ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ | Հայաստանին

Աշոտ Գաբրիելյան
«Հայաստանին» շարքից

***

Այլևս վերջին երգեր չկան
Ու վերջին պոետներ…
Պոեզիան առանց քեզ
Յոլա է գնում
Եվ մեկ-մեկ վիրավորվում
Քո անտարբերությունից…

Այլևս դու պոետներ
Չունես,
Եվ ես վերջին
Ծխախոտն եմ ծխում
Այս մասին…

***

Ես չեմ կարող առանց քեզ,
Մի օր գալու եմ
Եվ պատգամ եմ բերելու,
Նույնքան արժեզուրկ
Ու նույնքան իմաստուն,
Որոնք եղել են անցյալում…

Հետո ի՞նչ,
Թե նորից քո փողոցներում
Անիմաստ ապրող
Անիմաստ պպզող
Ու անիմաստ երեսիդ թքողներ են
Լինելու:

Հետո ի՞նչ.
Որ Կոմիտասիդ
Սադրողը
Թքողների համքարության
Վաստակավորն է:

Հետո ի՞նչ,
Թե ես պատգամ եմ բերելու…

***

Ես գրում եմ
Չենթարկվելով հոգուս ձայնին,
Ուր քեզ համար
Վեհ ու սուրբ խոսքեր կան
Այլևս չհնչող:
Կամ բութ ուսուցիչներիդ
Շուրթերից բարձրաձայնող
Բարձրագոչ ճառեր,
Որոնք գրականության դիակը
Այնքան են քրքրել,
Որ մեռելներն անգամ
Նոր պատանքով են թաղվում:

Դիակապուտ ուսուցիչներս
Գովերգում են քեզ,
Հրաշքներ պատմում քո մասին,
Իսկ ես ուզում էի մերձենալ քեզ,
Բայց աղոթքի ելա,
Մոռանալով վեհ ու սուրբ խոսքերը,
Ու լռեցի…

***

Անմշակ հողերի քարավանի միջով
Խճուղին է սլանում
Եվ տանում
Սևաշքերթ հաստավիզների ավտոշարասյունը…

Հորս ժանգոտ բահը
Վաղուց կորցրել է հողի երազանքը,
Եվ երազանք գրկած արցունքն է
Վերադառնում հողին…

ԿԱՐՈՒՍԵԼ

Քո կյանքի համար
Ոտքի ելած հորս
Չներեցին.
Նա անմեղ էր…

Ես հորս մեղքն եմ փնտրում
Քո առաջ…

Իմ մեղքերի համար
Գնդակահարեք ինձ,
Որ հայրս սփոփվի…

***

Ամպերը կախվել են
Տանս առաստաղին
Դրսում ծույլ անձրևն է
Կտցահարում

Աչքերս արցունքներով են
Քաղցրացնում
Երաժշտությունը

Օղու պես
Ջերմ է վիշտը
Հայրենիքիս

***

Քո մասին բոլոր երգերը արժեզրկեցին,
Ծերացած իմ մայր Հայաստան,
Պոեզիան թավալվեց մեգապոլիսների պսպղուն սալահատակներին
Եվ սոված շների որկորներում…

Իսկ այնտեղ` հայրենի իմ գյուղում,
Առվակն իր երկաթե խոխոջյունով
Իր գլած գլաքարին
Ռոք է մշակում…

***

Քեզ հետ շրջել եմ ամենուր,
Թափառել անգամ գիշերային ակումբներում,
Ուր ուկրաինուհիները
Քո կանանց երազանքն են
Օձագալար տալիս
Եվ փաթաթում մարմնիս.
Եվ ես կարդում եմ
Նրանց ոտքերը…

Իսկ պարսկուհիների երազանքը
Նաիրյան հեզաճկուն պարն էր
Բռնկված կարմիր հրով…

Share Button

6 Կարծիք

  • Ara Aloyan says:

    Lavn er Ash jan,,ashnanademi tagnapov…dzmernamuti jamanak xmvox taq teyi pes durekan,,

  • Նարե says:

    Նոր մեկնաբանություն, նոր ասելիք , նոր ոճ , սակայն ոչ օտար…
    Շնորհակալություն հայեցի պոեզիայի համար :

  • Hakob says:

    Առանց ծեքծեքումների հազվագյուտ բանաստեղծը:

  • Սկսած առաջին երկու գրքերից՝ հավանել եմ Աշոտ Գաբրիելյանի գրածները: Այս՝ «Հայաստանին» շարքը ցավոտ ճշմարտություն է: Պոտի խոսք:

  • Արգիշտի Սաիլյան says:

    Աշոտ Գաբրիելյանը դիպուկահար գրող է:

  • Անի says:

    Ինքնատիպ մտածողություն,որը հրաշալիորեն արտահայտվել է արտաքին և ներքին հղումներով հագեցած յուրօրինակ տեքստում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *