջույթի մրմուռը, որովհետև ամենակենսական մասերն ամենազգայունները չեն։ Եվ նա, ով խոսում էր լոկ իբրև փիլիսոփա և բնական մարդ, այս բանը լավ ասաց. «Pompa mortis magis terret, quam mors ipsa[2]»։ Հառաչանքները, ցնցումները, գունասպառ դեմքը, մեձավորաց ողբ ու կոծը, սևերը[3], թաղման արարողությունները և նման բաները մահը սարսափելի են դարձնում։ Ուշարժան է, որ մարդու հոգում չկա այնքան թույլ որևէ կիրք, որ ի զորու չլինի մրցելու և հաղթահարելու մահվան վախը. ուստի մահն այնքան էլ ահազարհուր թշնամի չէ, երբ մարդն իր շուրջն ունի այնքան «օգնականներ», որոնք կարող են հաղթել նրան այդ պայքարում։ Վրեժը հաղթանակում է մահվան հանդեպ, սերն արհամարհում է այն, պատիվը՝ ձգտում դրան, վիշտը՝ ճախրում դրա ուղղությամբ, վախը՝ կանխապես տիրում դրան։ Ավելին, կարդում ենք, որ ի հետևանս Օթոն կայսեր ինքնասպանության, գթասրտությունը (որը զգացմունքներից ամենաքնքուշն է) շատերին դրդեց մեռնելու՝ պարզապես գերիշխանի հանդեպ կարեկցանքից՝ որպես հավատարմագույն հետևորդների։ Ավելին, Սենեկան վրա է բերում նաև քմահաճությունն ու հագեցվածությունը. «Cogita quamdiu eadem feceris; mori velle, non tantum fortis, aut miser, sed etiam fastidiosus potest[4]»։ Մարդը կարող է մեռնել ցանկալ, նույնիսկ եթե ո՛չ քաջ է, ո՛չ էլ դժբախտ, այլ միայն այն պատճառով, որ հոգնել է նույն բանը նորից ու նորից անելուց։ Պակաս ուշարժան չէ, թե որքան սակավ փոփոխություն են մահվան մոտեցումներն առաջացնում բարձր հոգիներում. նրանք թվում են նույն մարդիկ մինչև վերջին ակնթարթը։ Օգոստոս Կեսարը մահկանացուն կնքեց սիրալիր խոսքերով. «Livia, conjugii nostri memor, vive et vale[5]»։ Տիբերիուսը շարունակում է խորամանկել, ինչպես Տակիտուսն է ասում նրա մասին. «Jam Tiberium vires et corpus, non dissimulatio, deserebant[6]»։ Վեսպասիանուսը՝ կատակով, աթոռակին նստած. «Ut puto Deus fio[7]»։ Գալբան՝ մի նախադասությաամբ, պարանոցը մեկնելով մարդասպանին. «Feri, si ex re sit populi Romani»[8]»։ Սեպտիմիուս Սևերուսը՝ գործնական հրահանգով. «Adeste, si quid mihi restat agendum[9]»։ Եվ այսպես շարունակ։ Անշուշտ, ստոիկները չափազանց մեծ գին էին վերագրում մահվանը. նրանք իրենց մեծ պատրաստություններով այն ավելի սարսափելի դարձրին։ Ավելի լավ է, ասում է նա, «qui finem vitæ extremum inter munera ponit naturæ[10]»։ Մեռնելը նույնքան բնական է, որքան ծնվելը. և մանկիկի համար, թերևս, մեկը նույնքան ցավոտ է, որքան մյուսը։ Նա, ով մեռնում է որևէ լուրջ ձգտման մեջ, նման է տաք արյան մեջ վիրավոր մարդու, որը տվյալ պահին հազիվ է զգում վերքը. ուստի միտքը, որը հաստատուն ու ուղղված է որևէ բարի բանի, շեղում է մահվան ցավերը։ Բայց ամենից առավել հավատա՛, ամենաքաղցր օրհներգը «Nunc dimittis[11]»-ն է, երբ մարդը հասել է արժանի նպատակների և սպասումների։ Մահն էլ այս հատկությունն ունի. բացում է բարի համբավի դուռը և շիջում նախանձը.
«Extinctus amabitur idem[12]»։
Թարգմանությունն անգլերենից՝ Սահակ Գալոյանի
[1] Թարգմանությունը կատարվել է հետևյալ հրատարակությունից. Francis Bacon, The Major Works, Oxford University Press, 2002)։
[2] (լատ.) «Մահվան արդուզարդն առավել ահազդու է, քան մահն ինքնին» (Սենեկա, Նամակներ, Գ., 3, § 14):
[3] Ըստ ամենայնի, ակնարկվում է սգո սև զգեստը կամ հանգուցյալի սենյակը սևով պատելը, ինչը Բեկոնի ժամանակ բավականին տարածված էր:
[4] (լատ.) «Մտածիր, թե որքան երկար ես արել նույն բանը. [դրանից] ոչ միայն քաջերը կամ դժբախտները կցանկան մեռնել, այլև ձանձրացյալները» (Սենեկա, Նամակներ, Ժ., 1, § 6։)։
[5] (լատ.) «Մնաս բարյավ, Լիվիա։ Հիշիր մեր ամուսնական կյանքը, քանի դեռ կենդանի ես» (Սվետոնիուս, Տասներկու կեսարների կյանքը, Աստվածային Վեսպասիանուս, 99):
[6] (լատ.) «Արդեն Տիբերիոսին լքում էին մարմինն ու ուժերը, բայց ոչ երբեք կեղծավորությունը» (Տակիտուս, Տարեգրություններ, Գիրք Զ., 30):
[7] (լատ.) «Կարծես, աստվածության եմ վերածվում»: (Սվետոնիուս, Տասներկու կեսարների կյանքը, Աստվածային Վեսպասիանուս, 23):
[8] (լատ.) «Հարվածի՛ր, եթե դա հռոմեական ժողովրդի բարօրության համար է» (Տակիտոս, Պատմություններ, Գիրք Ա., 41)։
[9] (լատ.) «Ե՛կ, եթե ինձ դեռևս ինչ-որ բան է մնացել անելու» (Դիոն Կասիոս, Գիրք ՀԶ., 17):
[10] (լատ.) «Նա, ով կյանքի ավարտը դասում է բնության պարգևների շարքում» (Երգիծանքներ, Ժ., 337)։
[11] (լատ.) «Արդ արձակես» (Ղուկ. Բ., 29):
[12] (լատ.) «Մեռնելուց հետո նույն անձը սիրո կարժանանա» (Հորատիուս, Նամակներ, Գիրք Բ., 1)։